ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

Սահմանադրության հանրաքվեի օրը Ստեփանակերտի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքում տեղակայված թիվ 1 ընտրատարածքի 8-րդ տեղամասում ընտրողներն սկսել էին քվեարկել վաղ առավոտյան։  Տեղամասային հանձնաժողովի տվյալներով՝ առավոտյան ժամը 10-ի դրությամբ քվեարկել էր 67 մարդ, ընտրողների ընդհանուր թիվը 861 է։ 

 Ժամը 10.30-ին ընտրատեղամաս ներկայացավ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ տիկնոջ և որդու ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նա պատասխանեց արցախյան և արտերկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։ 

Խորհրդարանի խոսնակի բնորոշմամբ՝ մեր ժողովրդին հնարավորություն ենք տալիս գրեթե 10 կամ 15 տարին մեկ արտահայտվել երկրի ապագայի մասին։ Այս անգամ էլ մեր ժողովուրդը ցույց կտա, որ իր տրամադրություններն ու նպատակները չեն փոխվել, և այսօրվա  քվեարկությամբ կամրապնդվի այն գաղափարը, ինչը նա արտահայտել է 1988 և 1991 թվականներին։

Իշխանություններին արդյոք՞ չի մտահոգում այն, որ  Սահմանադրության նախագծին ՙայո՚ ասելուց հետո Արցախում նախագահական իշխանությունը կուժեղանա,  դրան զուգահեռ կնվազեն Ազգային ժողովի լիազորությունները։ Դա, մասնավորապես, չի՞ մտահոգում ԱԺ նախագահին։  Ա. Ղուլյանը հարցին միանշանակ պատասխանեց՝ ասելով, որ  ինքն այդպես չի կարծում, որովհետև  հիմնական օրենքի նախագծին  առնչվող  բոլոր աշխատանքներին ու մշակումներին անձամբ է մասնակցել։ Եվ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որն անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ։

Արցախի Հանրապետությունում երկրորդ անգամ հիմնական օրենք է ընդունվում, ի՞նչ է տալու դա արցախցիներին այս դժվար պայմաններում։ Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահը վստահաբար ասաց, որ 2006թ. մեր հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո մի նոր սերունդ է մտել Պաշտպանության բանակ և կառավարման համակարգ, որն ասելիք ունի։ Նա իրեն պետք է ցույց տա ոչ միայն առաջնագծում, այլև իր տեսակետն արտահայտի երկրի ապագայի վերաբերյալ։ Այս տեսանկյունից պարբերական հարցումները համաժողովրդական հանրաքվեի միջոցով միայն կարող են ամրապնդել մեր լավ ապագայի հետ կապված համոզմունքները։ 

Սահմանադրության հանրաքվեի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց տվեց ՙԱլ-Ջազիրա՚ հեռուստատեսությանը՝ հերթական անգամ հանդես գալով ռազմաշունչ հայտարարությամբ. տարածաշրջանում խաղաղությունը կվերականգնվի այն ժամանակ, եթե հայկական զորքերը դուրս բերվեն գրավյալ տարածքներից, ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակավայրերը, վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս կարգի այլ արտահայտություններ։  Ո՞րն է ԱԺ նախագահի ուղերձը։ Ի պատասխան ՙԱԱ՚-ի հարցի՝ Ա. Ղուլյանը նշեց, որ Իլհամ Ալիևն օգտվում է այն վիճակից, որ տարիներ են անցել,  80-ականների վերջին և 90-ականների սկզբին միջազգային գործընթացներին ակտիվորեն հետևող ադրբեջանական քաղաքական վերնախավն այսօր շարքում չէ, ուրեմն շատ հեշտ է պատմական խեղաթյուրումների միջոցով խոսել տարածաշրջանի խաղաղության ու կայունության մասին։ Այսօր տարածաշրջանի խաղաղությունը միայն մի կողմից է վտանգված։ Ադրբեջանական։ Այնպես որ՝  ճիշտ կլինի, եթե Իլհամ Ալիևն իրողությունները դիտարկի հենց այս տեսանկյունից։ 

Ա. Ղուլյանը պատասխանեց մեր հաջորդ հարցին ևս. Արցախի խորհրդարանի խոսնակն  ինչպե՞ս է բնորոշում պետական շինարարության ներկա փուլը։ Սա կայուն, հետևողականորեն զարգացող մի գործընթաց է, որը պարբերաբար թարմացումների և նորացումների կարիք ունի, շեշտեց նա՝ հավելելով, որ այս մտադրությամբ են նախաձեռնվել սահմանադրական բարեփոխումները։  Այն, ինչի շուրջ  տարիների ընթացքում պարբերաբար խոսվում էր հանրային քննարկումների ընթացքում, այսօր կարծես միախառնված ներկայացվել է մեր ժողովրդի համար կարևոր փոփոխությունների տեսքով։ Դրանք վերաբերում են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներին, առաջին հերթին՝ անվտանգությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների հեռանկարին, ինչպես նաև մեր կառավարման համակարգերի կատարելագործմանը։ 

Որքանո՞վ է օրը կարևորվում Արցախի նորագույն պատմության համար։  Ա. Ղուլյանն ընդգծեց, որ ինքը փողոց դուրս գալուց հետո հասկացավ, որ 29 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները մեզ բոլորիս մղում են քաղաքացիական պատասխանատվության։ Արցախի ժողովուրդը խորհրդային հասարակարգում առաջին անգամ ազատության դրոշ  բարձրացրեց, և այսօր էլ շարունակում է մնալ ազատության և ժողովրդավարության նույն դրոշակակիրը։  Դա շատ մեծ ու պարտավորեցնող առաքելություն է։

            Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ