[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ՝ ՄԵԿ ՙԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՚

ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկն օրերս գլխավոր քարտուղարի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, հաղորդում է ՄԱԿ¬ի պաշտոնական կայքը։

 ՙԳլխավոր քարտուղարը ողջունում է  Նյու Յորքում ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Նա ողջունում է լարվածության նվազեցմանը և բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված համանախագահների ջանքերը։ Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների նախանշված հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ավելացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ, փոխընդունելի լուծումներ գտնելու գլխավոր հարցերի շուրջ՝ փոխզիջումների հիման վրա՚,¬ ասվում է հայտարարության մեջ։

Ավա՛ղ, գլխավոր քարտուղարի հույսերը խաբուսիկ են թվում, քանի որ արդեն հաջորդ օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջև վստահության աճի մասին խոսք չի էլ լինի՝ չխոսելով արդեն այն մասին, որ ամենևին էլ ոչ բոլոր տարածաշրջանային խաղացողներն են շահագրգռված հակամարտության կողմերին անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերելուն խթանելու մեջ։ Նկատի ունենք Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլիի Ադրբեջանում արված հայտարարությունը և դրան հաջորդած՝ Ադրբեջանի ԶՈՒ¬ի հերթական սադրանքն Արցախի զինված ուժերի հետ շփման գծում։

Ընդհանրապես լեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացում Բաքվի մարտավարությունը հիշեցնում է յուր ժամանակ հայտնի ՙՔայլ առաջ, երկու  քայլ հետ՚ լենինյան գրքի վերնագիրը. եթե Բաքվի ներկայացուցիչներն անմիջապես բանակցությունների սեղանի շուրջ երբեմն կառուցողականության որոշակի նախանշաններ են ցուցաբերում, ապա այնուհետև իրենց գործողություններով և հայտարարություններով բոլոր այդ նախանշաններն ի չիք են դարձնում։

Նման պատկեր է նաև այս անգամ: Նյու Յորքում կայացած՝ Նալբանդյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքուն դրականորեն է արձագանքել միջնորդների որոշ առաջարկներին։ Այդ հայտարարությունը որոշ փորձագետների մղեց լավատեսորեն տրամադրվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախաշեմին, ինչն արտացոլվեց ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղարի անունից արված վերոնշյալ հայտարարության մեջ։ Առավել ևս, որ վերջին մի քանի ամիսներին հայ¬ադրբեջանական սահմանին հարաբերական կայունություն էր պահպանվում։ 

Սակայն… արդեն հաջորդ օրն ամեն ինչ եղավ սովորականի պես, և այդ գործընթացն սկսվեց Թուրքիայի պաշտպանության նախարարի սադրիչ հայտարարությունից, ով Բաքվում հայտարարեց, որ ՙՂարաբաղն օկուպացումից ազատելը, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը, կարևոր է՚, և որ ՙադրբեջանական հողերը վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացումից՚։

Հասկանալի է, որ Թուրքիան շահագրգռված չէ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Անկարայում մտավախություններ ունեն, որ արդարացի կարգավորումը կհանգեցնի Երևանի և Ստեփանակերտի դիրքերի ուժեղացմանը տարածաշրջանում, ինչն իր հերթին կբերի հայ¬թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցերի շուրջ Անկարայի վրա ճնշման ուժգնացմանը։ Անկարայի ներկայիս դժգոհությունը կրկնապատկում էին նաև ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները։

Հիշեցնենք` Հայաստանի նախագահը հայտարարել է, որ եթե մինչև 2018թ. գարունը թուրքական կողմից տեղաշարժ չլինի հայ¬թուրքական արձանագրությունների վավերացման առումով, Երևանն այդ արձանագրությունները պարզապես հայտարարելու է առ ոչինչ։

Բաքվում չեն սիրում հիասթափեցնել ավագ եղբորը՝ առավել ևս թուրք նախարարի ոգեշունչ հայտարարություններից հետո։ Եվ որպեսզի ոչ մեկի մոտ պատրանքներ չառաջանան, թուրք նախարարի ժամանման պատվին Ադրբեջանի ԶՈՒ¬երը նրա սադրիչ հայտարարությունները հիմնավորեցին ռազմական սադրանքով. Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող զոհվեց։

ՙՍա առաջին դեպքը չէ, երբ  Թուրքիան վնասակար փորձեր է ձեռնարկում միջամտելու լեռնայինղարաբաղյան հակամարտությանը։ Սա պատճառներից մեկն է, որը խոչընդոտում է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն՚,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարարի արտահայտությունները։ Դժբախտաբար, այդ խոսքերի հաստատումը հետևեց շատ արագ։ Թուրքական դիվանագիտության միջնադարյան մեթոդները՝ ժամանակակից ադրբեջանական մեկնաբանությամբ, մնում են անփոփոխ։ 

www.golosarmenii.am

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ