[ARM]     [RUS]     [ENG]

Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆ. ՙԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ ԱՊՐԵԼԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԻ՚

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցային գործընթացի, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ ՙԱրմենպրես՚-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան (1993-1999թթ.), 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆԻ հետ։

 -Պրն Շուգարյա՜ն, Ձեր նախկին հարցազրույցներից մեկում շեշտել էիք, որ Հայաստանը պետք է փոխի իր դիրքորոշումը, մարտավարությունը եւ ներկայացնի աշխարհին ոչ թե այն, ինչ կատարվեց, այլ այն, թե ՙինչպես՚ կատարվեց։ Խոսքը, մասնավորապես, ապրիլյան պատերազմի մասին էր, որից շուրջ մեկուկես տարի է անցել։ Ըստ Ձեզ՝ դա ստացվ՞ել է, մենք ճի՞շտ ճանապարհին ենք։

-Ասելով մարտավարության փոփոխություն՝ ես նկատի ունեի, որ պետք է նոր երանգներ տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Խնդիրն այն է, որ իրոք 2016 թվականի ապրիլից հետո իրավիճակը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում փոխվեց։ Իհարկե, մինչ այդ էլ էր սկսել փոխվել գլոբալ մարտահրավերների եւ հակամարտությունների համատեքստում, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մենք նոր, մի հետաքրքիր երեւույթ տեսանք։

Այդ ժամանակահատվածում միջազգային հանրությանը փորձում էինք համոզել, որ Ադրբեջանն էր միակ մեղավորը, եւ հենց այդպես էլ կար, քանի որ Ադրբեջանը սկսեց հարձակումը, սակայն դա այդքան մեծ նշանակություն կամ ազդեցություն չէր ունենում, որքան այն, երբ սկսեցինք տեսնել ու զուգահեռներ ցուցադրել Ադրբեջանի եւ Իսլամական պետության գործելաոճերի միջեւ, այսինքն՝ այն, ինչ նրանք անում էին ռազմագերիների հետ, թե ինչպես էին փորձում դա ներկայացնել սեփական ժողովրդին։

Եվ միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը տեսավ այդ անընդունելի ռազմական հանցագործությունների ամբողջ ցանկը՝ փաստերով, այդ ժամանակ փոխեց վերաբերմունքը եւ մտահոգությունը այս հարցի շուրջ։ Ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ցույց տվեց, թե իրականում ինչ է կատարվում, եւ ինչ մակարդակով է քարոզվում բռնությունը Ադրբեջանում։ Նույնիսկ Մերձավոր Արեւելքում, նախկին Խորհրդային Միության անդամ այլ երկրների հակամարտությունները տարբերվում են նրանով, որ ժողովուրդներն այդ վիճակում կարողանում են համատեղ գոյատեւել, ապրել, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հայ ժողովրդի հետ կողք-կողքի ապրելը հնարավոր չլինի։

Կարծում եմ՝ Ղարաբաղի հասարակությունը շատ ավելի բաց է, քան շատ երկրներում։ Եթե համեմատենք Ադրբեջանի կառավարման համակարգը, այնտեղ տիրող իրավիճակը, կտեսնեք, թե ինչ մեծ տարբերություն կա։ Հենց նաեւ դա է անհրաժեշտ ներկայացնել միջազգային հանրությանը։

-Պատերազմին հաջորդեցին մի շարք բարձրաստիճան հանդիպումներ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, վերջերս էլ տեղի ունեցավ եւս մեկը։ Ժնեւում հոկտեմբերի 16-ին հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում կարծես ինչ-որ լավատեսական տրամադրվածություն կար, սակայն դա արագ ի չիք դարձավ, որովհետեւ հանդիպումից առաջ եւ հետո կրկին աճեց սահմանային լարվածությունը, եղան կրակոցներ, ընդհուպ՝ զոհեր։ Այս պարագայում ինչպե՞ս կարելի է խաղաղ ճանապարհով հակամարտության հանգուցալուծում ակնկալել, մի բան, որին որեւէ այլընտրանք համանախագահները չեն տեսնում եւ մշտապես դա բարձրաձայնում են։ Ինչքանո՞վ են այս հանդիպումներն արդյունավետ՝ ըստ Ձեզ։

– Ամեն դեպքում, այդ հանդիպումներն անհրաժեշտ են։ Ես դրա համար եմ ասում, որ խնդիրը ոչ թե քաղաքականությունը 180 աստիճանով փոխելն է, այլ այն որոշ դեպքերում լրամշակելը։ Իսկ այստեղ միանշանակ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա է միակ ինստիտուտը, որը թույլ է տալիս հարցը պահել վերահսկողության տակ, եւ կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ դա հնարավորություն է տալիս հարցի լուծմանն ուղղված բանակցությունները պահել միջազգային շրջանակներում։ Ունենք երեք համանախագահ, որոնք բոլորն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են։ Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նոր մոտեցում որդեգրել, եւ այդ մոտեցումը հումանիտար, մարդու իրավունքների ոլորտում եմ տեսնում, այսինքն՝ ոչ միայն այդ ավանդական սկզբունքների համատեղման՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի, այլ մի նոր միջազգային նորմի, այն է՝ անջատում, ճանաչում եւ ինքնիշխանություն հանուն փրկության, որն առաջին անգամ Կոսովոյում է կիրառվել։ Խոսքը մարդկային խղճի միջազգայնացման մասին է, եւ ապրիլյան պատերազմից հետո հենց դրա մասին պետք է խոսել եւ ակնկալել, որ միջազգային հանրությունում այն արձագանք կգտնի։

-Իսկ այս տարիների ընթացքում արդյո՞ք այս հարցը չի բարձրաձայնվել մեր կողմից։

-Ինչպես արդեն նշեցի, ղարաբաղյան հակամարտությունը մյուս բոլոր հակամարտություններից տարբերվում է նրանով, որ այստեղ կան բացարձակ անհամատեղելիություն եւ ատելություն։ Եթե վերցնենք, օրինակ,  օսերի ու վրացիների դեպքը, կտեսնենք, որ այդ մարդիկ նույնիսկ թեժ հակամարտության պայմաններում շատ հանգիստ կարող են նույն տեղում իրար կողքի ապրել։ Այնտեղ հակամարտությունը քաղաքական բնույթ է կրում, որի չլուծման դեպքում, իհարկե, կարող են լինել անցանկալի զարգացումներ, սակայն ոչ այնպես, ինչպես եղավ ապրիլին Ադրբեջանի կողմից։

Մինչ այդ ատելությունն արտահայտվում էր  ոչ մասսայական մակարդակով, հիշենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի դեպքը, որտեղ ես ուզում եմ խոսել ոչ թե հենց դեպքի, այլ Ալիեւի եւ Ադրբեջանի իշխանությունների արձագանքի մասին։ Նրանք հերոսացրին Սաֆարովին, եկեք նույնիսկ ամենաանհավանական համեմատությունը տանենք մեր հարեւան մյուս պետության՝ Թուրքիայի հետ, որտեղ Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան հրապարակ պաստառներով, որոնց վրա գրված էր՝ ՙՄենք Հրանտ Դինքն ենք՚, մի րոպե պարզապես պատկերացրեք՝ եթե այդ սպանությունը լիներ Ադրբեջանում, երեւի հանցագործը նույն կերպ կպարգեւատրվեր։

Ադրբեջանը սեփական ժողովրդին մատուցեց մի գործելաոճ, որտեղ խրախուսվում էին բռնությունը, քարանձավային մտածողությունը։ Հիշենք նաեւ Ալիեւի հայտարարությունը դրանից երկու տարի առաջ այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման դեպքում կրակ է բացելու քաղաքացիական ինքնաթիռների վրա։ Դա արվել էր երկրի նախագահի մակարդակով, եւ ես նշեցի ընդամենը երկու դեպք, սակայն երրորդը՝ ապրիլյան պատերազմը, արդեն արտահայտվում էր համապետական մակարդակով։ Այդ սկզբունքների մասին խոսվում էր, իհարկե, սակայն ոչ այդքան համակարգված, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս մասին բարձրաձայնվեց ՀՀ նախագահի մակարդակով։ Նա խոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների մակարդակի, Ղարաբաղի հետ տարբերության եւ նաեւ այն մասին, որ Ադրբեջանում քարոզվող ատելությունը եւ վայրագությունները դառնում են պետական քաղաքականություն, որը փակում է բոլոր ճանապարհները։

Ստացվում է, որ նախագահը խոսեց վերը նշված սկզբունքների մասին՝ առանց դրանց անունը տալու։ Նա խոսում էր ղարաբաղյան հարցի մասին՝ այն տեղափոխելով հումանիտար, մարդու իրավունքների ոլորտ։ Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, սրբագրվում  եւ ինչ-որ տեղ հարմարեցվում է նոր իրավիճակին։

-Բազմիցս բարձրացվել է Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու անհրաժեշտության հարցը։ Արդյո՞ք Արցախի ներգրավվածությունն ինչ-որ հարց կլուծեր այն պարագայում, երբ բանակցությունների առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ուղղված կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը, շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը։ Ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ։

-Ղարաբաղի մասնակցությունն, իհարկե, անհրաժեշտ է եւ հիմնականում այն փուլում, երբ հստակեցվելու են կարգավիճակին վերաբերող հարցերը։ Առանց Ղարաբաղի մասնակցության այս հարցը չի կարող լուծվել, եւ ես կարծում եմ, մեր նախորդ տարիների քաղաքականության հիմնական բացթողումներից էր այն, որ 90-ականների վերջին Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց, իսկ ամենամեծ նվաճումներից մեկն այն էր, որ 1994 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Բուդապեշտում այն ճանաչվեց հակամարտության կողմ եւ մասնակցեց բանակցություններին։ Այնուամենայնիվ, եկեք լինենք իրատես. այսօր մենք մեր ուշադրությունը պետք է իրականում պահենք այդ նոր մոտեցումների զարգացման վրա։ Եթե մեր ամբողջ ուժերը կենտրոնացնենք այն հարցի վրա, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, դա այդքան մեծ արդյունքների չի բերի։

Դա ցանկալի է եւ անհրաժեշտ, սակայն, ըստ իս՝ հաջորդ փուլում։ Ղարաբաղի մասնակցությունն իրականում պետք է լիներ անմիջապես ապրիլյան պատերազմից հետո, այդ պահը կորցրինք։ Այստեղ լավագույն, վառ օրինակն այն էր, որ Ղարաբաղի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը եթեր դուրս եկավ Ադրբեջանի արտգործնախարարի հետ CNN-ով, ինչը չափազանց մեծ ազդեցություն թողեց։ Պարզ երեւում էին հակամարտության երկու ուղիղ կողմերը՝ Ղարաբաղը եւ Ադրբեջանը։ Դա լավ նախադրյալ էր Ղարաբաղի իշխանությունների համար բանակցային գործընթաց վերադառնալու հարցում։

-Խոսեցիք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, Իսլամական պետության գործելաոճի հետ նմանության մասին։ Անդրադառնալով, մասնավորապես, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Պաշտպանության բանակի, խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններին, որոնց վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մանրամասն զեկույցներ է ներկայացրել, ինչպե՞ս կգնահատեք այս ուղղությամբ միջազգային հարթակում տարվող աշխատանքները։

-Շատ բարձր եմ գնահատում հատկապես Արցախի նոր ՄԻՊ-ի աշխատանքը, որը, իմ կարծիքով, ուղղված է ոչ միայն ներսի խնդիրներին, այլեւ միջազգային ասպարեզին՝ անելով ճիշտ շեշտադրումներ՝ կապված ռազմական հանցագործությունների ոլորտում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ։ Կարծում եմ՝ արդեն իսկ մեծ արդյունքի է հասել եւ ճիշտ ուղու վրա է ոչ միայն Արցախի ՄԻՊ-ը։ Այստեղ կցանկանամ նշել նախորդ տարվա ապրիլից հետո այստեղ ԱՄՆ դիվանագետների, դեսպանների կատարած աշխատանքը։ Նրանք կարողացան ուշադրություն սեւեռել հենց այդ հարցի վրա, որովհետեւ երբ մենք փորձեցինք գործել մեր ավանդական սխեմաներով, այսինքն՝ ինչպես ենք արձագանքում Ադրբեջանի ագրեսիային, խոսում ենք նույն պատճառների, նույն տրամաբանության մասին, ապա սրան միջազգային հանրությունն արդեն սովոր է, նման երեւույթներ ամեն օր կատարվում են ինչ-որ տարածաշրջանում։ Եվ այս դեպքում արձագանքը սովորաբար չի լինում այն, ինչ մենք ենք ակնկալում, սակայն մերոնք խոսեցին ռազմական հանցագործությունների մասին՝ արդեն փաստերով, եւ հասան մեծ փոփոխությունների։ Միջազգային հանրությունն ունի իր տեմպերը. մենք միշտ բողոքում ենք, որ շատ դանդաղ է արձագանքում, եւ ճիշտ ենք անում, բայց այն, որ Ադրբեջանի նկատմամբ փոխվել է եւ փոխվում է վերաբերմունքը, դա փաստ է, եւ մենք այս վերաբերմունքը կարող ենք օգտագործել։

 

168.am