[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՏԻՊԵԼ ԲԱՔՎԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՆՉ-ՈՐ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐԻՑ՚

Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ ԳԱԼՍՏՅԱՆԸ (Ռուսաստան) մեզ հետ զրույցում, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական, Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունը, ասաց, որ դրա պատճառները մի քանիսն էին։

 ՙԱռաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի հիմնական անդամները երկար ժամանակ համոզում էին Բաքվին, որ կարիք չկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար ջանքեր գործադրել, բայց Բաքուն արհամարհեց Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի տեսակետները։ Այս հայտարարությունը որոշակիորեն պատասխան ազդանշան էր, որովհետև իրականում ՄԽ մշտական ներկայացուցիչներից ոչ ոք չէր ցանկանում այդ մարմնի փակումը Երևանում։ Այսինքն՝ ստացվում է, որ կողմերից մեկի կամքը պարտադրվեց Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը՚,- պարզաբանեց Ա. Գալստյանը։

Երկրորդ պատճառը վերլուծաբանը համարում է այն փաստը, որ ընդհանուր բնույթի հայտարարություններ անելն արդեն բարդ է, քանի որ, ըստ Գալստյանի՝ շատ բաներ ավելի ակնհայտ են դարձել, և չի կարելի ամեն անգամ երկու կողմին էլ կոչով դիմել։

ՙՀիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է՝ ով է սկսում ագրեսիան, ով է կրակում և ով է պատասխանում։ Բացի այդ, պարզ է, որ նման հայտարարությունները կարող են բերել հերթական ապրիլին, և արդեն ստիպված կլինեն ավելի ծանր հետևանքներ կրել։ Երևի, այնտեղ հասկացել են, որ հիմա ավելի հեշտ է միակողմանի հայտարարություններ անել, թե՝ մենք գիտենք, որ մեղավորը դուք եք, և կանխել ավելի մեծ կոնֆլիկտը, քան անել, այսպես ասած՝ խաղաղարար հայտարարություններ, իսկ հետո ձևացնել, թե ոչինչ չի եղել, և փորձել հանգցնել այդ հրդեհը։

Այս հայտարարություններով փորձում են ստիպել Բաքվին հրաժարվել ինչ-որ լուրջ քայլերից՝ ցույց տալով, որ իրենք հասկանում են, թե ով է առաջինը սկսում։ Այս պաշտոնական հայտարարությունը կոնֆլիկտի կարգավորման և Ադրբեջանին կանխելու նոր քայլ է։ Մինսկի խումբն ակտիվ կերպով փորձում է կանխել Ադրբեջանին՝ հասկանալով, որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը կայուն  չէ, ու դրանից ելնելով՝ Ադրբեջանը կարող է լուրջ քայլեր ձեռնարկել՝ կոնֆլիկտի էսկալացիայի ուղղությամբ՚,- ասաց Արեգ Գալստյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նույնանման հայտարարությանը, ապա վերլուծաբանը դա ևս նույն լոգիկայի մաս է համարում. ՙՆաև Ռուսաստանում են սկսում հասկանալ, որ, եթե շարունակվի նույն դիրքորոշումը, թե՝ մենք չգիտենք՝ ով է սկսել, մենք կողմերին կոչ ենք անում, դա կբերի հերթական էսկալացիային, դա կարող է արձակել Ադրբեջանի ձեռքերը։ Իսկ հաշվի առնելով այն, որ այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն զինել է Ադրբեջանին, նա այստեղ որոշակի բարոյական պատասխանատվություն է կրում։ Եվ այստեղ էլ այդ գործողություններն ուղղված են նրան, որ Ադրբեջանը հասկանա՝ Ռուսաստանը չի ցանկանում կոնֆլիկտի էսկալացիա, Ռուսաստանը դեռ ցանկանում է, որ մնա ստատուս-քվոն, և որ շփման գծում լուրջ պրովոկացիաներ չլինեն՚։

Հետևաբար, ըստ մեր զրուցակցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի խնդրի  կարգավորման հարցում հիմնական դերակատարությունը Մոսկվայինն է, բնական է, որ նրա վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված, քան եվրոպացիների և ամերիկացիների.

ՙՌուսաստանը  տարածաշրջանային  հիմնական խաղացողն է և կոնֆլիկտի կարգավորման հիմնական միջնորդը, դրա համար էլ այս հստակ հետևողական հայտարարությունը, որ զինադադարի ռեժիմը խախտում է Ադրբեջանը, այլ ոչ թե՝ կողմերը, ուղղված են նրան, որ Բաքվին կոնկրետ ազդանշան հասցնեն՝ կա կարմիր գիծ, որն անցնել չի կարելի, և որ իրենք արդեն այդ մասին գիտեն։ Այսինքն՝ սա ինչ-որ իմաստով փոխում է նաև բանակցային գործընթացի դիսկուրսը, որովհետև հիմա թե՜ ԵԱՀԿ ՄԽ-ի, թե՜ Մոսկվայի համար արդեն հստակ է, թե ով է հետաքրքրված զինադադարի ռեժիմի խախտմամբ՚։

Անդրադառնալով Էրդողանի թիկնապահների և Ամերիկայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Ա. Գալստյանն ասաց, որ դա նորություն չէր. ՙ2006թ. նմանատիպ միջադեպ եղավ, երբ Թուրքիայի արտգործնախարարի թիկնապահներն ու թուրք քաղաքացիները ճնշեցին հայերի բողոքի ակցիան։ Դրան պետք է կոշտ պատասխան տալ։ Առաջին հերթին՝ հարկավոր է ԱՄՆ Կոնգրեսի առաջ բարձրացնել այն հարցը, որ այլ երկրի ներկայացուցիչները ձեռք են բարձրացրել ԱՄՆ քաղաքացիների վրա։ Սխալ է այն, որ ասում են, թե թուրքերը կռվել են հայերի հետ։ Այլ երկրի ներկայացուցիչները հարձակվել են ԱՄՆ քաղաքացիների վրա, և ինֆորմացիոն դիսկուրսը հենց այս ուղղությամբ պետք է տանել՚։

Նրա խոսքով՝ եթե անգամ այդ մարդիկ կարծում են, որ իրենք ավելի շատ հայ են, քան ամերիկացիներ, դա խնդիր չէ, պետք է Կոնգրեսի առաջ այդ հարցը բարձրացնել. ՙԻսկ Կոնգրեսը նրա համար է, որ պաշտպանի Ամերիկայի քաղաքացիների շահերը։ Հետևաբար, այս հարցը բարձրացրեք ձեր կոնգրեսմենի մոտ, այնպես արեք, որ հստակ հայտարարություններ արվեն, որ ընդունվեն այդ քայլերը դատապարտող համապատասխան որոշումներ։ Եթե հայերի փոխարեն հրեաները կամ իռլանդացիները լինեին, ապա համոզված եմ, որ արդեն մեկ շաբաթ անց Թուրքիայի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեին՚։

Ըստ Ա. Գալստյանի՝ ստացվում է, որ մարդիկ սահմանադրորեն իրենց կարծիքն են արտահայտում,  ու դրա համար նրանց վրա հարձակվում են, ծեծի ենթարկում.

ՙՀարձակվողը պետությունն է, որովհետև այդ մարդիկ պետության ներկայացուցիչ են, դա նույնն է, որ Թուրքիան հարձակվի ԱՄՆ-ի վրա և հեղինակությանը վնասող հարված հասցնի։ Հետևաբար՝ արձագանքեք։ Ի դեպ, նման հայտարարություն արդեն եղավ, բայց դա որևէ կապ չունի հայկական Սփյուռքի գործունեության հետ. Ջոն Մաքքեյնը հայտարարեց, որ իրենց քաղաքացիների վրա հարձակվել են այլ երկրի նախագահի թիկնապահները, այն էլ՝ իրենց տարածքում։ Հիմա, եթե մեր Սփյուռքը ցանկանում է ցույց տալ իր ամբողջ ուժը, թող բոլոր ռեսուրսներն ուղղի այս հարցի վրա և հասնի նրան, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Դա լրիվ օրինական է՚։

ՙ168 ժամ՚ թերթ