[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՏՐՎԱԾ ԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՈՒ ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՎ

Ադրբեջանում այս տարի հայտարարված է մուլտիկուլտուրալիզմի տարի։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք այն ժամանակ, երբ Բաքուն պատրաստվում էր ընդունել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Նկատենք, որ սույն տեղեկատվությունը տարածելու ժամանակ մեր հարևանները մի կարևոր բան մոռացության են տվել. եթե խոսքը տարվա մասին է, նրանք պետք է իրազեկեին հունվար-փետրվար, կամ գոնե ապրիլ-մայիս ամիսներին։ Բայց  ադրբեջանական հեռատեսությունն ուրիշ է. ապրիլ ամսին ռազմական ագրեսիա սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ հընթացս ցուցադրելով իրենց հատուկ միջնադարյան բարբարոսությունները, այնուհետև աշխարհով մեկ պոռացին, թե ագրեսիան հայկական կողմից է սկսվել, իսկ տարվա  չորրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական իրավիճակին փոքր-ինչ համահունչ դիվանագիտություն խաղալով, իրենց հայտարարեցին համաշխարհային մակարդակի մուլտիկուլտուրալիստներ։Նախ՝ սկսենք աշխարհաքաղաքականությունից։ Ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն առնչվող հայտարարություն վերջերս հնչեցվեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոն Քերիի շուրթերով։ Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորման հստակ ճանապարհ առայժմ չի տեսնում, և  այստեղ հստակ լուծումներ դեռ չեն ուրվագծվում։ Իսկ դրա պատճառը, ըստ պետքարտուղարի, այն է, որ առաջնորդները պատրաստ չեն, որովհետև կողմերի միջև առկա է լարվածություն։ Դրանք բարդ հակամարտություններ են, բայց լուծման ճանապարհ հնարավոր է գտնել։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն ընդունել որոշակի լուծումներ, ընդգծել է պետքարտուղարը։ 

Ջ. Քերիի խոսքում մատնացույց է արվում կողմերի միջև առկա լարվածությունը, սակայն ոչ մի բառ չի ասվում այն մասին, թե հատկապես որ կողմն է հակված լարվածություն ստեղծելու հակամարտության գոտում։ Պետքարտուղարը, հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հայտարարում է, թե առաջնորդները պատրաստ չեն երկխոսության, սակայն չի ասում, թե որ երկրի առաջնորդն է խոչընդոտում  շփման գծում վստահության մեխանիզմի ներդրմանը։ 

Ամերիկյան կողմի այս գնահատականը բավարար էր, որպեսզի Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխնախագահ Զիյավեթ Ասկերովը շտապ դիրքորոշում արտահայտի. ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պետք է հասնել ԱՄՆ-ի աջակցությամբ։ Մեջլիսի փոխնախագահի համոզմամբ՝ Ադրբեջանն աշխարհի ամենահանդուրժող երկրներից մեկն է, որտեղ, որպես եղբայրներ, կողք կողքի ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ 

Զ. Ասկերովը պետք է կարողանա պատասխանել ընդամենը մեկ հարցի. ինչպե՞ս են ադրբեջանական իշխանությունները հարգում այլ ազգերի ներկայացուցիչներին, երբ ամեն պահի նրանք ոտնահարում են  իրենց իսկ հայրենակիցների իրավունքները՝ զրկելով նրանց արտահայտվելու, հասարակական ակտիվություն դրսևորելու, սեփական երկրի բարօրության համար պայքարելու իրավունքից։ Այդ հարցի պատասխանն Ասկերովը չունի։ Նա, որպես մեջլիսական, այսպես ասած, քաղաքականությամբ է զբաղված, և խոսում է իր երկրում գոյություն չունեցող  հանդուրժողականության մասին։                  

Ասկերովն այդ միտքն արտահայտել է մի քանի անգամ՝ շեշտելով Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կարևորությունը։ 

Պետքարտուղարի այն միտքը, որ հակամարտող երկրների առաջնորդները պատրաստ չեն ընդունել որոշակի լուծումներ, այնքան էլ մոտ չէ իրականությանը։ Մի տեսակ անորոշ է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատականը. ո՞ր լուծումների մասին է խոսքը, և արդյո՞ք այդ լուծումներում կարևորություն է տրվում մարդու՝ բնության կողմից տրված ազատ ապրելու իրավունքին։ Ազատության խորհրդանիշ համարվող երկրի բարձրաստիճան պաշտոնյան առհասարակ ոչինչ չի ասում ժողովրդի ինքնիշխանության մասին։ Քերին՝ որպես դիվանագետ, չէր կարող հորդորել ադրբեջանական քաղաքական վերնախավին, դրա համար էլ հավասարության նշան է դրել կողմերի միջև։    

ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունը մեկ օր անց մեկնաբանել է ադրբեջանական մեկ այլ պաշտոնյա՝ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։ Սա էլ, ի տարբերություն մեջլիսական Ասկերովի, խոսել է ՙանընդունելի ստատուս քվոյի՚ մասին՝ ասելով, թե հակամարտության կարգավորման նոր բանաձևեր ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Հակամարտության լուծման իրավաքաղաքական հիմքերը միջազգային հանրությանը բացատրելու համար Հաջիևը դիմել է Հելսինկիի եզրափակիչ ակտի օգնությանը և մեկնաբանել այն՝ ըստ սեփական ընկալումների։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չպետք է օգտագործվի ի վնաս պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի։ Բայց, Հաջիևի կարծիքով, Հելսինկիի եզրափակիչ ակտը թույլ է տալիս տարածքային ամբողջականության սկզբունքն օգտագործել ի վնաս ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Մի խոսքով, ադրբեջանցի քաղաքագետ-դիվանագետները միջազգային իրավունքը մեկնաբանում են՝ հիմք ընդունելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ալիևյան հայեցակարգը։ Վերջինս մեզ հայտնի գիտություն է և կոչվում է ադրբեջանական մաքսիմալիզմ։ Միջազգային հանրությունը, ըստ Հաջիևի,  հիմք կընդունի  ադրբեջանցի պրոֆեսիոնալների մեկնաբանությունը և խաղաղ ճանապարհով Արցախի Հանրապետությունը կհանձնի ալիևյան կլանի տնօրինությանը։

Պատկերը պարզ է. մեր հարևաններն ունեն մեկ գերագույն նպատակ. ամեն ինչ անել հանուն ստատուս քվոյի փոփոխության՝ առաջ տանելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եվ քանի որ ալիևյան կլանի համար սա գերնպատակ է, գաղափարական-քարոզչական ողջ զինանոցը լծվել է այդ խնդրի իրականացման գործին։ 

Մեր խաշնարած հարևանների ապուշությունն, իրոք, սահմաններ չի ճանաչում։ Ալիևյան աշխատակազմի ուղեղները մտմտում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխելու և քաղաքակրթական այդ մարտահրավերին դիմակայելու մասին։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովի խոսքով՝ հայերը փորձում են հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական։ Հռոմի  Ֆրանցիսկոս Պապի Ադրբեջան կատարելիք այցից առաջ ալիևյան կլանի կարկառուն դեմքերի մոտ միտք է հղացել. ժամանակն է  հայտարարելու, որ համաշխարհային մակարդակով քրիստոնյաները խաչակրաց արշավանք են հայտարարել ադրբեջանցիների դեմ։ Նման պարագայում տուժող կողմը, որպես կանոն, պետք է ընդվզի ու հայտարարի, որ Ադրբեջանն աշխարհի ամենահանդուրժող երկիրն է։ Ահա այստեղ  Իլհամ Ալիևն ակնկալում է Հռոմի Պապի միջամտությունը, ավելի ճիշտ՝ աջակցությունը։  

Անդրադառնանք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը և նրա արցախյան արձագանքին։ Պաշտոնական Ստեփանակերտն այն կարծիքին է, որ Քերիի հայտարարության մեջ  արտացոլված է առկա իրավիճակը, բայց մասամբ։ Պետքարտուղարը ներկայացրել է իրավիճակը, բայց դա արել է դիվանագիտական բառապաշարով։ Կարգավորմանն իրականում պատրաստ չէ Ադրբեջանի ղեկավարությունը, քանի որ այդ երկրի պետական գաղափարախոսությունը հայատյացությունն է, ֆաշիզմը։     

Մեզ մնում է հայատյացության և ֆաշիստական քաղաքականության համապատկերին տեղադրել նախագահ Իլհամ Ալիևի մտքի վերջին փայլատակումը, որը նա արտաբերեց Հռոմի Պապի հետ  Բաքվում ունեցած հանդիպման ժամանակ։՝ Ադրբեջանի նախագահն ոչ ավել, ոչ պակաս, ասել է, թե  Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես մուլտիկուլտուրալիզմի կենտրոն։ Ասել է թե՝ սա այն երկիրն է, որտեղ անշեղորեն իրականացվում է տարբեր մշակույթների պահպանմանն ու զարգացմանը միտված քաղաքականություն։

Ալիևն ասաց, բայց աշխարհը հավատա՞ց դրան։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին  աշխարհն  ադրբեջանական վայրագությունների ականատեսը դարձավ, տեսավ, թե ինչպես են նրանք հայ զինվորի կտրած գլուխը ցուցադրում համացանցում։ Ադրբեջանական կողմից  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին հանձնված հայ զոհված զինծառայողների բոլոր մարմինները ենթարկված էին խոշտանգումների։ Այդ ամենը նշանակում է, որ  ՙկուլտուրա՚ բառն առհասարակ հասանելի չի դարձել մեր հարևաններին նույնիսկ մեր օրերում, հետևաբար ՙմիստր՚ Քերին չպիտի հավասարության նշան դներ Ադրբեջանի և Հայաստանի միջև։   

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ