[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ

Ապրիլի 14-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու ՄԻՊ տարեկան զեկույցը, որը շուտով կքննարկվի նաև հանրապետության խորհրդարանում:

Օմբուդսմենը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է նաև  վերջերս ԱՄՆ և Եվրոպա կատարած իր այցելությունների, ունեցած հանդիպումների և փոխադարձ պայմանավորվածությունների մասին, անդրադարձել ՄԻՊ աշխատակազմի  անելիքներին և խնդիրներին: Ըստ բանախոսի` նախորդ տարվա ընթացքում կառույցն իրականացրել է բազմակողմանի գործունեություն՝ ուղղված Արցախում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների ոլորտում իրավական մշակույթի բարձրացմանը, հանրային փոխհարաբերություններում իրավական արժեքների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Հաստատությունը շարունակում է  համագործակցել  ինչպես Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, հանրային իշխանության մարմինների, այնպես էլ արտաքին գործընկերների հետ (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն, հայկական սփյուռքի շահագրգիռ կառույցներ): Խոսելով ՄԻՊ աշխատակազմում ստացված դիմումնեի մասին` բանախոսը նշեց, որ Պաշտպանին ուղղված բողոքները ներկայացվում են գրավոր կամ բանավոր: Որպես նոր աշխատակարգ՝ այժմ դիմումատուներին հնարավորություն է ընձեռվել արձագանքել իրենց դիմումների կապակցությամբ պետական մարմինների տված պարզաբանումներին: Հաշվետու տարում աշխատակազմը 155 անձանցից ստացել է 114 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 59-ը` բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակական տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ստացվել են նաև կոլեկտիվ դիմումներ: Նախորդ տարիների համեմատությամբ դիմումների քանակական աճ գրեթե չի գրանցվել: 

Ըստ Ռ. Մելիքյանի`  ստացված դիմումներն առչնչվում են տարբեր ոլորտների: Աշխատակազմը դիմումներ է ստացել` կապված պաշտպանության ոլորտի հետ: Բողոքներ կան` կապված սոցիալական ապահովության, կրթության իրավունքի հետ: Կրթության իրավունքի իրացվածության հետ կապված բողոքները պայմանավորված են չճանաչված երկրի քաղաքացի լինելու հանգամանքով. որևէ կրթական ծրագրի մասնակցելու հետ նաև կրթության որակով պայմանավորված և այլն: Բանախոսը նշեց, որ իրենց կառույցը նման բողոքներին ամենայն լրջությամբ է վերաբերվում, քանի որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը  նպատակ ունի կոտրել այն կարծրատիպը, որ չճանաչված պետության քաղաքացին հանգամանքների բերումով կարող է ավելի խոցելի լինել մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից: Ռ. Մելիքյանը նշեց, որ քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով հաշվետու տարվա ընթացքում հրավիրվել են ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով անկախ մասնագետներ, ում մասնակցությամբ գրասենյակում կատարվել է քաղաքացիների ընդունելություն:  

Որպես գործունեության ռազմավարական ուղղություն՝ Պաշտպանն էական ուշադրություն է դարձրել հանրության իրավական մշակույթի բարձրացմանը, մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկմանը: Գործունեության այս ուղղության շրջանակներում որպես առաջնային թիրախային խումբ ընտրվել է երիտասարդությունը,  կազմակերպվել են մի շարք միջոցառումներ դպրոցականների և ուսանողների ներգրավմամբ: 

Տարվա ընթացքում Պաշտպանի գործունեության առաջնահերթություններից էր հարկադիր պահման վայրերում գտնվող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը, այդ նպատակով իրականացվել են պլանային և արտապլանային այցելություններ փակ և կիսափակ հաստատություններ: Նախորդ տարվա ընթացքում չհայտարարված այցով ՄԻՊ աշխատակիցները եղել են  Շուշիի քրեակատարողական հիմնարկում, որտեղ մի շարք  դատապարտյալների հետ առանձնազրույցի հնարավորություն է ստեղծվել: Վերջինների հարցերն արձանագրվել են, դրանց կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվել ուսումնասիրություն: Առանձին դեպքերում դատապարտյալներին տրվել են իրավական պարզաբանումներ: ՙՄենք ձգտելու ենք հանրապետության քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրը մշտապես պահել ուշադրության կենտրոնում`  իրավասության սահմաններում նպաստելով միջազգային պարտադիր և խրախուսելի չափանիշների լիարժեք ապահովմանը՚,-նշեց Ռ. Մելիքյանը:   Հաշվետու տարում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահել նաև հանրային հնչեղություն ստացած հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները:

Սոցապահովության ոլորտին առնչվող դիմումներում հիմնականում  ներկայացվել են սոցիալական նպաստների տրամադրմանն ու բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր: Ինչպես նախորդ տարիներին, հաշվետու տարում ևս  նկատվել են չարաշահումներ աշխատանքային իրավահարաբերություններում: Մարդու իրավունքների խախտումների մեծ մասի պատճառը շարունակում է մնալ գործատուի` օրենսդրության ոչ պատշաճ իմացությունը, կամ այն ըստ սեփական հայեցողության կիրառելը: Օրինակ, պետական մարմնի ղեկավարն աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել է` որպես հիմք նշելով աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը, այն դեպքում, երբ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը դեռ չէր լրացել: Մասնավոր ոլորտի հետ կապված  դիմումները հիմնականում վերաբերում էին աշխատավարձի վճարման, ամսական աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն շեմի չպահպանման, օրենքով հաստատված աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությանը վերաբերող  խնդիրներին:

Առողջության պահպանման  և բժշկական օգնության իրավունքի հետ կապված  դիմումները ստացվել են հիմնականում հարկադիր պահման վայրերում գտնվող անձանցից և զինծառայողներից:  Դատապարտյալների ներկայացրած դիմումների ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի միջամտությամբ կատարվել են նրանց առողջական վիճակի լրացուցիչ հետազոտություններ և նշանակվել համապատասխան բուժումներ: Զինծառայողների դիմումները վերաբերում էին ռազմաբժշկական հանձնաժողովներում զորակոչիկների բժշկական թերի հետազոտություններին, զինվորական ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ունեցողներին իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի ծառայության ձևերում ներգրավելուն և այլն:

Տարվա ընթացքում Պաշտպանն օգտվել է օրենքով ընձեռված հնարավորությունից` հրապարակելով արտահերթ զեկույցներ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից  մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ: Շարունակելով այդ թեման` բանախոսը կարևոր ձեռքբերումների շարքում առանձնացրեց միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի` ՙՖրիդըմ հաուս՚-ի անդրադարձն ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշում Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններին: Վերջերս այդ կազմակերպության` անցումային փուլում գտնվող պետություններին առնչվող զեկույցում անդրադարձ է կատարվել ԱՀ ՄԻՊ կողմից հրապարակված համապատասխան ելույթին տեղադրվել է նաև սկզբնաղբյուր  կայքի հղումը և այլն: 

Ասուլիսին լրագրողների հարցերը հիմնականում կապված էին Պաշտպանի տարեկան զեկույցի որոշ կետեր մանրամասնելու հետ: