[ARM]     [RUS]     [ENG]

ԱԿԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2005 թվականից ի վեր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր։

Այդ օրվան էր նվիրված բրիտանական ոչ կառավարական   ՙThe HALO  Trust՚  կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Աշ Բոդիի նախաձեռնած միջոցառումը, որին հրավիրված էին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության և սպորտի, գյուղատնտեսության նախարարներ Սլավա Ասրյանը, Արամ Մխոյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Արտգործնախարարության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուներ, լրագրողներ։Տարածաշրջանային տնօրենի ելույթում կարևորվեց օրվա խորհուրդը. այդ օրը մարդիկ մի պահ  կանգ են առնում և  իրազեկում խաղաղ բնակչությանը սպառնացող ականային վտանգի մասին։ Նրա կործանարար ազդեցությունից մարդկային կյանքեր փրկելու գործում մեծ են ազգային ու միջազգային կազմակերպությունների դերն ու աջակցությունը։ Նրանց բոլորին պետք է  շնորհակալություն հայտնել, որովհետև առանց օգնության անհնար կլիներ ականազերծման աշխատանքների իրականացումն Արցախում։ Բավականին մեծ է ՙThe HALO Trust՚, Արցախի փրկարարների, ՄԱԿ-ի ականազերծման ծառայության, Ականազերծողների խորհրդատվության խմբի, ինչպես նաև  Նորվեգիայի ժողովրդի ներդրումը Արցախի տարածքն ականներից մաքրելու  գործում։ Տնօրենի բնորոշմամբ՝ այս օրը խորհում ենք  խնդիրը լուծելու և այդ գործում յուրաքանչյուրի մասնակցության մասին։ Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ականային վտանգի վերացման գործին աջակցություն են ցուցաբերել՝  կյանքի կոչելով արցախյան ծրագիրը

Ա. Բոդիի տեղեկացմամբ՝ նույն ճանապարհն անցել է նաև Մոզամբիկը։ Երկու տարի առաջ այնտեղ ևս նույնպիսի ամբիոնից նա  շնորհավորեց ՙՄոզամբիկն առանց ականների՚ կարգավիճակ ձեռք բերած ժողովրդին։  Երկու տասնամյակ շարունակ   մոզամբիկցիները երազել են այդ մասին, վերջապես, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, իրականություն դարձավ նրանց երազանքը։ Այնտեղ նա իր ելույթում կարևորել է նման գործընթացում տվյալ երկրի կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը։ Տնօրենի կարծիքով՝ ամենակարևորը ականազերծման աշխատանքների ճիշտ կազմակերպումն է։ Մոզամբիկի օրինակն ապացուցեց, որ ականազերծումն, առհասարակ, լուծելի խնդիր է, որը պահանջում է միասնական աշխատանք։ Արցախի  Հանրապետությունում աշխատելը Ա. Բոդիին հպարտություն է ներշնչում, նա կարծում է, որ  նույն աշխատանքը կարելի է կատարել այստեղ՝ մինչև 2020 թվականը։ 

Շարունակելով միտքը՝ տարածաշրջանային տնօրենը շեշտեց, որ որոշ մարդիկ մեկուկես տասնամյակ շարունակ այստեղ ջանքեր էին թափում երկրի տարածքն ականազերծելու ուղղությամբ, որոշ մարդիկ էլ երկրի սահմաններից դուրս լոբբիստական գործունեություն էին ծավալել՝ հայթայթելու անհրաժեշտ  ֆինանսական միջոցներ, առաջ տանելու ծրագիրը։ Որպես ծրագրի պատասխանատու՝ նա հարկ համարեց հայտարարել, որ առանց  այնպիսի գործընկերների աջակցության, ինչպիսիք են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, բրիտանական և նիդեռլանդական կառավարությունները, հնարավոր չէր լինի նման ծավալով աշխատանքների իրականացումը։  Այդ առատաձեռն դոնորների շնորհիվ հնարավոր կլինի հասնել ՙՂարաբաղն առանց ականների՚ կարգավիճակին, համոզմունք հայտնեց Ա. Բոդին։ Նրա իրազեկմամբ՝ հայկական բարեգործական կազմակերպություններից մեկը ներկա դրությամբ միջոցներ է հայթայթում Քաշաթաղի Մեղվաձոր գյուղին հարող տարածքն ականազերծելու համար։ Նախնական հաշվարկներով՝ պահանջվող գումարը կազմում է 96 հազար ամերիկյան դոլար։  

Տարածաշրջանային տնօրենի փոխանցմամբ, 95 ականադաշտ ենթակա է ականազերծման, բացի այդ, որոնողական աշխատանքների արդյունքում՝ մինչև 2020 թվականը, կարող են ի հայտ գալ փոքր ականադաշտեր։ Տնօրենի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ տարածքների մաքրումն ավելի արագ է ընթանում։ 

Միջազգային տոնի առթիվ Ա. Բոդին շնորհավորեց բոլորին՝ հայտարարելով, որ երեք տարուց հետո արցախցիներն այլևս չեն տուժի ականներից։ 

Վարչապետ Ա. Հարությունյանի ելույթում ընդգծվեց այն միտքը, որ  կան աշխատանքներ,  որոնք տեսանելի են, բայց կան նաև աշխատանքներ, որոնք այնքան էլ չեն երևում։  Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական աշխատանքներ են այսօր իրականացվում հազարավոր հեկտար հողատարածքների վրա, ունենք բավականին երկար ճանապարհներ, որոնք անցանելի են դարձել նման աշխատանքների շնորհիվ։ Ամենարևորը, նրա խոսքով, մարդկային կյանքը փրկելն է։  Վարչապետը բարձր գնահատեց ոլորտի ծառայողների գործունեությունը. այդ մարդիկ փրկել են հարյուրավոր այլ մարդկանց կյանքեր։ Կառավարությունը ղեկավարելու ժամանակաընթացքում Ա.  Հարությունյանը միշտ կարևորել է սակրավորների աշխատանքը, հնարավորինս աջակցել նրանց։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպության ղեկավարությանը, բոլոր դոնորներին, ովքեր ավելի քան տաս տարի ֆինանսավորում են արցախյան ծրագիրը։ Երախտիքի խոսք հղեց  այն երկրների կառավարություններին ու իշխանություններին, որոնք ամեն տարի մասնակցում են ֆինանսավորման գործընթացին, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց, ովքեր, անգամ  չիմանալով Ղարաբաղի տեղը, չպատկերացնելով ղարաբաղյան խնդիրը, աջակցում են մարդասիրական այս առաքելությանը։  

Ա.  Հարությունյանը կարևորեց նաև մասնագիտական բարձր մակարդակ ունեցող աշխատակազմի գործունեությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նրանք, որպես հայրենիքի պաշտպաններ, իրենց անմիջական ծառայությունն են մատուցել։ Շարունակել են իրենց գործը նաև պատերազմական գործողություններից հետո, որովհետև անհրաժեշտ էր կանխել չպայթած արկերի և ականների վտանգը։ Բարձր գնահատելով ծառայության աշխատանքը՝ վարչապետն  իր երախտագիտությունը հայտնեց մայր կառույցին, նրա բոլոր գործընկերներին և, իհարկե, արցախյան աշխատակազմին։ 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցչի խոսքում նշվեց, որ 2000 թվականից սկսած՝ փրկարար ծառայությունը համագործակցում է ՙThe HALO  Trust՚-ի հետ։ Դեռևս նրա առաջին տնօրենի հետ ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքի կազմակերպման շուրջ։ Այս տարի սակրավորներից 9 ականազերծված դաշտ են ընդունել, հուսով են, որ առաջիկա երեք տարիների ընթացքում կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքները։ Ընդգծվեց, որ  ապրիլյան պատերազմի օրերին փրկարարներն օգնություն են ցույց տվել կազմակերպությանը։ 

Այնուհետև լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին տարածաշրջանային տնօրենին։ Ա. Բոդին իրազեկեց, որ մինչ այսօր  կազմակերպությունն ականազերծել է 450 ականադաշտ, մնացել է 95-ը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը տարբերվում է մյուս տարածաշրջաններից իր բնակչության թվաքանակով։ 1995-ից սկսած՝ կազմակերպությունն իրազեկել է 370 տուժած քաղաքացիների մասին։ Ղարաբաղում ականների պայթյուններից շատ պատահարներ են լինում։ Արձանագրված դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղն աշխարհի մասշտաբով ամենաշատ  տուժած երկրներից մեկն է։ Անցյալ տարվա տվյալները, սակայն, գոհացուցիչ են. ամենաքիչ պատահարները  գրանցվել են Արցախում։ Այստեղ պարբերաբար անց են կացվում ականների վտանգի մասին իրազեկման դասընթացներ, բացատրվում է, թե ինչպես պետք է վարվել դրանք  գտնելու դեպքում։ 

Ապրիլյան պատերազմից հետո էլ ավելացել է չպայթած  կասետային ավիառումբերի  ու զինամթերքի քանակը։ Տնօրենն անհրաժեշտ համարեց  հստակեցնել միտքը. ականազերծման ենթակա  95 ականադաշտերը քաղաքացիների կյանքի համար վտանգ են ներկայացնում, սակայն  դա  չի վերաբերում ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում գոյացած ականադաշտերին։

Մեր հարցը վերաբերում էր տնօրենի նշած երեք տարվա  ժամկետին, որը, նրա դիտարկմամբ, բավարար է՝ ավարտին հասցնելու աշխատանքները։ Վարչապետ Ա. Հարությունյանն իրավիճակը ներկայացնելիս ընդգծել էր, որ մեր հանրապետության տարածքը լիովին անվտանգ դարձնելու գործընթացը պահանջելու է տասնամյակներ։ Ստացվում է, որ  2020 թվականին մենք ունենալու ենք ոչ այնքան անվտանգ Արցախ։ Ի պատասխան հարցի՝ Ա. Բոդին ասաց, որ վարչապետը նկատի ուներ պլաստիկ հակատանկային ականները։ Դրանց հեռացումն ավելի դյուրին կլինի ավստրալիական նոր դետեկտորի միջոցով։ Վերջինս նոր տեխնոլոգիա է և խոստանում է բավականին արագացնել  մաքրման գործընթացը։ Տնօրենի համոզմամբ՝ երեք տարվա ընթացքում հնարավոր է ականազերծումն ամբողջությամբ ավարտել, եթե կարողանան ֆինանսական անհրաժեշտ միջոցները ստանալ ու ներդնել։ Նա վստահ է, որ գումարները կհայթայթվեն, որովհետև կա մեկ անանուն դոնոր, ով խոստացել է անհրաժեշտ գումարի կեսն ապահովել։ Մյուս կեսը հնարավոր կլինի գտնել։ Այս գործում օգնության ու աջակցության կարիք միշտ էլ զգացվում է, եզրակացրեց տարածաշրջանային տնօրենը։     

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ