[ARM]     [RUS]     [ENG]

ՙՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՀԱՅԱՑՔ ԱՐՑԱԽԻՑ՚

Երևանի ՙԴե ֆակտո՚ հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի ՙՂարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից ՚ գիրքը:

Այն իրենից ներկայացնում է գիտական հրատարակություն և տպագրության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Գրքում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման շարժընթացն ու  հիմնախնդրի փոխակերպումը դիմակայության ողջ ընթացքում: Հրատարակության մեջ հանգամանորեն նկարագրվում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը 2008-2015 թվականներին, քննադատական վերլուծության են ենթարկվում հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների մոտեցումները, ներկայացվում են բանակցային փակուղուց դուրս գալուն և տարածաշրջանի կայուն ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկներ:

Գրքի նախաբանի հեղինակ, մոսկվաբնակ դիվանագետ և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովի կարծիքով` հրատարակության մեջ ժողովված հեղինակային նյութերը մի յուրատեսակ հանրագիտարան են բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով կամ էլ ուշի ուշով հետևում են դրա ընթացքին:

Ժողովածուի մեջ ի թիվս այլոց ներկայացված են ղարաբաղյան կարգավորման առանցքային խնդրիրներ արծարծող հետազոտական հոդվածներ, ինչպես նաև համեմատական վերլուծություն, որն անհրաժեշտ է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լավագույնս ընկալման համար:

Գրքի գրախոսականում քաղաքագիտության դոկտոր, ՙԿովկասի ինստիտուտի՚ փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Մասիս Մայիլյանի աշխատությունը ունի ոչ միայն գիտական ու վերլուծական, այլև գործնական արժեք, քանի որ հեղինակն իր առջև դրել է խաղաղ գործընթացում հայկական կողմերի բանակցային դիրքերն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև միջազգային հանրությանը և առաջին հերթին` բանակցային գործընթացի միջնորդներին  ղարաբաղյան հակամարտության մոտեցումներն ու ընդհանուր համապատկերը իրատեսորեն ներկայացնելու ունակ առաջարկների ու լուծումների  մշակման միանգամայն  կոնկրետ նպատակներ:

Ստեփանակերտում լույս տեսնող ՙԱնալիտիկոն՚ վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի անդամ Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ պաշտոնական բանակցային գործընթացում Մասիս Մայիլյանի բազմամյա մասնակցությունը և միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածությունը թույլ են տվել նրան •տնելու և հանրությանը, իշխանություններին ու միջազգային դերակատարներին առաջարկելու հակամարտության առանցքային խնդիրների լուծման նոր մոտեցումներ: 

Ռուսերեն հրատարակված ՙՂարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից՚ գիրքը հասցեագրված է քաղաքական գործիչներին, դիվանագետներին, ռազմական փորձագետներին, պատմաբաններին, հակամարտաբաններին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանի արդի պատմությամբ և հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց: