Logo
Print this page

Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը կոչ է արել թուրքերին թույլ չտալ Էրդողանի լիազորությունների ընդլայնում

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնում: 

Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի ժողովրդի շրջանում տարածված վախը Թուրքիայի իշխանություններին հաջողվել է տարածել նաև Գերմանիայի թուրքական համայնքում:

«Մենք միշտ ցանկացել ենք տեսնել տնտեսապես հզոր Թուրքիա, Թուրքիա, որը հավասար պայմաններ կստեղծի իր բոլոր քաղաքացիների համար: Թուրք, քուրդ, հայ, Էրդողանի կողմնակից կամ հակառակորդ՝ ինչ ուզում է լինի: Մենք ցանկացել ենք տեսնել ամբողջ աշխարհում հարգանք վայելող Թուրքիա, մինչդեռ դա հնարավոր է միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, մտքի և մամուլի ազատության հաստատման պարագայում», - նշել է Օզդեմիրը գերմաներենով և թուրքերենով հրապարակված հայտարարության մեջ:

Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:

Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.