ԱՐՑԱԽԻ ԵՐԿՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐԸ
ԵԱՀԿ գլխամասային գրասենյակում ավարտին է մոտենում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման աշխատանքը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպման բովանդակության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվական հոսքի սահմանափակվածությունն ստիպում է մեզ ուշադրություն դարձնել բանակցային գործընթացին վերաբերող ցանկացած տեղեկության վրա։ Վերջերս կայացած մամուլի ասուլիսին ֆրանսիացի դեսպանի հայտարարություններն ու գնահատականները թույլ տվեցին նկատել, որ բանակցությունների գլխավոր առարկաներից մեկը դեռևս մնում է շփման գծում միջադեպերի վերահսկման և հետաքննության մեխանիզմների ձևավորման հարցը։ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հաստատել է, որ համապատասխան կանոնակարգի մշակումը մոտենում է ավարտին։ Այսպիսով, հայկական կողմի պահանջները, որոնք Ադրբեջանը մինչև վերջերս համառորեն տորպեդահարում էր, ըստ երևույթին, բավարարված են։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, թե տիրապետում է տեղեկության, որ ԵԱՀԿ Վիեննայի գլխամասային գրասենյակում շարունակվում են զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման հարցով ակտիվ խորհրդակցությունները։ Դիվանագետի խոսքով, կողմերը մոտ են այն բանին, որ հաստատեն մշակված նախագիծը, որն առաջարկել էր Անջեյ Կասպշիկը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո համապատասխան առաջարկներ մտցնելու հանձնարարական է ստացել։ Շարպանտիեն հավաստում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում Սարգսյանը և Ալիևը միջադեպերի հետաքննության մեխանիզմների քննարկմանը հատուկ ուշադրություն են դարձրել։ ՙԵթե նախագահների վերջին հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ այդ մասին չի հիշատակվում, դա դեռ չի նշանակում, որ նախագահներն այդ թեմայով չեն խոսել՚,- հայտարարել է դեսպանը։
Այսպիսով, ընթացք տրվեց մի գործի, որը պաշտոնական Բաքուն մինչև վերջերս համառորեն փորձում էր տապալել։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս են դեմ արտահայտվել զինված միջադեպերի վերահսկման և հետաքննության մեխանիզմների կիրառմանը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մոտ մեկուկես ամիս առաջ հայտարարել էր, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմն ընդունելի է միայն այն պարագայում, եթե ՙադրբեջանական օկուպացված տարածքներից հայ զինվորականների դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մասը լինի՚։ Հակառակ դեպքում, Հաջիևի խոսքով, այդ միջոցները ՙկծառայեն ստատուս քվոյի պահպանմանը` հիմնված օկուպացիայի փաստի վրա՚։ Նույն ոգով արտահայտվեց և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։ Նրա խոսքով, հետաքննության մեխանիզմներին վերաբերող՝ համանախագահների վիեննյան հայտարարության մեջ պարունակվող գնահատականները Մինսկի խմբի դիրքորոշումն է և ոչ մի կերպ` Ադրբեջանի։ ՙԻսկ մենք այդ առումով որևէ պարտավորություն չենք ստանձնել՚,- նշել է նա։ Եվ ահա հիմա նման կոշտ հայտարարություններից հետո Բաքվի ղեկավարները, թվում է, պատրաստ են համակերպվել այն բանի հետ, որ հետաքննության մեխանիզմներն, այնուամենայնիվ, կհաստատվեն և կսկսեն կիրառվել։ Այսպիսով, ստացվում է, որ Ադրբեջանը համանախագահների ճնշման ներքո զիջումների գնաց ու այլևս չի փորձում տորպեդահարել Հայաստանի կողմից նախաձեռնված գործընթացը։
Պատճառները, որի համար Ադրբեջանը խոչընդոտում էր միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, միանգամայն հասկանալի են։ Չէ՞ որ այդ միջոցները թույլ կտան ոչ միայն արձանագրել հրադադարի ռեժիմի խախտումները, այլև որոշել՝ կոնկրետ ով է հանդիսանում խախտողը։ Եթե այդ մեխանիզմներն աշխատեին ապրիլի սկզբին, Ադրբեջանին չէր հաջողվի խուսափել սանձազերծված պատերազմի պատասխանատվությունից։ Ի դեպ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ուշադրություն է դարձրել այդ հանգամանքին։ Նրա խոսքով, ՙվերահսկման և հետաքննության մեխանիզմների ներդրումը կհանգեցնի վստահության մակարդակի բարձրացմանը և լույս կսփռի ապրիլյան իրադարձությունների վրա՚։
Ֆրանսիացի դիվանագետի կողմից հղված ևս մեկ կարևոր ազդանշան։ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել վերահսկման և հետաքննության մեխանիզմների ներդրման հետ կապված տեխնիկական հարցերի լուծմանը։ Սա կարևոր է, եթե հաշվի առնենք ԵԱՀԿ-ի մոտ համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների անբավարարության մասին մամուլ ներթափանցած տեղեկությունները։ Հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու տեխնիկական միջոցներն այդքան էլ էժան չեն։ Իսկ ԵԱՀԿ-ի 2016թ. բյուջեով նախատեսված չէ Ղարաբաղի շփման գծում օգտագործելու համար հատուկ միջոցների ձեռքբերումը։ Ստեղծված պայմաններում մնում է հույսեր կապել միայն կամավոր նվիրատուների հետ։ Ֆրանսիացի դեսպանի հայտարարությունը, կարծում ենք, հարկ է դիտել որպես Փարիզի պատրաստակամության հաստատում ՝ ստանձնելու անհրաժեշտ հատուկ տեխնիկայի ձեռքբերման հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը։ Այս կապակցությամբ հիշեցնենք երևանյան որոշ թերթերի հրապարակած տվյալները, որոնց համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիա կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանային միջադեպերի վերահսկման համար անհրաժեշտ սարքավորումների ներկրումների վերաբերյալ։
Այն հարցին, թե կոնկրետ ինչ սարքավորում է պահանջվում, կանդրադառնանք ավելի ուշ։ Այժմ՝ ինչ վերաբերում է մոնիթորինգային առաքելության մանդատին։ Ադրբեջանին հաջողվեց հասնել այն բանին, որ Անջեյ Կասպշիկի խմբի լիազորություններն էապես չընդլայնվեն։ Ըստ երևույթին, փոփոխությունները կվերաբերեն միայն մոնիթորինգային խմբի կազմին ու թվաքանակին։ Հայտնի է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այժմ ունի ընդամենը 5-6 դաշտային օգնականներ։ Պարզ է, որ նման պայմաններում անհնար է օբյեկտիվ և համակողմանի մոնիթորինգ անցկացնել։ Որպես օրինակ նշենք, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևում են 260 դաշտային օգնականներ։ Անջեյ Կասպշիկի թիմի թվաքանակը, հավանաբար, կավելանա մոտ 20 անգամ։ Կասպշիկն ինքը իրավիճակն այս կերպ է մեկնաբանում. ՙԸնդլայնումը չի ազդի իմ ներկա մանդատին։ Բայց դաշտային օգնականների թվի ավելացումն իմ գրասենյակին թույլ կտա առավել հաճախ իրականացնել դիտարկումներ և կանոնավոր կապեր հաստատել իշխանության պաշտոնական ներկայացուցիչների հետ։ Դա թույլ կտա իրավիճակի մասին ԵԱՀԿ նախագահությանը և համանախագահներին առավել բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել։ Միևնույն ժամանակ դա հնարավորություն կընձեռի առավել օպերատիվ արձագանքելու իմ մանդատի շրջանակներում էսկալացիայի վտանգի նվազեցման հետ կապված հարցումներին՚։
Այժմ փորձենք վերլուծել՝ կոնկրետ ինչ պետք է հասկանալ ՙվերահսկողության տեխնիկական միջոցների մասին՚ խոսելիս։ Այդ միջոցները մի քանիսն են։ Նախևառաջ` հատուկ ռադարներ, որոնք տեղադրվում են շփման գծի վտանգավոր տեղամասերում։ Այդ սարքերը թույլ կտան իրականացնելու իրավիճակի շարունակական մոնիթորինգ։ Սարքերը ոչ միայն արձանագրում են հրադադարի ռեժիմի խախտումների փաստը, այլև ֆիքսում՝ կողմերից որն է առաջինը կրակ բացել։ Մոնիթորինգի մյուս ձևը վերահսկման տիեզերական միջոցներն են։ Համանախագահ երեք երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, նման միջոցներ ունեն։ Ավելին, կասկած չկա, որ այդ միջոցները նրանք վաղուց են օգտագործում շփման գծում իրական վիճակը պարզելու նպատակով։ Բայց ահա Մինսկի խմբի հետ այդ տեղեկատվությամբ նրանք չեն կիսվում՝ ելնելով տարբեր նկատառումներից։ Եվ հարց է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կցանկանա՞ն միջնորդներին տրամադրել իրենց տիեզերական ռեսուրսները՝ զորքերի տեղաշարժի մոնիթորինգ անցկացնելու համար։ Երրորդ և, հնարավոր է, դիտարկման միջոցներից ամենաարդյունավետն անօդաչու թռչող սարքերն են։ Հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի համար նման սարքերն այժմ հաջողությամբ կիրառվում են Սիրիայի հյուսիսում և Ուկրաինայի արևելքում։ Հայտնի է, որ Սիրիայում կիրառվում են ռուսական արտադրության անօդաչու սարքեր, որոնք Մոսկվան տրամադրել է անհատույց։ Ուկրաինայում ԵԱՀԿ-ն մինչև վերջերս օգտագործում էր Բունդեսվերի սպառազինության մեջ առկա գերմանական ՙLuna՚ անօդաչու սարքերը։ Բայց տարեսկզբին խաղաղարարները հրաժարվեցին գերմանացիների ծառայություններից՝ մասնավոր ընկերությունից վարձակալելով ՙCamcopter S-100՚ մինի ուղղաթիռներ՝ արտադրված ավստրիական ՙSchiebel՚ ընկերության կողմից։ Տեսախցիկներով ու ռադարներով հագեցված այս ժամանակակից անօդաչու սարքերը համարվում են ամենահարմարը հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ անցկացնելու համար։ Թռչող սարքն ունակ է աշխատել եղանակային ցանկացած պայմաններում և կարող է աշխատել առանց լիցքավորման 8 ժամվա ընթացքում։ Նրա կողմից արձանագրված տվյալների ճշգրտությունն ապշեցնում է։ Բայց ահա գինը բավականին տպավորիչ է։ Նոր ՙCamcopter՚-ի գինը 2 միլիոն դոլարից ավելի է։ Բայց եթե, իրոք, ֆրանսիացիները ժլատություն չանեն, չի բացառվում, որ շատ շուտով Արցախի երկնքում կհայտնվեն խաղաղ անօդաչու սարքեր՝ ԵԱՀԿ տարբերանշանով։ Կցանկանայինք հուսալ, որ արցախյան երկնքին նրանք խաղաղություն կբերեն։
www.nv.am
Արտյոմ ԵՐԿԱՆՅԱՆ