[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՆԱ ՄԱԶԱԼՈՎԱ. ՙԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ՚ (Տեսանյութով)

Այն տարիները, երբ Դանա Մազալովան (իրավաբան, լրագրող, Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների լուսաբանման համար 1993թ. չեխական ՙKrepelka՚ հեռուստամրցանակի դափնեկիր) ղեկավարում էր ԽՍՀՄ-ում չեխոսլովական թղթակցային կետերը, համընկան այդ հսկայի փլուզման հետ։

Լրագրողների համար նույնպես դրանք բարդ ժամանակներ էին։ Քայքայվող Խորհրդային Միությունով մեկ անընդհատ ուղևորություններն օր ու գիշեր հանգիստ չէին տալիս։ Իրադարձությունները ծավալվում էին մեկը մյուսի հետևից՝ երկրաշարժը Հայաստանում, եղբայրասպան քաղաքացիական պատերազմը Վրաստանում, Ֆերգանայում (Ուզբեկստան) թուրք- մեսխեթների վտարումը, իրադարձությունները Օշում (Ղըրղզստան), Ղարաբաղյան պատերազմը...

Դանա Մազալովայի, ինչպես և այլ երկրներից նրա հարյուրավոր գործընկերների հաղորդումները ռազմական ամփոփագրեր էին հիշեցնում։ Ինչը, ըստ էության, այդպես էլ կար։ Լրագրող-գործընկերներն իրար էին փոխանցում նկարահանված նյութերը, քանի որ անհնար էր միաժամանակ հայտնվել Խորհրդային Միության տարբեր կետերում, իսկ ավելի ուշ` նաև նախկին ԽՍՀՄ-ից տրոհված երկրներում։ 90-ականների սկզբին Դանա Մազալովան հազիվ հասցնում էր շրջել Անդրկովկասով, որպեսզի նյութեր նկարահաներ մերթ ադրբեջանական, մերթ հայկական կողմից։ Երկու հանրապետությունների լրագրողական կորպուսից ի հայտ եկան և ընկերներ։ Նրանցից մեկը Չինգիզ Մուստաֆաևն էր՝ ադրբեջանցի ոչ անհայտ լրագրողը, ով առաջինն էր, որ տեսախցիկի վրա արձանագրեց սպանված խաղաղ խոջալվեցիներին։ Նրա կադրերը մինչ օրս ցնցում են մարդու հոգեկանը, իսկ լրագրողն ինքը, ինչպես և ենթադրում էր, դրանց համար կյանքով վճարեց։ Խոջալուի իրադարձությունների, Չինգիզ Մուստաֆաևի և այլ հարցերի (Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հետ Մազալովայի հարցազրույցի) շուրջ է Դանա  ՄԱԶԱԼՈՎԱՅԻ  հետ մեր հատուկ թղթակից Վադիմ Հարությունովի զրույցը, ում հետ նա վերջերս հանդիպել է Պրահայում։

-Պանե Մազալովա, ինչպե՞ս հայտնվեցիք ղարաբաղյան իրադարձությունների թոհուբոհում։ 

-1988-ին սկսվեցին հայերի ջարդերը Սումգայիթում։ Այդ ժամանակ ես Պրահայում էի։ Չեխոսլովակյան ԶԼՄ-ները պատմում էին սումգայիթյան դեպքերի մասին, և ես հարկ չհամարեցի ԽՍՀՄ մեկնել, քանի որ տեղում արդեն աշխատում էին մեր թղթակիցներից մի քանիսը։ 1989թ. սկսվեցին Ֆերգանայի իրադարձությունները։ Ես մեկնեցի Ուզբեկստան և ականատես եղա Ֆերգանայի թուրք-մեսխեթների ջարդին։ Այն, ինչ տեսա, ցնցեց ինձ. ամենուր երիտասարդ  տղամարդկանց դիակներ էին ընկած։ Պարզ չէր՝ ովքեր էին թուրքեր, ովքեր՝ ուզբեկներ։ Քանի որ թուրքերը պաշտպանվում էին ուզբեկներից, ուստի քիչ չէին և սպանվածները ուզբեկներից։ Ուզբեկստանում սկսեցին տեղահանել թուրք-մեսխեթներին։ Հազարավոր ծերեր, կանայք, երեխաներ փախչում էին հարևան հանրապետություններ, բայց նրանց մեծ մասը՝ խորհրդային զորքերի հսկողության տակ, գտնվում էր կայարանում ու օդանավակայանում՝ հետագա տեղափոխման համար։ Թուրքերը ցանկանում էին վերադառնալ պատմական հայրենիք՝ Վրաստան, Մեսխեթիա, որտեղից իրենց նախնիներին ավելի վաղ տեղահանել էին։ Սակայն Վրաստանի Կոմկուսի  Կենտկոմի առաջին քարտուղար Գիվի Գումբարիձեն, իսկ ավելի ուշ և Զվիադ Գամսախուրդիան հրաժարվեցին թուրք-մեսխեթներին ապաստան տրամադրել Վրաստանում...

Մոտավորապես նույն այդ տարիներին ես դարձյալ հայտնվեցի Հայաստանում։ Բայց՝ ոչ միանգամից։ Նախ Բաքվից հասա Ղարաբաղ։ Ինքնաթիռով։ Մենք թռանք Խոջալուում գտնվող Ստեփանակերտի օդանավակայան։ Այնտեղ մեզ դիմավորեցին օդանավակայանի տնօրենն ու Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Հաջիևը։ 90-ականների սկիզբն էր։ Մեզ սիրալիր ընդունելություն ցույց տվին` սեղանները գցած։ Պետք է արժանին հատուցել. ադրբեջանցիների մոտ դա ստացվում է։ Հատկապես եթե դա արտերկրի ներկայացուցիչների համար է։ Մի անգամ, երբ Հաջիևը հերթական անգամ արտասահմանցի լրագրողների համար սեղան գցեց, շատ կոնյակ խմեց, ի դեպ` հայկական, գլուխը կորցրեց ու սկսեց լեզվի եկածն ասել։ Դա Շուշիում էր։ Մոռանալով այն մասին, թե ինչ մարդկանց շրջապատում էր գտնվում, Հաջիևը գերագույն հաճույքով պատմում էր հայկական արյան համի մասին, այն մասին, թե ինչպես էին իրենք հայերին ոչնչացնում Ղարաբաղի գյուղերում։

Շուտով Վիկտոր Պոլյանիչկոն, ով ղեկավարում էր Ղարաբաղի հարցով կազմկոմիտեն, մամուլի ՙօդը փակեց՚ և արգելեց ԶԼՄ¬ների մուտքը Ստեփանակերտ։ Միայն հետո հայտնի դարձավ, թե ինչու նա  դա արեց։ Պոլյանիչկոն, փոխանակ չեզոք դիրք գրավելու, խիստ ադրբեջանամետ դիրքորոշում ընդունեց ու էթնիկ զտում իրականացնող ՙԿոլցո՚ ռազմագործողության ղեկավարներից մեկն էր, որը վերածվեց ագրեսիայի ու Ղարաբաղի մի շարք խաղաղ բնակավայրերի հայաթափման։ Ու այդ ամենը պետք է արվեր մամուլից գաղտնի։ Առավել ևս՝ արտասահմանյան։

-Այդ դեպքում Ձեզ ինչպե՞ս հաջողվեց Ղարաբաղ հասնել։

-Տարբեր միջոցներ կային։ Անպայման չէր ինքնաթիռով։ Ադրբեջանցի լրագրողների հետ միասին տարբեր սողանցքներ էինք գտնում։ Իսկ երբ հայկական կողմը ճեղքեց Լաչինի միջանցքը, ես արդեն Բաքվից անկախ էի։ Կարող էի Ղարաբաղ հասնել Երևանով։ 91-ի մարտի վերջին, երբ Ղարաբաղ տանող բոլոր ծակուծուկերը փակ էին, իսկ ՙԿոլցո՚ ռազմագործողությունը վերջնականապես ընդունեց Ղարաբաղի հայազգի բնակչությանը ոչնչացնելու նողկալի բնույթ, այդ երկրամասն արդեն անհնար էր մտնել որևէ տեղից։ Տեղում ղեկավարում էր, ինչպես արդեն ասացի, Պոլյանիչկոն ու խորհրդային բանակը, որը Կրեմլի թելադրանքով ադրբեջանամետ դիրքորոշում էր զբաղեցնում։ Կային և կողոպուտով զբաղվողներ։ Ռուս սպաներից մեկը թույլտվության էր սպասում, որ իրեն ինչ¬որ վաստակների դիմաց թույլ տան Ղարաբաղից տանել հայի պատկանող ՙՎոլգա՚ ավտոմեքենան։ Եվ առհասարակ այստեղ մեծ առևտուր էր ընթանում։ Հայկական ողջ ունեցվածքով առուծախ էին անում, ու դա անում էին բոլորը։ Ներառյալ` ռուս սպաները... 

Իմ հաջորդ այցն Ադրբեջան 1992¬ի մարտի սկզբին էր։ Ու դա ամենաահավոր այցն էր։

-Ի՞նչ հիշողություններ ունեք այդ այցի հետ կապված։

-Նախ պետք է ասեմ՝ ինչը նախորդեց այդ դժոխքին և, անցնելով առաջ, ևս մեկ անգամ հիշեցնեմ այն խեղճ թուրք¬մեսխեթների մասին, որոնց սպանում էին Ուզբեկստանում և որոնց այն ժամանակ չընդունեց վրացական ղեկավարությունը։ Փոխարենը թուրք փախստականների մի մասին ընդունեց Այազ Մութալիբովը՝ Ադրբեջանի ղեկավարը։ Նրանց համար տնակներ կառուցվեցին Խոջալուի օդանավակայանի մոտ։  Այնտեղ նրանց բնակեցրին։ Եվ ահա... Ինչպես հայտնի է, ՙԿոլցո՚ ռազմագործողությունը Ղարաբաղն ամբողջովին կտրեց տրանսպորտային զարկերակներից։ Ղարաբաղի հայերը զրկված էին արտաքին աշխարհի հետ կապից։ Սննդամթերք նույնպես չէր հասնում։  Խոջալուի՝ Ղարաբաղում միակ օդանավակայանը փակ էր ու գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Հայկական կողմն ադրբեջանական կողմին զգուշացրել էր, որ Խոջալուն կվերցնեն օդանավակայանն ազատելու համար։  Բնակիչներին տեղահանելու համար երեք օր ժամանակ տրվեց։ Չգիտեմ՝ տեղահանում եղավ, թե  ոչ, բայց Խոջալուի խաղաղ բնակիչներն սպանվեցին։ Ու ոչ թե Խոջալուում, այլ Աղդամի մոտ, որն այն ժամանակ վերահսկում էր ադրբեջանական կողմը։ Եվ ահա, լինելով Բաքվում, հանդիպեցի Չինգիզ Մուստաֆաևի հետ, ով նկարահանել էր սպանվածներին...

-Մինչ այդ Դուք ծանո՞թ էիք Մուստաֆաևին։ 

-Այո, իհարկե։ Մենք ընկերություն էինք անում։ Ծանոթացել էինք 90-91թթ.` Կիսլովոդսկում, որտեղ համաժողովի էինք մասնակցում։ Այնուհետև հաճախ էինք միասին ղարաբաղյան դիրքեր մեկնում Բաքվի կողմից... Այսպես, Չինգիզի աչքերում սարսափ կար, երբ ցույց տվեց լուսանկարները։ Ասաց. ՙԴանա, հասկանո՞ւմ ես՝ նրանք ինչ արեցին։ Հիմա այս կադրերից հետո ես պետք է զրահապատ բաճկոնով շրջեմ Բաքվում՚։ Ահա թե ինչ էր կատարվել։ Չինգիզը թռչում էր ադրբեջանական ինքնաթիռով ու վերևից տեսավ դիակներ։ Դիակների միջով մի մարդ էր քայլում՝ զինվորական հագուստով և ուշադրություն չէր դարձնում ուղղաթիռի վրա, որը վայրէջք էր կատարում։ Նա ադրբեջանցի էր, ով ազատ տեղաշարժվում էր հանցանքի վայրում։ Չինգիզը դուրս եկավ ուղղաթիռից ու սկսեց նկարահանել։ Կադրերի վրա  պատկերված էին սպանված կանայք, երեխաներ, ծերեր... Հիշեցնեմ, որ Չինգիզը բժշկական կրթություն ուներ։ Նա ինձ ցույց է տալիս նկարահանած նյութն ու մեկնաբանում՝ ինչպես էին նրանց սպանել։ Այդ խեղճերին կրակում էին ծնկներից։ Միայն մի տարեց մարդ էր ընկած առանց մարմնական վնասվածքների։ Հավանաբար, նա մահացել էր այդ ամենը տեսնելով։ Սիրտը չդիմացավ։ Չինգիզը որպես բժիշկ ինձ բացատրեց, որ դա շատ երկար ու աղմկոտ մահ էր։ Այդ մարդիկ պետք է որ ցավից ճչային։ Ադրբեջանական առաջապահ ուժերը պետք է լսեին նրանց, որոնց շտաբը տեղեկացված էր ողբերգության վայրից քիչ հեռու։ Նրանք չէին կարող չլսել՝ ինչպես էին մարդիկ ցավից ճչում։ Դա բացառված է։ Ինձ ավելի մեծ սարսափ համակեց, երբ ավելի ուշ իմացա, որ այդ խեղճերից գրեթե բոլորը թուրք¬մեսխեթներ էին, նույն այն թուրքերը, որոնց վտարել էին Ուզբեկստանից, և նրանց, չգիտես ինչու, բնակեցրել էին հենց Խոջալուում, հենց Ղարաբաղում՝ այդ երկրամասի համար անհանգիստ ժամանակներում։ Նույն այն մարդիկ, որոնց բնակեցրել է Մութալիբովը, իսկ վրացական իշխանությունները չէին ընդունել։

-Ի՞նչ եղավ հետո։

-Չինգիզի խոսքով՝ մի քանի դիակ նրան հաջողվեց ինքնաթիռով Աղդամ հասցնել։ Երկու օր անց նա նորից վերադարձավ ողբերգության վայր։ Հնարավոր է՝ մնացած դիակները վերցնելու համար։ Եվ ի՞նչ եք կարծում։ Այդ երկու օրվա ընթացքում ամեն ինչ փոխվել էր։ Նա ականատես եղավ մի այլ տեսարանի, դիակները գլխամաշկված էին։ Ինչո՞ւ։ Իմ ուղեղում դա չի տեղավորվում։ Ինչպես և Չինգիզի ուղեղում: Հենց այդ ժամանակ էր, որ նա ասաց, թե վախենում է առանց զրահապատ բաճկոնի քայլել Բաքվում։ Քանի որ նկարահանել էր ողջ այդ սարսափը։

-Այլ կերպ ասած՝ Չինգիզը հասկանում էր, որ դա արել էր ադրբեջանական կողմը։

-Հենց այդպես:

-Իսկ նա ոչնչով չհիմնավորե՞ց, թե ադրբեջանական կողմի ինչին էր պետք դա։

-Չինգիզը նույնպես չէր հասկանում՝ ինչ էր տեղի ունենում։ Մենք երկուսս էլ ցնցված էինք։ Առավոտյան ես գնացի Մութալիբովի հետ հարցազրույցի։ Իմ տեսածից ու լսածից հետո չկարողացա չհարցնել նրան տեղի ունեցածի մասին։ Նա թույլ տվեց այն միտքը, որ դա արել են ադրբեջանական ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, որպեսզի տապալեն իրեն՝ Մութալիբովին։ Ինչը, ըստ էության, հետո կատարվեց։ Մութալիբովի հետ զրույցի ընթացքում հասկացա, որ Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին զրույցը ծանր էր երկուսիս համար։ Նաև հասկացա, որ Պրահայում ոչ ոքի դա չի հետաքրքրի։ Կրկնեմ, Չեխոսլովակիան այդ տարիներին փլուզման եզրին էր։ Պետք էր նյութը հրապարակել ոչ թե Չեխոսլովակիայում, այլ Ռուսաստանում։ Այդ պատճառով պայմանավորվեցի Մոսկվայի իմ ընկերների հետ՝ ՙՆեզավիսիմայա գազետա՚¬ում։ Նրանք ձայնագրիչից վերծանեցին իմ նյութը և տպագրեցին Այազ Մութալիբովի հետ հարցազրույցը։ 1992թ. ապրիլի 2-ին հոդվածը լույս տեսավ։

-Ստացվում է՝ թուրք-մեսխեթները դարձան Ադրբեջանում իշխանության համար պայքարի զոհեր։ Բացի այդ, նրանք մտածեցին, որ փախստականներ են։ Ոչ ոք նրանց չի փնտրի։

-Հավանաբար` այդպես է։ Մահմեդական ավանդույթներով մեռածին պետք է թաղել նույն օրը՝ մինչև արևի մայր մտնելը։ Բայց ոչ ոք դա չարեց։ Դիակները տեղափոխվեցին Աղդամ և այնտեղ էլ պահեցին մի քանի շաբաթ։ Եթե հիշողությունս չի դավաճանում՝ մինչև մարտի կեսերը։ Դա պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ դիակները պետք է պահեին ու ցույց տային Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողովի պատվիրակներին։ Ավելի ճիշտ` համաժողովը խափանելու նպատակով։ Ինչն էլ տեղի ունեցավ։ Համաժողովը հետաձգվեց։ Բայց այն այդպես էլ տեղի չունեցավ։ Այդ հրեշները կզոհաբերեին ինչ ասես, թեկուզ թուրք-մեսխեթներին, թեկուզ ադրբեջանցիներին...Նրանց պետք էր ցուցադրական մի բան՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու և կարևոր համաժողովը տապալելու համար։ Դա պետք է լիներ Ղարաբաղի հարցով առաջին միջազգային համաժողովը, որը կոչված էր ինչ-որ ձևով կանգնեցնելու պատերազմը։ Ու նրանք տապալեցին այն։ Այդ ժամանակ նրանք շատ էին վստահ, որ կհաղթեն և Ղարաբաղը կմաքրեն հայերից։ Հանուն այդ նպատակի նրանք ոչնչից չէին խորշում։

-Պանե Մազալովա, իսկ Ձեզ հայտնի՞ է, որ Մութալիբովը հիմա հետ է կանգնում իր խոսքերից, իբր, չի ասել Ձեզ այն, ինչը հրապարակել է ՙՆեզավիսիմայա գազետա՚-ն։

-Այո, լսել եմ այդ մասին։ Ուրիշ բանի էլ եմ տեղյակ, օրինակ, որ մինչև 2011թ. նա ապրում էր Մոսկվայում, և ադրբեջանական իշխանություններն անընդհատ հալածում էին նրան։ Միայն 2011թ. նրան հնարավորություն տվեցին Բաքու գալ՝ նրանից հանելով բոլոր մեղադրանքները` այն պայմանով, որ նա հրաժարվի իր խոսքերից, որ ասել էր Դանա Մազալովային ու ՙՆեզավիսիմայա գազետա՚-ին։ Բայց թող Աստված նրան դատավոր լինի։  Եթե Դանան է խաբում, խնդիր չկա։ Մենք բոլորս էլ ողջ ենք։ Ես ողջ եմ, նա՝ Մութալիբովը, ողջ է, ՙՆեզավիսիմայա գազետա՚-ն ողջ է։ Նա իրավունք ունի դատի տալ մեզ։ Մենք ունենք ապացույցներ և պատրաստ ենք դատարանին տրամադրել։ Ի՞նչ կարիք կա սպասելու։ Իսկ եթե նա չի գնում այդ քայլին, ուրեմն թաքցնելու բան ունի։ Միայն ափսոս, որ Չինգիզը ողջ չէ։ Ինչպես ինքն էլ ենթադրում էր, նրան սպանեցին նույն տարում՝ Խոջալուի դեպքերից բառացիորեն երեք ամիս անց։ Նա մեկուկես տարեկան որդի էր թողել։ Ղարաբաղյան իրադարձությունների լուսաբանման համար Պրահայում ստացած իմ մրցանակն ուղարկել եմ Չինգիզ Մուստաֆաևի ընտանիքին՝ նրա այրուն ու որդուն։ Մինչև վերջին ցենտն ուղարկեցի։ Ի հիշատակ իմ ընկերոջ։

-Դրանից հետո չե՞ք հանդիպել Մուստաֆաևի այրու հետ։ 

-Ես ուրախ կլինեի տեսնել և՜ նրան, և՜ նրանց արդեն մեծ որդուն։ Բայց նրանք կվախենան ինձ հետ կապի դուրս գալ ալիևյան ռեժիմի օրոք։  Բացի այդ, որքանով ինձ հայտնի է, հետքերը վերացնելու համար Ադրբեջանում Չինգիզ Մուստաֆաևին ազգային հերոս են հայտարարել, իսկ նրա եղբայրը կարծեմ խորհրդարանի անդամ է հիմա։ Չինգիզն իսկապես հերոս է։ Միայն` ոչ այն խեղաթյուրված ձևով, որով նրան ներկայացնում են այդ տոտալիտար երկրում։

-Լսել եմ, որ ալիևյան ռեժիմը ցանկանում է Չեխիայում Խոջալուի ողբերգությանը նվիրված հուշարձան կանգնեցնել։ Այդպե՞ս է դա։

-Ոչ այնքան։ Չեխիայում ոչ մեծ մի քաղաք ունենք՝ Լիդիցեն։ Պրահայից 20կմ է հեռու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ոստիկանության ստորաբաժանումները՝ գեստապոն, շրջապատել են Լիդիցեն և արգելափակել բոլոր ճանապարհները։ Գիշերը Լիդիցեի բոլոր բնակիչներին հավաքել ու Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար են ուղարկել։ 52 մարդ զոհվել է ճամբարում։ Երեխաներն սպանվել են գազախցիկներում։ Իսկ ավանի բոլոր շինությունները վառվել ու հողին են հավասարեցվել։ Այդ իրադարձությունների հերթական տարելիցին Լիդեցեում հիշատակման միջոցառումներ էին անցկացվում։ Հավաքվել էին քաղաքական  գործիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, սովորական մարդիկ` ողջ Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից։ Հայտնվեցին և ադրբեջանցի ՙհյուրերը՚, ովքեր այդ համապատկերին հընթացս ցանկացան պատմել Խոջալուի մասին և հայերին որպես մարդասպաններ ներկայացնել՝ նրանց համեմատելով գեստապոյի հետ։ Բայց ես ժամանակին կապվեցի գործընկերներիս հետ և կանխեցի նրանց ելույթը՝ ներկայացնելով Չինգիզի լուսանկարների սլայդները։ Ի դեպ, դրանցից մի քանիսը Խոջալուի հետ առնչություն չունեն։ Դրանք Չինգիզը չէ լուսանկարել։ Այդ լուսանկարները Բոսնիայից են....Ադրբեջանական կեղծ քարոզիչներն այլևս իրենց քիթը չեն խոթում այստեղ։ Ես երազում եմ Ադրբեջանում տեսնել ալիևյան ռեժիմի անկումն ու այդ երկրում ժողովրդավարության հաղթանակը։ Այդ ժամանակ ես էլ կկարողանայի Բաքու գնալ՝ պատմելու ճշմարտությունը Խոջալուի, Չինգիզ Մուստաֆաևի մասին, այցելելու ընկերոջս, ճակատի իմ գործընկերոջ գերեզմանը, տեսակցելու նրա ընտանիքին:

 

Հարցազրույցը վարեց 

Վադիմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ

Չեխիա, Պրահա