[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵՆՔ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Արցախի խնդիրը Հայ Դատի բաղկացուցիչն է 

 Երևանում մեկնարկած Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովն  իր աշխատանքը շարունակեց Ստեփանակերտում՝ մայիսի 9-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գումարելով երկրորդ նիստը։ Ներկա էին Ազգային ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, գործադիր իշխանության, քաղաքական ու հանրային շրջանակների ներկայացուցիչներ։ Ըստ էության, դա խորհրդաժողովի արցախյան հատվածի բացումն էր։ Նիստը վարում էր ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար, ՀՅԴ  Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Նրա առաջարկությամբ, նախքան նիստն սկսելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների հիշատակը։Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունելով ազատատենչ Արցախում՝ Դ. Իշխանյանը շնորհակալություն հայտնեց նրանց կատարված և կատարվող աշխատանքների համար՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ այդ առաքելությունը ծանրացած էր Սփյուռքի և, ի մասնավորի, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների վրա։  Նրա բնորոշմամբ՝ այս օրերին Երևանում մեկնարկած Հայ Դատի կենտրոնական և շրջանային գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովի հիմնական մասն Արցախում անցկացնելն իր մեջ մեծ պատգամ է պարունակում։ Նա  կարևորեց  մեր ժողովրդի միասնականությունն ու ազգային գաղափարների ու ծրագրերի իրականացման գործում ունեցած հաստատակամությունը և հավաստիացրեց, որ բոլորս պատրաստակամ ենք՝ դիմագրավելու հերթական մարտահրավերներին։ Հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանությունը Թուրքիայի համար դեռ օրակարգային հարց է, իսկ Արցախն այն թատերաբեմն էր, որտեղ կանխվեց մի նոր ցեղասպանություն։ Ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան օրերին հայության ներուժը կենտրոնացավ Արցախում՝ ծառայելով ազգային շահերին։ Այդ գիտակցումով է 10-ամյա սփյուռքահայ աղջնակն իր նամակն ուղարկում Արցախի սահմանում կանգնած հայ զինվորին՝ նրան հորդորելով չերկնչել, հավատարիմ մնալ նախնյաց ոգուն։ Դ. Իշխանյանի խոսքով՝ Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողության բանալին Արցախի սահմաններում է և ամփոփված է հայ զինվորի ոգու մեջ։ Այստեղից կարող են ուժ ստանալ բոլոր քաղաքական ու պետական գործիչները, այստեղ կարող են նաև սրբագրվել բոլոր այն գաղափարները, որոնք ծնունդ են առնում յուրաքանչյուր հայի մեջ։ 

Խորհրդանշական այդ օրն Արցախում խորհրդաժողով անցկացնելը մեծ իմաստ ունի։ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը  և խորհրդարանի ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարը շնորհավորեց հայ ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հաղթանակները մշտապես լինելու են մեր ուղեկիցը։ 

Բացման խոսք ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ ներկաներին իրազեկելով, որ Արցախում են հավաքվել Հայ Դատի ցանցի բոլոր ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից։ Հերթական խորհրդաժողովն Արցախում պիտի անցկացվեր. Հայ Դատը պիտի գար Արցախ՝ իր աջակցությունը հայտնելու Արցախի քաջարի ժողովրդին, հաղորդակցվելու հողի հետ, ներշնչվելու նրանով և ապա մեծ թափով շարունակելու իր աշխատանքները։ Եվ սա նվազագույնն է, ինչ կարող է անել այդ կառույցը։ 

Հայ Դատի ընդհանուր աշխատանքը Կենտրոնական խորհրդի նախագահն ամփոփեց  չորս կետի մեջ. առաջին՝ Արցախին առնչվող աշխատանքները, որոնք տարվում են ամբողջ աշխարհում՝ ինքնորոշման իրավունքի շեշտադրումով, գումարած Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարը։ Քառօրյա պատերազմից հետո այդ ուղղությամբ ավելի մեծ թափով ծավալվեցին աշխատանքները, որովհետև անընդունելի էր ստեղծված իրավիճակը։ Ազգը մեկ բռունցք դարձավ, և այդպես էլ պիտի լիներ, ուրախությամբ արձանագրեց Հ. Տեր-Խաչատրյանը։ Երկրորդ կետում նա նշեց Հայաստանի հետ կապված աշխատանքներն արտաշխարհում նրա միջազգային բարձր վարկանիշը պահպանելու ուղղությամբ ու նաև պայքարը միջազգային ատյաններում և այլ երկրներում թուրք-ադրբեջանական հարձակումների դեմ։ Երրորդ՝ նոր էջի բացում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, այն է՝ պահանջատիրություն, որի կարևորագույն հանգրվանն Արցախն է ներկայացնում։ Չորրորդ՝ Հայ Դատի քաղաքական ուժի հզորացում աշխարհով մեկ, և հատկապես Սփյուռքում հայ երիտասարդության  քաղաքական գործունեության ակտիվացում։ 

Հետևեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը։ Դիմելով ներկաներին՝ նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ պետական միջոցառումներից ու օրենսդրական աշխատանքից զատ՝ մեր խորհրդարանի դահլիճը տրամադրվում է նաև համազգային ծրագրերի քննարկմանը հետամուտ խորհրդաժողովների անցկացման համար։ Այսօր և այսուհետ ավելի ընդգծված պետք է ընկալվի միասին և համատեղ գործելու, աշխատանքները փոխհամաձայնեցնելու նախապայմանը։  

Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման եռատոնը, Ա. Ղուլյանի խոսքով, հարմար առիթ է՝ հասկանալու, որ բոլոր մեր հաղթանակները հաջողվել են միայն ու միայն միասնական ոգու շնորհիվ։ Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցներին։ 

Այս տարվա Եռատոնը բոլորովին ուրիշ խորհուրդ ունի, շարունակեց ԱԺ նախագահը, ինչն առավել մեծ չափով զգացվեց այս օրերին։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան միանգամայն նոր իրավիճակ ստեղծեց մեր հանրային-քաղաքական կյանքում, բոլորիս մտածողության մեջ, ինչը չէր կարող չազդել մեր համազգային օրակարգի վրա։ Այս տեսանկյունից տեղին է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հերթական խորհրդաժողովը հենց Արցախում անցկացնելու որոշումը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի գործունեությունն արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ դրսևորումներով կապված է Արցախի Հանրապետության հետ։ Նախորդ տարիների համատեղ գործունեության արդյունքում  հաջողվեց  իսկապես համաձայնեցված ծրագրերի միջոցով հասնել հաջողությունների։ Այս ամենով հանդերձ, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին թերացումներն ու բացերը, խոստովանեց Ա. Ղուլյանը՝ շեշտելով այն միտքը, որ մեզ հետաքրքրող քաղաքական ու քարոզչական հարթակներում մեր գործունեությունը պետք է նոր հիմնավորումներ և վերանայումներ ունենա։ Դրանք կապված են աշխարհի առանձին երկրներում և միջազգային կառույցներում Արցախի խնդիրը ներկայացնելու հնարավորությունների և ձևերի հետ։  Արցախի խնդիրը վաղուց Հայ Դատի մի մասն է դարձել, և ես համոզված եմ, որ մեր խոհեմությունն ու նպատակասլացությունը կօգնեն մեզ՝ գտնելու նոր մարտահրավերները հաղթահարելու ազդեցիկ գործիքներ. խոսքն այսպես ավարտեց ԱԺ նախագահը։

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ներկայացրեց  զեկույց արտաքին քաղաքականության ճակատում Արցախին ուղղված մարտահրավերների մասին։ Արցախի խնդիրն իրոք դարձել է Հայ Դատի մի բաղկացուցիչը, գուցեև՝ կարևորագույն մասը, և  բոլորի համար հասկանալի է, որ Հայ Դատն առաջ մղելու համար այսօր պետք է ուշադրության կենտրոնում պահենք Արցախի Դատը, արցախահայության իրավունքները։ Նախարարի խոսքով՝ չորսօրյա պատերազմը  նոր մարտահրավեր էր, որը նոր խնդիրների և դժվարությունների հետ մեկտեղ բերեց նաև նոր հնարավորություններ ու հորիզոններ, ինչի վրա պետք է կենտրոնացնել ընդհանուր ջանքերը։    

Արտաքին քաղաքական գերատեսչության խնդիրներից մեկը, Կ. Միրզոյանի բնորոշմամբ, միջազգային հանրությանն իրազեկելն է այն ռազմական հանցագործությունների մասին, որոնք տեղի ունեցան ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի ընթացքում։  Ոչ միայն իրազեկել, այլև հասնել նրան, որ այդ հարցը լինի միջազգային կառույցների, հատկապես մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։ Եվ նրանք, ովքեր գործել են ոճիրներ, վաղ թե ուշ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այդ հարթության մեջ արտգործնախարարը  բավականին շատ անելիքներ է տեսնում։ Նա նաև որոշակի շտկումների անհրաժեշտություն է տեսնում արտաքին քաղաքականության ոլորտում։ Դիրքորոշումների վերանայման, վերախմբագրման խնդիր է առաջացել, ասաց Կ. Միրզոյանը՝ շեշտելով, որ խոսքն արմատական փոփոխությունների մասին չէ։ Մեր դիրքորոշումն անսասան է. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, վերադարձ անցյալին թե՜ կարգավիճակի և թե՜ տարածքների առումով անհնար է։ Առաջիկայում հարկ կլինի աշխատել նոր մարտավարությունների մշակման ու դրանց կիրառման ուղղությամբ, մասնավորապես այսօր առավել հրատապ է դարձել Ադրբեջանին կարգի հրավիրելու հարցը։ Ադրբեջանը փորձեց տապալել 1994 թվականի Զինադադարի և 1995թ. Զինադադարի ամրապնդման պայմանագրերը, որոնք ամրագրել են հակամարտության եռակողմ ձևաչափը։ Այդ փորձերը ձախողվեցին։ Մեր խնդիրն է բոլոր ջանքերն ուղղել այդ պայմանագրերի անխափան կիրարկմանը, ասաց արտգործնախարարը՝ վկայակոչելով միջազգային իրավունքի այն սկզբունքը, ըստ որի՝ պայմանավորվածությունը պետք է գործի։ 

Կ. Միրզոյանն այնուհետև ընդգծեց բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցության անխուսափելիությունը, առանց որի հնարավոր չէ հասնել խաղաղ կարգավորման։ Միաժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ճանաչումն իր մեջ պարունակում է Արցախի համար կարևոր մի շարք գործոններ։ Այն  անվտանգության հզոր երաշխիք  կլինի Արցախի և նրա բնակչության համար և  թույլ կտա օգտագործել Արցախի համար միջազգային անվտանգության այն մեխանիզմները, որոնցից օգտվում են միջազգայնորեն ճանաչված բոլոր պետությունները։                    

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ