[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՎՈՒՄ Է ԲՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Անցած քսանհինգ տարիների ընթացքում Արցախ այցելած եվրոպացի քաղաքական գործիչներն ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտելիս գլխավորապես հանգում էին այն եզրակացության, որ մեկ պետության մեջ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը հնարավոր է, դրան պետք է գնալ երկխոսության ճանապարհով։

Հատկապես Եվրամիության կենտրոնը ներկայացնողներն առ այսօր առավելագույն զգուշություն են ցուցաբերում հակամարտության հանգուցալուծմանը վերաբերող հարցերին պատասխանելիս։ Պատճառը հասկանալի է. ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՙհաստատուն սահմաններ՚ սկզբունքին։ Արցախյան կողմը, բնականաբար, նման տեսակետ կրողներին մշտապես հակադարձում է՝ շեշտելով այն միտքը, որ եվրոպական քաղաքական մշակույթն անհամատեղելի է մեր տարածաշրջանի իրողությունների հետ. հայատյացությունը պետական գաղափարախոսություն դարձրած Ադրբեջանը չի կարող հայերի հետ ո՜չ երկխոսություն վարել, ո՜չ էլ խաղաղ գոյակցել։     Ժամանակը, սակայն, իրենն է թելադրում, և այսօր արդեն Եվրոպան ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ականատեսն է հենց իր տարածքում։ Ակնհայտ է դառնում մի բան. եթե ժողովուրդն ունի քաղաքական կամք և ձգտում է անկախության, ապա եվրոպական քաղաքական մշակույթն այստեղ ոչ մի նշանակություն չունի։ Համաշխարհային պատմությունը սովորեցնում է, որ բռնապետությունները, կայսրություններն ինքնակամ չեն նահանջում. դրանք կարող են փլուզվել միայն իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների պայքարի արդյունքում։ Անկոտրում պայքարն արդեն իսկ ի չիք է դարձնում բիրտ ուժի կիրառման վտանգը։ Եվրոպական աշխարհամասում ինքնորոշման ձգտող ժողովուրդների պայքարը դառնում է ավելի վճռական, կենտրոնաձիգ իշխանությունների քաղաքականության մերժումը՝ առավել ընդգծված։   

Հոկտեմբերի 1-ին Իսպանիայի Կատալոնիա երկրամասում անցկացվեց անկախության հանրաքվե։  Քվեարկության արդյունքները միջազգային հանրությանն ի ցույց դրեցին կատալոնացիների՝ Իսպանիայից անկախանալու վճռականությունն ու աներեր կամքը։

Իսպանական իշխանությունների չկամությունը, թերևս, հասկանալի է, դրան գումարվեց նաև Եվրամիության կտրուկ արձագանքը. էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին հայտարարեց, որ ԵՄ-ն, որպես իր անդամ, ճանաչում է միասնական Իսպանիան,  Կատալոնիան ԵՄ կազմից դուրս կհայտնվի, հենց որ հռչակի իր անկախությունը։ Նա, միաժամանակ, իրադարձությունների նման ելքի հավանականությունը դասել է ՙքաղաքական ֆանտաստիկայի՚ ժանրին։ Եվրահանձնակատարի համոզմամբ՝ ճգնաժամի լուծումը իսպանացիների ձեռքին է։   

Իսպանական պետության մաս կազմող Կատալոնիան ինքնավար մարզի կարգավիճակ է ձեռք բերել բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո։ Երկրամասում ապրում է բնակչության 16%-ը, սակայն այն  տալիս է Իսպանիայի համախառն ազգային արդյունքի 25%-ը. 16 միլիարդ եվրո ավելի է վճարում ազգային բյուջեին, քան ստանում է։ Այս անհամամասնությունից է ծնվել ՙՄադրիդը մեզ կողոպտում է՚ արտահայտությունը, որը դարձել է անջատողական շարժման կարգախոսներից մեկը։

Լրատվամիջոցները մանրամասն անդրադարձել են իսպանական իշխանությունների կողմից ձեռնարկված գործողություններին՝ ընդգծելով, որ անկախության հանրաքվեին նրանք պատասխանել են բռնություններով։ Ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ բնակիչների նկատմամբ, ցուցարարների վրա հարձակվել մահակներով, ծեծել ակտիվ քաղաքացիներին, որոշ ընտրատեղամասերից տարել քվեատուփերը, ինչն էլ պայքարի նոր ալիք է բարձրացրել Կատալոնիայում։ Հակառակ այդ ամենին՝  քվեարկությունը կայացել է, և կատալոնացիների 90%-ը ՙայո՚ է ասել անկախությանը։ The Guardian-ի տեղեկություններով՝ հանրաքվեի անցկացման օրն իսպանացի ուժայինների և կատալոնացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են 844 քաղաքացի և 33 ոստիկան։ 

Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դատապարտել է իսպանական իշխանությունների գործողությունները, իսկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը։ Նա ցինիկորեն հայտարարել է, որ Կատալոնիայում ինքնորոշման հանրաքվե չանցկացվեց, օրենքի ուժը շարունակում է գերակայել, իշխանությունն էլ գործել է Սահմանադրությանը համապատասխան։ Վարչապետը հասկանալ է տվել, որ իրենց պայքարի ճանապարհին կատալոնացիներին մեծ փորձություններ են սպասվում, քանի որ հիմնական օրենքն արգելում է երկրի կազմալուծմանն ուղղված գործողությունները։    

Ուշադրության արժանի են արևմտյան մամուլի կողմից վարչապետ Ռախոյին տրված գնահատականները։ Հրապարակումներում ընդգծվում է, որ Իսպանիայի վարչապետ Մ. Ռախոյը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի հանրաքվեն չկայանա, սակայն նրա կոչերն ու սպառնալիքներն արդյունք չտվեցին։ Իր կամքը քաղաքացիներին պարտադրելու համար վարչապետն անտեսեց ժողովրդավարական իրավունքն ու գործի դրեց ֆիզիկական ուժը, ինչը տագնապալի նախազգուշացում է ապագայի համար։ Այդպես վարվում է բռնապետությունը։ 

Մեկ այլ գնահատական. քվեարկության գնացող խաղաղ կատալոնացիների և իսպանական ոստիկանության միջև արյունալի բախումները կստիպեն առաջիններին ավելի ջերմեռանդ պայքարել այդքան բաղձալի անկախության համար։ Կատալոնիան միակը չէ, Եվրոպայով մեկ անջատման նախապատրաստվող ժողովուրդները փորձում են ինքնորոշվել՝ մերժելով կենտրոնական պետականությունը։ Ուստի չի բացառվում, որ հանրաքվեի ալիքը տարածվի Իսպանիայի սահմաններից դուրս, օրինակ, Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ այլախոհ փոքրամասնությունը դժգոհ է սահմանափակ ինքնավարությունից։ Կատալոնիայի խիզախ ընտրողները Եվրոպայում նոր շարժման սկիզբը դրեցին, որում ինքնության գաղափարը միանգամայն նոր ձևով է բնորոշվում։ Եթե կառավարություններն ու ղեկավարները Ռախոյի օրինակով շարունակեն  անդրդվելի մնալ, կհայտնվեն խորտակման վտանգի տակ։ 

Այն, ինչ տեղի ունեցավ կատալոնական հանրաքվեի օրը, անսպասելի չէր։ Իսպանական պետությունը, որում  դեռ մոռացության չեն տրվել Եվրոպայի ամենադաժան բռնապետներից մեկի՝ գեներալ Ֆրանկոյի կառավարման շրջանի ավանդույթները, այլ կերպ  չէր վարվի իրենից անջատվող մարզի նկատմամբ։ Անցյալ դարի 30-ական թվականներին գեներալ Ֆրանկոն բասկերին ու կատալոնացիներին զրկել էր ինքնավարությունից։ Ինչպես արդեն նշվեց, նրա մահից հետո միայն ինքնավարությունը վերադարձվեց Կատալոնիային։  

Կատալոնիան, ամենայն հավանականությամբ, կհայտնվի բարդ 

իրավիճակում։ Այստեղ, թերևս, տեղին է Արցախի հետ զուգահեռ անցկացնելը. երկու դեպքերում ինքնորոշվող ժողովուրդները նպատակ են ունեցել թոթափել բռնապետական լուծը, ինչը միայն խոչընդոտում է ազգային ինքնության ու պատմամշակութային արժեքների պահպանմանը, մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանը։  

Վերը շարադրվածը թերի կլիներ, եթե անուշադրության մատնենք  Washington Post թերթի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տրված բնութագրությունը. ՙՊարոն Ալիևն այնքան լավ է տիրապետում ոչ լիբերալ գործիքներին, որ կարող է բռնապետության մասին սեմինար անցկացնել։ Լավ կլիներ, եթե ավելի շատ կառավարություններ դատապարտեին Ալիևի տհաճ հնարքները։ Սա կարող է սահմանափակել բռնապետների հասանելիությունը՚,- ընդգծել է թերթը։

Այո, թերևս, հնարավոր է, որ, որպես բռնապետ, Իլհամ Ալիևը գերազանցի Ֆրանցիսկո Ֆրանկոյին և նրա հայացքների մյուս հետևորդներին։ Բայց դա  այնքան էլ էական չէ։ Ադրբեջանն ու Իսպանիան տարբեր տարածաշրջաններ ներկայացնող պետություններ են. առաջինին հատուկ են արևելյան բռնապետությանը բնորոշ գծերը, իսկ երկրորդը հայտնի է որպես բուն Եվրոպայում ծնունդ առած  ֆաշիստական գաղափարախոսությանը սատարած և ցայսօր էլ ժողովրդավարության պակաս ունեցող երկիր։  Ադրբեջանի և Իսպանիայի միջև մի փոքր տարբերություն կա. առաջինը հայերին ներկայացնում է անհիմն պահանջներ, իսկ Մադրիդը Բարսելոնայի դեմ պայքարում է իրավական միջոցներով՝ վկայակոչելով երկրի Սահմանադրությունը։           

Բռնություն գործադրելու միջոցները տարբեր են, բռնապետությունը՝ լինի արևելյան թե եվրոպական, բռնության վրա հիմնված իշխանությունն է՝ ժողովրդի ձգտումներին ու իղձերին հակազդող ուժ։ Այն թոթափելու բավարար կամք ունեցող ժողովուրդը կարող է զրոյացնել բռնապետի ուժն ու նկրտումները։ Ինչ վերաբերում է Եվրոպայում հանուն ինքնորոշման  ծավալված  գործընթացներին, ապա դրանք հերքում են մեկ պետության մեջ ազգային խնդիրներ ունեցող ժողովուրդների խաղաղ գոյակցության մասին եվրոպական գաղափարախոսությունը։ Չնայած հոկտեմբերի 10-ին Կ.Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանում հայտարարություն արեց անկախության հռչակումը մի քանի շաբաթով հետաձգելու մասին, այդուհանդերձ, մի բան հստակ է՝ այդ երկրամասում անկախության համար պայքարը թևակոխել է նոր փուլ։

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ