[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

 

 

 

Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են ստացել: Այս անգամ նրա հետ էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՙՀամաձայնություն՚ քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

 

 ՙՀՀ արտաքին քաղաքականությունը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների ենթատեքստում՚ թեմայով դասախոսության սկզբում Շ. Քոչարյանը նշեց, որ աշխարհում շատ արագ տեղի ունեցող փոփոխությունները պարունակում են և՜ վտանգներ, և՜ նոր հնարավորություններ: Բանախոսն անդրադարձավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, որի ալիքը հասավ նաև մեր տարածաշրջան և չի բացառվում, որ մոտ ապագայում այն կրկնություն կունենա: Ըստ Շ. Քոչարյանի` նույնիսկ Արևմուտքում այսօր հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչը վկայությունն է  Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը, Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը ԱՄՆ նախագահի ընտրություններում, Ֆրանսիայում ընթացող ընտրական գործընթացի աննախադեպ բնույթը և այլն: Դիվանագետն անդրադարձել է նաև  աշխարհում նկատվող դեմոգրաֆիկ կտրուկ փոփոխություններին, որոնց հետևանքներից մեկն աղքատ երկրներից դեպի առավել բարվոք երկրներ համաշխարհային միգրացիան է: ՙԿա մի հանգամանք, որը չափազանց կարևոր է և գտնվում է ցանկացած արտաքին քաղաքականության հիմքում. դա ժողովրդագրությունն է: Մոլորակային մասշտաբով տեղի ունեցող փոփոխություններն էականորեն ազդելու են քաղաքականությունների վրա: Այս իմաստով Հայաստանը լուրջ խնդիր ունի, իսկ Արցախում, որքան գիտեմ,  իրավիճակն ավելի հուսադրող է՚,- նշել է բանախոսը: Նա նաև կանգ առավ  վերջին հարյուրամյակի ընթացքում Թուրքիայի  ժողովրդագրական աճ ապահովող քաղաքականության  նորանոր հնարքներին: Ըստ բանախոսի` Թուրքիայի վերջին հանրաքվեն դարձավ այդ պետության՝ դեպի Եվրոպա ճանապարհին ամենամեծ և անանցանելի խոչընդոտը, ինչը ևս խնդիր է հայության համար, որովհետև մենք իրականում կցանկանայինք, որ այդ պետությունը հետ  կանգնի արևելյան բռնապետություն դառնալու իր ընտրած ուղուց և ոչ ձևականորեն համարվի եվրոպական արժեքներ դավանող երկիր:

Քաղաքակրթությունների հարաբերության երկու մոդելների մասին խոսելիս բանախոսը նկատեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` վերջին տարիներին քաղաքակրթությունների բախման և երկխոսության միջև սահմանը գրեթե անտեսանելի է դարձել:  Շ. Քոչարյանը խոսեց նաև ՌԴ-ի և Արևմուտքի միջև առկա լարվածության մասին, ինչի բացասական հետևանքներն զգում են ոչ միայն Ռուսաստանը, այլև բոլոր այն պետությունները, որոնք այս կամ այն առումով տնտեսական կապեր ունեն այդ երկրի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ Շ. Քոչարյանն  ասաց,  որ ներկայում Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանը դարձել է և՜ երկու ռազմական դաշինքի (ՆԱՏՕ-ՀԱՊԿ), և՜ տարբեր տնտեսական բլոկների սահման, ինչը չի նշանակում, որ երկու հարևան երկրների հարաբերությունները գնալով կվատանան: Երկու պետություններն էլ գիտակցում են, որ այդ հանգամանքը պետք է օգտագործվի ի շահ երկու ժողովուրդների: 

Դավիթ Շահնազարյանը ևս իր խոսքում անդրադարձավ  աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին` շեշտելով, որ Եվրոպան բարոյական ու քաղաքական բավականին խոր ճգնաժամ է ապրում: ՙԱյսօրվա Եվրոպայում բարոյական հեղինակություններ, լուրջ և ազդեցիկ քաղաքական գործիչներ գրեթե չկան,- ասաց նա:- Լիբերալ դեմոկրատիան այսօր  ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կլինի այս իրավիճակում: Եվրոպացիները հասկանում են, որ սեփական  անվտանգության մասին իրենք պետք է մտածեն, առայժմ գործողություններ չենք տեսնում, առանձին երկրներում արդեն իսկ հայտարարություններ կան այն մասին, թե ինչ կլինի անվտանգության համակարգերի հետ:  Եվրոպայի անվտանգության խնդիրների պատասխանատվությունն այսօր իր վրա է վերցրել Գերմանիան: Կկարողանա՞ Գերմանիան իրականացնել դա, մեծ հարց է՚: ՄահմեդակաՆ երկրներից ժամանածները շարունակում են իրենց արժեքային համակարգը գործող կառույցների վերածել` առաջ բերելով անվերջանալի բախումներ: 

Բանախոսն այն համոզմունքին է, որ առաջիկա տասնամյակի ընթացքում մարդկության վրա ամենամեծ ազդեցությունը կարող են ունենալ նոր տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրները: Նավթ արտադրող երկրները շատ շուտով դադարելու են աշխարհաքաղաքականություն թելադրողի դիրքերից խոսել, ինչը ևս նպաստելու է, որպեսզի աշխարհը փոխվի դրական ուղղությամբ: ՙԵս դեռևս երկու տասնամյակ առաջ եմ ասել, որ մեր երջանկությունն է, որ մենք նավթ չունեցող երկիր ենք: Որովհետև որևէ նավթային երկիր  երբևէ ժողովրդավարական զարգացող պետություն չի դարձել: Ադրբեջանի այսօրվա տնտեսական շատ սուր խնդիրները կապված են նավթի և գազի արդյունահանման և արտահանման անկման հետ: Նրանց ամենախոր ճգնաժամը դեռ առջևում  է՚,- համոզված է բանախոսը: Լինելով ՀԱՊԿ անդամ` այսօր ՀՀ-ն խնդիրներ ունի այդ կառույցի անդամ երկրների հետ: Դ. Շահնազարյանը  նաև կարևոր անելիք համարեց Ուկրաինայի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը` շեշտելով, որ ստեղծված աշխարհաքաղաքական  պայմաններում Հայաստանը պետք է կարողանա ճիշտ մանևրել: Այս առումով նա  կարևորեց Իրանի արտգործնախարարի վերջին բանակցությունները Մոսկվայում և Թբիլիսիում` կապված Կասպից և Սև ծովերն իրար հետ կապող միջանցքի հետ: Հայաստանը պետք է կարողանա  դառնալ կարևոր խաղացող այս ծրագրում՝ համոզված է   Դ. Շահնազարյանը։

Բանախոսն իր գնահատականները հնչեցրեց նաև` կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի հետ: ՙԿարգավիճակ` տարածքների դիմաց՚ բանաձեւը կարող է ընդունելի լինել, եթե միայն գործի ՙսկզբում կարգավիճակ, հետո` տարածքներ՚ սկզբունքը` համոզմունք  հայտնեց նա:  Ըստ Դ. Շահնազարյանի`  այսօր բոլորն ականատեսն են ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի Ադրբեջանի հստակ քաղաքականության: Այդ պետությունն այժմ էլ իրեն հատուկ խորամանկությամբ գործի է դրել, այսպես կոչված, ՙԽաղաղարար Ադրբեջան՚ ծրագիրը: ՙՈչ միայն մենք, այլև կարգավորմամբ զբաղվող խումբը պետք է հասկանա, որ Ալիեւն ունակ չէ որևէ խաղաղասիրական ծրագիր առաջարկելու, նա միայն պայմանավորվածություններ դրժող է՚,-ասաց նա:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ