Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎՈՒՄ ԻՄ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ

 

 

 

Դեռևս 2013թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ ՙԱրցախ այցելողների Բաքվի ՙսև ցուցակը՚ օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին՚ վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց ՙսև ցուցակում՚ ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ։

Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին ՙսև ցուցակում՚ ներառելն առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, քանի որ ՙսև ցուցակը՚ մեկուսացնում է Ադրբեջանը մնացած աշխարհից... Փաստորեն, որքան ՙսև ցուցակում՚ շատ է մարդկանց թիվը, որոնցից շատերը հայտնի անձինք և բարձրաստիճան պաշտոնյաներ են, այնքան ավելի շատ է Ադրբեջանն իրեն զրկում նման կարևոր այցելուներից։ 

2013թ. իմ հոդվածում, մի քանի հայտնի անձանց անուններ մեջբերելուց հետո, որոնք ծաղրել էին Ադրբեջանի կողմից ՙսև ցուցակում՚ ընդգրկվելու փաստը, ես առաջարկեցի, որ իմ անունը ևս ավելացնեն ՙսև ցուցակում՚, քանի որ ես նույնպես գնացել էի Արցախ ու հոդված գրել այդ այցի վերաբերյալ։ Զարմանալիորեն, իմ առաջարկից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի կառավարությունն իմ անունը ավելացրեց ՙսև ցուցակում՚՝ ՙՀարութ Սասունյան, հայազգի, սիրիացի-ամերիկացի լրագրող՚։ Դրանից հետո ես դարձյալ այցելեցի Արցախ...

 Պետք է հավելեմ, որ տարիներ առաջ, երբ հայր Ալիևը Ադրբեջանի նախագահն էր, միջնորդների միջոցով նա ինձ հրավիրել էր Բաքու՝ հանդիպելու իր հետ և քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես, իհարկե, մերժեցի նրա հրավերը։ Ես նույնիսկ հրաժարվեցի նախագահ Հեյդար Ալիևի առաջարկից հանդիպելու նրա հետ որևէ երրորդ երկրում, օրինակ` Մեծ Բրիտանիայում, եթե չեմ ցանկանում գնալ Ադրբեջան։ Ես մերժեցի նաև այդ առաջարկը։ Այնպես որ, հիմա, երբ հայտնվել եմ ՙսև ցուցակում՚, Ադրբեջանի արտգործնախարարությունն իրենց նախագահին զրկել է ինձ Բաքու հրավիրելու հնարավորությունից...

 Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ ավելի քան 700 անուն կա, ներառյալ խորհրդարանների անդամներ, գործարարներ, լրագրողներ, դերասաններ, ընտրված պաշտոնյաներ և այլ հայտնի անձինք։ Արցախի վերջին այցելուն, որը կհայտնվի ՙսև ցուցակում՚՝ Էնթոնի Բուրդենն է, որը CNN հեռուստաընկերության աշխարհահռչակ խոհարարական հեռուստաշոուի հաղորդավարն է։ Վերջերս նա մեկնեց Հայաստանի Հանրապետություն և Արցախ՝ այդ երկու երկրներում հայկական խոհանոցի վերաբերյալ հեռուստածրագրեր պատրաստելու նպատակով, և Ադրբեջանը նրան անմիջապես ՙպերսոնա նոն գրատա՚ (անցանկալի անձ) հայտարարեց...

 Բուրդենի անունն ավելացվել է ՙսև ցուցակում՚՝ ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի համար՚, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը ՙՖրանս պրես՚ գործակալությանը։ ՙԱդրբեջանի գրավյալ տարածքներում խոհարարական շոու նկարահանելը վիրավորանք է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հանդեպ, որոնց բռնի տեղահանել են իրենց տներից՚, հավելել է Հաջիևը: Անիմաստ խոսքեր են: Միակ բանը, որին ադրբեջանցի պաշտոնյաները հասան՝ Բուրդենի այցի կանխումն էր Ադրբեջան և ադրբեջանական խոհանոցի մասին CNN շոուի կազմակերպումը, որը մեծ գովազդ կլիներ երկրի համար։

 Ադրբեջանի ՙսև ցուցակն՚ ունի մի շարք թերություններ.

 1) Մինչ օրս ընդամենը 700 անուն է ներառված ՙսև ցուցակում՚, մինչդեռ տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր  զբոսաշրջիկներ են այցելել Արցախ։ Չնայած Արցախի բոլոր այցելուների անունները հանրությանը հայտնի չեն, սակայն, իհարկե, նրանք 700-ից  ավելի են: Պարզվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ինչ-որ մեկը քնած է իր աշխատավայրում:

 2) Ինչո՞ւ ՙսև ցուցակում՚ ընդգրկված 700 անունների մեջ չկա Հայաստանի Հանրապետության նույնիսկ մեկ քաղաքացի: Թեև Ադրբեջանի պաշտոնյաներին հայտնի չեն Հայաստանից սովորական այցելուների անունները, նրանք, անշուշտ, գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախակի այցելում են Արցախ և նրանց այցերը հրապարակային են: Հնարավո՞ր է, արդյոք, որ Ադրբեջանը Արցախ այցելող Հայաստանի քաղաքացիներին չի համարում օտարերկրացիներ: Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքէջը խոստովանում է, որ ՙԼեռնային Ղարաբաղը ժամանակավորապես դուրս է մնացել Ադրբեջանական Հանրապետության վերահսկողությունից՚: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այժմ Արցախը համարում է մշտապես ՙԱդրբեջանական Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած՚:

3) ՙՍև ցուցակում՚ ընդգրկվածներից շատ քչերն են դժգոհել, որ իրենք չեն կարող այցելել Ադրբեջան: Ընդհակառակը, նրանցից շատերը հպարտանում են, որ իրենց անունները հայտնվել են Ադրբեջանի ՙսև ցուցակում՚: Նույնիսկ ավելի ապշեցուցիչ է, երբ որոշ մարդիկ Արցախ այցելելուց հետո իրենց անունները չգտնելով ՙսև ցուցակում՚, խնդրել են, որ դրանք ավելացվեն ՙսև ցուցակում՚, քանի որ նրանք մեծ պատիվ են համարում այդ ցուցակում լինելը։

 Վերջին ամիսներին Ադրբեջանը, իրավիճակն ավելի սրելով, պահանջել է այլ երկրներից՝ իրենց քաղաքացիներին Արցախ այցելելու համար արտահանձնել Բաքվին: Մի դեպքում Բելառուսում մի լրագրողի անամոթաբար կալանավորեցին և ուղարկեցին Ադրբեջան, որտեղ նրան մի քանի ամիս բանտարկեցին: Նա վերջապես ազատ արձակվեց՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներից և Եվրախորհրդի կողմից դատապարտումից հետո:

 Սա իշխանության չարաշահում է, ադրբեջանական ճնշումների արտահանում և ահաբեկում երրորդ երկրների նկատմամբ, որոնք պետք է ամաչեն ադրբեջանական բռնապետական վարչակարգի հետ համագործակցելու համար։

 

 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.