Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Կոռուպցիան այնտեղ խորանում է Ադրբեջանի շնորհիվ

 Քաղաքակրթությունների բախումն ու աշխարհաքաղաքական մրցակցությունն այսօր առավելագույնս են իրենց զգացնել տալիս եվրոպական աշխարհամասում, ինչի մասին սկսել են ահազանգել Եվրամիության առանցքային պետությունները ներկայացնող պաշտոնյաները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բնորոշմամբ՝ տարածաշրջանը գտնվում է ահաբեկչական սպառնալիքի և միգրացիոն մարտահրավերների առաջ, եվրոպացիները պետք է ի վիճակի լինեն պաշտպանել իրենց սահմանները, ինչպես նաև կրեն ընդհանուր պատասխանատվություն։ Նման ահազանգ քանիցս հնչեցրել են պաշտոնական Փարիզն ու Բրյուսելը՝ իսլամական ծայրահեղականության ձեռնարկած արշավը գնահատելով որպես հարձակում ամբողջ Եվրոպայի վրա։ Միգրացիոն գործընթացների նկատմամբ լիարժեք վերահսկողության բացակայությունը մեր օրերում արժանանում է տարածաշրջանի պետությունների ազգայնական կուսակցությունների խիստ քննադատությանը։ Եվրոպայի միասնականությունը հարցականի տակ դրեց Մեծ Բրիտանիայում անցկացված Բրեքսիտը։ Այդ հզոր պետությունը քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին։ Բրեքսիտի քաղաքական գնահատականն էլ հնչեց այսպես. դա բազմերանգ Եվրոպայի և պահպանողական Բրիտանիայի միջև խորացող կտրվածության արտահայտությունն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ ապրիլի 27-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ մասնատված Եվրոպան կնպաստի անվտանգության ոլորտում իրավիճակի ապակայունացմանը։ 

Ահաբեկչություններից ու միգրացիոն ճգնաժամից զատ գոյություն ունի մեկ այլ մարտահրավեր, որի մասին եվրոպացիները, համենայն դեպս, մինչև վերջին ժամանակները հավուր պատշաճի չէին արտահայտվում։ Խոսքը եվրոպական հեղինակավոր կառույցում՝ ԵԽԽՎ-ում արմատավորված կոռուպցիայի մասին է, որի դեմ պայքարը դիտարկվում է՝ որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր բաղադրիչ: Անգամ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը չի թաքցրել իր մտահոգությունը. եվրոպական ժողովրդավարությանն սպառնացող ամենամեծ վտանգը կոռուպցիան է, ասել է նա` ս.թ. հունվարին հանդես գալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ գնալով ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց հավատն իրավունքի գերակայության նկատմամբ, Եվրոպայի խորհուրդը պետք է գործի անհապաղ։ Նա այնուհետև կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի՝ GRECO-ի  գործունեությունը՝ կոչ անելով անդամ պետություններին լուրջ վերաբերվել ԵԽ-ի մշտադիտարկվող մարմինների առաջարկություններին։ 

Թ. Յագլանդի ելույթը հնչել է այն ժամանակ, երբ քննարկության էր դրվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից կաշառվածության հարցը։ Ներկայացնելով Եվրոպայի ապագայի վերաբերյալ իր տեսլականը՝ Յագլանդն առաջնահերթ խնդիր է համարել կոռուպցիայի դեմ պայքարը, ապա կարևորել է դատական բարեփոխումների անցկացման հարցում ազգային կառավարություններին աջակցելը,  լրատվամիջոցների ազատության պաշտպանությունը, անհանդուրժողականության և մարդատյացության դեմ պայքարը։ 

 Տարածաշրջանի ապագայով մտահոգ պաշտոնյաները, ըստ երևույթին, փորձում են ուրվագծել ինչ-որ չափով անվտանգ Եվրոպայի տեսլականը։ Պատահական չէ, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումները տեղափոխվեցին գարնանային նստաշրջան, որը մեկնարկեց ապրիլի 24-ին, աննախադեպ լարվածության պայմաններում։ Լարվածության հիմնական պատճառը Արևմուտք-Ռուսաստան  աշխարհաքաղաքական մրցակցությունն էր։ Ոչ պակաս կարևոր էր կառույցում հետզհետե խորացող կոռուպցիան։ Հերթական սկանդալի կենտրոնում հայտնվեց ԵԽԽՎ նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը։ Անցած ամսին նա Մոսկվայից մեկնել էր Սիրիա, այցելել ռուսական ռազմաբազա, այնուհետև հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա մեկնել էր  ռուսաստանցի պատգամավորների ուղեկցությամբ։ Վեհաժողովի նախագահի հասցեին հնչել են կոշտ քննադատական ելույթներ։ ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են նրա հրաժարականը՝ պնդելով, որ եվրոպական կառույցի ղեկավարը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում, հետևաբար, պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվի։ 

Իսպանացի քաղաքական գործչի վարքագծի մասին հայ հանրությունը բավականաչափ տեղեկացված է։ Պ. Ագրամունտն Ադրբեջանի վաղեմի բարեկամներից է, ՙփոխգործակցությունն՚ սկսվել է այն ժամանակ, երբ նրան նշանակեցին այդ երկրի՝ մարդու իրավունքների հարցերով համազեկուցող։ Նա կաշառվեց ադրբեջանական իշխանությունների կողմից և  ԵԽԽՎ-ում ներկայացրեց իրականությանը չհամապատասխանող զեկույց։ Նրան մեղադրեցին Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու մեջ։ Ագրամունտը ալիևյան կլանից ստացել էր կաշառք ու թանկարժեք նվերներ։ Այս իրողությունը հարուցել էր նաև ադրբեջանցի իրավապաշտպանների դժգոհությունը։  

Ծախու քաղաքական գործչի շուրջ հասունացող սկանդալին անդրադարձել են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։ Contact. az-ի փոխանցմամբ՝ 2013թ. հունվարին ԵԽԽՎ-ի որոշ անդամներ գնվել են ադրբեջանական կառավարության կողմից, որպեսզի դեմ քվեարկեն Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցին։  Հենց նա էր երկար ժամանակ արգելափակել խավիարային սկանդալի հետաքննությանը։ Երևում է, ԵԽԽՎ-ն իր մեջ ուժ է  գտնում մաքրվելու կոռուպցիայից և անառողջ լոբբիզմից։ Կայքը վկայակոչել է նաև գերմանական ոչ կառավարական՝ ՙԿայունության եվրոպական նախաձեռնություն՚ կազմակերպության տեղեկատվությունը, ըստ որի՝ Ագրամունտը հետևողականորեն պաշտպանել է Բաքվի վարչակարգն Ադրբեջանում անցկացված ընտրությունների ժամանակ։

Տեղեկատվական աղբյուրների իրազեկմամբ՝ կառույցում հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում՝ կստեղծվի 3 անդամից բաղկացած արտաքին, անկախ հետաքննող հանձնաժողով, որը վեհաժողովին եզրակացություն կներկայացնի ԵԽԽՎ-ում արձանագրված կոռուպցիայի աղմկահարույց  փաստերի վերաբերյալ։ Գարնանային  նստաշրջանի կարևոր նորություններից մեկը վերաբերում էր Թուրքիային. ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում կայացվեց նրան վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը՝ կապված ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Ոոշման կայացման գործում իր դերակատարությունն է ունեցել նաև ԵԽԽՎ-ում ներկայացված հայաստանյան պատվիրակությունը։ 

Ինչպես տեսնում ենք, եվրոպական ամենահին կառույցի պատվի և հեղինակության խնդիրն առավել քան հրատապ է. հանդուրժե՞լ Ագրամունտի էությունն ունեցող գործիչների գոյությունը, ինչպե՞ս է նման մարդը հայտնվել նախագահի պաշտոնում։ Վեհաժողովում տեղ զբաղեցնող անսկզբունքային, անվճռական ու վտանգավոր մարդիկ հարվածի տակ են դնում նախևառաջ իրենց պետությունների հեղինակությունը։ 

Ինչ խոսք, այս աղմկահարույց պատմության առանցքում Ագրամունտի՝ Սիրիա կատարած այցելությունն էր, որը դարձավ նրա հանդեպ  ընդգծված անվստահության գլխավոր պատճառը։ Համաշխարհային ուժային կենտրոնների կատաղի մրցակցության պարագայում ԵԽԽՎ-ի նախագահի քաղաքական սխալ հաշվարկը նրան պաշտոնանկ անելու լրջագույն փաստարկ է։ Այդուհանդերձ, եվրոպական հանրությանը սթափեցնող հանգամանք է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հրամայականը, ինչի մասին խոսել է ԵԽ գլխավոր քարտուղար  Թ. Յագլանդը։ 

Ամեն դեպքում, եթե ոչ տրամադրության էական փոփոխություն, ապա գոնե իրավիճակը սթափ գնահատելու միտում է նկատվում եվրոպական պաշտոնյաների մոտ, ովքեր սկսել են գիտակցել, որ ԵԽ-ին անդամակցող պետություններում հակաժողովրդավարական գործընթացներն ու կոռուպցիան քննադատելուց առաջ հարկ է առաջին հերթին մատնացույց անել սեփական  խնդիրները։ Տարածաշրջանին սպառնացող վտանգը գալիս է ոչ միայն ԻԼԻՊ-ից ու նրան հովանավորող Թուրքիայից, այլև  Ադրբեջան բռնապետությունից, որին տարիներ շարունակ հաջողվել է կաշառել եվրոպացի գործիչներին՝ քողարկելու տիրապետող ահաբեկչական վարչակարգի բնույթը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ