[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՆՇԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐԻՆ

Եվ Ղարաբաղը վերադարձնեն  բանակցային գործընթաց

 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քսանամյա տեղապտույտը համանախագահներին պարտավորեցնում է հրապարակավ և բացեիբաց անվանել այն կողմերին, որոնք չեն հետևում հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի չկիրառման սկզբունքին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԸ։ 

Դիվանագետն այն կարծիքին է, որ ուժի չկիրառումը հակամարտության լուծման հարցում  ամենասուր խնդիրն է, և այսօր նախևառաջ դրա կենսագործմանն է անհրաժեշտ ձգտել։ Միջնորդները պետք է հասնեն այն բանին, որ կողմերը կատարեն իրենց կողմից պաշտոնապես ստորագրված երկու համաձայնությունները, որպեսզի բացառեն թողտվությունը չկատարող կողմի հանդեպ։ Օրինակ, Բաքվի կողմից 1995թ. ԵԱՀԿ գծով ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի չկատարման հետ կապված իրավիճակը բոլորովին միանշանակ է, բայց այդ մասին լռում են, անգամ՝ միջնորդները։ ՙՓաստորեն տեղի է ունենում հակամարտության որոշակի ՙվերասերում՚ ռազմական գործողությունների վերսկսման վտանգավոր օջախի, ընդ որում՝ աշխարհաքաղաքական շատ զգայուն տարածաշրջանում։ Չէ՞ որ 1994թ. կրակի դադարեցումից հետո կողմերն ասես սկսեցին կոնկրետ վիճահարույց հարցերի լուծում փնտրել՝ ինչ-որ տեղ անտեսելով ամենակարևորը՝ ուժի չկիրառումը։ Նրանք մտածում էին` դե, եթե ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին համաձայնագիր, ապա ուժ չի կիրառվի, փնտրում էին հակամարտության հանգուցալուծման քաղաքական միջոցներ։ Իսկ այժմ պարզ է, որ մոտ ապագայում կոնկրետ և անգամ մասնավոր հարցերի լուծումն իրատեսական չէ, և իրավիճակի վատթարացման պայմաններում անհրաժեշտ է վերադառնալ հենց այդ հիմնահարցին։ Այժմ դա թիվ 1 խնդիրն է։ Մինչև չվերացվի պատերազմի վերսկսման վտանգը, հազիվ թե հաջողվի ինչ-որ կոնկրետ վիճելի հարցեր լուծել՚,- հայտարարել է դիվանագետը ՙծՏպՉ ԽՏՉփպչ՚ թերթին տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով, ուժի չկիրառումն ապահովելուց հետո հեշտ կլինի շարունակել բանակցային գործընթացը և փնտրել հակամարտության լուծման ուղիներ։ ՙԱսենք, հայկական կողմի զբաղեցրած 7 շրջաններից կարելի է առանձնացնել երկուսը և ադրբեջանական կողմի հետ քննարկել դրանք հանձնելու պայմանները՝ բացառելով, իհարկե, Լաչինի միջանցքը և Քելբաջարը։ Բայց ինչպե՞ս հանձնել շրջանները՝ առանց ուժի չկիրառման երաշխիքների։ Ուժի չկիրառման երաշխավոր, կարծում եմ, կարող է դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՚,- համարում է ԵԱՀԿ  ՄԽ նախկին համանախագահը։ Ընդ որում, ինչպիսին էլ լինի կարգավորման բեմագիրը, ոչ մի որոշում չի կարող երկարաժամկետ և արդյունավետ լինել առանց բանակցություններին Ղարաբաղի ուղղակի մասնակցության։ ՙԼեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը պետք է լինի համանախագահների ուշադրության կիզակետում։ Քանի որ նրանք շատ փաստաթղթեր ունեն, որոնք փոխանցվել էին և՜ հայկական, և՜ ադրբեջանական կողմերին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղը` որպես հակամարտության կողմ։ Ի դեպ, դրանում է կայանում այդ հակամարտության առանձնահատկությունը, քանի որ հետխորհրդային տարածքի մյուս բոլոր հակամարտությունները՝ լինի դա Մոլդովան կամ Տաջիկստանը, երկկողմ են։ Իսկ սա առանձնահատուկ է, քանի որ Լեռնային Ղարաբաղը ռազմական առումով միշտ Հայաստանի հետ էր, կամ Հայաստանը միշտ ԼՂ-ի հետ էր, իսկ քաղաքական առումով՝ ամենևին ոչ միշտ՚,- նշում է Կազիմիրովը։ 

Խոսելով միջնորդների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա, ՙկոոպերացիայի՚ արդյունավետության մասին, դիվանագետն արձանագրեց, որ արևմտյան երկրների մոտ միշտ գերիշխում էր ոչ այնքան հակամարտության կարգավորման, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու շահը։ Ուստի և արևմտյան գործընկերները միշտ ձգտում էին զուգահեռ կազմակերպել հանդիպումներ և բանակցություններ Մոսկվայի թիկունքում։ ՙԿովկասյան հանրապետություններին Ռուսաստանի ազդեցության գոտուց  դուրս բերելու ձգտումն ակնհայտ էր։ Անիրատեսական մի խնդիր, եթե ուշադրության առնենք Ռուսաստանի և ողջ Կովկասի միջև պատմական և մյուս կապերը՚։ Կազիմիրովի կարծիքով, այսօրվա դրությամբ, եթե Ղարաբաղում իրավիճակը հանկարծ դուրս գա վերահսկողությունից, ապա Ռուսաստանը շատ կոշտ ձևով հանդես կգա ռազմական գործողությունների վերսկսման դեմ և կձեռնարկի բոլոր ջանքերը թե՜ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, թե՜ ԵԱՀԿ-ում և թե՜ միջազգային մյուս բոլոր կառույցներում՝ դա թույլ չտալու համար։ 

 

www.nv.am