[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ, ԲԱՅՑ՝ ԱՌԱՆՑ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ

Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան լայնածավալ պատերազմը դեռ երկար ժամանակ քննարկման առարկա կլինի միջազգային ամենատարբեր հարթակներում, ինչպես նաև  այն պետություններում, որոնք  21-րդ դարում դարձել են ահաբեկչությունների թիրախ։

Ղարաբաղյան քառօրյա պատերազմի մասին, ինչպես և սպասվում էր, իր խոսքն ասաց  եվրոպական հանրությունը, որը վերջին տարիներին բազմիցս էր ենթարկվել իսլամիստ ահաբեկիչների հարձակումներին։  Այս տեսանկյունից կարևոր են Եվրախորհրդարանի ապրիլի 12-ի լիագումար նիստում ծավալված քննարկումները, որոնց ընթացքում եվրոպական պատգամավորների կողմից արվեցին մի շարք կարևոր շեշտադրումներ։  Ելույթների առանցքում այն միտքն էր, որ Արցախի ժողովուրդն իր ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ փրկվել է մի նոր ցեղասպանությունից, հետևաբար, միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի այս իրողության հետ և արցախցիների խաղաղ գոյատևման երաշխիքներ ապահովի։ Հնչեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին կոչեր այն հիմնավորումով, որ Ադրբեջանը մնացել է նույն ագրեսոր պետությունը, ինչ որ 20 տարի առաջ էր։ Ադրբեջանի միակ նպատակն այն է, որ հայերը վերանան տարածաշրջանից, հայտարարել է  Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ Նա իրավացիորեն նկատել է, որ փոխզիջումն անհնար է Ռամիլ Սաֆարովի երկրի հետ, հետևաբար, միակ տարբերակը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է։ Բաքվի դեմ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել՝ ԼՂ ժողովրդի վրա հարձակվելու համար. սա էլ Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Էլենի Թեոխարուսի համոզմունքն է։ Նա իր ելույթում առանձնահատուկ նշեց հանուն իր իրավունքների պայքարող ԼՂ ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով ճանաչել նրա անկախությունը։ Եվրախորհրդարանի կողմից ոչ մի բանաձև չընդունվեց. դրանք պարզապես քննարկումներ էին, որոնք ցույց տվեցին Եվրամիության անդամ երկրների խորհրդարանականների՝ Արցախի ժողովրդի արդարացի պայքարի ու նրա ապագայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Ճակատագրական պահերին մեր ժողովուրդն արտաքին աշխարհի դատող և ոչ անտարբեր հանրությունից մշտապես լսել է արդարության ձայնը՝ որպես բարոյական սատարման դրսևորում։

Մինչ եվրոպական կառույցի արդարամիտ պատգամավորներն ադրբեջանական վայրագություններից տուժած ժողովրդի ճակատագիրն էին քննարկում ու նրա իրավունքները հարգելու կոչեր հնչեցնում, հայ հանրությունը գլխավորապես կենտրոնացել էր իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցող պետությունների կեցվածքի վրա՝ բանավիճելով դաշինքի գործունեության արդյունավետության ու հեռանկարների շուրջ։

Ուշադրության կենտրոնում էր նախ և առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ ՙուղիղ գծով՚ շփման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին արտահայտած տեսակետը։ Նրա խոսքով՝ հայ և ադրբեջանական ժողովուրդները պետք է իրենց կամքն արտահայտեն, և ըստ իրենց կամքի ու իրենց միջև կնքված համաձայնության կարգավորեն խնդիրը։ Պաշտոնական Ստեփանակերտը  համարժեքորեն արձագանքեց Վ. Պուտինի խոսքերին՝ հասկանալ տալով, որ կարգավորմանը պիտի մասնակցեն բոլոր կողմերը՝  Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդները։ Երբ նախագահ Պուտինն ասում է՝ հայ և ադրբեջանական ժողովուրդները պետք է իրենց կամքն արտահայտեն, սրանում պետք է տեսնել նրա ուղերձի բանալին, մեկնաբանել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանը։

Քառօրյա պատերազմի օրերին ՏԱՍՍ-ը փոխանցեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը, գործող պայմանագրի համաձայն, կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ որպես ռազմավարական գործընկերոջ։ Սա, մեղմ ասած, հարուցեց հայ հանրության զայրույթը։ Այդ առնչությամբ Երևանում ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևին իր դժգոհությունն է հայտնել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը։ Վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք վերջին ժամանակներում ձեռք են բերել Ռուսաստանից, ասել է Ս. Սարգսյանը։

ՀՀ նախագահի հնչեցրած բողոքին Մեդվեդևն անմիջապես չի պատասխանել. Երևան և Բաքու կատարած իր այցերից հետո վերադառնալով Մոսկվա, նա հարցազրույց  տվեց ՙՌոսիա 1՚ հեռուստաալիքին և ՀՀ իշխանություններին տվեց այսպիսի  պատասխան. Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել կողմերին, եթե Մոսկվան դա  չանի, կանի մեկ ուրիշը։  

Զենքի վաճառքի առնչությամբ Արցախի Հանրապետությունը ևս  հայտնեց իր դիրքորոշումը. Ռուսաստանը պետք է կրկնակի պատասխանատվություն ստանձնի խաղաղ կարգավորման համար՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը։ ՌԴ-ի կողմից այդ պատասխանատվության ստանձնումն իսկապես պետք է լուրջ լինի, քանի որ մի օր այդ զենքը կարող է կրակել հենց Ռուսաստանի վրա։  

Որ այդ զենքը մի օր կարող է կրակել Ռուսաստանի վրա, ամենևին էլ անհիմն չէ, և դա պետք է համարել ռազմավարական դաշնակցին ուղղված ազդանշան։ Քառօրյա պատերազմի օրերին մոսկովյան հեռուստաալիքները ցուցադրեցին ռուսաստանցի քաղաքական փորձագետների և վերլուծաբանների մասնակցությամբ քննարկումներ, որոնց ընթացքում ոչ մեկ անգամ մտավախություն հայտնվեց, որ պատերազմը Հարավային Կովկասից կարող է տեղափոխվել Հյուսիսային Կովկաս, և այդ սպառնալիքը Ռուսաստանը մշտապես պետք է աչքի առաջ ունենա։  Իսկ Հյուսիսային Կովկասում, ինչպես հայտնի է, լայն տարածում է գտել իսլամական ծայրահեղականության գաղափարախոսությունը, այնպես որ՝ ՌԴ իշխանությունները սրա վրա էլ չպիտի աչք փակեն։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններին՝ վկայակոչենք  Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարությունը, որին տեղեկացանք  լայնածավալ պատերազմական գործողությունների օրերին։ Բացի այդ, ապրիլի 15-ին պարզ դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մի կողմ դնելով Երևանում կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի կարևորությունը, մեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ համաժողովին։ Թե ում է պաշտոնական Մինսկն ավելի շատ քամահրել՝ ՀԱՊԿ-ի՞ն, թե՞ Երևանին, գիտի միայն այդ երկրի նախագահը։ Հարց է նաև՝ արդյո՞ք  Բելառուսի նախագահը միանձնյա որոշում է կայացրել Իսլամական համագործակցության կազմակերպությանը նման պատվի արժանացնելու հարցում։ Այդ ամենը կուլիսների ետևում է։ Բելառուսական կայքերից մեկի փոխանցմամբ՝ Ա. Լուկաշենկոն Էրդողանի հետ քննարկել է տնտեսական ու քաղաքական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղիները։

Արդյո՞ք  էական նշանակություն ունի այն փաստը, որ ադրբեջանական ագրեսիային աջակցելու մասին Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ Հայաստանում այդ երկրի դեսպանին  զգուշացրին, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ և միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին։ Բելառուսական կողմն իրեն հաշի՞վ  տվեց, որ  դաշնակցային պարտավորություններ ունենալով հանդերձ՝ խրախուսում է ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։  

Մեզ համար էականը սեփական ուժերին ապավինելու սկզբունքն է։ Պաշտպանության հարցերում Հայաստանը պետք է միայն ինքն իր վրա հույս դնի, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ կառույցի, ապրիլի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը՝ հավելելով, որ պաշտոնական Երևանը միշտ կարող է դիմել ՀԱՊԿ-ին, սակայն նման մոտեցման նպատակահարմարության հարցը մնում է բաց։ Ավելորդ ակնկալիքները կարող են վտանգավոր լինել. այս խորհուրդն էլ հայ հանրությանը փոխանցեց փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ այդ կազմակերպության շրջանակում կան համագործակցության զանազան ասպեկտներ, որոնք շահավետ են Հայաստանի համար ռազմատեխնիկական ու ռազմատնտեսական առումներով։ Շ. Քոչարյանի հայտարարությունը տալիս է մի շարք հարցերի պատասխանները, մասնավորապես, դրանից հետևում է, որ հայկական կողմը, լավ  պատկերացնելով դաշնակից պետություններից յուրաքանչյուրի շահերը,  իր արտաքին քաղաքականությունը պետք է վարի այդ նույն սկզբունքով։

Ապրիլյան իրադարձություններից արված գլխավոր հետևությունն, անշուշտ, մեր անվտանգության առավելագույն չափի ապահովումն է, և այս հարթությունում, ինչպես բազմիցս համոզվել ենք, միակ ճիշտ մոտեցումը սեփական ուժերին ապավինելն է։ Դաշնակիցների հետ, բայց՝ առանց դաշնակիցների. թերևս այսպես կարելի է բնութագրել այն իրավիճակը, որում գտնվում է մեր ժողովուրդը։ Ներկա իրողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Արցախի անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են,  ուրեմն, այսօր և ընդմիշտ առաջնորդվենք հայկական ազգային ողջ ներուժը մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը ծառայեցնելու գաղափարով։  

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ