[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ապրիլի 19-20-ը Ստեփանակերտում  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ ) առաքելության կողմից կազմակերպվել էր երկօրյա դասընթաց` նվիրված միջազգային մարդասիրական հիմնախնդիրներին և ԶԼՄ-ներում դրանց լուսաբանմանը:

Միջոցառման մեկնարկին ԿԽՄԿ առաքելության հաղորդակցման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը կարևորեց նման միջոցառումների դերն ու նշանակությունը հատկապես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և ընդհանրապես աշխարհի բազմաթիվ երկրներում վերջին սրացումների հետ պայմանավորված: 

Նա անդրադարձավ ԿԽՄԿ գործունեության առանձնահատկություններին` հատկանշելով, որ կազմակերպությունը չեզոք միջնորդ է հակամարտող կողմերի միջև և արդեն 25 տարի մարդասիրական հարցերի շրջանակներում շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Կյանքի կոչվող ծրագրերի մասին հանրության ավելի լայն շերտերի տեղեկացնելու տեսանկյունից բանախոսը կարևորեց ԶԼՄ-ների դերը` չմոռանալով նշել, որ վերջինները ևս պարտավոր են սեփական լուսաբանումները ներկայացնելիս հաշվի առնել ԿԽՄԿ գործունեության նրբությունները և  իրենց հրապարակումներով չվնասել կազմակերպության հետագա գործունեությանը: Նա նաև նշեց, որ  աշխարհում օրեցօր ավելի է ընդլայնվում  ռազմական առճակատումներում ներգրավված պետությունների ցանկը, և այդ պայմաններում առավել քան երբեք  հրատապ են մնում միջազգային մարդասիրական իրավունքի պատմությունը, Ժնեւյան եւ Հաագայի կոնվենցիաների դրույթներին առնչվող հիմնահարցերը: Միջոցառման ընթացքում կարևորվեց, որ, լինելով միջազգային մարդասիրական իրավունքի պահապանը, ԿԽՄԿ-ն լայնորեն քարոզում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Բացի դրանից, իր մանդատին համապատասխան, ԿԽՄԿ-ն հետեւում է նաև այդ նորմերի պահպանմանը հակամարտության կողմերի կողմից եւ կանոնավոր ու գաղտնի երկխոսության միջոցով կողմերին հիշեցնում միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ունեցած պարտականությունները:

Բանախոսը նշեց, որ համապատասխան մասնագետների խնդիրը լուծելու նպատակով ԿԽՄԿ առաքելությունը համագործակցում է  ԱրՊՀ իրավաբանական բաժնի հետ: Վերջին տարիներին մեկնարկած ծրագրերին մասնակցել է բուհի 15 ուսանող, ովքեր վերապատրաստվել են ՀՀ-ում: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց  կազմակերպության գործունեության մասին պատմող ՙԿԽՄԿ-ն  աշխարհում՚ ֆիլմը: 

Է. Մուսայելյանը վերջին տարում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեության առանձին ուղղությունների հետ կապված  մանրամասներ հաղորդեց ներկաներին: Բանախոսն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո կազմակերպության կողմից ձեռնարկված աշխատանքներին: ԿԽՄԿ առաքելությունը քառօրյա պատերազմին արձագանքել է անմիջապես` ուսումնասիրելով տեղահանված սահմանամերձ համայնքների բնակչության խնդիրները: Մարդասիրական օգնություն է կազմակերպվել երկու փուլով: Նախնական ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ տեղահանվածներն ավելի շատ կանխիկ գումարի կարիք ունեն: Այդ պատճառով անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին սահմանամերձ Թալիշ, Տոնաշեն և Մատաղիս համայնքների բնակիչներին տրամադրվել է ֆինանսական օգնություն` հոգալու առաջնահերթ կարիքները: Այնուհետև հունիս-դեկտեմբեր ամիսներին պատերազմից տուժած բնակավայրերում իրականացվել են ծրագրեր` ուղղված կորցրած ունեցվածքի վերականգնմանն ու վերանորոգմանը, եկամտի աղբյուրների վերականգնմանը, աջակցություն է տրամադրվել նաև կենցաղային կարևոր պարագաներ ձեռքբերելու նպատակով և այլն:  ՙՊասիվ պաշտպանիչ միջոցներ՚ ծրագրի շրջանակներում Մարտակերտի, Մատաղիսի, Զորավանի դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվել է արկերի բեկորներից պաշտպանող հակապայթուցիկ թաղանթ: 

Անդրադառնալով կազմակերպության ավանդական ծրագրերին` բանախոսը նշեց, որ շարունակվել են  ականի պայթյունից տուժածների, միայնակ թոշակառուների, կարիքավոր ընտանիքների եւ անհայտ կորածների ընտանիքների աջակցության ծրագրերը: ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելություններ են կազմակերպում նաև կալանավայրեր: Իրականացվել են նաև տարբեր միկրոտնտեսական ծրագրեր: 

Կազմակերպության համար առաջնահերթություն է մնում հակամարտության հետևանքով անհայտ կորածների խնդիրը: Վերջինների ճակատագիրը բացահայտելու նպատակով  կազմակերպությունն իրականացրել է ԴՆԹ նմուշների տվյալների հավաքագրում, ինչը բավական թանկ գործողություն է:

 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության աշխատակից Զառա Ամատունին ևս մասնակցում էր դասընթացներին: Նա ներկայացրեց վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ծրագրերը,  տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության փորձը: Միջազգային մարդասիրական իրավունքի բնագավառում մասնագիտացող ԱրՊՀ շրջանավարտ Լուսինե Բարխուդարյանը հանդես եկավ ՙՄՄԻ-ն (միջազգային մարդասիրական իրավունք) և լրատվամիջոցները՚ թեմայով ելույթով: Նա անդրադարձավ զինված հակամարտությունների ժամանակ լրագրողների կարգավիճակին և վարքին առնչվող հիմնահարցերին, լրագրողների համար միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված պաշտպանության խնդիրներին: 

ԼՂՀ ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքով անդրադարձավ դիրքերում աշխատող   լրագրողների անվտանգության թեմային: Վերջինիս հավաստմամբ` այսօր առաջնագծում հայտնվող յուրաքանչյուր լրագրող ապահովվում է զրահաբաճկոնով, պաշտպանիչ սաղավարտով, բժշկական օգնության պարագաներով, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ են տարվում՝  նման վայրերում աշխատելու համար անհրաժեշտ ժամանակակից գիտելիքներով նրանց  զինելու ուղղությամբ: 

Դասընթացը վարողներն անդրադարձան նաև ԿԽՄԿ մարդասիրական  գործունեության մեջ հնարավոր գաղտնիության սկզբունքին: 

Միջոցառման  երկրորդ օրը հիմնականում հագեցած կլինի մարդասիրական ծրագրերում ընդգրկվածներին այցելություններով: ԿԽՄԿ արցախյան առաքելության աշխատակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները կայցելեն Մարտակերտի և Մարտունու շրջանների տարբեր բնակավայրերում ապրող  շահառուներին:

 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ