Logo
Print this page

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄԸ

Օրեր առաջ ամերիկյան National Interest պարբերականը հրապարակել էր նախկինում Հարավային Կովկասի խնդիրներով հրապարակումներ չունեցող մի հեղինակի հոդված բավականին խոսուն վերնագրով. ՙԼեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի՚։

 Հեղինակի հետ ունեցած հանդիպմանը ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ասել էր, որ ՙշատ ինտենսիվ՚ կերպով աշխատանքներ են ընթանում շփման գծի ողջ երկայնքով, որպեսզի այլևս Ադրբեջանի գործողությունները հանկարծակիի չբերեն Ստեփանակերտին։

ՙԱյժմ մենք ժամանակակից C4ISR համակարգեր ենք տեղադրում շփման գծում, որը մեզ թույլ կտա դիտարկել ամբողջ գիծը որոշակի խորությամբ՚, - ասել էր Բեգլարյանը։

Այս արտահոսքը հենց ամերիկյան National Interest պարբերականում հետաքրքիր է նրանով, որ երբեմնի հեղինակավոր այս ամսագրում այժմ պայմանագրային հիմունքներով հրապարակվում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից գործող վերլուծական կենտրոնի անգլերեն լեզվին տիրապետող աշխատակիցների գրեթե բոլոր առանց տառասխալների տեքստերը։

Ինչևէ, այս լուրը հասկանալի խուճապ է առաջացրել Ադրբեջանում։ Սկիզբ է տրվել մամուլի հրապարակումների շքերթին։

Բանն այն է, որ C4ISR հետախուզական համակարգեր արտադրում է ամերիկյան Northrop Grumman ռազմաարդյունաբերական ընկերությունը, որոնք թույլ են տալիս ռազմական գործողությունների կամ երկու հակամարտող բանակների միջև մշտադիտարկել բոլոր շարժերը իրական ժամանակում։

Ընկերության գովազդային հոլովակը բավարար է ադրբեջանցիների խուճապը հասկանալու համար այն ժամանակ, երբ դեռ չի անցել Անկախության շքերթին ՙԻսկանդեր՚ համակարգերի ցուցադրումից հետո առաջացած շոկը և իսրայելական ՙԵրկաթե գմբեթ՚-ի հետ կապված տգիտության և ապատեղեկատվության ցուցադրության էֆեկտը։

National Interest-ի հրապարակումից պարզ է դառնում, թե ինչ նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով սեպտեմբերի 9-ին ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները ՙպաշտպանական բնույթի սահմանափակ քանակությամբ զինամթերք է մատակարարում՚ կոնֆլիկտի շրջան, միևնույն ժամանակ հստակեցնելով, որ Ադրբեջանի դեպքում գոյություն ունի 1990-ականների սկզբին ընդունված Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, որով Կոնգրեսն արգելել է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների մատակարարումը կամ վաճառքը, ինչը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

Այս հարցազրույցից մեկ ամիս անց պարզ է դառնում, թե ինչ ՙսահմանափակ քանակությամբ պաշտպանական զինամթերքի՚ մատակարարման մասին էր խոսում դեսպան Ուորլիքը։

Ավելին, սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում Ասպեն ինստիտուտի կազմակերպած միջոցառմանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, խոսելով ընդհանրապես հակամարտությունների կարգավորման մասին, կարևորել էր հակամարտող կողմերի առաջնորդների միջև ՙընդհանուր շահերի կամ արժեքների շուրջ գաղափարների համընկնումը՚, ընդգծելով, որ օրինակ Լեռնային Ղարաբաղի դեպքում պետությունների առանորդները ՙդեռ այդքան էլ պատրաստ չեն՚ կարգավորման։

Եթե այդ հայտարարության կոնտեքստում դիտարկենք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գումարված Վիեննայի (Քերրիի նախաձեռնությամբ) և Սանկտ Պետերբուրգի (Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ) հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ Սանկտ Պետերբուրգում արդեն Իլհամ Ալիևը հերթական անգամ հետքայլ էր արել նախկին պայմանավորվածություններից, որի արդյունքում Պետերբուրգի և դրան հաջորդող հայտարարությունների տեքստերից վերացել էին հետաքննության մեխանիզմների ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների մասին դրույթները։

Եվ այժմ հետաքննության մեխանիզմների ներդրման վրա պնդող Վաշինգտոնը այս խնդիրը լուծելու նպատակով հետախուզական և մշտադիտարկման տեխնիկա է մատակարարում Ստեփանակերտին։

Ավելին, ինչպես Ադրբեջանի նախագահը փաստորեն ընդունեց իր երկրի կառավարության անդամների հետ անցկացված վերջին նիստում, ղարաբաղյան բանակցությունների ժամանակ իրենից մեծ ջանքեր են պահանջվում ՙփակ դռների ետևում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար Բաքվի վրա կիրառվող ճնշումներին դիմակայելու համար՚։

Եթե նախորդ տարիներին Ալիևը պնդում էր, որ գրեթե ՙողջ միջազգային հանրությունն է պաշտպանում իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՚, այժմ նա կարող է խոսել միայն Չմիավորման շարժման և Իսլամական կոնֆերանսի կազմակերպության մասին, որտեղ կազմակերպության անդամների կողմից ներկայացված նախագծերը ավանդաբար ընդունվում են առանց որևէ քննարկման և տարիներ ընթացքում դրանք դարձել են միայն օգտագործված թղթի կտորներ՝ առանց ուժի և նշանակության։

Ստեփանակերտի կողմից շփման գծի արդիականացման միջոցառումները և ժամանակի ընթացքում ադրբեջանական դիվերսիաների տեսանկարահանումների հրապարակումը Բաքվի անպատասխանատու և վտանգավոր քաղաքականության մասին իրեղեն ապացույց կդառնան, ինչը ավելի կդժվարացնի Ալիևի բանակցային մարտավարությունը, իսկ երկարաժամկետ առումով կթուլացնի դիրքերը երկրի ներսում։

Միջազգային շուկայում պահպանվող նավթի ցածր գների, Ադրբեջանի նավթի արտահանման ծավալների և ռազմական բյուջեի (հետևաբար ռազնական էլիտայի համար կոռուպցիոն հնարավորությունների) շեշտակի կրճատումը գալիք տարում այդ երկրի ներքին կայունության և կանխատեսելիության համար առաջացող խնդիրների միայն երևացող մասն են։

Գյուղատնտեսական մշակման համար պիտանի հողատարածքների բռնագրավումը օլիգարխներից և դրանց հարկադրաբար օգտագործումը, այսինքն՝ գյուղատնտեսական ռեֆորմը Ալիևի համար վերջին հնարավորությունն է նավթի ՙոսկե դարաշրջանի՚ ավարտից հետո լուծելու երկրում զբաղվածության խնդիրը և կանխավ լռեցնելու հասարակության դժգոհ և ընչազուրկ հատվածներին։

Ռազմական թատերաբեմում Հայաստանի և Արցախի պրոակտիվ քաղաքականության, ինչպես նաև սեփական սխալ հաշվարկների արդյունքում Ալիևի ագրեսիվ հնարավորությունների զսպումը կամ սահմանափակումը այն բուն պատճառն է, ինչի համար մոտակա շաբաթներին մենք ականատեսը կդառնանք Ադրբեջանի նախագահի հուսահատ քայլերի և նրա հրամանով գործող ԶԼՄ-ների և գործիչների ակտիվության։

 

Ասատուր ՍԱՐԳՍՅԱՆ

 Փորձագետ

Panorama.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.