[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՇԱՌՎԱԾ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԵԼԱԴՐՎԱԾ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների պայմաններում ադրբեջանական տիրապետող վարչակարգը հայտնվել է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջև։

Վերահսկողությունից դուրս եկող փոփոխությունները, որոնք տեղի են ունենում թե՜ սոցիալ-տնտեսական և թե՜ ներքին քաղաքական ոլորտներում, իշխանություններին հարկադրում են ավելի խստացնել բռնապետական ռեժիմը, ինչն արժանանում է միջազգային հանրության բացասական արձագանքին։ Նման պարագայում ալիևյան կլանի համար ներքին անհետաձգելի խնդիր է դառնում մի կողմից ադրբեջանական հասարակության քաղաքական զարթոնքի ճնշումը, մյուս կողմից էլ՝ միջազգային հարթակներում համախոհներ փնտրելն ու նրանց օգնությանն ապավինելը։ Այս կարգի խնդիրները լուծելու նպատակով իշխող վերնախավը գործի է դնում ապատեղեկատվության տարածման, կաշառման և մյուս փորձված միջոցները։Մեր հարևանների ջանքերը, պետք է ասել, տարբեր կողմերից տարբեր արձագանքի են արժանանում. մի դեպքում դրանք հակադարձվում են հավուր պատշաճի, մեկ այլ դեպքում հաջողություն են ունենում, ինչը սովորաբար պայմանավորված է լինում կաշառքի ազդեցությամբ կամ էլ՝ քաղաքական նպատակահարմարությամբ։ Օրինակ՝ ադրբեջանական իշխանությունների կողմից կաշառված՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պատկերացումները ղարաբաղյան հակամարտության մասին լիովին տեղավորվում են նրա  դավանած գաղափարների շրջանակներում, բայց ահա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 1-ին Բաքվում  արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում արած հայտարարությունը, թե ԵՄ-ն ՙիր մերձավոր բարեկամների հետ հարաբերություններում մեծ նշանակություն է տալիս բաց հասարակությանն ու մարդու ազատությունների հարգմանը՚, անշուշտ, պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։ Բայց այստեղ կա մեկ հանգամանք. եթե ԵՄ պաշտոնյայի խոսքն ինչ¬որ չափով ընկալելի է ներկա աշխարհաքաղաքական մրցակցության համապատկերին, ապա եվրոպական հեղինակավոր կառույցի ղեկավարի ստախոսությունը  կասկածի տակ է դնում այդ նույն կառույցի՝ սեփական արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի լրջությունը։

Նախ անդրադառնանք ադրբեջանական ապատեղեկատվության միջազգային անաչառ արձագանքներին։ Ադրբեջանցի լոբբիստների ջանքերն անփառունակ ավարտ ունեցան  ԱՄՆ Այդահո նահանգում, որտեղ նրանք փորձել են իրենց ներկայացնել որպես կրոնական հանդուրժողականություն քարոզող երկիր։ Ադրբեջանցիներին թվացել է, թե այդ նահանգում իրենց ստախոսությունը կարող է հաջողություն ունենալ։ Չստացվեց այնպես, ինչպես իրենք են ուզում. Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արևմտյան թևը Այդահոյի նահանգի օրենսդիր ժողովում երկու օրվա ընթացքում տապալեց բանաձևը՝ պետական հարցերով հանձնաժողովին համապատասխան փաստեր տրամադրելուց հետո։ Այդահոյի օրենսդիր ժողովին ժամանակին իրազեկվեց, որ իրականում Ադրբեջանն իրենից ներկայացնում է այլատյացություն քարոզող դասական բռնապետություն, որը, բնականաբար, չի կարող միջկրոնական հանդուրժողականություն քարոզել։ Հայկական աղբյուրների փոխանցմամբ՝ բանաձևի հեղինակը Թոմաս Դեյլին էր, ով, ըստ երևույթին, տեղյակ չէր, որ Ադրբեջանն աշխարհում մրցակից չունի քրիստոնեական հուշարձանների ոչնչացման և հայատյացություն քարոզելու առումով։ Պետական հարցերով հանձնաժողովը մերժել է բանաձևը՝ մեծ հիասթափություն պատճառելով ադրբեջանցի լոբբիստներին։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արևմտյան թևի գործադիր տնօրեն Էլեն Ասծատրյանն իրավացիորեն նկատել է, որ ադրբեջանական բռնապետությունն ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ է ավերել, քան ՙԻսլամական պետությունը՚ և, բացի այդ, գրաքննության մակարդակով աշխարհի 5-րդ երկիրն է համարվում, հետևաբար, չպետք է գովաբանվի կրոնական հանդուրժողականության համար։ 

Հարևան երկրի իշխանավորների ՙկրոնական հանդուրժողականությունը՚, ինչպես հարկն է, հակադարձվել է իրանական կողմից։ Փետրվարի 23-ին  Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Թեհրանում էր։ Այցի շրջանակներում  Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին անհրաժեշտ է համարել Իլհամ Ալիևի հետ  խոսել կրոնական հանդուրժողականության թեմայով՝ կոչ անելով նրան  ուշադրություն դարձնել Ադրբեջանում շիիզմի գաղափարների տարածմանը։ Երբ մենք աջակցում ենք իսլամական կրթությանը և հարգանք ենք ցուցաբերում մարդկանց կրոնական զգացմունքների հանդեպ, ժողովուրդը դա բարձր է գնահատում, սեփական փորձն է վկայակոչել հոգևոր առաջնորդը՝ ընդգծելով, որ նման գործելաոճը քաջալերում է մարդկանց՝ պետությանը պաշտպանել սպառնալիքներից և զանազան խնդիրներից։ Հանդիպմանը ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաև Ալիևի հետ Թեհրան ժամանած ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները։

Պատկերն, իրոք, հիշարժան է. ԱՄՆ-ում մեր հարևանները փորձեցին ներկայանալ որպես կրոնական հանդուրժողականություն քարոզող երկիր, մինչդեռ իրենց անմիջական հարևանը, որը նույնպես մահմեդական պետություն է, աշխարհին ապացուցեց հակառակը։ Ա. Խամենեին ակնարկել է, որ  իր երկրում իսլամական կրթությանը ոչ մեկը չի խոչընդոտում։ Իսլամական կրթություն ասելով՝ նա, անտարակույս, նկատի է ունեցել  իսլամի սուննի ուղղության գաղափարների ուսուցանումը հատուկ դպրոցներում, որոնցում  իսլամական ծայրահեղ մտածողություն է քարոզվում։ 

Հարկ է նկատել, որ ադրբեջանական ջանքերի ակտիվացման պատճառներից մեկն ալիևյան կլանին մեծ անհանգստություն պատճառած՝ ԱՄՆ կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի ՙ2015թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ՚ վերնագրով օրինագիծն է, որը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարումներին։ Օրինագիծն անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին ներկայացվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որի հեղինակն առաջարկել է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչի պատճառն այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներն են։ Մենք ընդունում ենք, որ երկու երկրների միջև գոյություն ունեն կարևոր կապեր՝ ազգային անվտանգության և տնտեսական ոլորտներում, սակայն Միացյալ Նահանգներն այլևս չի կարող աչք փակել Ադրբեջանում տեղի ունեցող՝ մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների վրա, հայտարարել է Ք. Սմիթը։ Նրա համոզմամբ՝ անընդունելի է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն ազատորեն մուտք են գործում ԱՄՆ, մինչդեռ խիզախ կանայք և տղամարդիկ փակված են բանտերում։

ԱՄՆ-ն պետական մակարդակով քննադատում է ադրբեջանական բռնապետին, իսկ վերջինս այդ նույն երկրի նահանգային օրենսդիր մարմնում փորձում է ապացուցել, որ ինքը բռնապետ չէ, հակառակը, հանդուրժողականության քարոզիչ է, ումից կարելի է օրինակ վերցնել։       

Հաջողության չհասնելու դեպքում մեր հարևաններն իրենց չեն կորցնում. շարունակում են կաշառել  Ադրբեջանի հետ գործ ունեցող յուրաքանչյուր արտերկրացու՝ լինի պետական,  քաղաքական գործիչ, միջազգային կառույցի ներկայացուցիչ, թե Ադրբեջանում այլ երկիր ներկայացնող դեսպան։ Կաշառքի գայթակղությունն այնքան մեծ  է, որ գերտերություն ներկայացնող դեսպանն իրեն թույլ է տալիս Ադրբեջանի նման պետությանը դասել ժողովրդավարական պետությունների շարքը։ Վերջերս Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի Ջոն Հոփքինսի համալսարանում ժողովրդավարության թեմայով կազմակերպվեց համաժողով, որի ժամանակ Մաքքեյնի ինստիտուտի մարդու իրավունքների և ազատությունների գծով տնօրեն Դևիդ Կրամերը խիստ քննադատության ենթարկեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի կողմնակալ պահվածքն իշխանությունների նկատմամբ։ Դ. Կրամերը չի թաքցրել իր հիասթափությունը՝ ասելով, որ ԱՄՆ դեսպանը մակերեսորեն է անդրադարձել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերին՝  չարտահայտելով որևէ անհանգստություն։ Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը երկու անգամ գերազանցում է Ռուսաստանի քաղբանտարկյալների թվին։   

Ինչպես վերը նշեցինք, հարևան երկրի իշխանությունները միջազգային ասպարեզում  ամեն կերպ  փորձում են իրենցից վանել բռնապետության պիտակը՝ դիմելով վարձու ՙբարեկամների՚ օգնությանը։ Փետրվարի վերջին պաշտոնական այցով Բաքվում էր  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։ Եվրոպական այս պաշտոնյան, լինելով ադրբեջանական քաղաքական վերնախավի կողմից կաշառված անձնավորություն, ղարաբաղյան հիմնախնդրի սեփական ընկալումն է ներկայացրել՝  մոռացության տալով նույնիսկ բանակցային գործընթացի գոյությունը։ Ալիևյան կլանի համախոհի կարծիքով՝ բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրման հարցը պետք է կարգավորվեն։ Այսպես է արտահայտվել միջազգային հեղինակավոր կառույցի ղեկավարը, ով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին նվազագույն պատկերացում անգամ չունի։

Կասկած չկա, որ Ադրբեջանի ներկա  իշխանությունները  զեղծարարությունից հրաժարվելու մտադրություն  չունեն,  չնայած հասկանում են, որ դա պահանջում է պետական միջոցների անխնա շռայլում։ Որոշ չափով էլ գիտակցում են, որ այդ ճանապարհով հնարավոր չէ հասնել հասարակության լիարժեք զարգացման և պետության միջազգային վարկանիշի բարձրացման։ Սակայն առավել անընդունելի է գերտերություն ներկայացնող դեսպանի, ինչպես նաև միջազգային կառույցի ղեկավարի ստախոսությունը, քանի որ վերջին դեպքում խոսքը գնում է կայացած պետությունների վարկանիշի վտանգման մասին։  

 

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ