[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՇՐՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ, ՈՐԻ ԴԵՄ ԱՆԶՈՐ ԵՆ ՓՈՂԸ ԵՎ ՈՒԺԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Այն ճշմարտությունը, որ ԼՂՀ իրավական ճանաչումն այլընտրանք չունի, միջազգային հանրության ընկալումներում գնալով ավելի հաստատուն է դառնում, իսկ ադրբեջանական քարոզչական թնդանոթներից արձակված արկերը մնում են օդում կախված։

Դրա կողքին կա մեկ այլ, ոչ պակաս կարևոր իրողություն. մեր հանրապետության անկախությունը ճանաչած պետությունների նահանգային օրենսդիր մարմինների, կամ էլ արցախյան քաղաքների հետ քույրացած՝ այլ երկրների քաղաքների ցանկը զննելիս տեսնում ենք, որ դրանք գլխավորապես ներկայացնում են գերտերություններ, ասել է թե՝ աշխարհաքաղաքականության սուբյեկտ համարվող պետություններ։ Եվ այս փաստն էլ պարզ վկայությունն է այն բանի,  որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա սկզբունք է, քանզի ազատությունն ու անկախությունը բնության կողմից մարդուն, ժողովրդին տրված անօտարելի իրավունքներ են։ 

Ինքնորոշման իրավունքի գերակայությունն իրենց հերթին ընդգծեցին Արցախ այցելած՝ Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամներ՝ Ազգային ժողովում արցախցի գործընկերների հետ կայացած հանդիպմանը։ Ժողովրդի ինքնությունն ավելի հզոր է և վերջում այն մշտապես հաղթում է, որովհետև ժողովուրդն ավելի հզոր է։ Բացի այդ, ինքնությունն անբաժանելի է ժողովրդավարությունից։ Վկայակոչված խոսքերի հեղինակը Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահն է՝ Կարլ Ֆոնլաուվեն։ Դրանք պատահական խոսքեր չեն. մի ժողովուրդ, որն ազգային-ազատագրական պայքարի միջոցով հռչակել է իր անկախությունը, ի վիճակի է նաև իրացնել իր ինքնորոշման իրավունքը։ Եվ հենց այդ ազատատենչ ոգու շնորհիվ էլ կարող է իր իսկ հռչակած պետությունը զարգացնել ժողովրդավարական ուղիով։ 

Ադրբեջանի արձագանքը միանգամայն սպասելի էր. մեզ հայտնի պատճառներով այնտեղ չեն կարող հանդուրժել այս կարգի հայտարարությունները, քանի որ դրանցում արտահայտված են հարգանք ու համակրանք Արցախի ժողովրդի նկատմամբ, հետևաբար, մեր հարևանները հիշյալ մտքերի հեղինակների անունները պետք է գրեին իրենց տխրահռչակ ՙսև ցուցակում՚։  Բելգիացի հյուրերն էլ Ստեփանակերտից, ի գիտություն Ադրբեջանի, պիտի հայտարարեին, որ իրենց չի հետաքրքրում այդ ցուցակը, մասնավորապես նրա գույնը, և եթե իրենք մտադիր են ճանաչել մի ժողովրդի, ոչ ոք չի կարող իրենց խանգարել։ Մեր հարևաններից մտածողության փոխակերպում ակնկալելն անիմաստ է, քանի որ այնտեղ էթնիկ մտածողության բարձրակետը պատմականորեն իրենց չպատկանող տարածքի յուրացման գաղափարն ատամներով պաշտպանելն է։ Ասվածի վկայությունը նախագահ Իլհամ Ալիևի ծամծմված արտահայտությունն էր ՙօկուպացված տարածքների վերադարձի՚ մասին, որն արտաբերվեց Բաքվի, եթե չենք սխալվում, 999-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ ԼՂՀ անկախության ճանաչման մասին բանաձևի ալիևյան հիստերիկ արձագանքը ենթակա չէ որևէ մեկնաբանության։ Ադրբեջանի քաղաքական վերնախավի համար չափազանց դժվարամարս նախաձեռնությունները պաշտոնական Բաքվի առջև նոր խնդիրներ են դնում. ամերիկյան նահանգներն իրար ետևից ճանաչում են  ԼՂՀ անկախությունը, եվրոպական ընտանիքի անդամ երկրներն իրենց հերթին են սատարում և աջակցում Արցախի ժողովրդին, որը պայքարում է հանուն իր ինքնորոշման իրավունքի իրացման, հանուն խաղաղության ու կայունության։        

Ադրբեջանական զարգացումներին հետևելիս սովորական աչքից չի վրիպում շատ ուշագրավ մի իրողություն. երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր կացության պատճառով ալիևյան կլանը հաճախ չի կարողանում ապահովել լոբբինգային գործընթացների համար պահանջվող գումարները, ինչի հետևանքով տարբեր երկրներում տապալվում են ադրբեջանցի լոբբիստների նախաձեռնությունները։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին կոնգրեսական Դեն Բերթոնը լքել է ադրբեջանական լոբբիստական խումբը՝ չվարձատրվելու պատճառով։ Տեղեկացնելով այս մասին՝ ՙԱզատություն՚ ռադիոկայանը նշել է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին հանրապետական անդամը հայտարարել է, թե արդեն մեկ տարի է, չի կարողանում ստանալ իր աշխատավարձը։ Նա ընտրված է եղել Ինդիանա նահանգից և սերտորեն համագործակցել է ադրբեջանցիների հետ՝ որպես ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահ։ Բերթոնը հրաժարվել է նախագահի պաշտոնից, որն  զբաղեցնում էր 2013 թվականից։ Ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ հիշյալ դաշինքի ադրբեջանական խմբի ղեկավարն Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է՝ Անար Մամեդովը, ով նաև ԱՄՆ նախագահի թեկնածությանը հավակնող Դոնալդ Թրամփի բիզնես-գործընկերն է։ Պարզվել է, որ 2011 թվականից ի վեր Մամեդովի ղեկավարած խումբը Միացյալ Նահանգներում ավելի քան 12 միլիոն դոլար է ծախսել։  

Առհասարակ, նման կարգի տեղեկությունները հազվադեպ  են դառնում մամուլի սեփականությունը։ Դեն Բերթոնի պարագայում տեղեկատվության արտահոսքը նաև նշանակում է, որ շատ դեպքերում դրական արդյունքի չեն հանգեցնում ադրբեջանական ղեկավարության՝արտաշխարհում հակահայկական քարոզչությունն ուժեղացնելու գործողությունները, քանի որ քաղաքակիրթ հանրությունն, ի վերջո, իրերն անվանում է իրենց անուններով։       

Փաստն այն է, որ Արցախի Հանրապետության հետ կապեր հաստատելու ցանկություն են հայտնում աշխարհի բոլոր տարածաշրջանների պետություններն ու ժողովուրդները։ Փետրվարի սկզբներին  Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն որոշում ընդունեց Ստեփանակերտի հետ քույր քաղաքներ հռչակվելու մասին՝ կողմերի միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Որոշման մեջ նշված էր, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը։ Նախատեսվել է նաև քաղաքների միջև տեղեկատվության փոխանակում զբոսաշրջության և սպորտի բնագավառներում։ Ֆրանկու դա Ռոշան գտնվում է Սան Պաուլո նահանգում և ունի մոտ 145 հազար բնակիչ։     

Սովորաբար, երբ որևէ երկրից Արցախի իրավական ճանաչման կամ էլ նրա հետ համագործակցություն սկսելու մասին հայտարարություն է հնչում, շփման գծում ադրբեջանական կողմից սպասում ենք սադրիչ գործողությունների։ Ընթացիկ ամսում մեր Պաշտպանության նախարարությունը քանիցս իրազեկեց ադրբեջանական կողմի՝ տարբեր ուղղություններով ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին։ Հակառակորդի բոլոր նախահարձակ գործողությունները կանխվել են։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրություններում  անընդհատ շեշտվում էր, որ, հակառակ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների,  Պաշտպանության բանակը շարունակելու է հարգել հրադադարի պահպանման ռեժիմը և պատասխան գործողությունների է դիմելու խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով առաջին հերթին Ադրբեջանի համար։  

Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը վտանգող Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել ինչպես Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ կարգավորման բանակցություններին, այնպես էլ Արցախի և աշխարհի տարբեր երկրների միջև  հաստատվող գործընկերային հարաբերություններին։ Դա, իհարկե, անհեռատես քաղաքականություն է, մանավանդ որ արտերկրի մեր բարեկամներն արդեն հավաստիացնում են, որ Ադրբեջանին թույլ չեն տա դիմել շանտաժի։ Քաղաքակիրթ աշխարհը շարունակելու է հետևել Արցախում ծավալված ժողովրդավարական գործընթացներին՝ իր համակրանքն ու աջակցությունը ցույց տալով զարգացման ժողովրդավարական ուղի ընտրած երկրին։  

Ադրբեջանական կողմը, պարբերաբար սրելով իրավիճակը, ընդամենը ներքին խնդիր է լուծում։ Այս իրողությանը Ստեփանակերտում անդրադարձավ բելգիացի պրոֆեսոր Փոլ Միրթսը՝ ասելով, որ նախագահ Ի. Ալիևին ղարաբաղյան խնդիրն անհրաժեշտ է ադրբեջանական հասարակությանը վերահսկողության տակ պահելու համար, քանի որ այնտեղ ներքաղաքական իրավիճակն անկայուն է, համատարած կոռուպցիա է և բռնություններ, իսկ հասարակության ուշադրությունը պետք է շեղել այդ ամենից։ Պրոֆեսորը նույնիսկ կանխատեսել է իրադարձությունների զարգացում սիրիական բեմագրով, ինչը պարզ ակնարկ էր առ այն, որ Արևմուտքում Ի. Ալիևի իշխանությունը դիտվում է որպես հեռանկար չունեցող և տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող բռնապետական վարչակարգ։      

Մեր հարևաններն իրենք էլ գիտեն, որ ուժի կիրառմամբ ոչինչ չեն կարող փոխել ո՜չ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ  զորքերի շփման գծում, ո՜չ էլ իշխանության դեմ ընդվզող ադրբեջանցու մտածողության մեջ։ Հակամարտության գոտում խաղաղություն պարտադրողն Արցախի պաշտպանության բանակն է։ Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչությանը և այդ ուղղությամբ նրա ծախսած գումարներին, ապա կյանքը ցույց է տալիս, որ այդ ամենը  ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացի վրա։

    

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ