[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՃԱՆԱՉԵՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Այս օրերին Արցախում է գտնվում Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

 Ապրիլի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում տեղի ունեցավ Վ. Մանուկյանի մամուլի ասուլիսը տեղական և արտասահամանյան լրագրողների հետ։

ՀՀ հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի կողմից կրակոցներն ու հարձակողական գործողությունները նորություն չեն. 1994-ի զինադադարի հաստատումից հետո հակառակորդը պարբերաբար խախտել է այն։ Հատկապես վերջին 12 տարիներին նա ուժեր էր հավաքում ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու համար, և, ինչպես պարզվեց այսօր, դա էր իրենց ուժը։ ՙՄեր դիմադրությունը, մեր ուժը ձախողեցին հեշտությամբ առաջ շարժվելու նրանց  մտադրությունը,- ասաց Վ. Մանուկյանը։- Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծվել չի կարող՝ ոչ անցյալում և ոչ էլ հիմա, ինչը կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Զարմանալին այն է միայն, որ միջազգային կառույցները միանգամայն անարդարացիորեն սիմետրիա են անցկացնում երկու կողմերի միջև՝ նշելով, որ կրակում են իրար վրա։ Այնինչ, նրանք շատ լավ գիտեն, թե ով է կրակողը. արբանյակային կապի միջոցով թե՜ Ռուսաստանը և թե՜ Արևմուտքը տեղյակ են Ադրբեջանի զինուժի կուտակումներին, հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել այստեղ։ Եթե մի քանի օր առաջ նրանք կանխեին հակառակորդի հարձակողական գործողությունները՝ երկու կողմից այսքան զոհեր չէին լինի՚։ 

Ըստ Վ. Մանուկյանի՝ այս ամենի շարունակությունը պետք է լինի այն, որ Մինսկի խմբի առջև դրվեն հետևյալ հարցերը. կողմերի վերադարձ նախկին դիրքերին և բանակցությունների շարունակում, Մինսկի խմբի կողմից պարբերաբար մոնիտորինգի անցկացում արբանյակային հետախուզության միջոցով, և երրորդ՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, որից հետո բանակցություններ տարվեն տարածքների, փախստականների վերաբերյալ։ Եթե դա արվի,  ռազմական ճանապարհով հարցը լուծելու փորձ չի լինի։

Ինչո՞ւ հենց հիմա տեղի ունեցավ այս պատերազմը՝ քաղաքական գործիչն ասաց, որ դրան նպաստել են նաև նավթի գների անկումն ու մի շարք հիմնախնդիրների առաջացումն Ադրբեջանում, այդ թվում և՝  Պանամայի հետ կապված հակաալիևյան բացահայտումները։ Դրանով Ալիևը փորձեց շեղել իր իսկ ժողովրդի ուշադրությունը՝ նրան մղելով պատերազմի։ Վ. Մանուկյանի խոսքով՝ եզրակացությունը մեկն է՝ ժամանակն է, որ թե՜ միջազգային հանրությունը և թե՜ Մինսկի խումբը ճանաչեն Արցախի անկախությունը։ 

Կա՞ որևէ մեխանիզմ, որևէ միջոց, որպեսզի թուրքական գործոնը առավելագույնս չեզոքացվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ըստ Վ. Մանուկյանի՝ այսօր շատ են փոխվել ժամանակները։ Ներկայիս Թուրքիան բոլորովին ուրիշ է։ Էրդողանը մեկ այլ՝ նոր էսկալացիա է սկսում ամբողջ տարածաշրջանում, նոր խնդիրներ է իր առջև դնում, նոր ամբիցիաներ դրսևորում։ Հատկապես որ Եվրոպան ինչ-որ իմաստով ՙպատանդ է՚ դարձել. Թուրքիային թվում է, թե փախստականների հարցով իրեն քարտ-բլանշ են տվել՝ ինչ ուզի, այն էլ անի։ Այս առումով, ինչպես ասաց Վ. Մանուկյանը, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Ղարաբաղյան պատերազմը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա նույնիսկ միայն Հայաստանի հարցն էլ չէ. դա ամբողջ տարածաշրջանի հարցն է։ Սա մի տեղ է, որտեղ իրար են բախվում ՆԱՏՕ-ն և իր հակառակորդները։ Սա մեծածավալ մի նոր չարիք է բերելու ամբողջ աշխարհին։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այստեղ լուծվում է համաշխարհային հիմնախնդիր և ոչ թե փոքր լոկալ խնդիր։ Սա մի կայծ է, որ կարող է շատ մեծ հետևանքներ ունենալ։   

Վ. Մանուկյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես ռազմական գործընկեր Ռուսաստանից պահանջել, որ նա զենք չվաճառի Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ միանգամայն անհասկանալի է, որ հակամարտող կողմերին զենք են վաճառում այն երկրները, որոնք բանակցային կողմ են հանդիսանում և կոչված են հաշտության պայմանագիր կնքել։ Այդ առնչությամբ պետք է բարձրաձայնել։

Համեմատություններ անցկացնելով 1990-ականների պատերազմի հետ՝  ՀՀ հանրային խորհրդի նախագահն ասաց, որ վերջին օրերի իրադարձությունները նոր փորձություն էին ողջ աշխարհի հայության համար, որից նա պատվով դուրս եկավ։ Շատ մարդիկ կան, որ դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, կյանքից, իշխանություններից, բայց բոլորը համախմբվեցին ու ոտքի կանգնեցին, քանզի հասկանում են, թե ինչ ֆունդամենտալ հարց է դա։

Այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ՝ ակնհայտ է։ Դա ակնհայտ էր նաև տարիներ առաջ։ Հատկապես այսօր՝ այս դեպքերից հետո հարցը հրատապ է դարձել։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ