ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՆՎԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Այս օրերին դարձյալ Արցախում է Հոլանդիայի միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, Բելգիայում  Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների հայտնի մասնագետ Փոլ Միրցը:

Նա  ապրիլի 27-ին  Արցախի պետական համալսարանի ապագա քաղաքագետների և միջազգային իրավունքի բաժնի ուսանողների առջև հանդես է եկել ՙՄիջազգային բանակցային գործընթացը՚ թեմայով դասախոսությամբ, կազմակերպել թեմային առնչվող գործնական առաջադրանքներով պարապմունքներ: Աշխարհի ավելի քան 19 երկրների բուհերում դասախոսություններով հանդես եկող դիվանագետը հայտնի է միջազգային իրավունքի մասին բազմաթիվ արժեքավոր աշխատություններով: Նա մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ է, կովկասյան տարածաշրջանի իրավիճակին գիտակ քաղաքագետ:  Բանախոսն իր դասախոսության սկզբում հատկանշել է, որ, երկար տարիներ շփվելով կովկասյան պետությունների դիվանագետների հետ, եկել է այն համոզման, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ամենակարևոր պայմանը երկխոսությունն է տարածքային խնդիրներ ունեցող կողմերի միջև: Ըստ բանախոսի` բանակցային գործընթացում խիստ վճռորոշ է դա սկսելու հարմար պահն զգալու և այն օգտագործելու կարողությունը: Վկայակոչելով միջազգային փորձը` դասախոսը համոզմունք է հայտնել, որ բանակցություններ սկսելու ճիշտ ժամանակն ամենաբարդ ու վիճահարույց խնդիրները քննարկելուն կողմերի պատրաստ լինելն է, սակայն եթե հակամարտության կողմերից մեկը որպես այլընտրանք է դիտարկում մարտական գործողությունների վերսկսումը, ապա միջազգային հանրությունը պետք է հանդես գա այդ մտադրությունը կասեցնողի դերում` ընդգծել է Փ. Միրցը: Պետք է  բանակցել  հակառակորդի հետ, հակառակ դեպքում գործընթացն անհնարին կլինի: Որպես բանակցող` պետք է կարողանալ հակառակորդի իրավիճակում դնել քեզ, կարողանալ լսել նրան, ինչը շատ դժվար է` գտնում է նա: Այս առումով բանախոսը խորհուրդ տվեց ուսումնասիրել Եվրամիության ստեղծման պատմությունը: Դիվանագետը օրինակներ է բերել նաև աշխարհի շատ պետությունների բանակցային փորձից` անդրադառնալով իսրայելա¬պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացին, որը համարվում է աշխարհի ամենաերկարատև հակամարտություններից մեկը: Ըստ բանախոսի`  մինչև կողմերը պատրաստակամություն չհայտնեն դադարեցնել բռնությունը, պատերազմական հռետորաբանությունը, չցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխզիջումների գնալ, ոչ մի միջազգային դերակատար այդ գործընթացում չի կարողանա առաջընթաց արձանագրել:

 Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում միջազգային իրավունքի հայտնի մասնագետը նշել է, որ ինքն Արցախում է  հանրապետության արտգործնախարարության հրավերով, իսկ ԱրՊՀ ուսանողների հետ կազմակերպվող երկօրյա միջոցառումների նպատակը գործնական պարապմունքների միջոցով ապագա քաղաքագետներին և միջազգային իրավունքի մասնագետներին միջազգային բանակցային փորձի նրբություններին  ծանոթացնելն է, նրանց մոտ բանակցություններ վարելու հմտություններ զարգացնելը: Առաջադրանքներից մեկի ընթացքում երկու թիմի բաժանված ուսանողները պարտավոր էին բանակցություններ վարել իրար հետ:

 ՙՄենք բանակցային վարժանքներ ենք անցկացնում ուսանողների հետ: Նախօրոք նրանց  տրամադրվել է բանակցությունների վերաբերյալ ուղեցույց, որի  օգնությամբ ուսանողները պետք է կարողանան գտնել և օգտագործել բանակցություն վարելու բոլոր հնարավոր  միջոցները: Փ. Միրցն ընդգծել է, որ ընտրված թեման խիստ արդիական է, քանի որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացը ներկայում փակուղային փուլում է հայտնվել: Նրա դիտարկմամբ` այսօրվա Ադրբեջանում վարչակարգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Այդ դեպքում միայն հնարավոր կարող է դառնալ Արցախի անկախության ընդունումն Ադրբեջանի կողմից, ինչը խիստ կարևոր հանգամանք է հակամարտության կարգավորման գործընթացից դրական արդյունք ակնկալելու առումով: Բայց անգամ գոյություն ունեցող պայմաններում եթե արցախցիները ցանկություն ունեն բանակցել ադրբեջանական կողմի հետ, ապա պետք է գործել` համոզված է քաղաքագետը:  Նա  այն համոզմունքն է հայտնել, որ նաև Արցախի Հանրապետության պարագայում ամեն ինչ չէ, որ ենթակա է բանակցության, ու նաև` ամեն ինչ չէ, որ հիմա է ենթակա բանակցության:  Ըստ Փ. Միրցի` միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկում Ադրբեջանին սաստելու եւ բանակցային գործընթացի սեղանին նստեցնելու առումով: ՙԱյսօր Ալիևյան կլանի հետ բանակցություններ վարելը գրեթե անհնարին է դարձել, և մենք  պետք է փորձենք  բանակցել` ապագայում` անգամ փոքր արդյունք ամրագրելու համար: Ամեն դեպքում, բանակցել փորձելը շատ ավելի լավ է, քան միմյանց սպանելը՚,- ասել է նա:  Դասախոսը նաև ընդգծել է, որ կազմակերպված սեմինարների  նպատակը միայն հակառակորդի հետ բանակցելու ունակություններ զարգացնելը չէ, ապագա դիվանագետները պետք է կարողանան  ուժեղ և գրագետ բանակցողներ լինել նաև բարեկամ երկրների` մասնավորապես, ՌԴ-ի կամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ևս դժվար գործընթաց է և պահանջում է մասնագիտական բարձր գիտելիքներ: 

Փ. Միրցի համոզմամբ` արցախցիները կարող են լավ բանակցողներ լինել, քանի որ նրանք բազմաթիվ անգամ ապացուցել են, որ հանուն հակամարտության խաղաղ կարգավորման կարողանում են կառավարել հույզերն ու զգացմունքները: Դիվանագետն այն համոզմունքին է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում դեռ տևական ժամանակ անհնարին կլինի ընդհանուր հայտարարի գալ, քանի դեռ բանակցություննեի սեղանի շուրջ չեն հայտնվել բոլոր պետությունները` անկախ միջազգային կարգավիճակից: Այստեղ, միջազգային իրավունքի պրոֆեսորի կարծիքով, կարելի է կիրառել Արաբական Միացյալ Էմիրությունների բանակցային փորձը:

Փ. Միրցն Ադրբեջանի տխրահռչակ ՙսև ցուցակում՚ հայտնվել է մեկ տարի առաջ, սակայն դրա հետ կապված որևէ անհարմարություն չի զգում. ՙՆախքան Արցախ այցելելը, ես յոթ անգամ եղել եմ Ադրբեջանում, կարծում եմ, որ այստեղ գալն արդեն  ուղղակի անհրաժեշտություն էր դարձել: Մեր հանդիպումները դեռ կշարունակվեն՚,-ասել է նա: