Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄԻՑ ՄԵԶ ԿՓՐԿԵՆ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Մարտի 15-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել արմատներով արցախցի, նկարչուհի Թամարա ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ՙՆախնիների պաշտամունքը՚ խորագրով անհատական ցուցահանդեսը, որը հեղինակը նվիրել է իր հոր` Գուրգեն Մարդանյանի 100-ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացված էին Արցախում  ապրած տարիների ընթացքում ստեղծագործած հին ու նոր գործեր` թվով 62 նկար` գրաֆիկայի, ջրաներկի, յուղաներկի տեխնիկայով: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի նկարիչներ, քանդակագործներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

Թամարա Մարդանյանը ծնվել և մեծացել է Բաքվում: 20 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է գեղարվեստական ուսումնարանը և հաստատվել բազմազգ ու բազմամիլիոնանոց այդ քաղաքում: Նա Մոսկվայում ապրեց իր հասուն տարիները: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, մեծ ոգևորությամբ գործունեություն ծա վալեց` Շարժման գաղափարները մոսկվաբնակ հայերի շրջանում քարոզելու, խորացնելու նպատակով: Խորանալով այդ գործունեության մեջ, նա եկավ այն եզրակացության, որ ամենաճիշտ որոշումն Արցախ տեղափոխվելն է, թեկուզ իր երկու որդիներն էլ ծնվել, մեծացել են Մոսկվայում: Ամեն հայ պետք է ապրի իր հայրենիքում, ասաց նկարչուհին և հետևեց իր իսկ ասածին: Վերջին 10 տարիներին նա ավագ որդու հետ ապրում է Ստեփանակերտում: Այդ տարիների ընթացքում իր բոլորանվեր աշխատանքով վայելեց ստեփանակերտցիների սերն ու հարգանքը: Կարծում ենք, սա է գաղտնիքը, թե ինչպիսի փոխադարձ սիրով ու հարգանքով մայրաքաղաքի երաժիշտները, երգչուհիները փոքրիկ համերգ կազմակերպեցին ցուցասրահում` ցուցահանդեսը դարձնելով ավելի գրավիչ ու ջերմ մթնոլորտին համահունչ:

Ողջույնի խոսքում Թամարա Մարդանյանը կիսվեց իրեն հուզող մտքերով, մտորումներով: ՙՄարդու արմատներն ու ավանդույթները,-համոզված է նկարչուհին,- հիմք են յուրաքանչյուր ազգի ու յուրաքանչյուր երկրի համար: Հետևելով մեր ավանդույթներին, մենք չպետք է մոռանանք մեր արմատները` որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Հայրս մեզ միշտ պատմում էր մեր նախնյաց, արմատների մասին: Ես շարունակում եմ ապրել ու ստեղծագործել հորս գաղափարներով: Իմ այս ցուցահանդեսով փորձել եմ նկարների միջոցով ներկայացնել իմ որոնումների արդյունքը՚:

Արմատներին անդրադառնալու, դրանք նորովի ներկայացնելու գաղափարը վերջին երկու-երեք տարիներին նկարչուհուն շատ էր հուզում: Նա սկսեց հավաքել հին լուսանկարներ, որոնցում պատկերված են ժամանակին կշիռ ունեցող, հեղինակություն վայելող անհատներ, ընտանիքներ: Փոքրիկ այդ  լուսանկարները հասարակ ու անպաճույճ տպավորություն են թողնում, այնինչ, նկատում է նկարչուհին, նրանց մեջ նա տեսնում է խորություն, ինչ-որ խնդիրներով մտահոգ մարդկանց: Հետաքրքրությունն այդ մարդկանց հանդեպ ավելի կմեծանա, համոզված է նա, եթե դիտողին մոտեցնես նրանց դեմքերը, հայացքները, դրանով իսկ ևս մեկ անգամ հիշեցնելով ու կարևորելով այդ մարդկանց արած-թողածը: Այս շարքում Թամարան զետեղում է ոչ միայն համայն հայության մեջ ճանաչված ու սիրված անհատներին` մեծն Կոմիտասին, զորավար Անդրանիկին, մեծահարուստ բարերարներ Մանթաշովին, Արամյանցին, այլև այս կամ այն գյուղում, շրջանում իր գործերով բարի համբավ ձեռքբերած մարդկանց: Փոքր թե մեծ մասշտաբով` նրանցից յուրաքանչյուրն արել է իր գործը: Բոլորն էլ սեփական ազգին են ծառայել, սա է կարևորը, շեշտում է Թամարան: Համընդհանուր համաշխարհայնացումից մեզ կարող են փրկել միայն մեր արմատները, մեր նախնիների կողմից մեզ պատգամած ավանդույթները, համոզված է նկարչուհին, իր արվեստով օրինակ ծառայելով բոլորին:

Անսովոր այս ցուցահանդեսից ստացած իր տպավորություններով կիսվում է նկարիչ-քանդակագործ Առնոլդ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ:

-Վաղուց եմ ճանաչում Թամարային: Այստեղ ահագին գործեր կան, որոնք ինձ համար նորություն են: Հետաքրքիր է, որ հին լուսանկարներից են արված գործերը: Ողջունում եմ նրա հետաքրքրությունն առ արմատները, պատմությունը: Այդ հին լուսանկարներից արտանկարած գործերում, որոնք արված են հիմնականում մատիտով, բավականին հետաքրքիր որակ է ստացել նա: Լավ կլիներ, որ դա շարունակվի, ընդ որում, արվի տարբեր նյութերով: Ճիշտ է, իր մոտ ամենահաջողվածները մատիտով է ստացվում, գծանկարում ավելի վստահ է իրեն զգում, բայց չի խանգարում, որ ընտանեկան կոմպոզիցիաները յուղաներկով արվեն` մոնոխրոմ տոներով: Կարծում եմ` այդպես ավելի հետաքրքիր կնայվեն: Այո, ցուցահանդեսը հետաքրքիր է նրանով, որ այստեղ փաստագրական պահ կա: Այս գործերը հուշում են մեզ` որտեղից ենք գալիս, ինչպիսի մարդիկ էին ապրում, ինչպիսի գործեր էին նրանք անում: Եվ դա օգնում է մեզ ևս մեկ անգամ հիշել, ճանաչել այդ անհատներին: Թամարայի մոտ զուգակցում են գեղարվեստականն ու փաստավավերագրականը: Այդ երկուսի միաձուլումը հետաքրքիր է ստացվում իր մոտ: Ի դեպ, ասեմ, որ նույն մոտեցումը գոյություն ունի նաև  գրականության մեջ, ավելի շատ` 20-րդ դարի լատինաամերիկյան գրողների մոտ: Արխիվներից չոր փաստեր, տեղեկություններ են վերցնում և տալիս գեղարվեստական ձև, միս ու արյուն: Ասենք, մեր հայ գրողներից Աղասի Այվազյանն է, որ այդպիսի գործեր ունի` կոնկրետ պատմական անձերի հետ կապված: Թամարայի այսօրվա ցուցահանդեսը նույն մոտեցումն ունի, պարզապես նկարչության մեջ: Սա սկիզբ է, որը պետք է զարգացնել, ավելի խորանալ: Շատ ողջունելի է: 

ՙՇատ մեծ խորհուրդ կա այս ցուցահանդեսին ներկայացված նկարներում, որտեղ մեր նախնիների հիշատակն այսպես է հարգվում,-ասում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:- Ինձ ավելի շատ հետաքրքրեց թեմատիկան, այն, որ հենց ակունքները, մեր արմատներն են ներկայացված: Եվ սա այն է, ինչը պակասում է շատերիս մոտ: Մենք փորձում ենք տարբեր միջոցներով դա սերմանել այսօրվա սերնդի մեջ, որովհետև կապը մեր արմատների հետ չպիտի կտրվի, և յուրաքանչյուրը պիտի ճանաչի իր ակունքները, իր նախնիներին: Կարծում եմ` այս ցուցահանդեսը նման մտքերի, մտորումների տեղիք կտա շատերին: Սա կոչ է թերթել ընտանեկան ալբոմը, վերհիշել անցյալը: Ինչպես հեղինակի աշխարհն է ինքնատիպ, այնպես նրա արվեստն է յուրօրինակ: Հետաքրքիր իրադարձություն է: Շնորհավորում եմ՚:

Ավարտելով հոդվածը` Թամարա Մարդանյանի արվեստը սիրող ու հարգող մարդկանց անունից շնորհավորենք նկարչուհուն յուրօրինակ ցուցահանդեսի կազմակերպման առթիվ և մաղթենք, որ հայրենի հողը նրան էլ ավելի մեծ ուժ տա իր բոլոր մտահղացումներն իրականացնելու համար: Զարմանք ու հպարտություն է ներշնչում նրա պատրաստակամությունը ծառայել իր ազգին` իմացած իր ձևերով, հնարավորություններով: Հոգալով սեփական սուղ միջոցներից նման ցուցահանդեսի պատրաստման ողջ գործընթացը, նա խորապես երախտապարտ է պատկերասրահի տնօրինությանը, Մշակույթի նախարարությանը կազմակերպական հարցերի լուծմանը աջակցելու համար:

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 31-ը:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ