[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ

Անկախ, կայացած, հաջողակ, պատասխանատու և ազատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) վերածնունդը ժամանակակից քաղաքակրթության արդարացի ու առաջընթաց զարգացման կարևորագույն գործոնն է։ Պատահական չէ, որ ֆրանսիացի լուսավորիչ-փիլիսոփաները քաղաքակիրթ են համարել ողջամտության ու արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։

Քաղաքակրթության խնդիրը աշխարհի գոյության բարոյական իմաստի իրացումն ապահովելն է։ Քաղաքակրթությունն անհնար է առանց շարունակական առաջընթացի։Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն) հետևողականորեն հանդես է գալիս միջազգային հարաբերություններում իրավական հիմքերի ամրապնդման օգտին, բարեխղճորեն կատարում միջազգային-իրավական պարտավորությունները: Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել՝ հակազդելու միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը վերանայելու ու սաբոտաժի ենթարկելու Ադրբեջանի փորձերին, նորմեր, որոնք արտացոլված են համընդհանուր բնույթի փաստաթղթերում՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության Խորհրդի 1975թ. օգոստոսի 1-ի Հելսինկյան եզրափակիչ ակտում։ Բաքվի վարչակարգի կողմից միջազգային իրավունքի նորմերի չիմացությունը չի ազատում դրանց խախտման պատասխանատվությունից։ Միջազգային խաղաղության և իրավակարգի ապահովման համար հատկապես վտանգավոր են միջազգային-իրավական կարևորագույն նորմերի ու սկզբունքների կամայական մեկնաբանումը, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, միջազգային վեճերի խաղաղ հանգուցալուծումը, պետությունների ինքնիշխանության ու նրանց տարածքային ամբողջականության հարգումը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ցանկացած փորձ պետք է դիտվի որպես միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների ու նորմերի անթույլատրելի կոպիտ խախտում։

Հարկ է ընդգծել, որ միջազգային իրավունքում բացակայում են առանձնանալու համար մետրոպոլիայի  համաձայնությունը պահանջող նորմեր, նրանում չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը հակասող որևէ նորմ։ Միջազգային իրավունքը հստակ արձանագրում է, որ քաղաքական կարգավիճակը որոշելու իրավունքը պատկանում է հենց այդ ժողովուրդներին, ոչ թե ուրիշի։ Այդ իրավական նորմն ամրագրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ի ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում՚։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանի` 1960թ. դեկտեմբերի 14-ի ՙԳաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագրում՚, 1966թ. ՙՏնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային պակտում՚, ՙՄիջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում՚ (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970թ. հոկտեմբերի 24-ի N2625 բանաձև), 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում։  Ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթներից մեկն է։ Միջազգային իրավունքի մասին 1970թ. հոկտեմբերի 24-ի հռչակագրում ընդգծվում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգանք ցուցաբերել ժողովուրդների կամքի հանդեպ, ինչպես նաև նկատի առնել, որ ժողովուրդների հպատակեցումը օտար լծի հանդիսանում է ինքնորոշման սկզբունքի խախտում և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Թուրքիայում ու Արևմտյան Հայաստանում 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը բերեց Արևելամիջերկրածովյան նեոբյուզանդական քաղաքակրթության՝ հազարամյակների ընթացքում ձևավորված քաղաքակրթական զարգացման համակարգի փլուզմանը։

Հայաստանի մասնատումը, XX-րդ դարի սկզբին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի 9/10 մասի, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) օկուպացիան, դարձան մարդկության պատմության քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական մեծագույն աղետներից մեկը։ Մարդկային քաղաքակրթությանն ու միջազգային անվտանգությանը ծանր վնաս հասցվեց։ Չի լինում ցեղասպանություն մեկ ազգի դեմ, ցեղասպանությունը միշտ ուղղված է բոլորի դեմ։ Հայերի ցեղասպանությունը հայկական հիմնախնդիր չէ, դա համամարդկային հիմնախնդիր է։ Ցեղասպանությունն ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլև միջերկրածովային-եվրոպական քաղաքակրթության միջուկի դեմ։ Հայաստանն այդ քաղաքակրթության ՙառանցքային՚ (ըստ Թոյնբիի) կամ ՙմիջուկը հանդիսացող՚ (ըստ Հանթինգտոնի) պետությունն է, միջերկրածովային-եվրոպական քաղաքակրթության կորիզը։ Եթե լիներ միասնական Հայաստանը՝ իր բնիկ, հազարամյա պատմություն ունեցող սահմաններում, զարգանար հայկական-միջերկրածովային աշխարհը, ապա համաշխարհային պատմության ընթացքն ավելի կառուցողական հուն կստանար, իսկ Մերձավոր Արևելքում ահաբեկչական տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում ՙԻսլամական պետության՚ առաջացման հավանականությունը կհասցվեր նվազագույնի։ 

Աշխարհի հասունությունն ու քաղաքակրթվածությունը կախված են Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելուց ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերջնականապես ճանաչելուց։ Չէ՞ որ քաղաքակրթվածության կարևոր չափորոշիչն ընդունված է համարել իրավունքի առկայությունն ու այդ իրավունքին հետևելը, ինչը որպես հրամայական թելադրում է ճանաչել ԼՂՀ-ն։ Այդ վաղուց հասունացած պատմական ակտը, անկասկած, կդառնա և՜ ողջ Եվրոպայի, և՜ Ռուսաստանի՝ Ատլանտիկայից մինչև Վլադիվոստոկ, քաղաքակրթական վերածննդի հիմք, իսկ Ռուսաստանի ու Եվրոպայի անվտանգությունը ձեռք կբերի նոր որակ։ Ժամանակակից ինտեգրացիոն նախագծերում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ներգրավելու Ռուսաստանի ու Եվրոպայի հետաքրքրվածությունը կանխորոշված է իրենց քաղաքակրթական ակունքներին վերադառնալու վերջիններիս ձգտմամբ։ Պոստմոդեռնիզմի ու քաոսի ներկա ժամանակաշրջանի համակարգային ճգնաժամից ելքը քաղաքակրթության ավանդական արժեքներին վերադառնալն է, արժեքներ, որ սկիզբ են առել 12 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհում։ Գերմանացի պատմաբան ու փիլիսոփա Օսվալդ Շպենգլերն ընդգծել էր, որ քաղաքակրթությունն իրենից ներկայացնում է քաոսի ուժերի դեմ գաղափարի հաստատման համար նվիրական պայքար։ ԼՂՀ  անկախության ճանաչման ձգձգումը միջազգային հարաբերություններում և գլոբալ անվտանգության մեջ քաոսի տիպիկ դրսևորում է։ 

 

Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու 

ք. Մոսկվա

  russia-armenia. info