[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊՏՏՎԵԼՈՎ ՀՆԱՑԱԾ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

Ադրբեջանական քարոզչամիջոցներն օրերս հրապարակեցին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նախորդ տարվա արդյունքները՝ համեմելով դրանք նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններով։

 Նախարարների կաբինետի հերթական նիստում ներկայացված թվերն ու որակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն, բայց այդ կեղծիքի վրա կառուցվել է մի ամբողջ տեսություն այն մասին, որ ՙԱդրբեջանը տարածաշրջանի ամենահզոր պետությունն է՚։ Գլխավոր շեշտը դրվել է բնական պաշարների վրա, ինչն Ադրբեջանին թույլ կտա դրսից օժանդակություն չակնկալել, բազմապատկել իր ռազմական ներուժը և գնել գերժամանակակից զենք։ Դեռ մի բան էլ ավելի՝ ադրբեջանական բանակն աշխարհի հզորագույն բանակներից է, հանրությունն էլ պետք է իմանա, որ իր բանակը պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք։

Նման որակումները, ինչ խոսք, չեն կարող ինքնանպատակ լինել։ Ադրբեջանի նախագահը շարունակում է մոլորության մեջ պահել սեփական ժողովրդին՝ ներքին ու արտաքին քաղաքական ուղեգծից չշեղվելու համար։ Քանի որ այդ քաղաքականության գլխավոր վեկտորը ղարաբաղյան հակամարտությունն է, ամփոփիչ նիստն ուղեկցվել է  ՙտարածքային ամբողջականության՚ շուրջ նախկինում հորինված մուղամների կրկնությամբ։

Ալիևը  2018 թվականը հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարի։  Դրա հետ կապված՝ տարվա ընթացքում տարաբնույթ միջոցառումներ են  նախատեսվել, հավանաբար, սեփական երկրի ՙդեմոկրատական՚ ավանդույթները ցուցադրելու նպատակով։ Նման կարգախոսի առիթը, կարծում ենք, ամենևին էլ այս երկրի ձևավորման մեկդարյա պատմությունը չէ, որի համար ադրբեջանցիները պարտական են միայն բոլշևիկներին։ Ընթացիկ տարում Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, նախնական տեղեկություններով՝ հոկտեմբերին, ինչն ինքնին մեծ հոգս է ալիևյան կլանի ուսերին։ Ավելի ճիշտ՝ փորձություն, քանի որ նախորդ ընտրություններին ադրբեջանական հասարակությունը բավականաչափ հակազդեցություն ցույց տվեց՝ գործող նախագահի երրորդ ժամկետով վերընտրվելը որակելով հակաժողովրդավարական։ Միջազգային դիտորդները տվել են բացասական գնահատականներ՝ մատնացույց անելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանության գործադրած բռնարարքները։ Միաժամանակ բացահայտվել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների՝ ալիևյան կլանի կողմից կաշառված լինելու փաստը։ Իրենց դիրքորոշումն են արտահայտել նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Քաղաքական վերնախավը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, որին գումարվում են ՙադրբեջանական լվացքատան՚ հետ կապված վերջին զարգացումները, իշխանությունների՝ կոռուպցիոն սկանդալներում հայտնվելու խայտառակ պատմությունները։ Իշխանությունը զգաստանում է. դե, եթե խոսքը նախագահական ընտրությունների մասին է, ուրեմն և, սպասվում է ընդդիմության և  քաղաքացիական հասարակության ակտիվացում։ 

Ադրբեջանական ոչ իշխանամետ աղբյուրն արդեն տեղեկացրել է երկրում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների մասին։ Հարցում կոչվածը պարունակել է ընդամենը մեկ հարց՝  ո՞վ կարող է լինել երկրի հաջորդ նախագահը։ Գործող նախագահի օգտին արտահայտվել է հարցվածների 5%-ը, իսկ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի օգտին՝ 18%-ը։ Նման արդյունքների հրապարակումը թույլ է տալիս ենթադրել, թե ում կողմից է այն նախաձեռնվել և թե ինչու հատկապես ձայների ամենամեծ տոկոսն է բաժին հասել Ալիևների ընտանիքին։ 

Երկրի փոխնախագահի անվանն առնչվող զարգացումները հատուկ վերլուծություն են պահանջում, և, այս իմաստով, արժե ուշադրություն դարձնել մոտ երկու շաբաթ առաջ Ռուս ուղղափառ եկեղեցու և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի առաջին տիկնոջը պարգևատրելու փաստին։ Կիրիլ Առաջինը նրան է հանձնել Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշան՝ Ռուս ուղղափառ եկեղեցուն օգնելու և Աստրախան քաղաքը բարեկարգելու համար։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում։ 

Ի՞նչ կարող է նշանակել Ռուսաստանի հոգևոր առաջնորդի նման ուշադրությունը։ Անտարակույս, այս ամենը նախապես համաձայնեցվել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պարզվում է, Ադրբեջանի առաջին տիկինը ձեռքը դրել է Ռուս ուղղափառ եկեղեցու վրա, բացի այդ, միջոցներ  հատկացրել Աստրախանի համար։

Այս ամենն, անկասկած, արվել է քաղաքական շարժառիթներով։ Մոսկվան ադրբեջանական իշխող վարչակարգի փոփոխության հարց չի քննարկում այն պարզ պատճառով, որ նման դիրքորոշմամբ հանդես է գալիս Արևմուտքը։ Կրեմլը նույնիսկ Ադրբեջանի պետական կառավարման համակարգը չի քննադատում, որն արևելյան բռնապետություն է հիշեցնում։ Աստրախան քաղաքին ցուցաբերած ադրբեջանական օգնությունն էլ խորհրդանշական է, քանի որ այն թաթարական քաղաք է համարվում դեռևս 13-րդ դարից, այսինքն՝ նրա բնակիչներն ի սկզբանե եղել են մահմեդական հավատի կրողներ։ Եվ նման նախաձեռնությունը, ըստ երևույթին, իր մեջ հոգևոր ու քաղաքական միասնության տարրեր է պարունակում։    

Ադրբեջանի համար Ռուսաստանի քաղաքական աջակցությունը խիստ կարևոր է Արևմուտքի չընդհատվող քննադատության համապատկերին, իսկ եթե դրան գումարենք ԵԽԽՎ-ում եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու համար ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչող բացահայտ մեղադրանքները, կարելի է պատկերացնել, թե մոտավորապես ինչ չափով է պաշտոնական Բաքուն զգում Ռուսաստանի սատարման կարիքը։

Ալիևյան կլանի քայլերը նախևառաջ ներքին սպառման նպատակ ունեն։ Սա այն դեպքն է, երբ կոռումպացված իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ երկարաձգելու պաշտոնավարման ժամկետը՝ քաջ գիտակցելով հասարակության քաղաքական ակտիվացման, նրա կողմից ժողովրդավարական պահանջների առաջքաշման հետևանքները։ Սա նաև ազդանշանն է առ այն, որ ընտրություններին ընդառաջ տիրապետող քաղաքական վերնախավն առավելագույն չափով գործի է դնելու  վարչական լծակները, անհրաժեշտության դեպքում էլ բռնարարքների միջոցով փորձելու է լռեցնել քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։         

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությանը, ապա դա միայն հաստատում է այդ պետության ահաբեկչական բնույթը։ Նա խոսում է ամենազոր ադրբեջանական բանակի մասին, որը ՙպատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՚, այսինքն՝ ևս մեկ անգամ իրազեկում է, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ հերթական արկածախնդրության։ Նման հռետորաբանության լավագույն արձագանքը կարող է լինել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանի ներառումը ահաբեկչության ռիսկով և անվտանգության սպառնալիքներով երկրների ցուցակում։  ՙՊարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգությունները և հրետանային համակարգերի օգտագործումը հանգեցնում են ամեն տարի մարդկանց մահվան դեպքերի և վիրավորումների՚. Պետդեպի հաղորդագրությունն է փոխանցում1in.am-ը։ Վաշինգտոնը նաև միջազգային հանրությանը Ադրբեջան չայցելելու կոչ է  արել։ 

Անդրադառնանք Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ներկա կացությանն ու ալիևյան ստախոսությանը։ Օրերս ադրբեջանական անկախ մամուլը տեղեկացրեց ընդդիմության՝ ցույցերը շարունակելու մտադրության մասին։ Այսինքն՝ մտադիր են շարունակել այն, ինչ տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին։ Բաքվի Յասամալիի շրջանում ադրբեջանական ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց էին կազմակերպել, որի ժամանակ ցուցարարները դատապարտել են կոռուպցիայի մեջ խրված իշխանությունների քաղաքականությունը՝ պահանջելով ժողովրդավարական բարեփոխումներ և քաղբանտարկյալների ազատում։ Հնչել են նաև իշխանությունների հրաժարականի կոչեր։ Ելույթ ունեցողները ներկայացրել են երկրում ստեղծված իրավիճակը՝ տնտեսական ճգնաժամ և կյանքի պայմանների վատթարացում, արտագաղթի աճ, ներքաղաքական անկայուն վիճակ, որի մեղավորը բռնապետական վարչակարգն է։ Երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ կլանից պահանջել են վերադարձնել այն 3 միլիարդ դոլարը, որն ապօրինաբար դուրս է բերվել երկրից և օգտագործվել եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու նպատակով։ 

Իլհամ Ալիևը, բնականաբար, չի մոռացել նաև  իրեն ոչ այնքան հաճո գործիչների վերաբերմունքը  ՙադրբեջանական լվացքատան՚ խայտառակ պատմության հանդեպ։ Դժվար է մոռանալ Եվրոպայի խորհրդի  խորհրդարանական վեհաժողովում մի շարք պետությունների ներկայացուցիչների ելույթները, որոնք հարուստ են եղել ադրբեջանական իշխանությունների կոռումպացվածությունը հիմնավորող փաստերով։ Դրանք մեկ անգամ ևս բացահայտեցին քաղաքական վերնախավի գործունեության բնույթը։ 

Հարևան երկրում պատրաստվում են նախագահական ընտրությունների, նույնիսկ քննարկվում է այն հարցը, թե ո՞վ կընտրվի՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ նրա փոխնախագահ կինը։ Պարզ է դառնում, որ նախագահական ընտրարշավում իշխանության թեկնածուն, ով էլ լինի, միևնույն է, սեփական քարոզչությունը կառուցելու է ստի և ապատեղեկատվության վրա հիմնված տեսության վրա։ Բայց ասենք, որ այդ իշխանությունը մոլորության մեջ է, որովհետև ընտրությունների է գնում  հնացած, ոչ պիտանի և քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված տեսությամբ, որում ղարաբաղյան կարգավորումն ասոցացվում է  ժողովրդին հնազանդության մեջ պահելու քաղաքականությանը։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ