[ARM]     [RUS]     [ENG]

Մ. ԳՈՐԲԱՉՈՎ. ՙԵՍ ՉՈՒՆԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՆՊԻՍԻ ԳՈՒԹԱՆ, ՈՐ ՎԵՐԱՀԵՐԿԵՄ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ՚

Նոյեմբերի 14-ին սկսված գործադուլը շարունակվում էր, բայց կենտրոնական իշխանություններին ուղղված` ցուցարարների առաջ քաշած պահանջները, ինչպես և սպասվում էր, անուշադրության էին մատնվում։

Այդ օրերին մանկավարժական ինստիտուտում, որտեղ ուսանողների միջև ուղղակի ընդհարումների դեպքեր էին լինում, հատկապես սումգայիթյան իրադարձություններից հետո, իրադրությունը սրվեց` կապված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետ։ Ուստի որոշում ընդունվեց դադարեցնել ինստիտուտի գործունեությունը և հայկական բաժինը տեղափոխել Հայաստանի Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքի մանկավարժական ինստիտուտ։ Ադրբեջանական սեկտորի պարապմունքները կազմակերպվում էին Շուշի քաղաքի մանկավարժական ուսումնարանում։ Փակելով ինստիտուտը, ադրբեջանական իշխանությունները փորձում էին հարված հասցնել Շարժմանը, քանի որ ինստիտուտում դասախոսների և ուսանողների շրջանում շատ ակտիվիստներ կային, ինչպես, օրինակ` Համլետ Գրիգորյանը, Համլետ Մովսիսյանը, Գրիգորի Աֆանասյանը, Լենա Գրիգորյանը և ուրիշներ։ Սադրանքը հաջողություն չունեցավ, քանի որ դասախոսների մեծ մասը հրաժարվեց լքել Ստեփանակերտը։

Նույն այդ օրերին՝ նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան, ԽՍՀՄ դատախազությունը փորձեց ձերբակալել Շարժման առաջնորդ Ա.Մ. Մանուչարովին, ինչի համար տունը, որտեղ նա ապրում էր, շրջապատվեց զինվորներով ու տանկերով։ Իրենց առաջնորդին պաշտպանելու համար հանդես եկան հարևանները, իսկ Շարժման ակտիվիստ Ռոլես Աղաջանյանին իր խմբի հետ հաջողվեց տների տանիքներով հեռացնել Ա. Մանուչարովին և ուղարկել Երևան։ Այստեղ, սակայն, նա դավադրաբար ձերբակալվեց հանրապետության ՆԳՆ¬ի կողմից և ուղղաթիռով ուղարկվեց Աղդամ քաղաք, այնուհետև՝ Շուշիի բանտ։ Դժվար է նկարագրել բոլոր այն ֆիզիկական խոշտանգումներն ու բարոյական նվաստացումները, որոնք ստիպված էր կրել այս անվեհեր բանտարկյալն ադրբեջանական ու մոսկովյան բանտերի զնդաններում` մինչև 1990թ. մայիսին նրա ազատ արձակվելը։ Նոյեմբերին Ա.Մ.Մանուչարովի ձերբակալությունը Շարժման ակտիվիստների աշխատանքում ստեղծեց հերթական, դժբախտաբար՝ ոչ վերջին դժվարությունները։ 

Նոյեմբերի 25-ին կայացավ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պլենումը, որից առաջ կայացել էին Ստեփանակերտի քաղաքային, շրջանային (բացի Շուշիից) պլենումներն ու սկզբնական կուսկազմակերպությունների ժողովները: Ամփոփելով կուսակցական բոլոր կազմակերպությունների որոշումները` պլենումն անհնար համարեց Լեռնային Ղարաբաղի կուսկազմակերպության մնալն Ադրբեջանի կազմում ու դիմեց ԽՄԿԿ Կենտկոմ՝ կուսակցության մարզկոմն անմիջապես կենտրոնական կուսակցական իշխանության ենթակայության տակ առնելու խնդրանքով։ Դա կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի վերջին պլենումն էր։ Նրա խնդրանքը մնաց անպատասխան։ 

Պլենումից հետո Հ.Ա. Պողոսյանը, իսկ մեկ օր առաջ և Ա. Ի. Վոլսկին, մեկնել էին Մոսկվա՝ մասնակցելու Գերագույն խորհրդի XXII նստաշրջանի աշխատանքին, ապա և ԽՄԿԿ Կենտկոմում Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ, ԼՂԻՄ կուսակցական և պետական ղեկավարների, այդ հանրապետություններից ու մարզից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների ու հասարակայնության ներկայացուցիչների խորհրդակցության աշխատանքին։ Խորհրդակցությանը նախատեսվում էր քննարկել հանրապետություններում և մարզում տիրող իրավիճակի նորմալացմանը, ժողովուրդների միջև համերաշխության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ 

Ի զարմանս ինձ, նրանց մեկնելուց երկու օր հետո զանգեց Մ. Ս. Գորբաչովի օգնականն ու ինձ փոխանցեց նրա հրահանգը՝ գալ Մոսկվա՝ խորհրդակցությանը մասնակցելու համար։ Օդանավակայանում ինձ դիմավորեց Հ.Ա. Պողոսյանն ու ճանապարհին հայերեն լեզվով հայտնեց, որ ղեկավարության ճնշման տակ նա ստիպված իր հրաժարականի մասին դիմում է գրել` թոշակի անցնելու կապակցությամբ, ուստի ես պետք է պատրաստվեի ու ելույթ ունենայի խորհրդակցությանը մարզի անունից։ Նորությունն առաջ բերեց մի շարք հակասական մտքեր, բայց միայն վրդովմունք ու զարմանք հայտնելով ու ՙհետո՚-ին թողնելով ստեղծված իրավիճակի վերլուծությունը, սկսեցի զբաղվել զեկույցի պատրաստությամբ։

Խորհրդակցությունը վարում էր Մ.Ս.Գորբաչովը և բացեց այն Հ.Ա. Պողոսյանի՝ թոշակի անցնելու նորությամբ։ Լուրն ուրախությամբ ընդունվեց ադրբեջանական պատվիրակության կողմից, որը ոգևորությամբ ու աղմուկով արտահայտեց իր վերաբերմունքն այդ նորությանը: Դժվարությամբ կարգի հրավիրելով նրանց` Մ.Ս.Գորբաչովը շարունակեց և հաղորդեց, որ Լեռնային Ղարաբաղը կներկայացնի մարզային գործկոմի նախագահը։ 

Տողերիս հեղինակն իր ելույթում շարադրեց ապօրինի շինարարության վերաբերյալ փաստերը, ինչպես նաև այն, որ մարզը համատարած բնակեցվում է ադրբեջանցիներով, ովքեր նպատակ են հետապնդում փոխել մարզի ժողովրդագրությունը, նշեցի նաև կենտրոնական իշխանությունների ուշադրությունն այս փաստերին ուղղելու մեր անհաջող փորձերի մասին, բերեցի կենտրոնական  ԶԼՄ-ներում մեր խնդիրների ոչ արդյունավետ լուսաբանման օրինակներ, որոնք ավելի էին ապակայունացնում դրությունը։ Եզրափակելով` որպես փոխզիջում առաջարկեցի մինչև Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հիմնական քաղաքական խնդրի լուծումը մարզը դուրս բերել Ադրբեջանի կազմից։ Հայկական կողմի ծափահարությունները խլացվեցին ադրբեջանական կողմի զայրույթով։ 

ՙՄիխայի՜լ Սերգեևիչ, մի՜ հավատաք նրան, նա դաշնակ է՚,- տեղից գոռաց Վեզիրովը։ Անսպասելիությունից դահլիճը հանդարտվեց։

 

ՙԱբդուռահմա՜ն Խալիլովիչ, Դուք` հանրապետության կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, Ձեզ անվայել եք պահում։ Մենք հավաքվել ենք ու փորձում ենք վերականգնել երկու ժողովուրդների բարեկամությունը, իսկ դուք մեզ խանգարում եք աշխատել՚,- Վեզիրովին կոպիտ նկատողություն արեց ժողովի նախագահությունում նստած՝ Միության պետանվտանգության կոմիտեի նախագահ Վ.Մ. Չեբրիկովը։ ՜

Շնորհակալություն հայտնելով ուշադրության համար, նշեցի, որ ուսանողական տարիներից ու մինչ օրս հանդիսանում եմ միայն ԽՄԿԿ անդամ, որի շարքերն ընդունվեցի Վեզիրովի երաշխավորագրով, ով այն ժամանակ Ադրբեջանի նավթի ու քիմիայի ինստիտուտի կոմերիտմիության կոմիտեի ազատված քարտուղարն էր, որտեղ մենք սովորում էինք։ ՙՎեզիրովի հիշողության հետ ինչ¬որ բան այն չէ՚,-ավելացրի վերջում՝ դահլիճի ծիծաղի ներքո։ Վ.Մ.Չեբրիկովը նույնպես ժպտաց։ 

Ավելի ուշ խորհրդակցությանը ելույթ ունեցավ Մարտակերտի խորհտնտեսության տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Ս.Վ. Մամունցը, ով նույնպես ԽՄԿԿ Կենտկոմին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդին խնդրեց քննարկել ԼՂԻՄ¬ն Ադրբեջանի կազմից ժամանակավորապես դուրս բերելու հարցը։ Այդ նույն խնդրանքը հնչեց և հայկական պատվիրակության ներկայացուցիչների ելույթներում։ Ինչպես և սպասվում էր, ադրբեջանական կողմը կտրականապես դեմ էր այս առաջարկին և համառորեն պնդում էր հանրապետության տարածքային ամբողջականության մասին։ Խորհրդակցության արդյունքներով որոշվեց ստեղծել ԽՄԿԿ Կենտկոմի հանձնաժողով` երկու հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` տարածաշրջանում իրադրության կանոնավորման և երկու ժողովուրդների միջև համերաշխության վերականգնմանն ուղղված միջոցներ մշակելու համար։ Մեր առաջարկները մնացին անպատասխան, քանի որ որոշման մեջ նշվում էր, որ հանձնաժողովի առաջարկները պետք է բխեն Ադրբեջանական ԽՍՀ տարածքային ամբողջականության պայմանից։

Խորհրդակցությունից հետո վերադառնալով Ստեփանակերտ` մտածում էի առանց այդ էլ խնդրահարույց դրության հետագա բարդությունների մասին, որոնք կծագեն մարզում` առաջին դեմքի հարկադրաբար թոշակի անցնելու դեպքում։ Չնայած պաշտոնապես գործից հեռանալուն՝ Հենրիխ Անդրեևիչը ժամանակի մեծ մասը Ստեփանակերտում էր, որտեղ շարունակում էր ակտիվորեն աշխատել ու մասնակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքին՝ որպես մարզից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1988թ. դեկտեմբերի սկզբին մարզային ղեկավարության ու Տնօրենների խորհրդի կողմից փորձեր ձեռնարկվեցին գործադուլը դադարեցնելու ուղղությամբ։ Դրան նպաստեց Երևանի բոլոր աշխատանքային կոլեկտիվների աշխատանքի դուրս գալը, ինչի հետ կապված` պարետային ժամը կարճատև դարձվեց։ Ադրբեջանում հակառակ պատկերն էր, այնտեղ շարունակվում էին ջարդերը, սադրանքները, բախումներ էին լինում զորքերի ու բնակչության միջև՝ զենքի կիրառմամբ, ևս գրեթե 20 շրջաններում մտցվեց արտակարգ դրություն` պարետային ժամով։ Այդ օրերին մեծ թափ էր ստանում Ադրբեջանից հայերի և Հայաստանից ադրբեջանցիների արտագաղթը։

1988թ. դեկտեմբերի 7-ը ողբերգական տարեթիվ դարձավ բոլոր հայերի համար։ Այդ օրը Հայաստանում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ, որն ավերեց Լենինական, Կիրովական, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներն ու բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։

ՙՂարաբաղցիները ձեզ հետ են և պատրաստ են ուժերի ներածին չափ օգնել տարերքի հետևանքների վերացման գործին՚,¬ ասվում էր կուսակցության մարզկոմի և մարզխորհրդի կողմից Հայաստանի իշխանության մարմիններին ուղղված դիմումի մեջ։ Խորը կսկիծ հայտնելով՝ մարզի բնակիչներն անմիջապես սկսեցին նվիրատվություններ հավաքել, արյուն հանձնել և կամավորական խմբեր ձևավորել աղետի գոտի ողորկելու համար։ Դեկտեմբերի 8-ին մարզի բոլոր ձեռնարկությունները վերականգնեցին իրենց աշխատանքային ռիթմը։ Ձևավորվեց առաջին շարասյունը` անհրաժեշտ տեխնիկայով, հումանիտար օգնության ավտոմեքենաներով և ուղեկցող անձնակազմի ջոկատով։ Սակայն հատուկ շրջանի պարետության գործողությունները խանգարեցին շարասյանը՝ անմիջապես ուղևորվելու աղետի գոտի։ Ու միայն երբ մարզի իշխանությունը դիմեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ի. Ռիժկովին (նաև ուղեկցող ջոկատի վճռական գործողությունների շնորհիվ), շարասյունը տեղ հասավ։ Նրան հետևեցին ևս երկուսը։ Մարզով մեկ դրամահավաքը շարունակվում էր, և արդեն դեկտեմբերի կեսին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հաշվին փոխանցվեց ավելի քան 4,5 մլն ռուբլի։ 

Օգնություն էր հասնում նաև գրեթե բոլոր միութենական հանրապետություններից, իսկ Ուկրաինան ու Ղազախստանն աղետի գոտում ստեղծեցին իրենց շինարարական կազմակերպությունները, ինչի մասին տեղեկատվություն էին տարածել մամուլն ու Կենտրոնական հեռուստատեսությունը։ Բայց, չգիտես ինչու, ԶԼՄ¬ները, լռության մատնելով ղարաբաղցիների կողմից օգնություն ցուցաբերելու փաստերը, սկսեցին ակտիվորեն քննարկել այն հարցը, որ հայերի, այդ թվում և ղարաբաղցիների համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը բարձրացվել էր նաև դեկտեմբերի 1-ին ԽՄԿԿ Կենտկոմի ժողովում, երկրաշարժի հետ կապված կորցնում է հրատապությունը և այլևս առաջնահերթ հարց չէ։ Այս սադրիչ հրապարակումները՝  հայերի կողմից աղետի գոտում կողոպուտի դեպքերի մասին ոչնչով չհիմնավորված, վիրավորական հաղորդագրությունների հետ, զայրացրին մեզ ու պատճառ դարձան, որ վերահաստատենք Շարժման գլխավոր նպատակը։ Նույն այդ հարցերը՝ շրջափակման խնդրի հետ միասին, դեկտեմբերի 15-ին քննարկվեցին Երևանում՝ մարզխորհրդի գործկոմի փոխնախագահ Մ. Շ.Պետրոսյանի գլխավորությամբ մարզի պատվիրակության` Ն.Ի. Ռիժկովի ու ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ն.Ն. Սլյունկովի հետ ունեցած զրույցի ընթացքում։ 

Դեկտեմբերի վերջին Մ. Ս.Գորբաչովը ԽՄԿԿ Կենտկոմում խորհրդակցություն անցկացրեց Լեռնային Ղարաբաղում Հատուկ կառավարման կոմիտե ստեղծելու հարցով։ Խորհրդակցության աշխատանքին մասնակցում էին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Ա.Ի. Յակովլևը, Ն.Ն. Սլյունկովը, ինչպես նաև Ն.Ի. Ռիժկովն ու Ա.Ի. Վոլսկին։ Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր տողերիս հեղինակը, ում խոսք տրվեց։ Խորհրդակցությունից առաջ տեղ գտած զրույցներից հասկանալով, որ Հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման հարցն արդեն լուծված է առանց ղարաբաղցիների կարծիքի, իմ ելույթում նկարագրեցի մարզի առավել բարդացած իրավիճակը, բերեցի ադրբեջանցիների կողմից մարզի ծայրամասային գյուղերի վրա զինված հարձակումների վերաբերյալ փաստեր, հիշեցրի ԽՄԿԿ Կենտկոմում 1988թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության մասին ու դարձյալ խնդրեցի քննարկել ԼՂԻՄ¬ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու հարցը՝ այն համարելով գլխավոր Կոմիտեի առաջիկա աշխատանքում։ Այս ամենը հարուցեց Մ.Ս.Գորբաչովի ակնհայտ դժգոհությունը։

Բայց անսպասելիորեն Լեռնային Ղարաբաղի թեմային վերադարձավ նաև Ն.Ի. Ռիժկովը, ով  խորհրդակցությանը ներկայացել էր աղետի գոտում տեսածի տպավորությունների տակ, որտեղ նա ղեկավարում էր վերականգնողական աշխատանքների հարցերով հանձնաժողովը։ Իր ելույթում նա նշեց, որ հիվանդանոցներից մեկում կատարած իր այցելության ժամանակ մի տարեց կին, որի երկու ոտքերը ջարդվել էին, ձեռքը մեկնելով դիմեց իրեն ու հույսով հարցրեց. ՙՂարաբա՛ղը, Ղարաբա՛ղը ի՞նչ կդառնա՚։ ՙՄիխայի՜լ Սերգեևիչ, պետք է լուծել հարցը՚,- իր ելույթն ավարտեց Ն.Ի. Ռիժկովը։ Մ.Ս.Գորբաչովի դեմքն այլայլվեց, և տիրեց լռություն։ ՙԵս չունեմ քաղաքական այնպիսի գութան, որ վերահերկեմ միութենական հանրապետությունների սահմանները՚,¬ ասաց նա փոփոխված ձայնով, վեր կացավ ու լքեց խորհրդակցությունը։ Ավելի ուշ մեզ հայտնեցին, որ Կոմիտեի ստեղծման հարցով այդ տարի նախատեսվող խորհրդակցությունը հետաձգվում է Մ.Ս.Գորբաչովի վատառողջ լինելու պատճառով։ 

Անցկացված խորհրդակցությանը Ա.Ի.Վոլսկին առաջադրվեց ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։

Սեմյոն ԲԱԲԱՅԱՆ