[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԱԾԻ ՊԱՇԱՐՈՎ ԵՎ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Արցախում հյուրընկալվել է ԱՄՆ-ից ժամանած հերթական պատվիրակությունը: Կալիֆոռնիայի նահանգային Սենատի եւ Վեհաժողովի անդամներից եւ ամերիկահայ գործիչներից կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին ժամանեց մեր հանրապետություն:

 Պատվիրակության առաջին կանգառը ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի մոտ էր: Գործընկերներին դիմավորեց Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Պաշտոնական հանդիպումների մեկնարկը նախագահականում տրվեց. քննարկվել են Արցախի եւ Կալիֆոռնիայի միջեւ հարաբերությունները խորացնելու հեռանկարները: Մանրամասները՝ խորհրդարանում: Աշոտ Ղուլյանը պատվիրակության անդամներից շատերին տարբեր առիթներով հանդիպել է Միացյալ Նահանգներ կատարած այցերի ընթացքում: Այնպես որ՝ զրույցի ընդհանուր թեմաներ արդեն իսկ կային: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը  ճանաչող բանաձեւ է ընդունել դեռ 2014 թվականի օգոստոսի 28-ին: Արցախի խորհրդարանի նախագահը նահանգի ներկայացուցիչներին է շնորհակալություն հայտնել: ՙԿալիֆոռնիայի ժողովուրդը, հատկապես տեղի հայ համայնքը, մտահոգված է Արցախի խնդիրներով եւ պատրաստակամ է աջակցել դրանց լուծմանը: Համոզված եմ, որ հայ համայնքի ջանքերով ԱՄՆ այլ նահանգներ եւս կճանաչեն Արցախի անկախությունը՚,- ընդգծում է Կալիֆոռնիայի Վեհաժողովի անդամ Լորա Ֆրիդմանը:

Հանդիպումն ընդլայնված կազմով շարունակվել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հյուրերին հետաքրքրում էին Արցախի առաջնահերթությունները, նաեւ՝ առաջնահերթություններում փոփոխությունները 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Արցախցի խորհրդարանականներն անկեղծանում են` մինչեւ 2016-ի ապրիլյան պատերազմը Արցախը խաղաղության էր պատրաստվում, ապրիլից հետո իրավիճակը փոխվել է: Այնուամենայնիվ` Արցախում կողմնակից են խաղաղ կարգավորմանը: Դա տեսնում են միայն Արցախի` բանակցություններին լիարժեք մասնակցելու պարագայում: Այնինչ, Ադրբեջանը փորձում է բոլոր մակարդակներում բացառել Արցախի մասնակցությունը եւ դրանով իսկ հեռացնում վերջնական կարգավորումը: ՙԲաքուն փորձում է հակամարտությունը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ ներկայացնել, իսկ իրականում սա մեր ժողովրդի՝ ինքնորոշման համար մղվող պայքար է: Սակայն միայն ինքնորոշման իրավունքի իրացումը չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բնորոշ գիծը՚,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը՝ այդ շարքում ներառելով նաեւ պատմական հիմքերը, մարդու իրավունքների ու ժողովրդական արժեքների պաշտպանության նրբերանգները:

Հյուրերն իրավիճակին տեղյակ են: Արցախյան թեմայով իրենց հետագա անելիքներում գերակայողը հենց տեղեկատվական հարթությունում ծրագրերը կլինեն: Չեն բացառում, որ Կալիֆոռնիայի օրինակով ԱՄՆ այլ նահանգներ եւս կճանաչեն Արցախի անկախությունը: ՙՄենք երկար ժամանակ աշխատանք ենք տարել օրենսդրական ու կրթական ոլորտներում եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները՝ հայկական հարցերի շուրջ մարդկանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Դրանով մենք կաջակցենք, որպեսզի ԱՄՆ մյուս նահանգները ևս ճանաչեն Արցախի անկախությունը՚,- նշել է Կալիֆոռնիայի Սենատի անդամ Սքոթ Ուիլքը, ով դեռևս 2014-ին Կալիֆոռնիայի Սենատում ընդունված ՙՀայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆոռնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին՚ բանաձեւի համահեղինակն է:

Արցախի անկախությունն արդեն ամերիկյան 8 նահանգ ճանաչել է, եւ դա լավ հիմք է մեր երկրի հետ գործնական կապերի համար: Արցախցի եւ ամերիկացի օրենսդիրները հնարավոր տարբերակներն են քննարկել:  Ոմանք արդեն հերթական անգամ են Արցախում: Իսկ նրանք, ովքեր առաջին անգամ են, տեղյակ են Բաքվի ՙսեւ ցուցակի՚ մասին, բայց դա չգալու պատճառ չեն համարում: ՙԵս գիտեմ, որ արդեն այդ ՙսեւ ցուցակում՚ կլինեմ: Բայց դա ինձ չխանգարեց այստեղ գալ: Ինձ համար կարեւոր է գալ, իրավիճակին տեղում ծանոթանալ եւ դրանով իսկ արցախցիներին մեր համերաշխությունը հայտնել՚,- վստահեցնում է Լորա Ֆրիդմանը:

Երախտագիտության խոսքեր Կալիֆոռնիայի պատվիրակության ներկայացուցիչները նաեւ պետական նախարարի հետ հանդիպմանը լսեցին. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ եթե Կալիֆոռնիան Արցախի անկախությունը ճանաչած առաջին նահանգներից մեկն է, ապա ԱՄՆ-ն աշխարհում երկրորդ պետությունն է ՀՀ-ից հետո, որ ամենամյա ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ