Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ո՞Վ Է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆՈՒՄ ՙՊՈՒՏԻՆ՚ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Ինչո՞ւ է Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործըթնացը տեղում դոփում

 Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ապա՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, դարձյալ աչքի ընկավ՝ Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակելով լեռնայինղարաբաղյան կարգավորման մեջ ինչ-որ նոր միտումների վերաբերյալ հոդված։ Բրայզան, ընդհանրապես, բանիմաց դիվանագետ է, և նրա կարծիքը եթե ոչ կարևոր, ապա հետաքրքրաշարժ է։ Բայց միայն այն դեպքում, երբ նա խոսում և գրում է այն մասին, ինչին ականատես էր եղել կամ գիտեր՝ օգտվելով սեփական դիվանագիտական խողովակներից։ 

Այսպիսով, Բրայզան գրում է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանների ՙվերադարձ՚, իսկ Ղարաբաղը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ ու Հայաստանի հետ տարանցիկ միջանցք։ Ադրբեջանը վերացնում է շրջափակումը, իսկ սահմանին տեղակայվում են միջազգային խաղաղարարներ։ 

Սակայն 2009թ. վերջում արդեն խոսք էր գնում ընդամենը հինգ շրջանների վերադարձի մասին, ինչը կապակցվում էր Ստեփանակերտի կարգավիճակի հարցում Բաքվի կողմից որոշակի նոր զիջումների հետ։ Պատահական չէ և այն, որ հենց այդ ժամանակ են Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրվել Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում էին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում ու սահմանների բացում։ Այդ գործընթացը  տապալվեց Անկարայի վրա Բաքվի ուժեղ ճնշման շնորհիվ։  Մինչև ադ պահը, երբ Բրայզան դեռ պաշտոնավարում էր, նրա ունեցած տեղեկատվությանն ու դատողություններին կարելի է որոշ չափով վստահել։ Բայց երբ նա գրում է, թե վերջերս կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում (երբ նրա բոլոր մասնակիցները սատարեցին հակամարտ կողմերի շփման գծում մոնիտորինգի համակարգի ներդրման և այնտեղ միջազգային դիտորդների ի հայտ գալու վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունները), իբր, ՙառաջարկեց առաջ շարժվել քայլ առ քայլ և վերադարձնել երկու շրջաններ՝ Ադրբեջանի կողմից տարանցման և Հայաստանի հետ տնտեսական կապերի վերականգնման փոխարեն՚, ապա Բրայզայի տեղեկատվության աղբյուրների ու դրանց արժանահավատության շուրջ հարցեր են առաջանում։ 

Մանավանդ որ նա կապ է տեսնում ՙՊուտինի առաջարկի՚ և հայկական ընդդիմադիր ուժերի՝ դրան հետևած ելույթների միջև, ովքեր Երևանին մեղադրում են ՙազգային դավաճանության՚ մեջ։ Ի դեպ, դրանից հետո այդ թեզն ակտիվորեն շրջանառվում էր և ադրբեջանական ԶԼՄ-ներում, իսկ Բրայզայի հրապարակումից հետո Բաքվի ԶԼՄ-ներում ի հայտ եկան այնպիսի գլխագրեր, ինչպիսիք են ՙԼեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ Պուտինն անսպասելի առաջարկներ արեց՚։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ 

Սկսենք նրանից, որ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացն ինքը դեռ չի եղել փորձագետների ու վերլուծաբանների տեսադաշտում։ Եթե բանակցություններն ընկալվում են որպես հակամարտության կարգավորման մեթոդ, ապա դրանք, վաղ թե ուշ, պետք է ձեռք բերեն ազնիվ, բաց քննարկումների բնույթ՝ հաշվարկված փոխզիջումների վրա։ Եթե բանակցությունները կատարում են միայն ՙքողարկող՚ գործառույթ, երբ նրա մասնակիցները ձգտում են հասնել միայն կողմնակի արդյունքների, պարզ է, որ հակամարտ կողմերը քիչ են շահագրգռված խնդրի համատեղ լուծման հարցում։ Եվս մեկ առանձնահատկություն` միայն բազմաբնույթ շահերի բարդ համակցությունն է բանակցությունների մասնակիցներին դարձնում իրարից կախված։ Եթե բանակցություններն ընթանում են կողմերի տարատեսակ շահերի  պայմաններում, դրանք ոչ մի արդյունքի չեն բերի։ 

 

Լեռնայինղարաբաղյան հակամարտության զարգացմանը զուգընթաց Ադրբեջանում և Հայաստանում իրականացվում էին էթնիկ զտումներ։ Արդյունքում ադրբեջանական հայերն ու հայկական ադրբեջանցինեը դուրս բերվեցին հակամարտության պատանդների կարգավիճակից։ Երկու պետություններն էլ դարձան էթնիկական առումով միասեռ` միմյանց  միջև նաև տնտեսական ինտեգրացիոն կապերի խաթարման խորապատկերին։ Կորցնելով նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսը, Բաքուն ուներ և շարունակում է ունենալ գործողությունների միայն երկու տարբերակ։ Առաջինը՝ հրաժարվել հայերի հետ պատմական, գաղափարական և այլ դիմակայության գաղափարախոսությունից, կարգավորման գործընթացում գլխավոր խոչընդոտը հեռացնելու համար խորտակել ինչպես լեռնայինղարաբաղյան հակամարտությունից առաջ ստեղծված, այնպես էլ նրա ընթացքում ծագած տարբեր առասպելներն ու նախապաշարմունքները։ Երկրորդ տարբերակ՝ հակամարտության հանգուցալուծման ուժային գործոնի օգտագործում, որն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղից հայերի ամբողջական վտարմամբ։  Ճիշտ է, տեսականորեն հնարավոր է և միջանկյալ լուծում` երկու էթնիկ խմբերի աստիճանաբար փոխազդելը՝ արդեն գոյություն ունեցող տարածքային-վարչական միավորների շրջանակներում։ Բայց Բաքուն, Երևանն ու Ստեփանակերտը նման բեմագրի պատրաստ չեն։ Արցախի դեմ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն հիմնական հաշվարկն անում է ուժային բեմագրի վրա։ Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։

Լեռնայինղարաբաղյան հակամարտությունը վաղուց դադարել է մեկ պետության ներսում երկու էթնիկ խմբերի միջև հակամարտություն լինելուց և տեղական սահմաններից այն կողմ է անցել։ Իրադարձությունների ընթացքի վրա լուրջ ազդեցություն են ունենում գլխավոր արտաքին խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԵՄ-ն և ԱՄՆ-ն, իսկ այժմ այդ ցուցակը կարող է համալրել և պատժամիջոցների ռեժիմից դուրս բերված Իրանը։ 

Հենց իրար վրա ադրբեջանա-հայկական հակասությունների ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները բարդելն էլ դժվարացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները։ Թեև այստեղ էլ համատարած պարադոքսներ կան։ 

Մի ժամանակ Ադրբեջանը, որը կողմնորոշվել էր Թուրքիայի հետ ռազմավարական ռազմական-քաղաքական և տնտեսական դաշինքի օգտին, գրեթե ամբողջովին համոզված էր, որ Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է իր դիրքերն Անդրկովկասում, և սկսեց Արևմուտքի հետ կապել լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Ընդորում՝ Մոսկվայի կողմից Երևանին ցուցաբերվող աջակցությունը որակվում էր որպես նեոիմպերիալիստական։ Ադրբեջանն ամեն ինչ բացատրում էր նրանով, որ Մոսկվան շահագրգռված է լեռնայինղարաբաղյան հակամարտության գործոնով նրա համար, որպեսզի կանխի առանց իր մասնակցության կասպիական էներգառեսուրսների՝ դեպի Թուրքիա և Եվրոպա արտահանման ու տեղափոխման համար եվրասիական միջանցքի ստեղծումը։ Որոշակի փուլում Ադրբեջանն այս ուղղությամբ լուրջ առաջընթաց գրանցեց, բայց նման ՙքանակը՚ Արևմուտքի կողմից չփոխարկվեց ՙղարաբաղյան որակի՚. Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում խստանում էր, այն դեպքում, երբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ամերիկյան նախկին համանախագահ Դոնալդ Կայզերի խոսքով, ՙՎաշինգտոնն սկսեց հակվել նրան, որ ՙՍտեփանակերտը դիտարկի ոչ միայն որպես տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ, այլև ներառի նրան անվտանգության ենթատարածաշրջանային համակարգում՚։ Նման բան եղել է։ 

Այնուհետև Բաքվում սկսեցին խոսել այն մասին, որ ՙղարաբաղյան ամրոցի բանալիները գտնվում են Կրեմլում՚, թեև նա, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում միջնորդական առաքելության մասնակից, ջանքեր գործադրելով հակամարտության կարգավորման համար, գործնականում երբեք օպորտունիզմ (համաձայնողականություն) չի ցուցաբերել այդ ձևաչափում։ Այսինքն, հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դրեյֆն Արևմուտքից Հյուսիս սկսեց շարունակ բախվել միևնույն խնդրին՝ միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի անհաշտելի առերեսմանը։ Արդեն նշված պատճառների բերումով այս ուղղությամբ փոխզիջման հասնելն անհնար է թվում։ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ կապված իրավական խնդիրը համարվում է կարգավորման գործընթացում գլխավոր խոչընդոտը, անգամ հակառակ նրան, որ Մադրիդյան հայտնի սկզբունքներում, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում, կարծես թե ուրվագծված է հակամարտության կարգավորման ՙճանապարհային քարտեզը՚։

ԵԱՀԿ Մինսկի խումբը գագաթնաժողովներ է կազմակերպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համար՝ հաճախ պետությունների ղեկավարների` խմբի համանախագահների միջնորդությամբ։ Մի կողմից նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գագաթնաժողովները երկկողմ հիմքի վրա առավել պարզ կառուցվածք ունեն, բայց միջնորդների աշխատանքն ու նրանց մասնակցությունը ներգործություն են ունենում ոչ միայն բանակցային գործընթացի կազմակերպման վրա, այլև օբյեկտիվորեն որոշում միջազգային խաղացողների դերը, որոնք կարող են հանդես գալ միասնական դիրքորոշմամբ կամ` ոչ։

Օրինակ, ապրիլյան պատերազմից հետո, որը հաջողվեց դադարեցնել նախագահ Պուտինի անձնական մասնակցությամբ, Ադրբեջանում, ինչպես և Հայաստանում, քաղաքական  որոշակի շրջանակներ խոսեցին այն մասին, որ ՙլեռնայինղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը՚, ինչպես և ինչ¬որ ՙՊուտինի պլանի՚ կամ ՙԼավրովի պլանի՚ առկայության մասին, որոնք նախատեսում են որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին։ Ասել է թե, այս կերպ հասկացվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում խախտված է փոխազդեցությունը` հակամարտող կողմերից մեկի հետ ինչ¬որ գաղտնի համաձայնության հասնելու միջոցով։ Բանը հասավ նրան, որ Վլադիմիր Պուտինն ստիպված է անձամբ հերքել նմանատիպ դատողությունները։ 

Այդուհանդերձ, ակնհայտ է մնում այն, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված` հակամարտ կողմերի շփման գծում մոնիտորինգի համակարգի ներդրման և այնտեղ միջազգային դիտորդների ի հայտ գալու մասին որոշումների կատարման համար ռեսուրսը շատ սահմանափակ է: Լեռնայինղարաբաղյան կարգավորման հարցում կոնկրետություն կլինի միայն  այն ժամանակ, երբ լինի իրավաբանորեն պարտավորեցնող ինչ¬որ ընդհանուր համաձայնություն, որը կսատարեն ոչ միայն հակամարտության երկու կողմերը, այլև Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ¬ի հանրությունները։ Ո՜չ մեկը, ո՜չ մյուսը դեռևս չկան, և դժվար է ասել, թե երբ այս ամենը կարող է ի հայտ գալ։ Մնացածը, ասենք, ինչ վերաբերում է նրան, թե ահա ուր որ է կսկսի Ադրբեջանի երկու, հինգ, վեց շրջանների ազատագրումը, ինչն, իբր, նախատեսվում է ՙՊուտինի պլանով՚, քաղաքական բացահայտ շահարկումներ են։ 

 

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ