[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԸ ՄԱԿ-Ի ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆԻՑ ՍՏՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՌՋԵՎ

Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում։

 Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում։

Ալիևի ելույթի առաջին տողն սկսվում է սովորական չափազանցությամբ և կեղծիքով. նա հայտարարեց, որ ՙՀայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և երկրի յոթ այլ շրջաններ՚։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի որևէ տարածք։ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Այն եղել է հայերով բնակեցված ինքնավար շրջան, որը 1921 թվականին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից նվիրաբերվել է Ադրբեջանին։ Արցախի հայ բնակչությունը կարողացավ վերջապես ազատագրվել տասնամյակներ տևած ադրբեջանական դաժան բռնազավթումից։ Ավելին, ադրբեջանցիների պնդումը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, կեղծիք է, քանի որ հայերի ազատագրած շրջանը մոտ 15 տոկոս է, և ոչ թե 20։

Այնուհետև Ալիևը հայտարարում է, որ ՙԼեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն և պատմական մասն է՚։ Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը որպես պետություն պատմականորեն գոյություն չի ունեցել։ Այն ստեղծվել է 1918 թվականին թուրքական բանակի օգնությամբ։

 Ալիևի հաջորդ մեծ սուտն այն է, որ հայկական ռազմական գործողությունների հետևանքով կան շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի ՙփախստականներ և ներքին տեղահանվածներ՚։ Նախևառաջ, ոչ թե մեկ միլիոն, այլ մի քանի հարյուր հազար, ինչպես եղել են հարյուր հազարավոր հայ փախստականներ ադրբեջանական կոտորածների և էթնիկ զտումների պատճառով։ Իսկ եթե 25 տարի անց ադրբեջանցի փախստականների մեծ մասը դեռևս շարունակում է ապրել կեղտոտ ճամբարներում, ապա դա միայն Ադրբեջանի կառավարության մեղքն է, որը տարեկան միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում և այդ միջոցներից չի հատկացնում փախստականներին՝ հարմարավետ բնակարաններում վերաբնակեցնելու համար… Բացի այդ, ինչպես տեսանք եվրոպական վերջին հրապարակումներում, ադրբեջանցի ղեկավարները, հատկապես Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները, միլիարդավոր դոլարներ են թալանել պետական նավթային եկամուտներից՝ իրենց շքեղ ապրելակերպի կամ ամբողջ աշխարհի պաշտոնյաներին կաշառելու համար՝ քողարկելու մարդու իրավունքների իրենց շարունակական խախտումները։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն առանց ամաչելու բարձր ամբիոնից հայտարարում է, որ իր երկրում առկա է ՙբացարձակ թափանցիկություն և զրոյական հանդուրժողականություն կոռուպցիայի կամ կաշառակերության նկատմամբ՚։

 Այնուհետև Ալիևը կրկնեց ամենամեծ սուտը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերի կողմից 600 ադրբեջանցիների այսպես կոչված ՙԽոջալուի ցեղասպանության՚ մասին։ Տարբեր վարկածներ կան, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից իրենց իսկ ազգաբնակչության փախուստի ճանապարհների արգելափակումը, որոնք հետագայում հայտնվեցին թակարդում և դարձան պատերազմի զոհ։ Սակայն նույնիսկ եթե ապացուցված լիներ, որ այդ հակամարտության ընթացքում զոհվել է 600 ադրբեջանցի, ինչը ցավալի կլիներ, Ադրբեջանն անամոթաբար ժխտում է 1,5 միլիոն հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից՝ սկսած 1915 թվականից, սակայն առանց վարանելու հավերժացնում է այն սուտը, որ 600 ադրբեջանցիների մահը ցեղասպանություն էր…

 Ալիևը շարունակում է իր ստերի շարանը, պնդելով, որ 2016թ. ապրիլին Հայաստանն է  հարձակվել Ադրբեջանի վրա։ Աշխարհը գիտի, որ հենց Ադրբեջանն է եղել այդ հարձակման նախաձեռնողը։ Բացահայտելով իր իսկ սուտը, նա նախազգուշացնում է, որ Ադրբեջանը նորից կհարձակվի…

 Այնուհետև Ալիևը հպարտանում է, որ 2011թ. Ադրբեջանը ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 155 երկրների կողմ քվեարկությամբ։ Ալիևն անուշադրության է մատնում այն փաստը, որ ձայների մեծամասնությունն ապահովված էր ՄԱԿ-ի դեսպաններին շռայլ նվերներ մատուցելու շնորհիվ, որը բացահայտված է 2011թ. իմ շաբաթական հոդվածում։

 Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անամոթաբար հայտարարում է, որ ՙժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում են։ Բոլոր հիմնարար ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում, այդ թվում՝ խոսքի, մամուլի, հավաքների և կրոնական ազատությունները՚։ Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը բռնատիրական պետություն է՝ կոռումպացված ղեկավարներով, և որ նրա բանտերը լեցուն են մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներով ու անկախ լրագրողներով…

 Այնուհետև Ալիևը հայտարարում է՝ ՙԱդրբեջանում բոլոր էթնիկ խմբերի և կրոնների ներկայացուցիչներն ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ՚։ Բացի հայերից, որոնք զոհ գնացին էթնիկ զտումներին և Արցախում նոր ադրբեջանական ցեղասպանության հնարավոր զոհերից, երկրում կան շատ այլ փոքրամասնություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են խտրականության և հայտնվում բանտերում։ Ադրբեջանն անվանել ժողովրդավարական և ՙաշխարհի ամենահայտնի բազմամշակութային կենտրոններից մեկը՚՝ խայտառակ հայտարարություն է…

  ՄԱԿ-ում Ալիևի ելույթում այնքան շատ են ստերը, խեղաթյուրումները և չափազանցությունները, որ այդ բոլոր կեղծիքները բացահայտելու համար պետք է մի ամբողջ գիրք գրել…

 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚  թերթի հրատարակիչ և խմբագիր