Logo
Print this page

Չեմ կարծում, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սրացումն անպայմանորեն կազդի ԼՂ հակամարտության վրա. Դևիդ Սեթեր

ԱՄՆ-ն ցույց տվեց, որ քիմիական զենքի օգտագործումն անընդունելի է, և եթե սիրիական իշխանությունները շարունակեն օգտագործել այն, ապա Միացյալ Նահանգները կհայտնվի բավականին բարդ իրավիճակում և կձեռնարկի ավելի լուրջ քայլեր Ասադի վարչակազմի դեմ: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայում «Financial Times» թերթի հատուկ թղթակից, 1982թ. «The Wall Street Journal»-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը՝ խոսելով Սիրիայի կոնֆլիկտի շուրջ վերջին զարգացումների մասին:
«Սիրիան խոստացել է չօգտագործել այս քիմիական զենքերը, և օգտագործելով դրանք՝ նրանք փաստորեն ասում են, որ իրենց չի հետաքրքրում, թե արդյոք ԱՄՆ-ն կիմանա, որ իրենք խախտում են պայմանավորվածությունը: ԱՄՆ-ն հայտնվել է ուշագրավ դիրքում, որովհետև եթե մենք նրանց արժանի պատիժ չտանք, կնշանակի, որ Սիրիան կօգտագործի քիմիական զենքը, երբ ցանկանա: Իսկ եթե Սիրիան կարողանա նման բան անել, այլ երկրներ ևս կփորձեն անել դա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Դրան ի պատասխան՝ հաջորդել է ԱՄՆ-ի թևավոր հրթիռներով հարվածները սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային:
Դեվիդ Սեթերը նշեց, որ ինքը չի կասկածում, որ քիմիական զենքն օգտագործվել է Ասադի վարչակազմի կողմից: «Ես հավատում եմ ամերիկյան հատուկ ծառայությունների օբյեկտիվությանը: Եթե նրանք մեղադրում են, նշանակում է՝ ունեն բոլոր անհրաժեշտ ապացույցները»,- ասաց նա:
Անդրադառնալով Սիրիական հակամարտության արդյունքում երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սրվող հարաբերություններին՝ ամերիկացի վերլուծաբանը նկատեց, որ նրանց նպատակներն անհամադրելի են աշխարհում: 
«Ռուսաստանի նպատակներն ուղղված են աշխարհի փոքր խմբերի վրա իր իշխանությունն ավելացնելուն՝ կառավարելով նրանց հարստությունն ու իշխանությունը: Միացյալ Նահանգները հետաքրքրված է աշխարհը կայուն տեսնելով և հնարավոր դեմոկրատիայով: Այս նպատակներն անհամատեղելի են»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի քաղաքականությունը կախված է միայն Թրամփի որոշումներից՝ հաշվի առնելով նրա անձի շուրջ եղած տարակարծությունները, թե՞ երկրի կառավարումն այնուամենայնիվ միայն նախագահի ցանկություններով պայմանավորված չէ, Դևիդ Սեթերը պատասխանեց. «Արտաքին քաղաքականության մեր կարևոր որոշումները ԱՄՆ-ում կայացնում է նախագահը: Դժվար է առանձնացնել ԱՄՆ-ի գործողությունները նախագահի գործողություններից: Ես կարծում եմ, որ երբ մարդիկ դժգոհ են ԱՄՆ-ի քաղաքականությունից, ապա դժգոհում են նաև նախագահից»: 
Ամերիկացի վերլուծաբանը նշեց, որ ինքն անձամբ չի կարծում, որ Դոնալդ Թրամփը խիստ սխալ է վարվում: Նա օրինակ բերեց Սիրիայում կատարվածը՝ եթե ԱՄՆ-ն ոչինչ չանի, ապա Ասադի իշխանությունները կանեն այն, ինչ ցանկանում են: 
Արդյո՞ք Սիրիայում կատարվողը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի հարցին, Դևիդ Սեթերը պատասխանեց, որ այդպես չի մտածում, որովհետև դա ոչ ոքի շահերից չի բխում: «Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը Սիրիայի հակամարտության մեջ մտան լավատեսական ցանկություններով»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք Սիրիայի հակամարտության շուրջ սրված ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, ամերիկացի վերլուծաբանը պատասխանեց․«Նրանք գուցե համագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում: Ես չեմ կարծում, որ այս խնդիրներն անպայմանորեն կազդեն Ղարաբաղյան հակամարտության վրա, որովհետև ԱՄՆ-ն անմիջականորեն ազդեցություն չունի այդ հակամարտության վրա»:
Նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունն այնչափ կարևոր չէ գերտերությունների համար, որքան Սիրիականը: «Այնտեղ ներգրավված են ահաբեկիչներ, որոնք սպառնում են նաև ԱՄՆ-ին, մյուս կողմից՝ այնտեղ կան բազմաթիվ փախստականներ, որոնք անկառավարելի իրավիճակ են ստեղծում Եվրոպայում: Սիրիայի հակամարտության արդյունքում բազմաթիվ մարդիկ են մահանում: Իհարկե, Լեռնային Ղարաբաղում ևս բազմաթիվ մարդիկ են մահանում, բայց դրանք չենք կարող նույն նժարի վրա դնել»,- ասաց նա:
Դևիթ Սեթերն այնուամենայնիվ նշեց, որ այնպես չէ, որ ԱՄՆ-ն ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության վրա ուշադրություն չի դարձնում: 
«ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի, հիմա պարզապես առավել շատ նրա ուշադրությունը Սիրիայի վրա է, հետո ուշադրությունը կուղղվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, որն արդեն 25 տարվա պատմություն ունի»,- ասաց նա:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.