Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Օրերս Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, տեղեկատվական քաղաքականության փորձագետ Վահրամ Միրաքյանի հետ:

Մեդիա փորձագետն արցախյան տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է պատերազմական իրավիճակում լրատվամիջոցների դերի և գործունեության առանձնահատկությունների հետ կապված խնդիրներ: Գնահատելով հայկական, ադրբեջանական և միջազգային լրատվադաշտը վերջին օրերին՝ Վ. Միրաքյանը նկատեց, որ ռազմական իրավիճակում տեղեկատվությունը շատ դեպքերում ձեռք է բերում մարտական գործողություններին հավասար նշանակություն, ինչի պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչներին անհրաժեշտ է զգույշ լինել, որովհետև մեծ է վնասելու հնարավորությունը: Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի հարձակման անցնելու առաջին իսկ պահից նկատվեց, որ հակառակորդը մեդիա դաշտում ձգտում է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային մամուլում՝ իրադարձությունները խեղաթյուրված ներկայացնելու համար, ինչը, սակայն, որոշակի արդյունք չունեցավ: Առաջին իսկ րոպեներից նրանք փորձում էին համոզել իրենց բնակչությանը, որ ունեն մեծ առաջխաղացում` թաքցնելով սեփական կարուստների չափը: Ադրբեջանական կողմից սոցցանցերում գործում էին ինչպես կեղծ օգտատերեր, այնպես էլ իրական մարդիկ, ովքեր հիմնականում իշխող կուսակցությունը ներկայացնող երիտասարդներ էին: Բանախոսը որպես հակառակորդի թույլ կողմ դիտարկեց այն փաստը, որ ադրբեջանցիների համար առայսօր ինֆորմացիայի միակ աղբյուրը պետական լրատվամիջոցներն են, նրանք չունեն այլընտրանք: Փոխարենը` հայկական լրատվական կայքերը կարողացան ոչ միայն համախմբել հայ հասարակությունն օբյեկտիվ ու հավասարակշիռ գործելաոճով, այլև ադրբեջանցիների համար դառնալ տեղեկատվության այլընտրանքային աղբյուր: Մարտական գործողություններ լուսաբանող օտարերկրյա ԶԼՄ-ների հիմնական թերացումներից մեկը նախահարձակ կողմին` Ադրբեջանին չմատնանշելն էր: Վերջին օրերի ընթացքում նրանք փորձում էին պահպանել հարաբերական չեզոքություն` ներկայացնելով հակամարտ կողմերի տեսակետները, ինչն ադրբեջանական լրատվամիջոցները դիտարկում էին որպես իրենց օգտին արված քարոզչություն: Ըստ փորձագետի` հայկական շատ լրատվամիջոցներում թշնամու մասին խոսելիս օգտագործվում է ՙազերի՚ բառը, ինչն անթույլատրելի է, քանի որ դրանով մենք ակամա աջակցում ենք ադրբեջանական քարոզչությանը` համաձայնելով, որ թուրքերի, կովկասյան թաթարների և այլ ցեղերի խառնուրդից առաջացածներն ազգ են կոչվում, և այդ ազգն ունի պատմություն: Անդրադառնալով հակամարտության լարված օրերին հայկական լրատվամիջոցների, բլոգերների և սոցցանցերում ակտիվ օգտատերերի աշխատանքին` Վ. Միրաքյանը նշեց, որ փորձագետներն ու մեդիադեմքերը ուրախացնող միասնականությամբ կարողացան համակարգել տեղեկատվական պատերազմը` միջազգային հանրությանը ներկայացնելով սահմանին տիրող իրական պատկերն ու նախահարձակ կողմին, ինչը ոչ պակաս կարևոր է ռազմաճակատի առաջին գծում ընթացող մարտերից: Ներազդման այլ միջոցներ չունենալով` հայ հանրության գերակշիռ մասն արդյունավետությամբ օգտագործեց սոցիալական ցանցերը` միջազգային հանրությանն ու մամուլին հասցնելով հայկական կողմի տեսակետները: Մեդիա փորձագետը մի քանի կարևոր խորհուրդներ հնչեցրեց` կապված ռազմական իրադրությունում տեղեկատվության օգտագործման և տարածման հետ: Նա խորհուրդ տվեց չօգտվել ադրբեջանական մամուլի տեղեկատվությունից, որովհետև պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են քարոզչական գործիքի, բացի այդ, արժե վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ հաճախ այն միակողմանի դիրքորոշում ունի: Սոցցանցերում անհայտ օգտատերերին երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր: Չարժե տարածել նաև չստուգված տեղեկատվությունը` խուսափելով ակամա խուճապ տարածելուց։ Ադրբեջանցիների կողմից վերջին տարիներին լայնորեն կիրառվող տարբերակ է նաև հայալեզու կայքեր ստեղծելը, դրանց միջոցով ապատեղեկատվություն տարածելն ու հետո այդ նույն կայքերը կոտրելն ու հայտարարելը, որ հարձակման են ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ