[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԸՆԹԱՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Սահմանադրական բարեփոխումների հրապարակված հայեցակարգի առնչությամբ ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության դիրքորոշումն է հայտնում ԼՂՀ  ԱԺ ՙՀայրենիք՚ խմբակցության ղեկավար  Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 - Պարոն Թովմասյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ են անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները մեզ համար: Ի՞նչ դիրքորոշում ունի ձեր խմբակցությունը հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգի հանդեպ:                                                                                                                                                           

- Մեր Սահմանադրությունը ծնվեց համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, այն արդեն տասը  տարվա կենսագրություն ունի: Մայր օրենքի շնորհիվ արցախահայությունն ամրագրեց իր ինքնորոշման, անկախ պետականության կերտման անօտարելի իրավունքը, հստակեցրեց պետական իշխանության քաղաքական կազմակերպման ողջ սպեկտրը: Այդ ամենով հանդերձ` թե՜ երկրի գլխավոր օրենքը, թե՜  պետական կառավարման համակարգը չեն կարող քարացած մնալ և անընդհատ կատարելագործման կարիք ունեն: Այսօր ԼՂՀ-ում գործող քաղաքական կուսակցությունների ու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի գերակշիռ մասը հանդես է գալիս պետական իշխանությունն առավել արդյունավետ կառավարելու, ինքնակազմակերպվելու համար ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտության օգտին: Ներկայում երկրի կառավարման գործում կուսակցությունների դերի բարձրացումը, տեղական ինքնակառավարման մարմինների առավել ինքնավարության ապահովումը, քաղաքացիական հասարակության լիակատար ձևավորումն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը դարձել են հրամայական պահանջ: Ձեռնարկված բարեփոխումները մի շարք արդյունավետ փոփոխություններ են խոստանում` կապված գործադիր իշխանության երկակի հսկողության ու գործառույթների կրկնության հետ: Ըստ հայեցակարգի`  նախագահ-խորհրդարան հարաբերություններում կգործեն հակակշիռների ավելի հստակ մեխանիզմներ, քան գործող համակարգն է երաշխավորում:

- Սահմանադրական բարեփոխումների գործընթացում հանրության ուշադրությունը հիմնականում սևեռված է կառավարման մոդելի փոփոխման վրա: Ձեր կարծիքով, որքանո՞վ է նպատակահարմար կառավարման առաջարկված ձևը մեր հանրապետության համար: Ձեր կուսակցությունը կարծես նախապես խորհրդարանական ձևի կողմնակից էր:

- Այդ հարցը մենք քննարկել ենք կուսակցության նախագահի հետ: Բացի այդ, հարցում ենք արել մեր կուսակցության բոլոր անդամների շրջանում` պարզելու, թե որ մոդելն է նրանց համար առավել ընդունելի: Այո, ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության համար ի սկզբանե նախընտրելի էր խորհրդարանական պետության գաղափարը, մինչդեռ հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ կուսակցության ներկայացուցիչների 75 տոկոսը խիստ նախագահական մոդելի կողմնակից է: Իհարկե. չի կարելի ժխտել, որ հանրության տրամադրության վրա մեծ ազդեցություն թողեց ապրիլյան պատերազմը: 

- Ձեր կուսակցությունը հանդե՞ս է եկել հայեցակարգում որևէ կետ փոխելու առաջարկությամբ: 

- Ներկայացված հայեցակարգը սահմանադրական բարեփոխումների տեսլականը ներկայացնող փաստաթուղթ է, և նրանում տեղ գտած հիմնադրույթներն այսօր պարզաբանման կարիք ունեն: Որպես պատգամավոր և խորհրդարանի նախկին նախագահ` ես հետևյալ առաջարկությունը կանեի.  ամիսը մեկ լիագումար նիստ գումարելով չի կարելի պրոֆեսիոնալ խորհրդարան համարվել: Դա, իհարկե, ԱԺ ղեկավարության թերացումը չէ, պարզապես մեր իրավական դաշտն այսօր կայացած է, և մենք հիմնականում մայր օրենքներում ենք փոփոխություններ կատարում: Ես առաջարկել եմ ունենալ կիսամշտական խորհրդարան` ոչ թե 33, այլ 60 պատգամավորով: 

- Դուք դա իրատեսակա՞ն եք համարում կառավարման համակարգի օպտիմալացման ներկա ձեռնարկումների պարագայում: Ո՞րն է առաջարկի նպատակը:

-  Ես չեմ առաջարկում նոր ֆինանսներ ներգրավել: Կարելի է ունենալ 30 մշտական  և նույնքան էլ ոչ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորական կազմ: Տեսեք, այսօր մենք ունենք նվազագույն շեմը հաղթահարած և մեկ պատգամավորի կազմով խմբակցություն: Մինչդեռ 60 պատգամավորի ընդգրկման դեպքում նվազագույն շեմը կկազմի 3 տոկոս, և պատկերը կփոխվի: Բացի այդ, խնդիրներ են ծագում նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ: Կարծիք կա, որ նոր սահմանադրության ընդունմամբ ԱԺ դերակատարությունը կմեծանա։ Ես մի փոքր այլ կարծիքի եմ. խորհրդարանի դերն ու նշանակությունը չի կարևորվի, քանի դեռ նրան չի վերադարձվել վերահսկիչ մարմնի լիազորությունը (ես սա ասում եմ` չթերագնահատելով Վերահսկիչ պալատի գործունեությունը): Պատգամավորը պետք է օժտված լինի նաև իմպերատիվ մանդատով:

- Ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով` սահմանադրական բարեփոխումները հետապնդում են միայն մեկ` իշխանության վերարտադրման նպատակ: Ի՞նչ կարծիք ունեք Դուք:

- Իմ խորին համոզմամբ՝ այս բարեփոխումներն Արցախի ժողովրդի արմատական շահերն  արտահայտելու նպատակ են հետապնդում: Իսկ վերարտադրման համար կան տարբեր միջոցներ, մանավանդ որ գործող Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է:

 - Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչ է սպասվում անցումային կոչվող 2017-20 թվականներին:

- Մի քիչ համբերենք: Շուտով սահմանադրական բարեփոխումների նախագծում առավել հանգամանալից կշարադրվեն առաջարկվող փոփոխություններն ու դրանց իրականացման մեխանիզմները, և այդ ժամանակ ավելի հեշտ կլինի խոսել խնդրահարույց թեմաների շուրջ: Հուսով եմ՝ մոտ ապագայում հանրությանը հուզող հարցականները կվերանան:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ