[ARM]     [RUS]     [ENG]

Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ. ՙԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ ՄԱԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

 

 

 

 

 

Վերջերս Իլհամ Ալիևը Բաքվում կայացած գլոբալ ֆորումի ընթացքում հերթական անգամ հանդես եկավ ՄԱԿ-ի հասցեին քննադատությամբ` ընդսմին մոռանալով ավելացնել, որ հենց Ադրբեջանն է կոպտորեն խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. թիվ 822, 853, 874, 884 բանաձևերը, ինչն արտահայտվում է ԼՂՀ-ի դեմ դիվերսիոն-ահաբեկչական հարձակումների ուժգնացման տեսքով մարտական գործողությունների շարունակման, կրկին ռազմական ուժի դիմելու սպառնալիքների, Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ-ի տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ շրջափակման տեսքով թշնամական գործողությունները դադարեցնելուց ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ։

Ընթերցողին ու Բաքվի իշխանություններին պետք է հայտնի լինի, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը պահանջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում և ՄԱԿ-ի կազմի մեջ նրա ընդունում։ Որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանի ՙԺամանակակից Արևելամիջերկրածովային քաղաքակրթության աշխարհաքաղաքականության դոկտրին։ Թուրքական սպառնալիքն Արևելամիջերկրածովային քաղաքակրթությանը՚ մենագրության երրորդ գլխից մի հատված (Սանկտ Պետերբուրգ, ՙԱլետեյա՚ հրատարակչություն, 2004թ.)։Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարար հիմքեր ունի ՄԱԿ-ին անդամակցելու համար։

Առաջին՝ ԼՂՀ-ն պետք է լինի ՄԱԿ-ի կազմում, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու նրա կողմից ընտրված կառավարությունը մինչ օրս ներկայացված չեն Միավորված ազգերի կազմակերպության մեջ: ՄԱԿ-ն ակնհայտորեն մոռացել է, որ իր համար որպես նպատակ է հռչակել ՙարդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների՚ պաշտպանությունը։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանական ԽՍՀ-ն դադարեց գոյություն ունենալ, նրա տարածքում ձևավորվեցին երկու պետություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը։ Ադրբեջանական Հանրապետության կողմից նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի  իրավահաջորդության միակողմանի հռչակումն այդ իրավահաջորդության հակաիրավական  ինքնազավթում է և միջազգային հանրության կողմից, անկասկած, պետք է քննադատվի` որպես միջազգային իրավունքին հակասող երևույթ։

Նախկինում միջազգային հանրությունը խիստ ձևական վերաբերմունք էր ցուցաբերում հետխորհրդային տարածքում նոր պետությունների ճանաչման հարցում՝ ճանաչելով Ադրբեջանը և ժամանակավորապես չճանաչելով Լեռնային Ղարաբաղը։ XXI դարում միջազգային հանրությունը պետք է շահագրգռված լինի բոլոր հակամարտող տարածքներում ի հայտ եկող առաջադիմական ձևափոխությունները սատարելու հարցում` դրանով իսկ նպաստելով խնդրահարույց հարաբերությունները կառուցողական հուն ուղղելուն։ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ակնառու կերպով ցուցադրում է, որ ձևականորեն ճանաչված պետությունը միշտ չէ իր զարգացման մեջ առաջընթացի հասնում, այն դեպքում, երբ ժամանակավորապես չճանաչված պետությունը, հակառակը, էական հաջողություններ է արձանագրում։

ԼՂՀ-ն պետք է ներկայացված լինի ՄԱԿ-ում՝ հանուն միջազգային հանրությունում մարդու իրավունքների ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների արժանապատվության վերականգնման։ 1948թ. ՙՄարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը՚, 1966թ. ՙՔաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը՚ և նույն տարում ընդունված՝ ՙՔաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին միջազգային պակտը՚ ընդգծում են` յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մասնակցելու քաղաքական, մշակութային և տնտեսական գործունեության մեջ։ Այս սկզբունքը հանդիսանում է մարդու արժանապատվությունը պաշտպանելու հիմնական պայմանը։ Այս իրավունքները տարբերվում են սովորական այն իրավունքներից, որոնք մարդու համար պարտավոր է ապահովել յուրաքանչյուր կառավարություն։ ԼՂՀ քաղաքացիներն իրենց երկրի ներսում ապահովված են իրավունքների այս ամբողջությամբ, և այստեղ նրանց դրսից աջակցություն պետք չէ։ ԼՂՀ-ն, սակայն, զրկված է միջազգային հանրությունում և ՄԱԿ-ում իր օրինական տեղից, հետևաբար և՝ միջազգային հանրության քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին մասնակցելու իրավունքից, իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոտնահարվում են։ Եթե ՄԱԿ-ն իրապես հավատարիմ է մարդու իրավունքների գաղափարին, ապա նա չի կարող այսուհետ ևս շարունակել հաշտվել նման իրավիճակի հետ ու պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկի՝ ուղղված ԼՂՀ բնակիչների իրավունքների խախտումները վերացնելուն, այսինքն՝ ԼՂՀ-ին անհապաղ առաջարկի ՄԱԿ-ի անդամ դառնալ։ 

Երկրորդ՝ Բաքվի ռեժիմը երբեք չուներ իրավունքներ` կառավարելու Լեռնային Ղարաբաղը, երբեք չի ընտրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, երբեք չի արտահայտել ԼՂՀ ժողովրդի շահերը, առավել ևս չի ներկայացնում ԼՂՀ-ն ՄԱԿ-ում։ Չունենալով ներկայացուցչություն ՄԱԿ-ում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է այն որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից, որոնք կարող են խորը ներգործություն ունենալ նրա հասարակական զարգացման, տնտեսության ու անվտանգության վրա։ ՄԱԿ-ը չի կարող անտեսել այն փաստը, որ Ադրբեջանի ռեժիմն ունակ և իրավասու չէ ներկայացնելու ԼՂՀ քաղաքացիներին։

Երրորդ՝ ՄԱԿ-ը պետք է ճանաչի միջազգային հանրության զարգացման գործում ներդրում ունենալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատրաստակամությունն ու կարողությունը։ Ձևացնել, թե ԼՂՀ-ն գոյություն չունի, անիրատեսական է ու ոչ գործնական։

Եվ չնայած դրան` Ադրբեջանի ռեժիմը միջազգային հանրությունից պահանջում է ձևացնել, որ ԼՂՀ-ն գոյություն չունի: Նման բացահայտ սուտը տարբեր անհեթեթությունների պատճառ է դառնում։ ՄԱԿ-ի հրապարակումներում ԼՂՀ-ին վերաբերող վիճակագրական տվյալներ չկան։ Այն փաստը, որ ԼՂՀ-ն ՄԱԿ-ի անդամ չէ, խաթարում է Միավորված ազգերի կազմակերպության հեղինակությունը։ Այն նաև աշխարհի ժողովուրդներին զրկում է Հարավային Կովկասի իրական վիճակի մասին հստակ պատկերացումից։

Չորրորդ՝ եթե ՄԱԿ-ը մտադիր է հետևել սեփական Կանոնադրության մեջ հռչակված վեհ սկզբունքներին, ապա նա իր անդամները հանդիսացող պետություններին առնվազն պետք է հնարավորություն տա քննարկելու ՄԱԿ-ի գործունեության մեջ ԼՂՀ մասնակցության հարցը։ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ գլխի հոդված 4-ն արձանագրում է. ՙԿազմակերպությանն անդամակցելը բաց է մյուս բոլոր խաղաղասեր պետությունների համար, որոնք կստանձնեն ներկա Կանոնադրության մեջ բովանդակված պարտավորությունները և որոնք, Կազմակերպության կարծիքով, ունակ են ու ցանկանում են կատարել այդ պարտավորությունները՚: Այս բանաձևի իմաստը, որը հայտնի է որպես անդամակցության համընդհանուր լինելու սկզբունք, գործնականում բավականին պարզ է. ցանկացած երկիր, որը ցանկանում է և ունակ է հետևել ՄԱԿ-ի պահանջներին, իրավունք ունի անդամակցել ՄԱԿ-ին։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համապատասխանում է այդ պայմաններին։

Հինգերորդ՝ ԼՂՀ-ն պետք է ՄԱԿ-ի անդամ լինի և այն պատճառով, որ ՄԱԿ-ն այդ դեպքում կկարողանա ամրապնդել իր չեզոքությունը՝ ներկայացուցչություն ապահովելով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում առաջացած երկու պետությունների համար։     

Վեցերորդ՝ ԼՂՀ պետական անկախության իրավական ու բարոյական ապահովմանը մեծապես կարող է վնասել Ղարաբաղի ժողովրդի դեմ սիստեմատիկորեն ցեղասպանություն կազմակերպելու  քաղաքականության գործոնը, քաղաքականություն, որ միշտ իրականացնում էր Ադրբեջանն օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 

Յոթերորդ՝ ԼՂՀ-ի մասնակցությունը ՄԱԿ-ում անհրաժեշտ է և այն պատճառով, որ դա կարող է կանխել ԼՂՀ-ի դեմ ուժ օգտագործելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերի կենսագործումը։ Միջազգային հանրությունը մեծ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Այն, որ ԼՂՀ-ն մինչ օրս վերջնականապես ճանաչված չէ, նրան չճանաչած պետությունների մեղքն է։ 

Դժբախտաբար, ադրբեջանական ղեկավարությունը հրաժարվում է բացառել ԼՂՀ-ի դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը նրա ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Դա բացատրվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությամբ, ԼՂՀ-ն զավթելու ու նրա ժողովրդին ոչնչացնելու` Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերի գոյությամբ, ԼՂՀ-ի սահմանների մոտ ադրբեջանական զորքերի խմբավորումների ավելացմամբ ու Ադրբեջանի կողմից սպառազինության մեծածավալ գնումներով, Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի սահմանադրական կարգի ու պետական ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններով, հենց Ադրբեջանում տիրող անկայունությամբ։ 

Ութերորդ՝ ԼՂՀ-ն պետք է ՄԱԿ-ում լինի և նրա համար, որ բանակցություններում նա առավել կառուցողական դիրք է գրավում, քան Ադրբեջանական Հանրապետությունը։ 

Իններորդ՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախ) հնագույն պետություններից մեկն է Կովկասի տարածքում։ Հազարամյակների ընթացքում Արցախը Հայաստանի կազմում էր։ Այն բանից հետո, երբ Հայաստանի մեծ մասը միջնադարում գրավվեց Թուրքիայի ու Իրանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հայկական մելիքությունները փաստորեն մնացին անկախ։ 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն հայկական տարածք, մտավ Ռուսաստանի կազմ։ Կարևոր է ընդգծել, որ ադրբեջանական պետությունը նախկինում երբևէ գոյություն չի ունեցել։ Առաջին անգամ ադրբեջանական պետական կազմավորումը ծագել է 1918թ.։ Նրա կազմի մեջ բռնի կերպով մտցվեցին հայկական, լեզգիական, ավարական, թալիշական տարածքներ՝ այնտեղ բնակեցված բնիկ ժողովուրդների հետ միասին։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում հնագույն պետություն է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վաստակել է ՄԱԿ-ին անդամակցելու իր իրավունքը։ 

Տասներորդ՝ քանի որ ԼՂՀ-ն ՄԱԿ-ի անդամի կարգավիճակ չունի, այն զրկված է ՄԱԿ-ի համակարգի շրջանակներում տարբեր միջազգային փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունից։ Իսկ ՄԱԿ-ի շատ  փաստաթղթեր համապարփակ բնույթ են կրում և լուծում են մարդկության գլոբալ խնդիրներ։ Համաշխարհային խնդիրների գլոբալացումը պահանջում է աշխարհի երկրների  փոխկապակցվածության ու փոխկախվածության նոր մակարդակ։ 

ԼՂՀ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից տարվող աշխատանքին, անկասկած, շոշափելի օգուտ կբերի միջազգային հանրությանը, քանի որ ԼՂՀ-ն կարող է դրական ավանդ ունենալ միջազգային քաղաքակիրթ հարաբերությունների նորմերի զարգացման, արդար աշխարհակարգի պահպանման գործում։ ԼՂՀ-ն սատարում է ՄԱԿ¬ի այն դիրքորոշումը, որ առանց երկրագնդի մասշտաբով ակտիվ համագործակցության գլոբալ հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու մարդկության ընդունակությունն անխուսափելիորեն կթուլանա։

Հարկ է նշել, որ վերջերս աշխարհում կտրուկ աճել է այն ընկալումը, որ առանց միջազգային քաղաքականության մեջ ԼՂՀ¬ի՝ որպես լիիրավ պետության, պաշտոնապես ներգրավված լինելուն, չի կարելի լուծել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակի խնդիրներ։

Տասնմեկերորդ՝ ողջամիտ կլիներ, եթե ՄԱԿ¬ը՝ որպես միջազգային կարևորագույն կազմակերպություն, իր գործունեության մեջ ղեկավարվեր ՙանդամակցության համապարփակության՚ սկզբունքով։ ԼՂՀ¬ի վրա պետք է տարածվի ՄԱԿ¬ին անդամակցելու համապարփակության սկզբունքը՝ հիմնված ՄԱԿ¬ի պետությունների կողմից խտրականության ցանկացած դրսևորումների անընդունելիության վրա։ Այսօր անդամակցության համապարփակ լինելու սկզբունքն ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, տարածվում է բոլոր պետությունների վրա, և ԼՂՀ¬ն այստեղ չպետք է բացառություն կազմի։

Այսպիսով, ԼՂՀ¬ն, անտարակույս, արժանի է իր տեղն ունենալու ՄԱԿ¬ում, օժտված է ՄԱԿ¬ին անդամակցելու ու նրա գործունեությանը մասնակցելու համար բոլոր հատկանիշներով։

www. russia-armenia.info