[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

Վերջին տարիներին հարևան երկրում խորացող տնտեսական ճգնաժամը՝ անխուսափելի սոցիալական հետևանքներով հանդերձ, ունենում է նաև իր քաղաքական դրսևորումներն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարթություններում։

Միջազգային մամուլի տեղեկություններով՝ Ադրբեջանի տնտեսությունը չի կարողանում հաղթահարել նախորդ տարի մանաթի արժեզրկման, նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և միջազգային շուկայում նրա պահանջարկի նվազման արդյունքում սկսված տնտեսական ճգնաժամը։ Նշվում է, որ 2017թ. հունվար-մարտ ամիսներին այդ երկրում զգալիորեն նվազել են արտահանման և ներմուծման ծավալները։ 

Բանկային համակարգի ճգնաժամային վիճակն իր վերլուծականում ներկայացրել է աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսատնտեսական ամսագիրը՝ ամերիկյան Forbes-ը՝ արձանագրելով երկրի խոշորագույն դրամատան՝ Ադրբեջանի միջազգային բանկի փլուզման եզրին գտնվելու փաստը, ինչը բնութագրել է որպես արտարժութային դեֆիցիտի հետևանք։ Չկարողանալով վճարել արտաքին պարտքը՝ բանկը սկսել է բանակցություններ վարել պարտատերերի հետ պարտքերի վերաձևակերպման շուրջ։ Forbes-ի մեկնաբանմամբ՝ մանաթի արժեզրկման արդյունքում բնակչության կողմից վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են խորացրել բանկային համակարգի ճգնաժամը։ Նավթի համաշխարհային գների անկումն սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մեկ տասնյակից ավելի բանկ է փակվել, իրազեկել է ամսագիրը։  

Սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը, դրա հետ կապված՝ ալիևյան կլանի ներսում սկսված իրարանցումը, անկասկած, սկզբնավորելու է ներքաղաքական լարվածության նոր շրջափուլը, մանավանդ եթե հաշվի առնենք պաշտոնական Բաքվի տրամադրվածությունը՝ շարունակելու վարչակարգին ընդդիմացող իրավապաշտպանների, անկախ  լրատվամիջոցների նկատմամբ որդեգրած ճնշումների քաղաքականությունը, ընդհուպ  մինչև տեղեկատվական կայքերի արգելափակում։ Միջազգային կառույցների՝ մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունը հարգելու հորդորներին ալիևյան կլանը, որպես կանոն, վերաբերվում է արհամարհանքով։  

Ադրբեջանական դատարանի՝ մայիսի 12-ի վճռով արգելափակվել են ՙԱզատություն՚ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, ՙԱզատություն՚ թերթի, ՙԹուրան՚ հեռուստաալիքի, ՙԱդրբեջանի ժամանակ՚ հեռուստահաղորդման Meydan tv-ի ինտերնետային կայքերը։ Տեղեկատվական ոլորտում ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը վերջերս դատապարտվեց Եվրամիության կողմից. ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիչը հայտարարեց, որ կայքերի արգելափակման մասին դատարանի որոշումը հակասում է ազատ մեդիայի սկզբունքներին։ Եվրոպական պաշտոնյան անուղղակիորեն քննադատել է բռնապետական վարչակարգի հակաժողովրդավարական քաղաքականությունը։ Դատարանի որոշումն ավելի վաղ դատապարտել են  “Freedom House”, Amnesty International “, ՙԼրագրողներ՝ առանց սահմանների՚ կազմակերպությունները։ Ադրբեջանական ոչ իշխանական կայքի փոխանցմամբ՝ “Freedom House”- ի փոխնախագահ Ռոբերտ Գերմանը հակադարձել է նախագահ Իլհամ Ալիևին՝ անհիմն համարելով նրա  կողմից հաճախ օգտագործվող այն փաստարկը, ըստ որի՝ երկրում գոյություն ունի համացանցի ազատություն։ 

Ինչ խոսք, լրատվական կայքերի փակումը հարուցելու է մեդիա դաշտի ու նաև հասարակական տարբեր կառույցների հակազդեցությունը։ Կասկածից դուրս է նաև, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի և դրա հետ կապված ներքաղաքական լարվածության խորացման արդյունքում ալիևյան վարչակարգն ավելի է ուժեղացնելու ճնշումներն այլախոհների նկատմամբ։ Այդ մասին արդեն իր կանխատեսումներն է արել ԱՄՆ ազգային հետախուզությունը։ Ալիևյան կլանի քաղաքականությունը քննադատող լրատվական կայքերի արգելափակմանն արձագանքել է նաև Ֆրանսիան. հայտարարությամբ հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը՝ Ադրբեջանի կառավարությանը կոչ անելով  հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, հարգել խոսքի և մամուլի ազատությունը։ Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ  այդ ազատությունները քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման հիմք են։ Հավաստիացում է հնչել Ֆրանսիայից Ադրբեջանի ԶԼՄ-ների վիճակին հետևելու մասին։  

Ի՞նչ կարելի է սպասել հակառակորդ երկրից, որը հայտնվել է տնտեսական ու քաղաքական անկայուն կացության մեջ և իր հակաժողովրդավարական քաղաքականության համար արժանանում է արտաքին աշխարհի քննադատությանը։ Մենք դրա փորձն ունենք. նա իր ագրեսիվությունը բազմապատկում է հակամարտ ուժերի շփման գծում՝ դիմելով նոր ռազմական սադրանքների, օգտագործելով ամենատարբեր զինատեսակներ։ Նման պարագայում արցախյան զինված ուժերը ձեռնարկում են պատժիչ գործողություններ՝ հարկադրելով հակառակորդին պահպանել հրադադարի ռեժիմը։ Այսպես, ի պատասխան հակառակորդի՝ շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ։ Հարևան երկրից ձեռնարկված ռազմական սադրանքները պաշտոնական Ստեփանակերտը որակել է որպես ահաբեկչության դրսևորումներ ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային հանրության նկատմամբ։ Նման ահաբեկչական գործողություններ ադրբեջանցիները կատարում են ոչ միայն սահմանին, այլ նաև քաղաքական և իրավական դաշտում։ Դրա վառ օրինակը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն է, որում մեղքի իր բաժինն ունի միջազգային հանրությունը։ 

Հարկ է կարևորել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության քայլը՝ կապված համացանցում կանխարգելիչ գործողության տեսագրության ցուցադրման հետ, որի նպատակը իրականությունը ներկայացնելն է՝ ինչպես  ադրբեջանական, այնպես էլ միջազգային հանրությանը։ Մայիսի 17-ի կանխարգելիչ գործողությունից հետո ադրբեջանական ԱԳՆ-ից հնչել է հերթական անբովանդակ  հայտարարությունը, որը թերևս աչքի է ընկնում միայն  սպառնալիքի համեմատաբար նվազ չափաբաժնով։ Զգացվում է, որ Բաքվում անքուն գիշեր են անցկացրել՝ գլուխ կոտրելով արցախյան կողմին պատասխանելու և հատկապես ՙադրբեջանական տարածքների օկուպացիայի դադարեցման այլ ճանապարհ՚ փնտրելու ուղղությամբ։

Ներքին սպառման նպատակ հետապնդող հայտարարություններում պետք է տեսնել ալիևյան կլանի ավանդական ստախոսությունը։ Ինքնագովազդի պրակտիկան տասնամյակներ շարունակ ծառայել է վարչակարգի գոյատևման նպատակին։ Այս իրողության գիտակցումով պետք  է ադրբեջանական ժողովուրդն արտահայտի տիրապետող կլանի հանդեպ իր անհանդուրժողականությունը, որը սեփականացրել է երկրի բնական ու վարչական բոլոր ռեսուրսները, ստի, կեղծիքի և հայատյացության գաղափարախոսության հենքի վրա  ստեղծել ահաբեկչական պետություն։ 

Հակազդեցություն, թեկուզ և ոչ այնքան վճռական, Ադրբեջանում, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Ընդդիմադիր մամուլի փոխանցմամբ՝ քաղաքական դաշտի կարևոր դերակատարներից մեկի՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին  երկրի նախագահին անվանել է ստախոս, ում թվում է, թե սուտը կրկնելով կարելի է համոզմունք դարձնել։ Իլհամ Ալիևին, սակայն, չի հաջողվի կեղծել նորագույն պատմությունը, հայտարարել է ընդդիմադիր գործիչը։ Նա ի ցույց է դրել նախագահի մոգոնած սուտն այն մասին, թե 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում ինքը կասեցրել է բանակի առաջխաղացումը հայերի խնդրանքով։ Այդ երբվանի՞ց է Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը կատարում հայերի խնդրանքը, հարցրել է Ազգային ճակատի առաջնորդը։ Այնուհետև արձագանքել է Ալիևի  արտահայտությանն այն մասին, որ ընդդիմությունն իրենից ներկայացնում է հինգերորդ շարասյուն։ Դա աննորմալ վերաբերմունք է սեփական քաղաքացիների հանդեպ, ասել է Քերիմլին և հավելել, որ ո՜չ Իլհամ Ալիևը, ո՜չ նրա հայրը և ո՜չ էլ ներկա կառավարության անդամները չեն մասնակցել Ադրբեջանի անկախության համար պայքարին։

Ադրբեջանում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի  մասին բարձրաձայնում են այն քաղաքական գործիչները, ովքեր սոսկ իշխանության համար են պայքարում։ Հարց է՝ արդյո՞ք նրանք բավարար պատրաստակամություն ունեն՝ իրականացնելու հասարակական-քաղաքական արմատական բարեփոխումներ։ Հենց այդ պատճառով էլ լիարժեք հակազդեցություն պետք է ցուցաբերի քաղաքացիական հասարակությունը՝ ցույց տալու, որ ներկայիս պետական գաղափարախոսությունից հրաժարվելն ու երկիրը ժողովրդավարական ուղիով զարգացնելը ժամանակի հրամայականն է, հետևաբար, պայքարը պետք է շարունակել՝ հակառակ տիրապետող կլանի կողմից գործադրվող բռնությունների և ճնշումների։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ