Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԿԱՆ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ` ԱԿՆԿԱԼԵԼՈՒ, ՈՐ ԱՄՆ-Ն ԻՐԱՊԵՍ ԿՎԵՐԱՆԱՅԻ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ՚

Այդ մասին ՙԳոլոս Արմենիի՚-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական միության նախագահ, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր ԿՌԻԼՈՎԸ։

 Պարոն Կռիլով, Դոնալդ Թրամփի հաղթանակը շատ փորձագետների կողմից ընկալվում է որպես ԱՄՆ  արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության ազդանշան դեպի Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կողմը։ Ըստ Ձեզ, արժե՞ այս առումով առանձնակի փոփոխություններ ակնկալել, և ինչպե՞ս կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունների լիցքաթափումը (եթե, իհարկե, դա տեղի ունենա) անդրադառնալ ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի գործընկեր երկրների դիրքորոշումների վրա առանցքային՝ քաղաքական, տնտեսական, գլոբալացման և այլ հարցերում։ 

¬Նոր նախագահն իր հետ միշտ փոփոխություններ է բերում, դա անխուսափելիորեն կկատարվեր անգամ այն պարագայում, եթե հաղթեր Հիլարի Քլինթոնը։ Մանավանդ երբ իշխանության է գալիս նախագահ ընդդիմությունից, ով ընդդիմության մեջ էր ոչ միայն իշխող դեմոկրատների, այլև շատ հարցերում նաև սեփական հանրապետական կուսակցական վերնախավի նկատմամբ։ Կան բոլոր հիմքերը` ակնկալելու ոչ թե ՙլիցքաթափում՚, այսինքն՝ բարձրագոչ հայտարարություններ և ՙկոսմետիկ՚ միջոցներ ամերիկյան վարչակարգից` Ռուսաստանից նորանոր զիջումների ակնկալիքով, այլ ԱՄՆ արտաքին քաղաքական ուղեգծի իրական վերանայում։ Նախորդ վարչակարգը չկարողացավ իրատեսորեն գնահատել ԱՄՆ հզորության սահմանը և հետևեց արտաքին քաղաքական կեղծ առաջնահերթությունների։ Դա բերեց ձախողումների միջազգային ասպարեզում և հիասթափության` քաղաքական այն ուժերից, որոնք իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են ԱՄՆ-ից հեռու գտնվող շրջանների վրա և բոլորովին մոռացել սեփական տանը կարգ ու կանոն պահպանելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ քաղաքացիներն ընտրություններին ցույց տվեցին իրենց խորը հիասթափությունը և քվեարկեցին ուղեգծի արմատական փոփոխության օգտին։ ԱՄՆ նորընտիր նախագահը նույնպես շարունակ նման հիասթափություն էր ցուցադրում։ Չեմ կարծում, թե դա պարզունակ պոպուլիզմ էր, և նրա հայացքներն արմատապես կփոխվեն Սպիտակ տուն մտնելուց հետո։ Ընտրություններն արտացոլեցին ամերիկյան վերնախավում առկա հակասությունները՝ Դոնալդ Թրամփն արտահայտվեց ազգային առաջնահերթություններին վերադառնալու, իսկ Հիլարի Քլինթոնը՝ ռազմատենչ գլոբալիզմի շարունակման օգտին։ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունների մասշտաբը կախված կլինի նրանից՝ կհաջողվի՞ Թրամփին հաղթահարել անդրազգային վերնախավի հզոր դիմադրությունը և ամերիկյան վարչակարգի ուղեգիծը շրջել դեպի բուն ամերիկյան խնդիրների անվերապահ առաջնայնություն։ Ակնհայտ է, որ Թրամփի ու նրա քաղաքական հակառակորդների միջև  դիմակայությունը կարող է ձեռք բերել ամենասուր ձևերը։ 

Ուստի, հիշելով ԱՄՆ նախկին մի շարք նախագահների կյանքի ողբերգական ավարտի մասին, տրամաբանական կլիներ ակնկալել, որ ներկայիս նախագահի անվտանգության հարցին ամենալուրջ  ուշադրությունը կդարձվի։ 

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Ռուսաստանի վերաբերյալ ամերիկացիների մշտական ասեկոսեները, թե, իբր, այդ երկիրն ազդել է ԱՄՆ ընտրությունների վրա։

-Անցնող վարչակազմի ներկայացուցիչների կողմից մենք ամենաբարձր մակարդակով շատ երկար ենք լսել հաղթական ռազմազեկույցներ այն մասին, թե Ռուսաստանը հյուծվել է արևմտյան պատժամիջոցներից, որ այն ամենամոտ ժամանակներում կկրկնի ԽՍՀՄ ճանապարհը և պատմությունից կվերանա ու նման այլ բաներ։ Այնուհետև նույն վարչակարգի ներկայացուցիչներն սկսեցին հայտարարել ճիշտ հակառակը` Ռուսաստանն այնքան զորեղ է, որ վերահսկում է ընտրապայքարն ԱՄՆ-ում, նրա հաքերներն ազատ մուտք ունեն ամերիկյան պետական գաղտնիքներ և այլն։ Այս ամենը ցածրորակ քաղաքական ամբոխավարություն էր՝ հաշվարկված ամերիկյան քաղաքացիների անփորձության վրա, ովքեր իշխանությանը հավատարիմ ԶԼՄ-ների ազդեցության տակ պետք է հավատ ընծայեին այդ ամենին։

Անցնող վարչակարգը փաստորեն ցուցադրեց սոցիալական ամբարտավանություն ու քամահրանք սեփական բնակչության հանդեպ՝ անգամ հարկ չհամարելով նրանց հետ լուրջ երկխոսություն վարել ամերիկյան հասարակության իրական խնդիրների շուրջ։ Նման մոտեցում կար և միջազգային քաղաքականության հարցում, որտեղ ԱՄՆ վարչակարգն իրեն իմաստուն խորհրդատուի դեր էր վերապահում, ով գլուխ է շոյում կամ խարազանում մյուս պետություններին՝ կախված խորհրդատուի ցուցումներին կուրորեն հետևելու նրանց պատրաստակամությունից։ Նման մոտեցումները հանգեցրին լուրջ խնդիրների միջազգային ասպարեզում, ինչպես և հենց ԱՄՆ-ում։ 

- Ի՞նչ շրջադարձ կարող է ունենալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։ 

- Եթե Ռուսաստանին ու ԱՄՆ-ին հաջողվի փոխըմբռնման հասնել Սիրիայում ահաբեկչության խնդրում, դա կբերի տարածաշրջանում իրավիճակի արագ ու արմատական փոփոխության, կստեղծվեն հեռանկարներ` կապված նրա կայունացման ու ապագա խաղաղ զարգացման հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ և ՌԴ ջանքերի միավորման ճանապարհով միջազգային ահաբեկչության շուտափույթ ջախջախման ցանկալի լինելու մասին, ինչպես և այն, որ դա կբխեր ԱՄՆ ազգային շահերից։ Այն դեպքում, եթե նոր նախագահը կարողանա առաջարկել սկզբունքայնորեն նոր ուղեգիծ՝ իրավահավասար երկխոսության և ընդհանուր խնդիրների լուծմանը միտված ջանքերի միավորման հիման վրա, դա միջազգային իրավիճակի առողջացման ու բազմաթիվ ձգձգված հակամարտությունների լուծման հեռանկար կապահովի։ 

-Թրամփը հայտնի է իր թուրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Իսկ ադրբեջանցիներն ընդհանրապես նրան համարում էին ՙիրենց՚ թեկնածուն նախընտրական մրցավազքի ողջ ընթացքում։ Այս առումով, ըստ Ձեզ, ԱՄՆ-ի կողմից կարո՞ղ են փոփոխություններ լինել ղարաբաղյան հարցում ունեցած մոտեցումներում։ Ձեր կարծիքով, հետագա ի՞նչ զարգացում կունենա բանակցային գործընթացը, ու մոտ ապագայում ի՞նչ բեմագրերի իրականացումն է առավել հավանական Հարավային Կովկասում։

- Կան բոլոր շանսերը, որ նման հույսերը չեն արդարանա, քանի որ դրանք ի սկզբանե չափից ավելի  բարձր սպասումներ են արտացոլում։ Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ ուղեգիծը կորոշվի ոչ թե այս կամ այն պետության հանդեպ նորընտիր նախագահի համակրանքով կամ հակակրանքով (անգամ եթե իրականության մեջ դրանք տեղ ունեն), այլ՝ ԱՄՆ ազգային առաջնահերթություններով՝ այն տեսքով, որով դրանք կնախանշվեն նոր վարչակարգի կողմից։ 

Իրավիճակը Հարավային Կովկասում առավելապես որոշվում է արտաքին ուժերով, ամենից առաջ՝ ԱՄՆ և ողջ եվրաատլանտյան հանրության՝ Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ կոնֆրոնտացիոն  քաղաքականությամբ։ Մինչ օրս այդ առճակատումն է որոշել ԱՄՆ և ԵՄ առաջնահերթությունները Հարավային Կովկասում և այն քաղաքականությունը, որը վարում էր տարածաշրջանում իր շահերը պաշտպանող Ռուսաստանը։ Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները զգալի փոփոխություններ կրեն և ընթանան կարգավորման ճանապարհով, տարածաշրջանի վրա դա կանդրադառնա ամենադրական ձևով։ Մինչդեռ սկզբունքայնորեն սխալ կլիներ տարածաշրջանի բոլոր խնդիրները կապել միայն արտաքին գործոնի բացասական ազդեցության ու աշխարհաքաղաքական օտար ուժերի հետ։ Անգամ եթե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները միանգամայն հովվերգական լինեն (ինչին դեռևս դժվար է հավատալ), դա չի բերի Հարավային Կովկասի խնդիրների ինքնաբերական լուծման։ Տարածաշրջանի դեմքը որոշում են ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոնները՝ Հարավային Կովկասի հարևան պետությունների միջև հարաբերությունները, պետություններից յուրաքանչյուրում տիրող ներքաղաքական իրավիճակը, սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին նրանց հաջողության մակարդակը և բազում այլ հարցեր։ Ակնհայտ է, որ  տարածաշրջանի վրա արտաքին ազդեցության մակարդակի իջեցումը շատ առումներով կփոխի քաղաքական վիճակը Հայաստանում՝ հաջորդ տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ ԱՄՆ միջազգային քաղաքականության փոփոխությունը տարածաշրջանի պետություններից կպահանջի վերարժևորել սեփական արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնել իրենց ներքին խնդիրների լուծման նոր մոտեցումներ, իշխող վերնախավի կողմից մեծ ջանքեր և հասարակության մոբիլիզացում՝ ուղղված կառուցողական  խնդիրների լուծմանը։ Առանց դրա հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ապահովել Հարավային Կովկասի  բնակչության արժանապատիվ կյանքն ու տարածաշրջանի պետությունների համար հաջող զարգացման հեռանկարներ երաշխավորել։ 

                                                                                                                                                                                                                                                       Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ                     

ՙԳոլոս Արմենիի՚