[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՓՈՐՁԱՐԿԵԼՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նախագահական կառավարման համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում սպասվում է ապրիլի 16-ին։

 Նախընտրական քարոզարշավի համար հատկացվել է մոտ երկու ամիս։ Այդ ընթացքում երկրի ժողովրդավարական ուժերը հանդես են եկել հայտարարություններով՝ իրենց դժգոհությունը հայտնելով նախագահ Էրդողանի քաղաքական ուղեգծի վերաբերյալ։ Իշխող ՙԱրդարություն և Զարգացում՚ կուսակցության քաղաքականությանն ընդդիմացող  ուժերի համար անընդունելի է արմատական իսլամի գաղափարախոսության վրա հիմնված բացարձակ միապետության հաստատումը։ 

Ռ. Էրդողանը կանգնած է մի շարք խնդիրների առաջ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում։ Եվրոպական երկրներում քարոզչություն ծավալելու փորձերը կասեցվեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, նիդեռլանդական իշխանությունների և այլ երկրների քաղաքական ու պետական գործիչների հակազդեցությամբ։ Հատկապես թուրք-գերմանական դիմակայությունն այնքան ուժեղ էր, որ Էրդողանը Եվրոպայում բնակվող թուրք ընտրողներին կոչ արեց ՙպատասխանել նացիստների թոռներին՚ և աջակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։  

Աշխարհաքաղաքական տեսանկյունից հանրաքվեն անց է կացվում մի այնպիսի ժամանակահատվածում, երբ թուրքական ղեկավարության առջև վերջնականապես փակվել են Եվրամիության դռները, բացի այդ, աչքի առաջ է սիրիական հակամարտությունը, որում  Էրդողանը որպես գործիք օգտագործվում է թե՜ Ռուսաստանի և թե՜ Միացյալ Նահանգների կողմից։ Լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, Թուրքիան շարունակում է կրել Արևմուտքի ռազմաքաղաքական ազդեցությունը, մյուս կողմից էլ մերթ ընդ մերթ հանդես է գալիս որպես Ռուսաստանի դաշնակից՝ փորձելով համատեղել գրեթե բոլոր առումներով անհամատեղելի ռուս-թուրքական շահերը։  

Ներքաղաքական առումով ներկա փուլը բավականին բարդ է, եթե նկատի ունենանք թուրքական հասարակության առաջադեմ խավերի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ըմբոստ վերաբերմունքը էրդողանյան վարչակարգի նկատմամբ։ Արմատական իսլամի հաղթանակը  տիրապետող վարչակարգը դիտում է որպես հաջողության գրավական, ինչի միջոցով հնարավոր կլինի հեշտությամբ ճնշել ժողովրդավարական ուժերի ընդվզումը։ 

Սիրիական հակամարտության մասով նշենք, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին տարիներին առավել մշուշոտ են դարձել վերջինիս կողմից քրդերին ցուցաբերվող աջակցության պատճառով։ Իսկ 2016-ի հուլիսյան պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Վաշինգտոնի հետ լարվածության մի նոր փուլ սկսվեց։ Թուրքիայի ներսում ընդդիմադիր ուժերի ակտիվացման գործում անժխտելի դերակատարություն ունի ԱՄՆ-ում բնակվող՝ աշխարհիկ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Էրդողանը հենց նրան էր կասկածում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Քանիցս նա դիմել է ամերիկյան վարչակազմին՝ Գյուլենին արտահանձնելու պահանջով, բայց բախվել է ամերիկյան կողմի դիմադրությանը։ Վաշինգտոնը, քննադատելով թուրքական ղեկավարության բռնապետական էությունը, բնականաբար, չի կարող օժանդակել ժողովրդավարության ջատագով գործչին բռնությամբ Թուրքիա վերադարձնելու ծրագրի ի կատար ածմանը։  

Սիրիական հարցում ամերիկյան ազդեցությունն ակնառու է. Թուրքիան հետևում է ԱՄՆ-ին, քանի որ գլխավոր նպատակը Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն է, բայց դրա հետ մեկտեղ Սպիտակ տունը զսպում է  Էրդողանի տարածաշրջանային նկրտումները։ Միջին Արևելքում թուրքական գերիշխանություն հաստատելու ծրագիրն ամերիկյան կողմը  երբեք չի ողջունել։ Եվ միանգամայն հասկանալի են քրդական գործոնի ուժեղացմանն ուղղված ամերիկյան ջանքերը։ Այդ ջանքերը, սակայն, երբեք հաստատուն չեն եղել. կախված են եղել տարածաշրջանում ստեղծված իրավիճակից և իրադարձությունների ընթացքից։ Ռուսաստանն էլ, բնականաբար, թուրքական պետության հետ իր հարաբերությունները կառուցել է գլխավորապես Միացյալ Նահանգների հետ ունեցած աշխարհաքաղաքական  հակասությունների հենքի վրա։ Ռուս-թուրքական համագործակցությունը մշտապես եղել է անցողիկ, ոչ մնայուն, ինչը պատմությունն ապացուցել է մի քանի անգամ։ 

Տարածաշրջանային վերջին իրադարձությունները դիտարկելիս նախևառաջ հարկ է ուշադրություն դարձնել ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա զարգացումներին, որոնց ականատես եղանք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ մարտի վերջին  Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցից հետո։ Նախօրեին թուրքական լրատվամիջոցներն իրազեկել էին, որ Թիլերսոնի և արտգործնախարար Չավուշօղլուի քննարկման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Ֆ. Գյուլենի արտահանձնման հարցը։ Ավելի վաղ թուրքական կողմն այս հարցում արտահայտել է իր ակնկալիքներն ամերիկյան նոր կառավարությունից։ ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաք քաղաքի ազատագրման հարցը նույնպես օրակարգում էր, քանի որ այն համարվում է ռազմավարական կարևոր հենակետ։ Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները չեն կարող շրջանցել Անկարային հուզող մյուս կարևոր խնդիրը՝ ամերիկյան աջակցությունը Սիրիայի քրդական ՙԺողովրդավարական միություն՚ կուսակցությանը։ Տեղեկատվական հոսքից կարելի է ենթադրել, որ կողմերին հետաքրքրող հարցերը կապված էին Թուրքիայում ժողովրդավարության հեռանկարի և Բաշար ալ-Ասադի իշխանության լինել-չլինելու հետ։ Սրանք երկուսն էլ թուրքական ղեկավարությանը խիստ անհանգստացնող  հրատապ  խնդիրներ են։ 

Ռ. Թիլերսոնի այցից քիչ ժամանակ անց լրատվամիջոցներն իրազեկեցին  ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազան հրթիռակոծության ենթարկվելու մասին։ Սիրիայի Իդլիբի նահանգում իբր քիմիական զենք է օգտագործվել, ինչում Սպիտակ տունը մեղադրել է սիրիական իշխանություններին և իր հարձակումը ներկայացրել որպես պատասխան գործողություն։ ՙՔիմիական զենքի՚ պատմությունը մեզ ծանոթ է դեռևս Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալման ժամանակներից։ Իրական պատմությունն այն է, որ սիրիական ավիաբազայում տեղակայված են եղել ռուսաստանյան ռազմական ուղղաթիռներ, որոնց հարվածելը ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի նախաձեռնություններից մեկն էր։ Ինչ խոսք, դա հարվածում է ավելի վաղ ձեռքբերված ռուս-թուրքական պայմանավորվածություններին, բայց հարվածն, ի դեպ, այնքան էլ ցավոտ չէ թուրքական կողմի համար։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ հեռախոսազրույցում հավանություն է տվել ամերիկյան գործողություններին։ Անկարան նաև ակնարկել է, որ Վաշինգտոնից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում։

Սիրիական հարցում ամերիկյան կողմին աջակցելը  Էրդողանի համար դաշնակցային պարտավորություն լինելուց բացի նաև քաղաքական հաշվարկ է. Արևմուտքից մեծ դոզայով հայտարարություններ չեն լինի ժողովրդավարության և ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու մասին։ Նկատի ունենանք ևս մեկ հանգամանք. սահմանադրական հանրաքվեն Էրդողանն անց է կացնում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին։ Հայ ժողովրդի առջև իրավական պատասխանատվությունը մղվում է հետին պլան. ավելին՝ Թուրքիայի ղեկավարը ձգտում է իր իշխանությունն ամրապնդել այն գաղափարախոսության հաղթանակով, որի միջոցով կատարել է այդ  ոճրագործությունը։  

Ժխտողականությունը ռասիստական վերաբերմունքի շարունակությունն է, ինչի մասին արդեն բարձրաձայնում են թուրքական հասարակության առաջադեմ խավերը։ Ժխտողականությունը նաև փախուստ է պատասխանատվությունից, ատելության դրսևորում մի ամբողջ ազգի հանդեպ։ Հարկ չկա բացատրելու, թե ինչ ակնկալիքներ ունի թուրքական ղեկավարությունն ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ուղերձից։ Այս փուլում Արևմուտքին աջակցելով՝ Էրդողանը փորձում է ինչ-որ կերպ  պաշտպանվել Հայոց ցեղասպանության մասին գնահատականներից և արտահայտություններից։ 

Թուրքիայի ժողովուրդը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ. հանդուրժել Էրդողանի բացարձակ իշխանությունը, կամ էլ ՙոչ՚ ասել հանրաքվեին՝ բարենպաստ հող ստեղծելով երկրի առաջընթացի համար։ Ասել է թե՝ հանրաքվեն փորձարկելու է Թուրքիայի հասարակության դիմադրողականությունը։ Տիրապետող վերնախավի անհեռատես քաղաքականությունը ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայի ապագայի ընտրության հարցում  պետք է դատապարտվի առաջին հերթին թուրք ժողովրդի կողմից։ Միայն այդպես հնարավոր կլինի կանխել իշխող վերնախավի կործանարար քաղաքականությունը։    

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ