[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՄԻԱԿ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐԸ ԵՎՐՈՊԱՅԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԹԵ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ

ՙԵվրոպան` հանուն Արցախի՚ ծրագրի շրջանակում երկօրյա այցով Արցախում էր Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի  կառույցի պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները, որոնք գերազանցապես երիտասարդներ էին, հանդիպումներ ունեցան  ինչպես ԱՀ  օրենսդիր և գործադիր իշխանությունների, այնպես էլ հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: 

ՙԹումո՚ կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: ՀԲԸՄ  Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի խոսքով` իրենց առաքելության նպատակն է մոտիկից ծանոթանալ Արցախի խնդիրներին, դրանք ներկայացնել դրսում և քարոզարշավ սկսել` եվրոպական կառույցներին ու  կազմակերպություններին համոզելու աջակցություն ցույց տալ Արցախին, որը կլինի ինչպես դրամական, այնպես էլ` գործընկերային ձևերով: Այցի  նպատակը և՜ ճանաչողական է (քանի որ պատվիրակության անդամների մի մասն առաջին անգամ էր  Արցախում), և՜ գործնական (քանի որ տարբեր հանդիպումների ընթացքում փորձում են առանձնացնել այն խնդիրները, որոնց շուրջ առաջիկայում կաշխատեն):  Արցախը միակ չճանաչված պետությունն է, որը Եվրոպայից աջակցություն չի ստանում (բացառությամբ մեկ-երկու դեպքերի), ու համագործակցություն չկա նրա հետ, ինչը  Նիկոլա Տավիտյանի կարծիքով շատ անարդար է:  

 Հանդիպմանը ներկա հասարակական կառույցների ու կազմակերպությունների անդամները հակիրճ ներկայացրին առաջիկա համագործակցության գերակա ուղղությունները: 

ՀԲԸՄ  բելգիական գրասենյակի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը հավելեց, որ իրենց նպատակն է տեղեկություններով հանդես գալ եվրոպական կառույցների առաջ, ովքեր ֆինանսավորում են  չճանաչված երկրների ծրագրերը, ընդ որում` շեշտը դնել ոչ միայն ֆինանսական աջակցության վրա, այլ այն բանի, որ այստեղ  չեն մուրում, այլ կա պետություն, որտեղ հասարակական ակտիվ գործունեություն է ծավալվում, և որն ակնկալում է գործնական համագործակցություն: Ցույց տալ, որ Արցախը որքան էլ չճանաչված լինի որպես քաղաքական միավոր, որքան էլ Ադրբեջանը փորձի մեկուսացնել նրան, այն աշխարհի մաս է կազմում, այնտեղ ապրող ժողովուրդն էլ իրավունք ունի օգտվել մարդու հիմնարար իրավունքներից: Եթե Եվրոպան իրեն համարում է մարդասիրական,  պետք է օգնի Արցախին` որպես չճանաչված պետության, քանի որ դա նաև իր  օրենսդրությամբ է  նախատեսված: ՙՀյուսիսային Կիպրոսը, Աբխազիան, մյուսները Եվրոպայից ստանում են այդ օգնությունը, բայց Արցախի պարագայում դա զրոյական է՚,-ասաց Շ. Մինասյանը: Եվ որպեսզի եվրոպական դրամը մտնի Արցախ ու համագործակցություն լինի, իրենց  կողմից քարոզչական մեծ աշխատանք կտարվի: 

 Պատվիրակության անդամները, որոնք ներկայացնում էին եվրոպական 12 պետություններ, նաև այն միտքն արտահայտեցին, որ, որպես հարկատուներ, իրենց գումարն ուղղում են շատ երկրներ, բայց` ոչ Արցախ, ինչը շատ վիրավորական է: ՙՄենք այստեղ ենք, որ դուք իմանաք, որ մենակ չեք, Սփյուռքը ձեզ հետ է, և ապրելով տարբեր երկրներում` մենք ձեր ձայնը կհասցնենք այնտեղ, կօգնենք` ինչով կարող ենք,  և այդ օգնությունը միայն դրամով չպիտի արտահայտվի, Եվրոպային ցույց կտանք, որ Արցախը կայացած, ժողովրդավարական արժեքներով ապրող երկիր է:  Շատ կարևոր է, որ եվրոպացիները կոնկրետ տեղեկություններ և տպավորություններ ունենան, որ Արցախում մարդիկ ապրում և արարում են, որ Արցախը միայն հակամարտության գոտի չէ՚,-այսպիսի տեսակետներ հայտնեցին  նրանք:

Երիտասարդ ՀԲԸՄ-ականների առաքելությունն այս փուլում ավելի շատ տեղեկատվություն հավաքելն է Արցախի ու նրա խնդիրների մասին, որպեսզի այդ ամենն ամփոփեն իրենց  ժողովում, Արցախին աջակցելու հայեցակարգ, համագործակցության ծրագիր մշակեն ու ներկայացնեն եվրոպական կառույցներին:

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ