[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԵՐԵՔՈՎ ԶՐՈՒՑԵՑԻՆ, ԻՍԿ ՀԵՏՈ՞…

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների  ղեկավարների հանդիպման որոշ արդյունքների մասին

 Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ  Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի  հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը հընթացս թեժանում էր։ Բաքուն հանդես եկավ Երևանի հասցեին կտրուկ քննադատությամբ՝ կասկածի տակ դնելով լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու իր դաշնակցի ցանկությունը։ Դա փոքր-ինչ տարօրինակ էր թվում, քանի որ նախօրեին Մամեդյարովը հայտարարել էր, որ ՙՄոսկվայում իր ռուս և հայ գործընկերների հետ հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում կայացած կառուցողական բանակցությունների շարունակությունը՚։ Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում արդեն մայիսի 16-ին տեղի ունեցան Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Ապա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպեցին Ռուսաստանի իրենց պաշտոնակցի` Վլադիմիր Պուտինի հետ։ Արդյունքում գրեթե պաշտոնական մակարդակով ի հայտ եկան հաղորդագրություններ, որոնցում հաստատվում էր, որ ՙկողմերը պայմանավորվեցին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված շփման գծի շրջանում իրավիճակի մոնիտորինգին, այդ թվում ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև հայտարարեցին կարգավորման մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին՚։  Ավելի ուշ պարզվեց, որ Բաքուն իր ստորագրությունը չդրեց ո՜չ վիեննյան, ո՜չ սանկտպետերբուրգյան համաձայնությունների տակ։ Եթե այդպես է, ապա Սանկտ Պետերբուրգում անցած բանակցությունների ի՞նչ ՙկառուցողականության՚ մասին է խոսում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ 

Այստեղից կարելի է երկու եզրահանգում անել։ Նախ՝ Բաքուն նենգափոխում է իրադարձությունները։ Երկրորդ՝ սանկտպետերբուրգյան բանակցային գործընթացի տակ նկատի են ունենում ինչ-որ այլ՝ թղթի վրա չարձանագրված, բայց բանավոր բանակցությունների մակարդակով գոյություն ունեցող մի բան։ Իր հերթին Լավրովը, խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, հայտարարել է, որ ՙմիջնորդների ջանքերի շնորհիվ Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է նշանակալիորեն մերձեցնել դիրքորոշումները բազմաթիվ վիճելի հարցերի շուրջ՚, բայց ՙմնում են մի քանի հարցեր, որոնց շուրջ դեռևս չի հաջողվել համաձայնության գալ՚։ Բացի այդ, նշվում է, որ ՙԲաքվի և Երևանի միջև պահպանվում են տարաձայնություններ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի հաջորդականության վերաբերյալ՚։ Այստեղ էլ ինտրիգի պակաս չկար։ Ելույթ ունենալով 2016թ. արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսին, Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը, ուշադրություն դարձնելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ձգձգման և հակամարտության գոտում դիտորդների քանակի ավելացումից հրաժարվելու վրա, խոչընդոտներից մեկն անվանեց ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումը, այլ ՙԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներսում կոնսենսուսի բացակայությունը՚։ 

Ըստ էության, դա նոր իրավիճակ է ստեղծում ողջ բանակցային գործընթացում։ Վերջապես, բանակցությունների համար Մոսկվա մեկնելով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ռուսաստանյան Report բյուրոյին տված բացառիկ մեկնաբանության մեջ հայտարարել է, որ, առաջինը՝ Մոսկվայում հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Մոսկվային, երկրորդ՝ Բաքուն ՙՂարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերելու՚ պատրաստակամություն է սպասում, երրորդ՝ Մամեդյարովը հատուկ է ընդգծել, որ ՙմամուլի համար Մոսկվայի հանդիպման փակ լինելը Ռուսաստանի ԱԳՆ-ի արձանագրային ծառայության պահանջն է՚, թեև, եթե ՙհանդիպումն անցնում է փակ դռների հետևում, դա ինքնին խոսում է այն մասին, որ ինչ-որ հետաքրքիր բան է սպասվում՚։ Ընդ որում, նա բոլորին կոչ է արել սպասել բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությանը։ Սակայն նման հայտարարություն չի հետևել։ 

Ռուսաստանի ԱԳՆ կայքում հայտնվել է միայն ԶԼՄ-ների համար հաղորդագրություն, որը ստորև կներկայացնենք լրիվությամբ, քանի որ այն փոքր-ինչ լույս է սփռում իրավիճակի վրա. ՙԱպրիլի 28-ին Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ս.Վ. Լավրովի, Էլ. Մ. Մամեդյարովի և Էդ. Ա. Նալբանդյանի  աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը շարունակվել են լեռնայինղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու հեռանկարների շուրջ քննարկումները։ Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին տեղի ունեցած գագաթնաժողովներին ձեռքբերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ Լավրովին՝ լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման օժանդակմանն ուղղված  ջանքերի համար։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքներով տեղի է ունեցել նրանց հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի հետ, որի ընթացքում կայացել է մտքերի փոխանակում լեռնայինղարաբաղյան կարգավորման հարցերի շուրջ՚։ Սրանից հետևում է, որ պաշտոնական մակարդակով հակամարտող կողմերը բանակցություններում դրական տեղաշարժեր չեն արձանագրել, յուրաքանչյուրն իր կարծիքին մնաց։  Շարունակում է ուժի մեջ մնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանաձևը, որն ամենից առաջ նախատեսում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում և ԵԱՀԿ դիտորդների քանակի ընդլայնում։ Կարևորն այն է, որ դիվանագետները ձգտում են քանդել ՙղարաբաղյան թնջուկը՚, բանակցություններ են վարում։ Ինչ արած, դա էլ ուրախալի է, միայն թե ավելի քիչ կրակեն։ 

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

REGNUM 

տեղեկատվական  գործակալություն