[ARM]     [RUS]     [ENG]

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել ձեռք բերված համաձայնությունները. Նալբանդյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում

Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նիկոսիայում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստի իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Նա ոջունելի է համարել, որ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության իրավիճակի» մասին իր տարեկան զեկույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել պոպուլիզմին, ինչը հատկապես վտանգավոր է, երբ զուգորդվում է պետության կողմից սատարվող ատելության քարոզով եւ այլատյացությամբ:

«Ազատ մամուլը, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ են` հաղթահարելու այս երեւույթը: Ավելին, «օրենքի գերակայություն» եզրը իրենից ներկայացնում է կոնցեպտ, որը տրամագծորեն հակադրվում է «ուժի գերակայությանը» կամ «ուժի կիրառմանը»:

Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք կիսելու գլխավոր քարտուղարի մեկ այլ տեսակետ` «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջեւ չեն կանգնում։

Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը. «Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում:

Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միջազգային հանրության հետեւողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը։

Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների եւ անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը»,-իր խոսքն է ամփոփել Էդվարդ Նալբանդյանը: