[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԴԵՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ

՚ Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած Սարգսյան-Ալիև երկու հանդիպումներից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կրկին հայտնվել են փակուղում։

Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին ՙ168 Ժամը՚ զրուցեց ռուսաստանցի դիվանագետ, 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին համանախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԻ  հետ։

– Պարոն Կազիմիրով, շաբաթներ առաջ մասնակցեցիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումներին Ղարաբաղում։ Ապրիլյան ռազմական գործողություններից կես տարի է անցել, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տիրող տրամադրությունները։

– ԼՂՀ նախագահի հրավերով մասնակցեցի այդ արարողություններին։ Ես, իհարկե, Ղարաբաղում էի տոնական օրերի ընթացքում։ Ինձ թվաց, որ ԼՂՀ բնակչությունն այդ օրը տոնեց բավականին ակտիվ կերպով, երիտասարդության և Արցախյան նախորդ պատերազմի վետերանների մասնակցությամբ։ Այդ այցից միայն բարի և դրական տպավորություններ եմ ստացել։ Ամենամեծ տպավորությունս այն է, որ մարդիկ դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, տրամադրված են, որպեսզի թույլ չտան հետագա սրացումներ շփման գծում, այս ուղղությամբ ժողովրդի տրամադրությունն ու տրամադրվածությունը չափազանց հստակ են։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ դասեր են քաղել։

– Քաղել են այն դասը, որ իրերի դրությունը բանակցային սեղանին և իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում պահանջում է հատուկ ուշադրություն, բարձր զգոնություն, քանի որ տարբեր տեսակի ինտրիգային, ավանտյուրիստական ծրագրեր կարող են շարունակել կազմվել, ուստի, իհարկե, պահանջվում է բարձր զգոնություն՝ թույլ չտալու համար շփման գծում միջադեպերի, առավել ևս՝ ռազմական գործողությունների բռնկում և առաջացում։

– Պարոն դեսպան, ապրիլյան պատերազմից հետո սկսված ակտիվ բանակցային գործընթացը, որի ընթացքում հաջողվեց երկու նախագահական հանդիպում կազմակերպել, առաջինը՝ Վիեննայում, երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգում, կրկին հայտնվեց փակուղում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս փուլում ստեղծված փակուղու պատճառը։

– Այդ ամենի հետ արդեն պետք է համակերպվել, քանի որ չկա հստակություն, չկա բոլոր կողմերի ձգտումը, որպեսզի այս հակամարտությունը կարգավորվի, քանի որ այնքան հաճախ են տեղի ունեցել և տեղի ունենում տարբեր տեսակի բռնկումներ, որ առաջընթացը, բնականաբար, դժվարանում է, իսկ հաճախ նույնիսկ մի քանի քայլ առաջ է գրանցվում, ապա՝ կրկին հետընթաց։ Ինձ համար դա նորություն չէ, ես դրան սովոր էի նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին։ Նման կեցվածքով առանձնանում էր կողմերից հատկապես մեկը, երբ նույնիսկ պաշտոնապես դրված ստորագրությունը երկրի բարձր ներկայացուցչի կողմից չէր երաշխավորում, որ ստանձնված պարտավորությունները կկատարվեն և անլուրջ բնույթ չեն ստանա։

Որքան դեպքեր, որքան ստորագրություններ են դրվել տարբեր տեքստերի տակ, որոնք այդպես էլ անկատար են մնացել։ Նույնիսկ եթե դիտարկենք կարճաժամկետ հրադադարի ռեժիմները, ապա նման չորս դեպք է եղել, բայց միևնույն կողմից խախտվել են պայմանավորվածությունները, թեև խոսք էր գնացել կարճաժամկետ պայմանավորվածությունների մասին։

Դիտարկենք ներկայիս դիրքորոշումը ևս, թե ինչպես են կողմերը վերաբերվում 1994թ. մայիսի 12-ի հրադադարի պայմանագրին։ Բացարձակապես պարզ է, որ կողմերից մեկը խուսափում է ճանաչել սեփական պարտավորությունները, որոնք վերաբերում են այդ պայմանագրի համաձայն՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Սա շատ ցավալի է։ 

– Պարոն Կազիմիրով, ստեղծված իրավիճակում մի շարք փորձագետներ պնդում են, որ Հայաստանը  պետք է ստիպի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը՝ ճնշել ադրբեջանական կողմին՝ ընդունելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է նախորդ երկու հանդիպումների ընթացքում։ Օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց, որ հույս ունեն, որ նախագահները կհամաձայնեն կրկին հանդիպել։ Ի՞նչ լծակներ ունեն համանախագահները կողմերի նկատմամբ։ Ի՞նչ կարող են անել իրավիճակը փակուղուց դուրս բերելու համար։

– Համանախագահները միջնորդներ են, ճնշման լծակներ միջնորդները սովորաբար չեն ունենում։ Իհարկե, լինում են բացառություններ, բայց կա էական տարբերություն նրանց միջև, ովքեր ցանկանում են օգնել համաձայնության գալու հարցում, և նրանց միջև, ովքեր ճնշում են, այսինքն՝ ինչպես ՙԴեյթոնի՚ դեպքում։

Սակայն հույսը դնել նրա վրա, որ միջնորդները կճնշեն կողմերին, կպարտավորեն կատարել ստանձնած պարտավորությունները, դա փոքր-ինչ համանախագահության չափազանցություն կլինի։

Միջնորդներն օգնում են, օգնում են կողմերին ճկունություն, գիտակից մոտեցումներ ցուցաբերել։ Բայց չի կարելի հույսը դնել միջնորդների վրա, որ նրանք հրաման կտան, և կողմերն անմիջապես կկատարեն այդ հրամանը. այստեղ գործառույթները բոլորովին տարբեր են։

– Այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում լայնածավալ պատերազմի հավանականությունը։

– Ես ամեն դեպքում ցանկանում եմ հավատալ մարդկային գիտակցությանը, կողմերի համար պետք է պարզ լինի, որ նոր պատերազմը հղի է շատ ավելի բարձր վտանգներով երկու ժողովուրդների համար՝ և՜ Ադրբեջանի, և՜ հայկական կողմերի։ Ուստի, ամեն դեպքում, հույս ունեմ, որ ռազմական գործողությունների վերսկսումը լայնածավալ մասշտաբով չպետք է տեղի ունենա։ Չափազանց ակնհայտ են այն հնարավոր կորուստները, զոհերը, որոնք կարող են լինել այդ դեպքում։ Մի՞թե կարելի է համեմատել կողմերի զինվածության մակարդակն այսօր և 1991 թվականին։ Պարզ է, որ վնասը յուրաքանչյուր կողմի համար շատ ավելի շատ է լինելու, քան նախորդ պատերազմի ընթացքում։