[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 Խորհրդարան-կառավարություն հերթական հարցուպատասխանը նախատեսված էր  Ազգային ժողովի ապրիլի 20-ի լիագումար նիստի օրակարգով։ Կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդարան ներկայացան ժամը 13.00-ին։  

 Արթուր Թովմասյանի առաջին հարցն ուղղված էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանին։ Հանրապետության մայր բուհը կոչվում է պետության անունով՝ ԱրՊՀ, ինչը պատգամավորը ճիշտ չի համարում։ Նա մատնացույց արեց  Երևանի, Մոսկվայի պետական համալսարանները՝ նշելով, որ դրանք չեն կոչվում Հայաստանի կամ Ռուսաստանի պետական համալսարաններ։ Արցախի մայր բուհի անունը պետք է փոփոխության ենթարկվի հատկապես նոր սահմանադրության ընդունումից հետո, ասաց Ա. Թովմասյանը և հավելեց, որ ԱրՊՀ-ն մեր հանրապետության միակ բուհն է, որը հավատարմագրված չէ։ Անընդունելի է, երբ ուսանողներին տրվում են հավատարմագրում չունեցող բուհի դիպլոմներ։ Երկրորդ հարցն ուղղված էր արդարադատության նախարարին։ Արցախի Հանրապետությունը նույնացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչը, պատգամավորի կարծիքով, նույնպես անընդունելի է, քանի որ ՙՂարաբաղ՚ անվանումը օտարածին է։ Կառավարությունից խորհրդարան մտնող բոլոր օրենքների նախագծերի վրա պետք է գրվի ԱՀ կառավարություն։

Պատասխանելով առաջին հարցին՝ Սլավա Ասրյանը նշեց, որ ՀՀ-ում ներկա դրությամբ գործում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ևս մեկ-երկու բուհ դարձյալ պետության անունով են կոչվում։ Նախարարն այստեղ խնդիր չի տեսնում, այդուհանդերձ, այն քննարկելու պատրաստակամություն հայտնեց։ Ինչ վերաբերում է պետական հավատարմագրմանը, այս ուղղությամբ նախարարությունը քայլեր կձեռնարկի։ Հայաստանը ժամանակին ընդունեց համապատասխան կարգ, իսկ մեզ մոտ պահպանվեց նախկինը։ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո որոշ փոփոխություններ կլինեն, և առաջիկա տարիներին հարցին լուծում կտրվի։ 

Ի պատասխան երկրորդ հարցի՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասաց, որ ներկայում աշխատանքներ են ընթանում ՙԼՂՀ Ազգային ժողովի կանոնակարգ՚ օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Այդ կարգի հարցադրումները շատ են, ուստի առաջարկությունն ընդունվում է։ Գործընթացը պարզապես ժամանակ է պահանջում։

Լեռնիկ Հովհաննիսյանի հարցը վերաբերում էր Բերձորի հիվանդանոցին։ Պատգամավորը մտահոգություն հայտնեց առ այն, որ այդ օբյեկտում շինարարական աշխատանքներն ընդհատվել են։  Ո՞րն է պատճառը և ե՞րբ է նախատեսվում ավարտել հիվանդանոցի շինարարությունը։ 

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի պարզաբանմամբ՝ երրորդ տարին է, ինչ ընթացքի մեջ է  հիվանդանոցի շինարարությունը։ Նմանատիպ հիվանդանոց կառուցվել և շահագործման է հանձնվել նաև Մարտունի քաղաքում։ Բերձորում շուտով կվերսկսվեն աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա վերջին, հավաստիացրեց նախարարը։ 

Պատգամավոր Վիլեն Սաֆարյանի հարցը վերաբերում էր Նորագյուղի մանկապարտեզին, որի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել են դեռևս մի քանի տարի առաջ։ Կառուցվող մանկապարտեզի համար ապաստարան չի նախատեսվել։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին անվտանգության երաշխիքների կարևորությունը հատկապես կրթական նշանակության օբյեկտների համար։ Ինչպե՞ս պիտի լուծվի ապաստարանի հարցը, հարցրեց պատգամավորը։ Նրա երկրորդ հարցը վերաբերում էր հողային ֆոնդին, մասնավորապես, նախալեռնային հատվածների վարելահողերին. դրանք մեր ազգային հարստության բաղկացուցիչ մասն են, բայց մատնված են անուշադրության։ Հանրապետության նախալեռնային հատվածներում վարելահողերն ինտենսիվ կերպով դեգրադացվում են։ Ըստ պատգամավորի ներկայացրած հաշվարկների՝ այդ հատվածի վարելահողերը 30-32%-ով դադարել են այդպիսին լինելուց։ Գործադիր իշխանությունն ունի՞ արդյոք իրավիճակի բարելավմանն ուղղված գյուղատնտեսական ծրագիր։ 

Առաջին հարցի առնչությամբ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն իրազեկեց, որ Նորագյուղում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և կառավարության համատեղ ֆինանսավորման ծրագրով 2016 թվականին սկսվել են  մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Այնտեղ ապաստարան չի նախատեսվել, քանի որ մանկապարտեզը տեղակայված է դպրոցի շենքին կից տարածքում, իսկ դպրոցն արդեն ապահովված է ապաստարանով։ Աշխատել են խուսափել հավելյալ ֆինանսական ծախսերից։ 

Երկրորդ հարցին պատասխանեց  վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նախալեռնային հողային ֆոնդի դեգրադացիան կառավարությունն ավելի վաղ է արձանագրել։ Վարչապետի խոսքով, խնդիրն ոււսումնասիրված է, լուծումը տեսանելի կլինի հայեցակարգի ընդունումից հետո։ Անշուշտ, պետական մոտեցում է պահանջվում, լրացուցիչ խթանող գործիքների կիրառումը կնպաստի նշված հողերի մշակմանը։ Հայեցակարգը պատրաստ է, բայց որոշ հարցեր ենթակա են ուսումնասիրման։ Առաջիկա երկու-երեք ամսում այն կընդունվի, և ամեն ինչ պարզ կլինի, եզրակացրեց Ա. Հարությունյանը։ 

Ինչպիսի՞ սնունդ է այսօր տրվում դպրոցներին, որքանո՞վ են դրանք համապատասխանում ընդունված չափանիշներին։ Այս հարցերը հարուցել էին Էդուարդ Աղաբեկյանի մտահոգությունը։ Նա ամենայն վստահությամբ հայտարարեց, որ ոլորտը գտնվում է բացարձակապես բարձիթողի վիճակում։  Անտարբերություն ասելը քիչ է, ամեն ինչ հանձնված է  անհատ ձեռնարկատերերի խղճին։ Վերջիններս, որպես կանոն,  առկա  բոլոր հարցերը փորձում են լուծել դպրոցների տնօրենների հետ։ Միակ կարգավորող փաստաթուղթն ընդունվել է Առողջապահության նախարարության կողմից, որը վերաբերում էր սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը։ Պատգամավորն ավելորդ համարեց մեկնաբանել աճող սերնդի առողջության կարևորությունը, ուղղակի ասաց, որ անհրաժեշտ է համապատասխան եզրահանգումներ անել։ 

Կրթության, գիտության և սպորտի նախարարի կողմից ևս ընդգծվեց հարցի հրատապությունը։ Հայաստանում նման ծրագիր գոյություն ունի և  հիմնականում իրականացվում է դոնոր կազմակերպությունների կողմից։ Որոշ չափով ծրագիրը ֆինանսավորվում է  Ռուսաստանի Դաշնությունից, գործում են նաև միջազգային այլ ծրագրեր։ Այդ խնդիրը մեզ մոտ հնարավոր չէ միանգամից լուծել, հավելեց Ս. Ասրյանը։ Ֆինանսական միջոցների բացակայության կողքին կա նաև շենքային պայմանների խնդիր։ Դպրոցների մեծամասնությունը զուրկ է նման պայմաններից։ Քննարկումներ կլինեն. առաջին հերթին կստեղծվեն պայմանները, ձեռք կբերվեն պահանջվող միջոցները, որպեսզի հնարավոր լինի խնդրի լուծումը։ 

Հայկ Խանումյանն արծարծեց  մեր հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրման հարցը։  Առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ դիմում են օրենսդիր իշխանությանը՝ ակնկալելով պետության աջակցությունը։ Բժշկական ծառայությունների համար պահանջվող գումարը չգտնելու դեպքում մարդիկ հաճախ գրավ են դնում իրենց բնակարանը և շատ դեպքերում չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Ի վերջո, մնում են անօթևան։  Սա բավականին լուրջ սոցիալական խնդիր է, կարծում է պատգամավորը, քանի որ առողջության վերականգնմանը զուգահեռ շատ քաղաքացիներ կորցնելու են իրենց բնակարանները։ Կառավարությունը ե՞րբ է  սկսելու  ապահովագրական համակարգի ստեղծման ուղղությամբ քննարկումները։

 

Հարցին պատասխանեց Ա. Հարությունյանը։ Տարիներ առաջ ինքն է բարձրաձայնել՝ ասելով, որ առողջապահությունում ապահովագրական համակարգ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն կան խնդիրներ, որոնք ստիպում են կառավարությանը այդ խնդրի լուծումը փոքր-ինչ հետաձգել։ Առաջին՝ մեր հանրապետությունում առողջապահության համակարգն ամբողջությամբ պետական է, բացի ստոմատոլոգիայից, հետևաբար, ապահովագրական համակարգի աշխատանքի համար  մեխանիզմ չկա։ Պետությունը մի կողմից պիտի փող տա, մյուս կողմից էլ հետ վերցնի։ Համակարգը զարգացման միտում ունի այն երկրներում, որտեղ կա այլընտրանք. մարդ ինքն է որոշում, թե որտեղ է բուժելու այս կամ այն հիվանդությունը։ Սա ենթադրում է նաև մրցակցություն։ Մեր պարագայում դա նշանակում է հարկ մտցնել և փոխանցել հիվանդանոցին, ինչը մեզ մոտ արվում է։ Վարչապետին մասնավորապես մտահոգում էր բուժման նպատակով Արցախից մեկնողներին ուղեգիր տրամադրելու հարցը։ Մեր հայրենակիցները հաճախ են դիմում նման հարցերով։ 2008թ հունվարի 1-ից ծրագիր է գործում։ Վարչապետի խոսքով՝ փորձում են միջոցները տարեցտարի ավելացնել, պետական աջակցությունն առաջին հերթին նախատեսված է սիրտ-անոթային համակարգի և օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդների համար։ Բայց կան բազմաթիվ այլ հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց պետությունը չի կարողանում աջակցել։ Ա. Հարությունյանը գտնում է, որ 2018թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հարկ կլինի շեշտակի ավելացնել հանրապետության տարածքից դուրս բուժման ուղեգրման վճարները։ Դա, իրոք, մեծ խնդիր է, ներկա դրությամբ  գրավադրված բնակարանների սեփականատերերի 90%-ը առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիներ են։ Խնդիրը ենթակա է քննարկման, կարելի է մտածել վարկավորման այլ մեխանիզմների մասին։ Խոսքը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների մասին է՝ մեկ տարվա կտրվածքով։

Ռոմելա Դադայանի հարցը վերաբերում էր վարձով ապրող զինծառայողներին։ Այս հարթությունում գոյություն ունի տարբերակում. կան պետության կողմից բնակվարձը  ստացողներ և չստացողներ։ Եթե ծառայողի բնակարանը  ծառայության վայրից 30կմ հեռու է, բնակվարձ նրան տրվում է, մյուսներին՝ ոչ։ Պատգամավորի բնորոշմամբ՝ սա սոցիալական անհավասարություն է հարուցում։ Իրավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ, հարցրեց Ռ. Դադայանը։ 

Հարցին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական  հարցերի փոխնախարար Լենստոն Ղուլյանը՝ ընդգծելով, որ նախարարությունն առաջնորդվում է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ընդունված որոշումով, որն էլ բխում է ՀՀ օրենսդրությունից։ Խնդիրը կարելի է քննարկել ԱՀ ՊՆ-ի և կառավարության հետ համատեղ, քանի որ այստեղ  միասնական մոտեցում է պահանջվում։

Դավիթ Իշխանյանն անդրադարձավ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին։ Սա ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, ուղեցույց ոչ միայն այդ ոլորտի, այլև, ընդհանուր առմամբ, մեր երկրի ապագայի համար։ Պատգամավորը խնդրեց վարչապետին փոքր-ինչ հստակ ու մանրամասն ներկայացնել հայեցակարգը։

Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը պատրաստ է անցյալ տարվա դեկտեմբեր ամսից, հայտարարեց Ա. Հարությունյանը։ Կառավարությունը կարող է այն տրամադրել պատգամավորներին, բայց փաստաթղթի ընդունման ժամկետը որոշ չափով երկարաձգվել է, քանի որ կան լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցեր։ Հայեցակարգը կյանքի է կոչվելու 2018 թվականից։            

Արմեն Սարգսյանի հարցն ուղղված էր Արտաքին գործերի նախարարությանը։ Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձր պաշտոն ապահովել Փոլադ Բյուլբյուլօղլիի համար։ ԱԳՆ-ն իր հնարավորության սահմաններում ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի մշակութային արժեքներ ոչնչացնող երկրի ներկայացուցիչն այդ կառույցում պաշտոն չզբաղեցնի։ 

Արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանի իրազեկմամբ՝ վերջերս Արցախում էր ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը։  Նրա հետ զրույցում քննարկվել է նաև այդ հարցը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բնույթով մշակութային կազմակերպություն է, որտեղ գործում են այլ ընթացակարգեր, որոնց վրա Հայաստանն այնքան էլ չի կարող ազդել, ուստիև, օգտագործվում են ոչ կառավարական կազմակերպությունների և քարոզչական միջոցների հնարավորությունները։ Հատկապես վերջիններս գրեթե լիովին բացահայտել են ադրբեջանցի գործչի ողջ էությունը։ 

Վահրամ Բալայանն ուշադրություն հրավիրեց ապրիլյան պատերազմից հետո ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման վրա, համաձայն որի՝ Արցախում ծառայություն անցած ուսանողներին պետք է տրվեն արտոնություններ։ Մեր կառավարությունը չի՞ պատրաստվում նման որոշում ընդունել։

Վարչապետը տեղեկացրեց, որ ուսանողներին տրվելիք արտոնությունների հարցը մեզ մոտ շրջանառության մեջ է դրվել։ Նման որոշում կընդունվի նաև այստեղ։    

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ