Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԽԵՆ ԱՌԱՋՆԱԳԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ

2016 թվականը մեր ժողովրդի համար եղավ մի նոր փորձության ու ողբերգությունների տարի։

Դրա հետ մեկտեղ, մենք հայության երեք հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կատարյալ միասնության ու համախմբվածության ականատեսը դարձանք։ Ամփոփելով տարվա իրադարձությունները՝ նախևառաջ արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմը միանգամից փոխեց մեր հանրապետության կենսագործունեության ոլորտների զարգացման առաջնահերթությունները, ստիպեց վերանայել ու սրբագրել նախկին մոտեցումները։ Արցախի Հանրապետության անվտանգությունը դարձավ գերակա խնդիր, ինչից էլ ածանցվեցին մյուս բոլոր ծրագրերը։ Անցնող տարվա քաղաքական գնահատականներում ու վերլուծություններում այս տրամաբանությունն է գերիշխում։       

Վահրամ ԲԱԼԱՅԱՆ,  Ազգային ժողովի փոխնախագահ

- 2016 թվականը ռազմաքաղաքական առումով տարբերվում է նախորդ ժամանակահատվածից, և առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական հարթությունից նորից տեղափոխվեց ռազմաճակատ։ Եթե նախկինում Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմը վերսկսելու հոխորտանքներ էր ուղղում մեզ, այս տարի արդեն որոշեց իրացնել այդ գաղափարը։   

90-ականների պատերազմով անցած մեր հասարակությունը ռազմական գործողությունների վերսկսումն այնքան էլ իրական չէր համարում, ինչ-որ չափով թեթևացած էր իրեն զգում և կարծում  էր, թե ռազմական բախումների շրջանն ավարտված է։ Սա, իհարկե, սխալ մոտեցում էր, քանի որ նման կենսակերպը մեզ ավելի է մոտեցնում պատերազմին։ Կարծում եմ, հենց այս տեսանկյունից պետք է գնահատական տալ ապրիլյան իրադարձություններին։ Ես միշտ ասում եմ. եթե նույնիսկ չկորցնեինք մեր երիտասարդներին, չունենայինք այդքան զոհեր, որոնցից յուրաքանչյուրի  կյանքը թանկ է մեզ համար, չլիներ նաև ութ հարյուր հեկտար տարածքի կորուստը, այդ պատերազմը դաս էր մեզ համար։ Բայց շատ ավելի մեծ դաս էր Ադրբեջանի համար։

Միաժամանակ փաստենք, որ ապրիլյան պատերազմը համախմբեց ողջ հայությանը, մենք դարձանք ավելի միասնական։ Անշուշտ, ի հայտ եկան այն բացթողումները, որոնք տեղ էին գտել մեր կյանքում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն առաջնագծին։ Այսօրվա կարգախոսը հստակ է ու միանշանակ. ամեն ինչ պետք է հարմարեցնել ճակատային գծի պահանջներին։ Դա վերաբերում է թե՜ տնտեսությանը, թե՜ քաղաքական գործընթացներին և թե՜ բանակցությունների հանդեպ մեր վերաբերմունքին։ 

Ինչ վերաբերում է մեր հակառակորդին, ապա՝ առաջին հերթին պետք է ընդգծենք, որ ի չիք դարձավ  Բաքվում փայփայվող՝ ուժի միջոցով ղարաբաղյան խնդիրը լուծելու երազանքը։ Այնտեղ հասկացան, որ վերջին տարիներին ռազմատեխնիկական կարողությունների մեծացման նպատակով ծախսված շուրջ 25 միլիարդ դոլարը գրոշի արժեք չունի։  Ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավը չկարողացավ հասնել իր նպատակին։ Առաջնագիծը վերահսկող 18-20 տարեկան հայ զինվորը հետ շպրտեց թշնամուն, ավելին՝ հետ վերադարձրեց որոշ հատվածներ, որոնց  հակառակորդը տիրացել էր ռազմական գործողությունների ծավալման սկզբում։ 

Հակահարձակման անցած Պաշտպանության բանակի գործողությունները պարզ ազդանշան էին այն ուժերին, որոնք Ադրբեջանին հրահրել էին նման արկածախնդրության։ Այդ ուժերը պարտավոր են գիտակցել, որ ամեն ինչ չէ, որ կախված է աշխարհը ղեկավարող ուժային կենտրոններից. առաջին հերթին պետք է հաշվի առնել տարածաշրջանում ապրող ժողովուրդների կամքն ու ձգտումները, հաշվի առնել նախանցյալ ժամանակաշրջանի պատմական զարգացումները։ Չմոռանալ, որ հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում ապացուցել է իր հայրենիքին տեր կանգնելու պատրաստակամությունը։ 

Ապրիլյան պատերազմից արված գլխավոր հետևությունն այն է, որ բոլոր գործողությունները պետք է բխեն մեր ժողովրդի անվտանգության ապահովման գերխնդրից, այսինքն՝ առավել մեծ ուշադրություն պիտի դարձնենք բանակաշինությանը, առաջնագծի ամրապնդմանը, պաշտպանական համակարգերի հզորացմանը։ Այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվել համայն հայության ջանքերի շնորհիվ, ինչը վերստին ապացուցել է մեր ազգի միակամությունը։ Ես դա համարում եմ մեր ընդհանուր հաջողությունների գրավական։ Կուզենայի ընդգծել մի կարևոր հանգամանք ևս. եթե 1991-94 թվականների պատերազմի տարիներին  հայությունն Արցախին նյութապես օժանդակելու խնդիրն էր դրել, ապա վերջին պատերազմի ընթացքում ակնառու դարձավ ողջ հայության՝ հանուն Արցախի կռվելու պատրաստակամությունը։ 

Ապրիլյան պատերազմը վեր հանեց այն ճշմարտությունը, որ ժողովուրդն իր հույսը պետք է դնի միայն իր վրա։ Ի դեպ, հուլիս ամսին IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ արցախցիներն առանձնակի հույսեր չեն կապում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն ստանձնած պետությունների հետ։ Մեր ժողովրդի մոտ գերիշխում է սեփական ուժերին ապավինելու գաղափարը. սա միանշանակ է։ Դրա հետ մեկտեղ, արցախցիները դեռևս հավատում են, որ միջնորդները կարող են հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Աշխարհին պետք է ցույց տալ, որ այս պատերազմը սոսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն չէ, սա հակամարտություն է տարբեր քաղաքակրթությունների և արժեհամակարգերի միջև։ Անհրաժեշտ է գիտակցել հենց այս ճշմարտությունը։ Առաջ շարժվելու համար այդ աշխարհը պետք է պաշտպանի Աստծո կողմից մարդուն տրված անկախության և ազատ ապրելու իրավունքը, մանավանդ որ մեր օրերում առաջնահերթ կարևորվում են մարդու իրավունքներն ու ազատությունները։ Եթե, Աստված չանի, նորից պատերազմ ծավալվի, այն լոկալ նշանակություն չի ունենա. կտարածվի Ղարաբաղի և Ադրբեջանի սահմաններից այն դին, քանի որ հակամարտության մեջ շահագրգիռ կողմերը ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան են, այլև համաշխարհային ուժային կենտրոնները։ 

Այսօր ակնառու է նաև այն, որ չնայած միջնորդական ջանքերին՝ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը շարունակում է իր նախկին՝ ուժի սպառնալիքի  կիրառման  քաղաքականությունը՝ հայտարարելով, որ եթե միջնորդները չապահովեն այդ լուծումը, ինքը դիմելու է զենքի։ Ալիևյան կլանը երկու նպատակ է հետապնդում. նախ՝ սեփական հանրությանը ցույց տալ, որ ինքն է ամենամեծ հայրենասերը և ինքն է լուծելու Ղարաբաղի խնդիրը՝ երկրի ներսում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Մյուս կողմից էլ՝ կարծում է, թե ռազմատենչ կեցվածքով կարող է ազդեցություն գործել հայ հանրության վրա։ Մեր ժողովուրդը, լավ ճանաչելով իր հարևանին, չի կորցնում զգոնությունն ու՝ անհրաժեշտության դեպքում  հակահարված հասցնելու վճռականությունը։  

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ  ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ

- 1994-ին հաստատված հրադադարից հետո 2016 թվականը, թերևս,  ամենաբարդ ժամանակահատվածն էր մեզ համար։ Ապրիլյան պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկը։ Դա լոկալ ընդհարում չէր, հակառակորդի կողմից ձեռնարկվեց Արցախը ոչնչացնելու ևս մեկ փորձ, որը ձախողվեց մեր հերոս տղաների անձնվիրության շնորհիվ։ Դժբախտաբար, ունեցանք մարդկային կորուստներ, իսկ մեկ զոհն արդեն անդառնալի ու մեծ կորուստ է մեզ համար։ Արցախի սահմանները պաշտպանվեցին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենապաշտ հայորդիների շնորհիվ։ Ունեցանք ավերածություններ, նյութական կորուստներ։ Մյուս կողմից էլ՝ ապրիլյան պատերազմը մեր տարեգրության մեջ ևս մեկ հերոսապատում է, որովհետև ծնվեցին նոր հերոսներ՝ պատրաստ իրենց կյանքը նվիրաբերելու հանուն հայրենիքի ազատության ու անկախության։ Նրանք անմահացան։ Նրանք կմնան միշտ մեզ հետ, նրանք ոգևորման ու ոգեշնչման աղբյուր են, նրանց հերոսական արարքն օրինակ է ծառայում բոլորիս համար՝ որպես հայրենասիրության ու բարոյականության չափանիշ։ 

Տարվա գլխավոր խորհուրդը սա է, և մենք երբևիցե չպիտի մոռացության մատնենք ապրիլյան իրադարձությունները։ Թշնամին չի փոխել իր դիմագիծը, չեն փոխվել նրա հանցավոր ու նենգ ծրագրերը, հետևապես, մենք պետք է լինենք ուժեղ և  պատրաստ՝ ցանկացած պահի մեր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու հակառակորդի հարձակումներից։ Եվ, իհարկե, ամենակարևորը, լինենք միասնական, իսկ դա չի նշանակում, թե բոլորս պետք է ունենանք մեկ կարծիք։ Միասնական լինենք համազգային նշանակություն ունեցող չորս հարցերի շուրջ՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում, հայ ինքնության պահպանում Սփյուռքում և վերջապես՝ Սևանա լճի փրկությունը։ 

Անցնող տարում այլ իրադարձություններ ևս եղան, կյանքի կոչվեցին սոցիալ-տնտեսական կարևոր ծրագրեր, շարունակվեց պետականաշինության գործընթացը, մեր ժողովրդի համար հրատապ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ ստացան իրենց լուծումը։

Ապրիլյան քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ շեշտեց և գուցե ավելի արդիական դարձրեց այն, որ հակամարտության կարգավորման հարցում մենք պետք է լինենք ավելի հստակ։ Արդեն 22 տարի միջնորդները փորձում են կարգավորել հիմնախնդիրը, հնչում են տարբեր կարգի առաջարկներ, Ադրբեջանը ձևացնում է, թե գործընթացի մեջ է, բայց մենք տեսանք, որ նա պահը բաց չթողեց՝ հարձակվելու մեզ վրա։ Թերագնահատեց մեզ, պատկերացրեց, որ նոր սերունդ է ձևավորվել, որն ավելի մոտ է սոցիալական ցանցերին, որ այստեղ գոյություն ունեն իշխանություն-հասարակություն հակասություններ։ Մեր իրականությունը նրանք փորձեցին ներկայացնել այնպես, որ իբր մեզ մոտ գոյություն ունի հակասություն պետականություն-հասարակություն հարթությունում։ Հենց սա էր նրանց ամենամեծ սխալը։ Սրանից պետք է անել պարզ հետևություն. եթե կան մարդիկ, ովքեր որոշակիորեն իդեալականացնում են Թուրքիային ու Ադրբեջանին, և նրանց թվում է, թե այդ երկրները ռացիոնալ են ու շահագրգռված խաղաղ կարգավորմամբ, նրանք սխալվում են։ Այդպես չէ, այդպես մտածելը ոչ միայն ճիշտ չէ, այլև վտանգավոր է, որովհետև քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ մեզ սթափեցրեց։ 

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը, բնականաբար, պետք է շարունակվի, մենք դրա կողմնակիցն ենք, բայց դա չի նշանակում վերադարձ անցյալին՝ սահմանների և կարգավիճակի առումով։ Դա պարզապես հնարավոր չէ։ Անկախության հռչակման 25 տարիների ընթացքում Արցախում արձանագրվել է մեկ կարևոր զարգացում. ազգային-ազատագրական պայքարի փիլիսոփայությունից թևակոխել է պետականաշինության փիլիսոփայության փուլը։ Եթե առաջինին բնորոշում է զգացմունքայնությունը, տաք սիրտը, ապա երկրորդը ենթադրում է սառնասրտություն, խորաթափանց մոտեցումներ։ 1994-97 թվականներին կար այն կարծիքը, ըստ որի՝ կարելի է հողեր հանձնել  կարգավիճակի դիմաց, և գուցե այն ժամանակ ոմանց համար դա տրամաբանական էր և բխում էր ազգային-ազատագրական պայքարի փիլիսոփայությունից, այսինքն՝ նպատակն Արցախի անկախությունն էր։ Բայց անկախությունը չի լինում թղթի վրա, այն պետք է լինի հզոր հիմքերի վրա։  Այս տեսանկյունից գնահատելով հետագա զարգացումները՝ ասում ենք, որ վերադարձ անցյալին չի կարող լինել։ Ինչպե՞ս կարելի է խոսել Քարվաճառի  շրջանի վերադարձի մասին, որտեղ սկիզբ են առնում մեր բոլոր ջրային պաշարները՝ Արփա և Որոտան գետերը։ Դրանք էլ սնում են Սևանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում։ Ինչպե՞ս կարող ենք դա տալ թշնամուն, որը հերոսացնում է Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի տականքին։ Մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանի նախագահը մեծ շուքով պարգևատրեց նրան, հերոսացրեց Քյարամ Սլոյանին գլխատած բարբարոսին, մեր զինծառայողներին խոշտանգողներին։ Դա այն պետությունն է, որը պատրաստ է խոցել Ստեփանակերտ-Երևան քաղաքացիական ինքնաթիռը։ Այդ պետությունից պետք է սպասել միայն ահաբեկչություն, հետևաբար, մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը լինելու է մեզ համար ճակատագրական։ Մենք, բարեբախտաբար, կարողացել ենք ձերբազատվել չճանաչված լինելու բարդույթից, և մեզ համար առաջնային են մեր պետության կենսունակությունն ու անվտանգությունը։ Միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է։ Եթե մենք չլինենք կենսունակ ու անվտանգ՝ միջազգային ճանաչումը չի կարող երաշխավորել մեր անկախությունը։  

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ   հատուկ հանձնարարություններով  դեսպան, քաղաքական վերլուծաբան

- Քաղաքական գնահատական տալ 2016-ին՝ կնշանակի խոսել ապրիլյան պատերազմին նախորդած և հաջորդած ժամանակահատվածների և, իհարկե, պատերազմի դասերի մասին։ Դեռևս 2014-15 թվականների իրադարձությունները վերլուծելուց հետո իմ կողմից նշվել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտումները, հատկապես հրետանու օգտագործմամբ, նորմայի չվերածվեն։ Այն ժամանակ ասել ենք, որ ադրբեջանական կողմի նման աղմկահարույց գործողությունները չկանխելու դեպքում պատերազմի վերսկսման վտանգը կմեծանա։ Հակամարտության ընդլայնման վտանգի մասին նախազգուշացրել են նաև տարածաշրջանային վերլուծություններով զբաղվող փորձագետները։ Հարկ է ընդգծել, որ տարիներին համընթաց փոխվել են հրադադարի խախտումների ձևերը. 2014-ի ՙդիպուկահարային պատերազմը՚ փոխակերպվել է ՙդիվերսիոն պատերազմի՚, իսկ 2015-ի վերջին ամիսներին ղարաբաղյան պաշտպանական դիրքերը, ինչպես նաև ՀՀ սահմանային կետերը գնդակոծելու համար հակառակորդն  ակտիվորեն օգտագործել է խոշոր տրամաչափի զենքեր, հրթիռա-հրետանային համակարգեր և այլն։  Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զարգացումների նման դինամիկան և այդ պարագայում Ադրբեջանի ձեռնարկած քայլերի հանդեպ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը պետք է հանգեցնեին պատերազմի։ Դա տեղի ունեցավ այս տարվա ապրիլին։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի, ներառյալ հայ կամավորականների, արդյունավետ գործողությունները հարկադրեցին ադրբեջանական կողմին դադարեցնել պատերազմը։

Ամռանը և աշնան սկզբներին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ էր, հակառակորդը հիմնականում օգտագործում էր հրաձգային զենք։ Ադրբեջանական իշխանությունները, ըստ երևույթին, որոշել էին թույլ չտալ հրադադարի կոպիտ խախտումներ, որպեսզի այդ ձևով կասեցնեին հետապրիլյան գագաթնաժողովների ընթացքում փոխհամաձայնության արժանացած՝ միջազգային վերահսկողության մեխանիզմի ներդրումը։                

Հրադադարի խախտումները նոր զինատեսակների կիրառմամբ շարունակվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։  Նոյեմբերի 12-18-ը, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ, ինչին արձագանքեց ՀՀ արտգործնախարարությունը՝ դրանք որակելով որպես հերթական սադրիչ դրսևորում՝ բնորոշելով այն սպառազինության նկատմամբ վերահսկողության սահմանման միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում։ 

Հարկ է շեշտել, որ ապրիլին սանձազերծված պատերազմը ծայրահեղ բացասական ազդեցություն ունեցավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Իրադարձությունները հաստատեցին Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում անվստահելի կողմ լինելու հանգամանքը։ Նկատի ունենանք նաև, որ տարածաշրջանում խաղաղության պահպանումը և խաղաղ ճանապարհով քաղաքական խնդիրների լուծումը միջազգային պարտավորություն է, որն Ադրբեջանը ստանձնել է որպես ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և մյուս միջազգային միջկառավարական կազմակերպություններին անդամակցող պետություն։ 

Իմ համոզմամբ՝ ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց այն փաստարկը, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է դառնալ լրացուցիչ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմ՝ նրա անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանային պատերազմը կանխելու տեսանկյունից։  Ակնհայտ է, որ 2016-ի իրադարձություններն էլ ավելի բարդացրին միջազգային միջնորդների խնդիրը։ Մեզ հայտնի է, որ 2017-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունենալու է թարմացված անձնակազմ։ Վերջինս պարտավոր է ի գիտություն ընդունել պաշտոնական Բաքվի կեցվածքը, որը մտադիր է  ապագայում ևս անպատժելիորեն շարունակել ռազմական դիվանագիտությունը, ու նաև ամեն կերպ խոչընդոտել հրադադարի պահպանման նպատակով  միջազգային վերահսկողության մեխանիզմի ներդրմանը։ Ապրիլյան իրադարձությունների արդյունքում փոփոխված հանգամանքները պետք է արմատապես փոխեն բանակցային գործընթացի տրամաբանությունը, քանի որ նախկին հունով բանակցությունների շարունակումը վնասելու է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։ 

Կարծում եմ, բավականաչափ կարևոր հանգամանք է ապրիլյան պատերազմի ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա, և այս իմաստով պետք է ասել, որ մեր հանրապետությունում փոխզիջումների և տարածքների հնարավոր հանձնման թեման դարձել է միանգամայն անընդունելի։              

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ