[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտ. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն ԻՊ-ին զենքի մատակարարման սկանդալից

Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքի օգնությամբ փորձում են շեղել ուշադրությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սպառազինության մատակարարման շուրջ դիվանագիտական սկանդալից:

Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով երեկ երեկոյան Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծումը: «Պաշտպանության բանակը գնդակոծության տեսագրություն եւ ադրբեջանական հրամանատարների խոսակցության ձայնագրություն է հրապարակել: Կարծում եմ՝ ԵԱՀԿ-ում արդեն ծանոթացել են դրանց»,- նշեց Դավիթ Բաբայանը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի գործողությունները դուրս են տրամաբանությունից, առողջ դատողությունից, փոխարենը միանգամայն համապատասխանում են այդ պետության ահաբեկչական էությանը: «Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանին ԻՊ-ին կողմից սպառազինության մատակարարման դիվանագիտական սկանդալի ֆոնին, ինչի մասին ծավալուն հոդված է հրապարակել բուլղարական «Տրուդ» պարբերականը»,- նշեց նա: Բաբայանը, միաժամանակ, ընդգծեց, որ սադրանքներ իրականացնելիս ադրբեջանական իշխանությունները, ֆաշիստների եւ նույն ԻՊ-ի զինյալների օրինակով, խաղաղ բնակչությանը որպես վահան են օգտագործում, ընդ որում, ի տարբերություն նրանց, օգտագործում են սեփական բնակչությանը»: «Փաստացի խաղաղ բնակչության շրջանում կորուստները ձեռնտու են Ադրբեջանի իշխող ռեժիմին: Այդպիսով նրանք ցանկանում են բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, սրել «ատելի թշնամու» կերպարը»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծեց, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են շփման գծում իրավիճակը: «Մեր ռազմաքաղաքական դոկտրինը հիմնված է ակտիվ պաշտպանության վրա: Դա նշանակում է, որ մենք առաջինը չենք սկսում, բայց միշտ պատրաստ ենք պատասխան տալ: Այնպիսի պատասխան, որ հակառակորդը չցանկանա կրկնել ստացած դասը»,- նշեց Բաբայանը: