[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՎՐՈՎՅԱՆ ՊԼԱՆ ՍԵՂԱՆԻՆ ՉԿԱ, ԿԱ ՄԱԴՐԻԴՅԱՆԻ ԻՆՉ-ՈՐ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱ

ՙԿովկաս՚ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օրերս Երևանում արված մի շարք ուշագրավ հայտարարություններին։

 - Երևանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը օրերս խոսեց արցախյան հակամարտության կարգավորման շատ կոնկրետ պլանի մասին: Հարցին՝ արդյոք այն Լավրովյան պլա՞նն է, Հոգլանդը պատասխանեց. ՙՄենք այդ հասկացությունը չենք օգտագործում՚։ Ի՞նչ է սա նշանակում՝ մենք այդ հասկացությունը չենք օգտագործում, և կարելի՞ է ենթադրել, որ խոսքը սեղանին դրված Լավրովյան պլանի մասին է։

-Նման պլան, ասեմ, որ գոյություն չունի՝ որպես Լավրովյան։ Այն, ինչ կար և առաջարկվում էր ռուսական կողմից հետապրիլյան շրջանում, դա դեէսկալացիայի փորձ էր՝ դիվանագիտական  միջոցներով և դրա հիմքում, այսպես կոչված, Կազանյան փաստաթղթի տրամաբանությունն էր։  Իրականում, Մադրիդյան սկզբունքների ինչ-որ մոդիֆիկացիա է, ոչ մի ավել բան այստեղ չկա։ Ես այս անգամ նորություն չեմ տեսնում, բայց կարծում եմ, այն, ինչի մասին խոսվում էր, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացիան է, չգիտեմ՝ որերորդ, 5-րդ, 10-րդ տարբերակն է։ Բայց դա իր դերը չի խաղում, քանի որ մենք այս պահին չունենք և, երևի թե, չենք ունենալու տեսանելի ապագայում առաջխաղացում։ Այսպես կոչված՝ զրոյական մակարդակով անհրաժեշտ պայման հանդիսացող վստահության մեխանիզմների ներդրում։ Բայց, քանի որ դա չի լինելու, Ադրբեջանը մերժում է, մնացածն ավելի շատ տեսական կամ այն գործն է, որ Մինսկի խումբը տասնամյակներ շարունակ անում է՝ շատ լավ հասկանալով, որ տեսանելի ապագայում դա որևէ արդյունքի չի բերելու։

-Իսկ այս, մոդիֆիկացված տարբերակն, այնուամենայնիվ, ռուսական է՝ հաշվի առնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունն է, որ Ռուսաստանի ձեռքում է գտնվում հակամարտության կարգավորման բանալին։ Ավելին՝ Արևմուտքն էլ տվել է նրան իր ՙօրհնությունը՚, որ Ռուսաստանն իրեն ազատի այդ գլխացավանքից։

- Այդպես չէ, Ռուսաստանը միշտ և հիմա և նույնիսկ  90-ականներին, երբ անհամեմատ ավելի թույլ էր, անմիջապես Սովետական Միության փլուզումից հետո, միշտ խաղացել է այն դերում, որը ես անվանել եմ առաջինը հավասարների մեջ։ Առնվազն Մինսկի խմբի շրջանակներում։ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում, բայց շարունակում է պահպանել Մինսկի ձեւաչափի  բանակցությունները, քանի որ յուրաքանչյուր փաստաթուղթ, որը քիչ թե շատ շրջանառության մեջ է դրվում, առնվազն համաձայնեցված է լինում համանախագահ երեք երկրների միջև։ Ռուսական կամ ոչ ռուսական` սկզբունքային չէ։  Իհարկե, եղել են ճգնաժամային ինչ-որ փուլեր՝ հետապրիլյան շրջանում, երբ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն է ստանձնել։ Բայց Մինսկի խումբը շարունակում է  իր գործունեությունը` որպես եռանախագահություն։

-Այսինքն՝ համաձայն չեք, որ  մյուս երկուսը՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահությունը, հետ են քաշվել, և Ռուսաստանը կարող է ինքը որոշել։

- Եթե խոսքն այն մասին է, որ Ռուսաստանն ավելի-ավելի լուրջ լծակներ և նույնիսկ  պատրաստակամություն ունի ներգրավվելու՝ դիվանագիտականից մինչև ռազմական, դա ակնհայտ է։ Բայց համանախագահները երեք երկրներն են։

Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը նախընտրական ուղերձ էր։ Դա ավելի շատ կապված էր նախընտրական քարոզչության հետ, քան կոնկրետ  ինչ-որ փոփոխություն էր ներառում։ Ասենք, որը վերաբերում էր բանակցային հարցում Հայաստանի կամ Արցախի դիրքորոշմանը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, կարելի է ասել՝ արդեն իսկ փետրվարին-մարտին հասկանալի էր, որ Հայաստանն ավելի հստակ ռազմավարություն է որդեգրելու. ՙԻսկանդերների՚ և ոչ միայն ՙԻսկանդերների՚ մասին խոսակցությունները դրա հետ առնչվում են, բայց կոնկրետ այս վերջինը, կրկնում եմ, ավելի շատ նախընտրական էր։ Եվ հետապրիլյան շրջանում Հայաստանի  ռազմաքաղաքական դիրքորոշումն արդեն ձևավորված էր։

- ՀԱՊԿ անդամ  Հայաստանը այս տարի առաջին անգամ  ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրների թվում՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Ռումինիա և այլն, Վրաստանում  կմասնակցի զորավարժություններին։  Ի՞նչ է սա նշանակում։ 

-Ես գիտեմ, որ այս կամ այն կազմով Վրաստանի տարածքում զորավարժություններին հայերը մասնակցել են։ Եվ այն, որ ՀԱՊԿ անդամը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, խոսում է Հայաստանի բալանսավորված քաղաքականության մասին։ Ժամանակին դա անվանվում էր կոմպլեմենտարիզմ։