Logo
Print this page

ՈՉ ՕՎԻԴԻՈՍՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ կամ ՝ Ի՞նչը կարող է պատերազմից վատթար լինել

Լևոն Պետրոսյանին, իհարկե, կարելի է հասկանալ. նա խաղաղություն է ուզում։

Որը դեռևս չկա, եթե նկատի ունենանք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Մեծ հաշվով՝ նաև Թուրքիայի, բայց դա  փոքր-ինչ այլ թեմա է։ Մյուս բոլոր սահմանակից ու ոչ այնքան սահմանակից երկրների հետ Հայաստանը միանգամայն բարյացակամ հարաբերություններ ունի։ Հիշյալ առումով Հայաստանն ընդհանրապես խնդիրներ չունի։ Միակ խնդիրը նույն այդ հիշյալ առումով Ադրբեջանն է։ Անգամ` ոչ Թուրքիան, որի հետ հարկ եղավ ֆուտբոլ խաղալ Երևանի ՙՀրազդան՚ մարզադաշտում։ Ճիշտ է, վերջին հաշվով ֆուտբոլի գնդակի տեղ հարվածի տակ հայտնվեցին այն գաղափարներն ու մտահղացումները, որոնք  կոչված էին ինչ-որ տեղ խցանելու հայ-թուրքական հարաբերությունների ճեղքերը։ Սակայն, ինչպես նշեցինք, հայկական քաղաքականության մեջ թուրքական վեկտորը փոքր-ինչ այլ թեմա է։ Կարևոր, բայց դեռևս` ոչ գլխավոր։ 

Գլխավորն Ադրբեջանն է։ Չլիներ Ադրբեջանը, Թուրքիայի հետ էլ գործերն ավելի լավ կլինեին, քան հիմա են։

Բայց Ադրբեջանը կա։ Թշնամաբար տրամադրված, ագրեսիվ, ռազմատենչ ու կռիվ սարքող։ Քարտեզի վրա նշված է կանաչով։ Սեփական քարտեզների վրա՝ համատարած, ուրիշների վրա՝ կարմիր կետիկով` նախկին լեռնային-ղարաբաղյան ինքնավարության ուրվագծերով։ Ահա այդ նախկին ինքնավարության հարցում էլ Հայաստանի առաջին նախագահն ուզում է, որ իրեն ճիշտ հասկանան։ Իբր, այդ կարմիր կետիկն էլ կարող ենք կորցնել, եթե ավելի ողջախոհ չգտնվենք։ Հենց այս գաղափարն էր նա փորձում հասցնել երիտասարդ ու, ինչպես երևում է, ժուռնալիստիկայի կնճռոտ հարցերում դեռևս անփորձ լրագրողուհուն՝ Առաջին հանրայինի, այն է` Հայկական հեռուստատեսության պետական ալիքի եթերում։ 

Գաղափարն այս, պետք է ասել, նոր չէ։ Այն, թվում է, արդեն հեռավոր իննսունյոթ թվականից է։ Նույն այն թվականից, որը նրա նախագահական հրաժարականի նախաշեմը դարձավ։ Արդեն այն ժամանակ հայ հասարակությունն այդ գաղափարը չընդունեց այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը կցանկանար։ Իսկ նա փոխզիջում էր ցանկանում։ Քանի որ ՙփոխզիջման այլընտրանքը պատերազմն է՚։ Եվ երրորդն ասես տրված չէ։ 

Պատերազմը, իհարկե, վատ բան է։ Պատերազմը նման է անառակ կնոջ, ով որպես հաճույքի վայր ընտրում է կեղտոտ բականցքերն ու աղբահորերը։ Իրեն հարգող ոչ մի տղամարդ չի ցանկանա նրա հետ գործ ունենալ, անգամ եթե կարգին հարբած լինի։ Գուցե սեփական արժանապատվությունը կորցրած ու կյանքի ընդհատակում հայտնված կեղտոտ  թափթփուկը միայն, ում համար սեփական ապագան մռայլ է ու անհույս։ 

Հայաստանի (բնականաբար` և Արցախի) ապագան ամենևին էլ մռայլ ու անհույս չէ։ Հակառակը` չնայած բարդ ժամանակաշրջանի շրջադարձերին և ներքին ու արտաքին մարտահրավերների վայրիվերումներին, Հայաստանն իր ապագային նայում է հույսով  ու լավատեսությամբ։ Արցախը՝ առավել ևս։ Այդ իսկ պատճառով պատերազմ նրանց պետք չէ։ Բայց փոխզիջումն էլ պետք չէ։ Այն տեսքով, որով այն առաջարկվում է։ Ցանկացած գնով փոխզիջումը փոխզիջում չէ, այլ` ամենաիսկական պարտություն։ Իսկական և անգամ շատ շուտափույթ՝ մի տարի էլ կարող է չտևել։ 

Ուստի պետք է անկեղծ լինել. փոխզիջումը կարգավորման անցած փուլ է։ Այժմ անգամ հովանոց էլ չէ գլխավերևում՝ չխոսելով արդեն վատ տանիքի մասին։ Որովհետև փոխզիջումը ոչ թե չի սառեցնի հիմնախնդիրը՝ հանուն նրա, որ ժամանակ շահվի, ու հակամարտության այլ առավելություններ ձեռք բերվեն, հակամարտություն, որը հաստատ կշարունակվի, այլ պարզապես բանակցային գործընթացի ինչ-որ ավարտվածության պատրանք կստեղծի, որից հայ ժողովուրդը շատ էլ հեշտ կտրվի էյֆորիայի` ինքնակործանմանը նախորդող վիճակի։  Իսկ նշանակում է՝ փոխզիջում պետք չէ. այն միայն խանգարում է ղարաբաղյան հարցում ճշմարտության որոնմանը։ Թեև, որոնում էլ պետք չէ։ Քանզի ճշմարտությունը հայտնի է՝ դե ֆակտո գոյություն ունեցող Արցախը։

Այս  ճշմարտությունն էլ պետք է տեղափոխել միջազգային կառույցների փաստաթղթեր։ Քանի որ (այստեղ չենք կարող չհամաձայնել առաջին նախագահի հետ) այսօր մենք բոլորովին էլ Ադրբեջանի հետ չէ, որ գործ ունենք, այլ միջազգային հանրության՝ իր ամենատարբեր դրսևորումներով։ Այս առումով թքած ունենք Ադրբեջանի վրա։ Անգամ եթե նա ցանկանա նոր պատերազմ սկսել։ Ցանկանա՝ կստանա։ Ադրբեջանցիների մոտ սարսափ առաջացրած ՙԻսկանդերների՚, այլ զինատեսակների և, ամենակարևորը՝ հայ զինվորների մարտական ոգու տեսքով։

Բայց ... պատերազմ պետք չէ։ Այս առիթով մի անգամ ասվել է՝ պատերազմից չենք վախենում, պարզապես այն չենք ցանկանում։ Միանգամայն ողջամիտ ձևակերպում։ Ու ողջամիտ՝ հոգեբանական առումով։ Որովհետև, ինչպես հայտնի է, պատերազմից վատթար երեք բան կա՝ վախկոտությունը, դավաճանությունը և եսասիրությունը։ Այս երեքն առկա է ՙխաղաղություն՝ ցանկացած գնով՚ պաթոլոգիական հատկությամբ դատողություններում։ Ուստի նման (կայուն) խաղաղություն ադրբեջանա-ղարաբաղյան, իսկ մեծ հաշվով և հայ-ադրբեջանական հակամարտության մեջ չի կարող լինել։ Իր բնույթով։ Բայց կարգավորման հենց այդպիսի բնույթ՝ փոխզիջում կոչված, Հայաստանին ու Արցախին դարձյալ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կրկին հույս ունենալով, որ ժողովուրդը, չցանկանալով ինքն իրեն խաբել, կհասկանա իրեն։

Ինչ խոսք, Լևոն Տեր-Պետրոսյանին դժվար չէ հասկանալ։ Դժվարը նրա հետ համաձայնելն է։ Իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես չհամաձայնել։ Հակառակ դեպքում դա իսկապես ինքնախաբեություն կլինի։

Հ.Գ.

ՙԼրագիր՚ էլեկտրոնային պարբերականը, որին ոչ մի կերպ չես մեղադրի իշխանամետ լինելու մեջ, այս հարցի կապակցությամբ գրում է, որ ՙմիջազգային օրակարգի գլխավոր հարցն այժմ խաղաղությունն ու կայունությունն է, դրա համար էլ չափազանց կարևոր է, որ Արցախյան հարցում հայկական կողմը կարողանա պահպանել հետապրիլյան տրամաբանությունը՝ պատերազմի հեռանկարներից խուսափելու համար՚։ Թվում է, նման մոտեցումը լիովին տեղավորվում է այլընտրանքի վերաբերյալ պատկերացման մեջ։ 

Կարեն ԶԱԽԱՐՅԱՆ

defacto.am

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.