[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՎԿԱՍԻ ՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ

ՙԿովկասագետների գիտական միություն՚ պորտալի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Անդրեյ ԱՐԵՇԵՎԻ` ՙԿովկասյան աշխարհաքաղաքական ակումբ՚ ինտերնետային հրատարակությանը տված հարցազրույցը անցնող 2016թ. հիմնական արդյունքների վերաբերյալ։

 -Թվարկեք, խնդրեմ, անցնող տարվա երեք հիմնական իրադարձություն Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում։ Տարածաշրջանում ի՞նչ հիմնական միտումներ կան։ Ինչի՞ կհանգեցնեն դրանք գալիք տարում։ 

-Նման իրադարձություններ, որոնցով պայմանավորված են բազմաթիվ միտումներ, այդ թվում՝ գալիք 2017 թվականի համար, իմ կարծիքով, պետք է համարել, նախ, ՙապրիլյան պատերազմը՚ Լեռնային Ղարաբաղում, որը ցայտուն կերպով ցուցադրեց, թե որքան փխրուն ու խոցելի է տարածաշրջանում գոյություն ունեցող ստատուս քվոն։ Ապրիլի 2-5-ի դրամատիկ իրադարձությունները, այսպես թե այնպես, կանխորոշեցին Երևանի կենտրոնում ՙՍասնա ծռեր՚ զինված խմբավորման կողմից պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման հետ կապված՝ երկու շաբաթ տևած հուլիսյան դրաման։ Բարեբախտաբար, Հայաստանում ՙմայդանի՚ բեմագրից հաջողվեց խուսափել, սակայն երկրի ներսում ու, նախևառաջ՝ իշխանության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման անհրաժեշտությունը պարզապես դարձավ անհետաձգելի։ Նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշակի վստահություն է վայելում, որը կարևոր է ամրապնդել իրական գործերով, ինչը, իհարկե, բավականին դժվար կլինի, մանավանդ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն զուգընթաց, որոնք կանցնեն սահմանադրական նոր մոդելի համաձայն։ ՙՀիմա այն շրջանն է, երբ ԼՂՀ¬ի և՜ բանակը, և՜ բնակչությունը, և՜ քաղաքացիներն արդեն պետք է պատրաստ լինեն դժվար ժամանակների՚,- Ղարաբաղ կատարած իր վերջին այցի ընթացքում նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Դժվար ժամանակներին պատրաստ լինելը, իմ պատկերացմամբ, այսօր գնալով ավելի արդիական է դառնում, ընդ որում՝ ոչ միայն Կովկասի երկրների համար (արտաքին ճնշումների համար բավականին խոցելի իրենց վերնախավերի հետ):

Երկրորդ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձը, որը ներքաղաքական լուրջ տեղաշարժեր ու արտաքին քաղաքական ուղեգծի որոշակի էվոլյուցիա է առաջ բերել:

Երրորդը սիրիական կառավարական բանակի ու նրա դաշնակիցների կողմից Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումն էր, որ երկար ժամանակ ահաբեկչական խմբերի հենակետ էր հանդիսանում։ Դեպի Սիրիայի խորքերը ահաբեկչական շարունակվող ներթափանցման հետ կապված, որը բացեիբաց սատարում էին Բարաք Օբամայի վարչակարգը, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներ, կցանկանայի նշել նաև Խմեյմիմ բազայում Ռուսաստանի զինված ուժերի C¬400 և C¬300 զենիթահրթիռային համալիրներն օպերատիվ կերպով տեղափոխելն ու այնտեղ ծավալվելը, որոնք սիրիական երկինքը պաշտպանում էին պոտենցիալ ագրեսորի օդային հարվածներից։ Սա վկայում է ռուսական բանակի հնարավորությունների ընդլայնման մասին, այդ թվում՝ հեռու տարածության վրա գտնվող մարտական գործողությունների թատերաբեմերում, ինչը հրատապ բնույթ է ստանում չկարգավորված զինված հակամարտություններ ունեցող մյուս շրջանների՝ այդ թվում Կովկասի համար։ 

-Ի՞նչ կարծիքի եք ռուս¬հայկական և ռուս¬թուրքական հարաբերությունների հետագա զարգացման մասին։ 

-Ռուս¬հայկական հարաբերություններն անցնող տարում բնութագրվում էին որոշ երկդիմությամբ։ Մի կողմից, 2016թ. կարևոր քայլեր արվեցին դրանց ամրապնդման ճանապարհին։ Մասնավորապես, ձևավորվում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, անց է կացվում մարտական համատեղ պատրաստություն, ստորագրված է Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիր։ Սեպտեմբերի 21-ին Երևանում ռազմական շքերթի ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանոցում առկա ՙԻսկանդեր՚ օպերատիվ¬մարտավարական համալիրները։ ՀԱՊԿ¬ում հանրապետության մասնակցությունը թույլ է տալիս ձեռք բերել ռուսական սպառազինություններ ներռուսաստանյան գներով, հայ սպաներն ուսում են ստանում ռուսական ռազմական բուհերում։ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականության ժառանգորդությունը ոչ միայն պահպանվում է, այլև ձեռք է բերում նոր որակ։ Դրա հետ մեկտեղ, Մոսկվա¬Երևան երկխոսության համար հրատապ խնդիրներն ու մարտահրավերները չեն անհետանա, և դրանց հարկ կլինի պատշաճ կերպով արձագանքել։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեի նախագծով ավելանում է համապատասխան ֆինանսավորումը, այն դեպքում, երբ երկրի տարածքում արդեն իրականացվում են մի շարք հետաքրքիր նախագծեր։

Հայաստանում, նրա շուրջ և Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ընդհանուր առմամբ նախկինի պես ուշադրություն կգրավեն, այդ թվում՝ տարածաշրջանային ու արտաքին խաղացողների կողմից՝ ինչքան էլ որ ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարի, թե մտադրություն չունի խառնվելու սուվերեն պետությունների ներքին գործերին։ 

Ինչ վերաբերում է ռուս¬թուրքական (ու, ես կավելացնեի` ռուս¬իրանական, ինչը ոչ պակաս կարևոր է) երկխոսությանը, ապա ներկայումս դրա համար շարժառիթ է հանդիսանում Սիրիայում իրավիճակը կայունացնելու, ահաբեկչական սպառնալիքները նվազագույնի հասցնելու, հակամարտության քաղաքական կարգավորման անցումը խթանելու անհրաժեշտությունը։ Տարեվերջին նախանշված  է Սիրիայի հարցով ռուս¬թուրք¬իրանական եռակողմ խորհրդակցությունների հերթական փուլը։ Դժբախտաբար, Մերձավոր Արևելքի հակամարտությունը, իմ կարծիքով, հեռու է հանգուցալուծումից, ու նրա շարունակության մեջ շահագրգռված ազդեցիկ ուժերն իրենց նպատակներից հետ չեն կանգնի։ Հերթական աղմկոտ ահաբեկչական քայլը դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, լիովին վկայում է այն մասին, թե որքան լուրջ խաղադրույքներ են արվում երկու երկրների հարաբերություններում սեպ խրելու համար։ Միևնույն ժամանակ երկրի ներսում տրամադրությունների արմատականացումը հնարավոր դարձավ, այդ թվում, Սիրիայում պատերազմ հրահրելու՝ թուրքական ղեկավարության բազմամյա քաղաքականության շնորհիվ։

-Գալիք տարվա Ձեր կանխատեսումը տարածաշրջանի, երկրի ու աշխարհի համար։

-Եթե խոսենք հետխորհրդային երկրների մասին (ներառյալ Կովկասը) և Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման մասին, այստեղ, ըստ իս, շատ բան կախված կլինի ռուս¬ամերիկյան հարաբերություններից, այն բանից, թե Դոնալդ Թրամփի վարչակարգին կհաջողվի՞, արդյոք, գոնե սահմանափակ փոխգործակցություն հարթել ու երկկողմ հարաբերություններում գոնե նվազագույն վստահության հասնել։ Սա, իհարկե, մեզ չի ազատի միջպետական հարաբերություններում կուտակված անհամաձայնություններից, բայց հնարավոր կդարձնի թույլ չտալ գոնե բացահայտ անհեթեթություն, որ բազմիցս ի ցույց է դրվում այսպես կոչված ՙքաղաքակիրթ միջազգային հանրության՚ առաջնորդների կողմից, ովքեր հետևողականորեն պաշտպանում են ավազակների ու ահաբեկիչների ՙիրավունքները՚։

Իսկ եթե փորձենք ընդհանուր վերլուծություններ անել, ապա գաղափարազրկության ու պրագմատիզմի փակուղուց ելքը, ինչի վրա ուշադրություն են դարձրել շատ փորձագետներ, հորիզոնում չի նշմարվում։ Բոլորը և յուրաքանչյուր ոք (անկախ նրանից՝ խոսքը երկրի, հասարակական խմբի, ընկերության թե անհատի մասին է) կփորձեն իրենց խնդիրները լուծել` այնքան էլ հաշվի չառնելով դիմացինի շահերը, որքանով, իհարկե, դա հնարավոր է։

Ներքին ինքնիշխանության ամրապնդման, ազգային զարգացման նպատակների շուրջ հասարակության համախմբման համատեքստում ես ուշադրություն կդարձնեի նաև ՙազգ-բանակ՚ հայեցակարգին, որը 2016թ. նոյեմբերին Հայաստանի հասարակայնության քննարկմանն է ներկայացվել երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից։ Այդ գաղափարն, իհարկե, կդիտարկվի տարբեր կողմերից, սակայն պետական գաղափարախոսության ուրվագծերը նախանշելու փորձն իսկ, ընդ որում՝ հենվելով բանակի՝ որպես առավել կայացած պետական ինստիտուտի վրա, անվերապահ ուշադրության է արժանի։ Բազմաթիվ պետական (այդ թվում՝ կուսակցական) կառույցների գործունեության սկզբունքայնորեն ապագաղափարականացված բնույթի հաշվառումով, դա ավելի քան հատկանշական է, նման մոտեցումը, անկասկած, համապատասխանում է ժամանակի ոգուն։ Բանակի՝ որպես հուսալի պաշտպանի ու ազգային պետականության երաշխավորի դերի, ավելի խոր ընկալումը (այդ թվում՝ տնտեսական զարգացման տեսանկյունից) առավել քան հրատապ է բազմաթիվ հետխորհրդային երկրների համար։

 

Հարցազրույցը` 

Յաննա Ամելինայի

kavkazoved.info