[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԻԼԻՑ ԱՊՐԻԼ

Մեկ տարի առաջ, 2016-ի ապրիլի 5-ին, Մոսկվայում ձեռքբերված բանավոր համաձայնությամբ ապրիլյան պատերազմում հրադադար հաստատվեց: Որ այն հետագա օրերին բազմիցս խախտվեց եւ այսօր էլ խախտվում է, հարցի մյուս, այս դեպքում՝ երկրորդ կողմն է:

Առաջինն այն է, որ անգամ ամեն օր պատերազմով սպառնացող կողմն է լավ հասկանում՝ ռազմական ճանապարհով հակամարտության լուծումը հնարավոր չէ: Եվ դա ապրիլյան պատերազմի ամենակարեւոր դասն է: Բայց ոչ միակը:ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ

Ապրիլյան պատերազմի պաշտոնական ավարտը Մոսկվայում հայտարարվեց: Ռազմական ակտիվ գործողությունների 4 օրն ապացուցեց, որ կողմերի դիրքորոշումները 1994-ից ի վեր չեն փոխվել: Ադրբեջանը փորձելու է ցանկացած հնարավոր դեպքում հակամարտության լուծումը ռազմական հարթություն տեղափոխել, Արցախն էլ ամեն գնով պաշտպանվելու է՝ ունենալով Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության աջակցությունը, ընդգծում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ: Բաքուն հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակիցը չդարձավ, բայց հասկացավ՝ այսօր պատերազմով հաջողության հասնելու հնարավորություն չունի: Պատերազմն սկսվելուց 4 օր անց Մոսկվայում էր Ալիեւի ներկայացուցիչը՝ հրադադարի մասին պայմանավորվելու համար: 

 

ԱՐՑԱԽԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ 

ԿՈՂՄ ԷՐ ԵՎ Է

Ապրիլյան պատերազմը ոչինչ չփոխեց հակամարտության ձեւաչափում: Հավանաբար, նաեւ Բաքվի նկրտումները իմանալով՝ միջնորդները ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ կարգավորման գործընթացի հիմքում մնում են 1994-95 թվականներին ստորագրված եռակողմ փաստաթղթերը՝ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի մասնակցությամբ: Դավիթ Բաբայանը դա ընդունում է՝ որպես բանակցությունների ամբողջական ձեւաչափը վերականգնելուն ուղղված քայլ. ՙՄիջնորդ երկրների ներկայացուցիչներն արդեն բացեիբաց են հայտարարում, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ: Երբ կլինի դա՝ դժվար է ասել: Բայց որ դա ոչ միայն հայկական կողմերն են անխուսափելի համարում, այլեւ միջնորդները՝ փաստ է՚:

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ռազմական առումով ոչինչ չփոխելով՝ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց հակամարտության կարգավորման գործընթացին: Այս պահին օրակարգում ոչ թե բանակցությունների բովանդակությունն է, այլ պարզապես բանակցությունների համար պայմանների ապահովումը: Հայկական կողմերը բազմիցս հայտարարել էին այդ մասին նաեւ մինչեւ ապրիլյան պատերազմը: Միջազգային հանրությունը ներկայացնող միջնորդները այդ համոզմանը եկան պատերազմից հետո: ՙԱյսօր քննարկումները ծավալվում են հիմնականում հրադադարի ռեժիմը կայունացնող մեխանիզմների կիրառման շուրջ: Մինչեւ գոնե համեմատաբար կայունություն չլինի՝ անհնար է խոսել իրական բանակցությունների մասին՚,- ընդգծում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը: Այս զարգացումների հաշվարկով՝ Ստեփանակերտի ներկայացուցիչը հակամարտության կարգավորման գործընթացում էական տեղաշարժ մոտ ապագայում չի կանխատեսում: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո՝ հայկական կողմերը հիմնավորված թերահավատություն ունեն՝ արդյո՞ք Ադրբեջանի այսօրվա իշխանության հետ հնարավոր կլինի խաղաղության հասնել. խաղաղությունը Ադրբեջանի իշխող դինաստիային պարզապես պետք չէ: 

 

ԲԱՔՎԻՆ ՊԵ՞ՏՔ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ. 

ԱՎԵԼԻ ՇԱՏ՝ ՈՉ

Թերահավատությունը համոզմունքի է վերածում Ադրբեջանի ղեկավարությունը: Ապրիլի սկզբին Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել ՙՌազմական դրության մասին՚ Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին: Հայկական կողմերի համար այդ օրենքում կատարված փոփոխությունները նորություն չեն ենթադրում: Իսկ ահա ադրբեջանցիների համար բավական լուրջ մարտահրավերներ կան: Իշխանության ձեռքում վերահսկողության մեխանիզմներն ավելացել են:  Նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն՝ ոչ միայն ավանդական լրատվամիջոցների, այլեւ ընդհուպ մինչեւ անձնական նամակագրության վրա: ՙՕրենքի փոփոխություններով  Ադրբեջանի իշխանությունը հնարավորություն է ստանում նաեւ սոցիալական մեդիան վերահսկողության տակ առնել: Սա այն ոլորտն է, որը վերջին տարիներին է ակտիվացել եւ համեմատաբար ազատ է: Ոչ այն պատճառով, որ իշխանություններն էին արտոնել, պարզապես հսկողության մեխանիզմներ չկային: Օրենքի փոփոխություններով այդ հնարավորությունը ստեղծվեց՚,- գնահատում է Արցախի Նախագահի խորհրդական Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

Բավական հեշտացել է նաեւ օրենքը կիրառելու գործընթացը: Փետրվարին կատարված փոփոխություններով հստակ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել Ադրբեջանի տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու եւ այլ դեպքերում: Առանց շարքը շարունակելու՝ Ադրբեջանը հենց այս պահին էլ կարող է ռազմական դրություն հայտարարել ու կիրառել ներքին խռովությունները ճնշելու հնարավորությունները՝  հիմնավորելով նրանով, որ Արցախն Ադրբեջանի ենթակայության տակ չէ, նկատում է Տիգրան Աբրահամյանը:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ օրենքը կիրառելու անհրաժեշտությունը մոտ ապագայում կզգացվի. սոցիալ-տնտեսական դժվարություններին ազգային փոքրամասնությունների դժգոհություններն են ավելացել ու նաեւ քաղաքական դժգոհությունները՝ Մեհրիբան Ալիեւայի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելուց հետո:  

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ