[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԱՐԺՎԵԼ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՙԲլեֆ՚ գործողություն կամ նոր խաղի սկիզբ

 Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Հանդիպմանը ներկա է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան ու ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, որ ՙկողմերը մտադիր են միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ՚, թեև միևնույն ժամանակ նրանք ոչինչ չեն ասել սանկտպետերբուրգյան համաձայնության իրագործման անհրաժեշտության մասին, որը նախատեսում է կողմերի շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրում և միջազգային դիտորդների ի հայտ գալը, որն, ի դեպ, ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ: Այն, ինչ տեղի է ունենում, արդյոք, բարդ հակամարտությունից ելք գտնելու ուղղությամբ արված Ալիևի և Սարգսյանի հաշվարկված քայլե՞րն են, թե՞ խոսքը լայն համատեքստում նոր խաղի մասին է:

Ինչպես հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, ՙընդլայնված կազմով բանակցություններից հետո այժմ Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև կայացել է առանձնազրույց՚: Դրանից հետո Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել: Նրանում, մասնավորապես, ասվում է հետևյալը. ՙՀանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ու շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ միջոցառումների անցկացման շուրջ: Համանախագահները գոհ են մնացել երկար դադարից հետո կայացած հանդիպումից: Նրանք պատրաստակամ են կողմերի հետ շարունակել աշխատանքը` բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար: Որպես հաջորդ քայլ` համանախագահները մոտ ապագայում աշխատանքային հանդիպում կանցկացնեն արտաքին գործերի նախարարների հետ՚:

Այն, ինչն անմիջապես աչքի է զարնվում` հայտարարության դրական տոնայնությունն է, ինչից կարելի է եզրակացություն անել լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր միտումների ի հայտ գալու մասին: Ավելի վաղ Ալիևը, ազդարարելով իր հայազգի պաշտոնակցի հետ կայանալիք հանդիպման մասին, չէր թաքցնում այն հանգամանքը, որ դա հնարավոր է դառնում ՙչհիշատակված եվրոպական քաղաքական կառույցների՚ աջակցության շնորհիվ` այն պայմանով,  կրկին Ադրբեջանի նախագահի խոսքով, որ Հայաստանը հրաժարվում է բանակցությունների վերսկսման համար դարձյալ չհիշատակված ՙպայմաններից՚: Այստեղից հետևյալ եզրակացությունը. դժվար թե պատահական զուգադիպություն կարելի է համարել երկու առաջնորդների հանդիպումը և Եվրոպական հանձնաժողովի` Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարակելու որոշումը, որը նախատեսվում է ստորագրել այս տարվա նոյեմբերին:

Այդ առիթով հայաստանյան որոշ փորձագետներ ուշադրություն դարձրին այդ փաստաթղթի հետևյալ դրույթներին: Համաձայնագրի ներածականում նշվում է, որ կողմերը հանդես են գալիս լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման օգտին Մինսկի խմբի ջանքերի շրջանակում` ՄԱԿ-ի Խարտիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, մասնավորապես` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մասով: Իսկ էներգետիկ փոխգործակցության վերաբերյալ գլխում մատնանշվում է, որ Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակվի և փոխարինվի այլ հզորության միջոցներով, որոնք ՙթույլ կտան ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը՚: Նշենք, որ գրեթե համանման Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը տապալվում է ներածականում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին կետ ներառելու Բրյուսելի ցանկության բացակայության պատճառով:

Այնուհետև: Ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը Ժնևի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է. ՙՄի քանի րոպե առաջ ավարտվեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը: Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առաջնագծում զոհեր չունենանք: Պետք է ասեմ, որ և՜ Ադրբեջանի նախագահը, և՜ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ նա միշտ այդպես մտածի: Նա էլ է շատ լավ հասկանում հարցի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն ցանկանում եմ, որ մի հարցում վստահ լինեք. մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել և իրականացնել այդպիսի որոշում, և դրա համար մենք կանենք ամեն ինչ` զուգահեռ զարգացնելով Հայաստանը,  տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը՚:

Այսպես ձևավորվում է հերթական քաղաքական հետաքրքիր սիլլոգիզմը: Երևում է, որ հակամարտող կողմերը որոշել են վերադարձնել մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը եղած իրավիճակը: Այն ժամանակ փորձագիտական շրջանակներում համառորեն լուրեր էին պտտվում Ադրբեջանին որոշ շրջաններ հանձնելու փոխարեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ներառելու փաստի ճանաչման շուրջ Ալիևի և Սարգսյանի միջև գաղտնի պայմանավորվածության առկայության մասին: Նման բեմագրի գործնական իրականացմանը խանգարեց, այսպես կոչված, երրորդ ուժի գործոնը, որը Բաքվի քաղաքագետների և երևանյան ընդդիմադիր ուժերի մի մասի մեկնաբանությամբ զուգորդվում է Ռուսաստանի հետ: Ահա այժմ էլ Սարգսյանը կիրառում է ՙՂարաբաղն Ադրբեջանից դուրս՚ բանաձևը, այլ ոչ թե նրա անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Իսկ նրա ակնարկն այն բանին, որ ՙԱլիևը շատ լավ հասկանում է հարցի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու՚, վկայում է հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ որոշակի ընդհանուր մոտեցումների առկայության մասին:

Մեծ հաշվով, Բաքուն արդեն վաղուց հասկացել է, որ կորցրել է Ստեփանակերտը: Հիմնախնդրի լուծման համար ուժային տարբերակի կիրառումն անհեռանկարային է և վտանգավոր  տարածաշրջանում առկա ոչ հաստատուն կայունության համար: Բաքուն հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց Երևանի հրաժարումը` անգամ որպես միջանկյալ լուծում (Ղրիմի օրինակով), Ադրբեջանի համար բաց է պահում հնարավորությունների դուռը: Եթե Բաքվի դրեյֆը Ռուսաստանի հակառակ ուղղությամբ գիտակցված աշխարհաքաղաքական ընտրություն է, ապա Երևանի համար Մոսկվայի հետ դաշինքը կարող է որակվել որպես հարկադրված ընտրություն` հաշվի առնելով Ադրբեջանից ու նրան սատարող Թուրքիայից եկող ռազմական սպառնալիքը: Բացի դրանից, անկախ Ստեփանակերտը միանգամայն ունակ է, և դա իրատեսական է, գնալ ռազմաքաղաքական դաշինքի Ռուսաստանի հետ: 

Սակայն Լեռնային Ղարաբաղի Հայաստանի կազմ մտնելու պարագայում Մոսկվան կա՜մ անմիջապես, կա՜մ փուլ առ փուլ տարածաշրջանում կզրկվի ազդեցության լծակներից: Ու դա միանգամայն կարող է գոհացնել որոշակի շրջանակների ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Այնպես որ, պատահական չեն հայաստանյան որոշ ընդդիմադիր փորձագետներ այժմ ցանկություն հայտնում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման նախօրեին կամ դրանից հետո դարձյալ իրեն զգացնել չտա ՙերրորդ ուժի՚ գործոնը: Չէ՞ որ Ադրբեջանում ամենևին էլ ոչ բոլորը դրական կընդունեն Լեռնային Ղարաբաղի Հայաստանի կազմ մտնելը, կհասկանան ու կգնահատեն ՙտանուլ տալ ճակատամարտը, բայց հաղթել պատերազմը՚ Ալիևի  մանևրը:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

regnum.ru